ԹԱԳՈՒՀԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Պարզւում է՝ աշխարհում չկայ մէկը, ով քաղաքական ապաստան է հայցել Հայաստանից: Արժէ՞ ապրելու տեղ խնդրել երկրից, որտեղ մարդիկ սեփական տան բակում ապաստարան են կառուցում, որ պաշտպանուեն հակառակորդի կրակոցներից, որտեղ մարդկանց 30 տոկոսն աղքատ է, իսկ հազարաւոր մարդիկ անգամ սեփական ապաստանը չունեն: Իսկ արժէ՞ փոխել անունը, կեղծել ապրած կեանքն ու «հալածեալի» կարգավիճակով ապաստան խնդրել եւրոպացիներից կամ ամերիկացիներից:
Հեռանա՞լ, թէ լքել հայրենիքը, արտագաղթել աղմուկո՞վ, թէ լուռ…
Մարդիկ ապրում են, հանդուժում, յարմարւում, լռում, յետոյ միայն յանձնւում ու արտագաղթում: Իսկ յետոյ… Սեփական ապաստանը դեռ չգտած՝ մարդիկ իրենց մօտ են տանում ծանօթ-բարեկամներին: Տանում են, որովհետեւ վախենում են մենութիւնից: Վախենում են ուրիշի հայրենիքում մենակ մնալուց: Մարդիկ օտարութեան մէջ ստեղծում են իրենց փոքր Հայաստանը՝ պարփակուած մեծ ընտանիքի մէջ: Նրանք պատնեշում են ընտանիքը, որի սահմաններից դուրս ամէն ինչ օտար է, պարսպում են տունը, որի դարպասներից այն կողմ ուրիշի հայրենիքն է:
Ամենադժուարն ուրիշի հայրենիքում հայ մնալն է, ամենահեշտը՝ հայրենիքը հեռուից սիրելը:
Հայրենասիրութիւնը սահմաններ չունի, բայց մարդիկ շարունակում են չափել այն: Շարունակում են վիճել, թէ ո՛վ է իրենցից աւելի հայրենասէրը: Ո՞վ է աւելի հայրենասէր՝ նա, ով ապրում է Մոսկուայում, բայց երեխաներին հայկական դպրո՞ց է ուղարկում: Նա՞, ով ամէն տարի Ապրիլի 24ին, պաստառը ձեռքին, ցոյց է անում Գլենդելի փողոցներում: Նա՞, ով ծնուել ու ապրում է արաբական աշխարհում, բայց խօսում է մաքրամաքուր հայերէնով, նրա երեխան երբեք չի եղել Հայաստանում, բայց հայոց պատմութիւնը հայաստանցի դպ-րոցականից աւելի լաւ գիտի, թէ այն երիտասա՞րդը, ով Երեւանում թողել է իր գործը, աղմկոտ կեանքն ու մեկնել սահմանամերձ գիւղ՝ ուսուցիչ աշխատելու:
Մարդիկ շարունակում են սիրել ու չափել իրենց սէրը հայրենիքի նկատմամբ: Մարդիկ ապրում են, սիրում, հանդուրժում, յարմարւում, լռում, յետոյ միայն՝ կոտրւում ու արտագաղթում: