Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Սոչիից՝ Նախիջեան. Իսրայէլա-Ադրբեջանական Սպառնալիք…

$
0
0

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

0826terenigԵրէկ (Չորեքշաբթի, 23 Օգոստոս-Խմբ.) Սոչիում Իսրայէլի վարչապետ Նաթանիահուն Պուտինի հետ հանդիպման ողջ ընթացքում, (գրաւոր) յայտարարութիւններով կրկին «արջի եօթ երգերը» յիշեցնող հակաիրան խօսքեր է հնչեցրել…: Իհարկէ, Պուտինի կողմից Նաթանիահուի արտայայտութիւնները անմիջական եւ ուղղակի պատասխանի չեն արժանացել, սակայն հէնց նոյն օրը՝ Նիւ Եորքում, ՄԱԿի Ռուսաստանեան մշտական ներկայացուցչի միջոցով հետեւեալ պատասխանն է հնչեցուել, ըստ որի՝ «Իրանը Սիրիայում ու առհասարակ տարածաշրջանում կիրառում է կառուցողական քաղաքականութիւն ու դերակատարում…»:

Հետաքրքիր զուգադիպութեամբ, երէկ, նոյն Օգոստոսի 23ին (ի դէպ՝ Հայաստանի Անկախութեան Հռչակագրի 26ամեակին), Նախիջեւանում ադրբեջանական ռազմական ընդլայնուած ցուցադրութիւններ են իրականացուել՝ թէ՛ օդուժի եւ թէ ցամաքային զօրամիաւորումների մասնակցութեամբ, որոնք քաղաքական փորձագէտների կողմից գնահատւում են նոյնպէս որպէս սպառնալիք՝ ՀՀի անվտանգութեանը…:

Դեռեւս անցնող օրերում էր, որ նոյն Նախիջեւանում կայացան թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնները:

Համընթաց օրերին, Թեհրանում՝ նախագահ Ռոհանին իր երդմնակալութեանը մասնակից ՀՀ նախագահ Սարգսեանի հետ երկխօսութեան ընթացքում շեշտակիօրէն յայտարարում է երկրի հարեւանութեան մէջ գտնուող շրջաններում օտար, արտաքին ուժերի ներկայութեան ու ռազմական նոր բախումների սպառնալիքները չհանդուրժելու մասին…:

Դարձեալ հետաքրքիր զուգադիպութեամբ՝ նոյն օրերին լրահոսում յայտնուեց տեղեկատուութիւն, որի համաձայն՝ փաստւում էր հայկական դիրքերի դէմ օգտագործուող անօդաչու սարքերի իսրայէլական մատնահետքերը…:

Իսկ առհասարակ բազմիցս է բարձրաձայնուել այն մասին, թէ Իսրայէլա-ադրբեջանական ռազմա-քաղաքական գործարքների հիմքում ընկած է՝ Իսրայէլի կողմից (եւ ոչ միայն), Ադրբեջանի ու յատկապէս Նախիջեւանեան ռազմաբազաների (օդային եւ ցամաքային) որպէս անմիջական հարթակ օգտագործումը՝ հակաիրան ինչպէս տուեալ դէպքում հակահայաստան դաւերի ու սադրանքների հաշուին…:

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ՝ «Ալիք» Օրաթերթի Գլխաւոր Խմբագիր


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles