ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Փառաշուք եւ ճոխ հայկական միջոցառում էր, իր տեսակին մէջ եզակի: Ձեռնարկուած էր «այս կողմի» կազմակերպութեամբ. եւ քանի որ արժանի էր համագաղութային գնահատանքի, ներկայ էին «միւս կողմը» եւ միջին կողմեր՝ առանց ուղղութիւնների: Ելոյթ ունեցողները անդադար ողջունում էին «իրե՛նց կողմի» ներկայացուցիչներին (անշուշտ՝ ղեկավար)՝ մոռանալով միւսների գոյութիւնը: Ակամայ անյարմար զգալով, սպասում էիր, թէ վերջապէս ո՛վ պիտի հաւասարակշռի դրութիւնը: Եւ ահա հայրենիքի ներկայացուցիչ՝ գլխաւոր հիւպատոսը, բեմ բարձրանալով օրուայ խորհուրդը ներկայացնելուց յետոյ, իր զարմանքն ու ակնածանքն է յայտնում տիրող պատկերի առջեւ. ներկայ են բոլոր քաղաքական ուղղութիւնները եւ տարբեր հաւաքականութիւնների ներկայացուցիչներ: Նա ողջունում է ամէնքին, գնահատում է այս երեւոյթը եւ ցանկանում է խմբանկարով անմահացնել այս միասնականութիւնը:
Միայն հայրենիքի խօսքն է, նրա զօրութիւնն է, որ կարող է միացնել բոլորիս, եթէ ոչ՝ դեռ պիտի շարունակենք մեր մասնատուած երթը դէպի անորոշ ապագայ:
Յուզում եւ հպարտութիւն զգալով մտածում ես. ա՛յս է մեր ուզածը: