ՆԱԶԱՆ ՕԶՋԱՆ
Թարգմանեց՝ ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
Ես, ում ամբողջ ընտանիքը էդիրնեցի է, մօրս կողմից փոմակ եմ, իսկ հօրս կողմից՝ սալոնիկցի գաղթական, բնականաբար գիտեմ, որ Էդիրնէում (Ադրիանապոլիս-«Ակունք») եւ Թրակիայում բազմաթիւ ժողովուրդներ կան, սակայն Ռոյ Առաքէլեանի «Էդիրնեն (Ադրիանապոլիս) Եւ Հայ Համայնքը» գիրքը կարդալու ժամանակ հանդիպածս մի քարտէզից հասկացայ, թէ հայերի հետքը որքան խորութեամբ են ջնջել այնտեղ:
Առաքէլեանի գրքում տեղադրուած փոքրիկ գրաֆիկան, որտեղ ցոյց է տրւում հայ բնակչութեան քանակը, կարմիր նշանով մատնանշւում է այն վայրը, որը Էդիրնէի միակ հայկական գիւղն է եղել: Ամենաուշագրաւն այն է, որ այդ գիւղը, որն այժմ կոչւում է Էլմալը, մօրս ծննդավայրն է: Յետոյ մի փոքր ուսումնասիրելուց յետոյ տարօրինակ չթուաց, որ գիւղի անունը Էլին Մալըից վերածուել է Էլմալըի: Մեզ համար ամենատարօրինակն այն է, որ այդ գիւղի հայկական անցեալի մասին, որտեղ դեռեւս մօրեղբայրս է ապրում, մեզ բառ անգամ չի ասուել:
«Քանի որ հօրս կողմը Իտալիայի քաղաքացիութիւն է ընդունել, 1915թ. աքսորներին (Հայոց Ցեղասպանութեանը-«Ակունք») չի ենթարկուել: Պապերիցս մէկը, ով Վիեննայում ճարտարապետ էր, Վենետիկում, որն այն ժամանակ Աւստրոհունգարիայի կազմում էր, դարձել է Աւստորհունգարիայի հպատակ, իսկ երբ քաղաքը 1866թ. անցել է Իտալիայի թագաւորութեան գերիշխանութեան տակ, դարձել է իտալացի: Աւելին, նրան յաջողուել է իր ամբողջ ընտանիքին դարձնել Իտալիայի քաղաքացի: Անձամբ ես պահպանել եմ այս քաղաքացիութիւնը: Ի հակառակ հօրս կողմի՝ մօրս հայրը, Օսմանեան կայսրութեան հապատակ Մկրտիչ Աւետիսեանը (Մուժդեսեւեր), չի կարողացել փրկուել աքսորից: Այդ ժամանակ 17-18 տարեկան է եղել: 1915թ. Հոկտեմբերի 27ին՝ գիշերուայ կէսին, մօր՝ Կոռնիլիայի, հօր՝ Ստեփանի ու փոքր եղբօր՝ Արամի հետ բռնութեան են ենթարկուել: Մասամբ ոտքով, մասամբ էլ կենդանիներ տեղափոխելու համար նախատեսուած վագոններով աքսորի ճանապարհը բռնած այս մարդկանց տարել են Դամասկոսի մերձակայքում տեղակայուած մի անապատ: Քանի որ պապս Էդիրնէի Արշակունեան դպրոցում ուսանելու ժամանակ նաեւ գերմաներէն էր սովորել, թարգմանիչ է աշխատում Սիրիայում տեղակայուած օսմանեան եւ գերմանական բանակներում: Նա կարողանում է ընտանիքով փրկուել այս մահուան ճամբարից եւ տեղափոխուել Ստամբուլ: Սակայն Էդիրնէի տունն ու Ալիփաշա շուկայում գտնուող կրպակը բռնազաւթել էին»:
Ռոյ Առաքէլեանն իր «Էդիրնէն (Ադրիանապոլիս) Եւ Հայ Համայնքը» գրքում, որը լոյս է տեսել «Փարոս» հրատարակչութեան կողմից՝ Թոմաս Թերզիյեանի թարգմանութեամբ, տեղեկութիւններ է հաղորդում իր ընտանիքի պատմութեան մասին: Ըստ էութեան, ընտանիքի պատմութիւնը գրքի սկիզբն է, մինչդեռ 1968թ. Ստամբուլում ծնուած Ռոյ Առաքէլեանին, ով 35 տարի շարունակ Ֆրանսիայում է բնակւում եւ մասնագիտութեամբ փաստաբան եւ իրաւաբանութեան դոկտոր է, «Էդիրնէն (Ադրիանապոլիս) Եւ Հայ Համայնքը» գիրքը գրելիս այլ բան է մտահոգել. ցանկացել է պատմութեան եւ սոցիոլոգիայի տեսանկիւնից ուսումնասիրել հռոմէական ժամանակներից սկիզբ առած, Բիւզանդական կայսրութիւնում հզօրացած եւ այնուհետեւ 1915թ. ոչնչացած Էդիրնէի հայկական գոյութիւնը:
Տասնամեայ Աշխատանք
Ռոյ Առաքէլեանը գրքի վրայ աշխատել է շուրջ 10 տարի: Խօսքը դիւրին աշխատանքի մասին չէ, որովհետեւ Էդիրնէն իր աշխարհագրութեամբ դուրս է մնում Հայկական լեռնաշխարհից: Այդ իսկ պատճառով ձեռքի տակ եղած փաստերը, աղբիւրները շատ սահմանափակ են: Առաքէլեանը ջանացել է ցայսօր գրուած փոքրաթիւ եւ ցաք ու ցրիւ բոլոր աղբիւրները հաւաքել: Երբեմն ժամանակի առեւտրական տարեգրեր, երբեմն եկեղեցական գրանցումներ, երբեմն օսմանեան արխիւներ, երբեմն վկայութիւններ, ընտանիքի պատմութիւն, երբեմն էլ էդիրնեցի հայերի վերաբերեալ գրուած մի քանի ուղեցոյց-գրքեր են եղել: Արդիւնքում ստացուել է Էդիրնէի եւ հայերի մանրակրկիտ պատմութիւնը: Բացի այդ, գրքում Ռոյ Առաքէլեանի անձնական արխիւից եւ այլ արխիւներից անձնական լուսանկարներ կան: Ձեր աչքով տեսնելով ու ականատես լինելով Ռոյ Առաքէլեանի վկայութիւններին՝ կը սկսէք յիշողութիւնները փորփրել:
Առաքէլեանի գրքում պահպանւում է պատմական ժամանակագրութիւնը, որը սկսում է հռոմէական ժամանակաշրջանում Ադրիանապոլսի հայերի գոյութեամբ, այնուհետեւ անդրադառնում է բիւզանդացիներին, խաչակիրներին, Ադրիանապոլսի՝ Օսմանեան կայսրութեան գերիշխանութեան տակ անցնելու պատմութեանը, Բալկանեան պատերազմներին եւ 191թ. ոչնչացուած հայկական գոյութեանը: Իսկ երրորդ գլխում լոյս է սփռւում հայերի թուի, նրանց բնակուած թաղամասերի, հայերի մասնագիտութիւնների եւ հայ համայնքի յայտնի անձանց վրայ: Իսկ ամենավերջին բաժնում տեղ են գտնում Առաքէլեանի ընտանեկան յուշերը: Ընտանեկան յուշերի մասին խօսելիս չեմ կարող չանդրադառնալ, ըստ իս, գրքի ամենաակնբախ կէտին: Էդիրնէում եւ Թրակիայում բազմաթիւ ժողովուրդներ կան: Յոյները, հրեաները, փոմակները, գաջալները, Բալկաններից եկած մուսուլման գաղթականները, տեղացիները, Յունաստանի յոյները, գնչուները բոլորը մեր կեանքում էին, սակայն Ռոյ Առաքէլեանի «Էդիրնէն (Ադրիանապոլիս) Եւ Հայ Համայնքը» գիրքը կարդալիս հանդիպածս մի քարտէզից հասկացայ, թէ հայերի հետքը որքան խորութեամբ են ջնջել:
Օսմանեան Պետութիւնից Առաջ
Եկէք առաջանանք՝ հետեւելով հեղինակի պահպանած պատմական ժամանակագրութեանը: Առաքէլեանը նախ եւ առաջ անդրադառնում է հռոմէական ժամանակաշրջանին, այնուհետեւ գրում, թէ Բիւզանդական կայսրութեան օրօք Բիւզանդիայի կայսրերը սովորութիւն են դարձնում հայ իշխանական տոհմերի բազմաթիւ ներկայացուցիչների՝ իրենց գերդաստանով եւ արքունիքով Բալկաններ ուղարկելը: 6րդ դարի հայ պատմիչ Սեբէոսը գրում է. «Կայսրը հրաման է արձակում, թէ Հայաստանից 30 հազար ձիաւորի կարիք ունեմ՝ որպէս խարաջ, հետեւաբար անհրաժեշտ է, որ 30 հազար ընտանիք միասին բնակուի Թրակիայում»: Բնականաբար, անհնար է որեւէ աղբիւր մատնանշելով՝ ապացուցել, որ եկածները մնացել են, սակայն յստակ է, որ մնացել են: Ադրիանապոլսեցի հայերի գոյութիւնը 9-11րդ դարերում, այսինքն՝ այն ժամանակ, երբ մակեդոնացիների արքայատոհմն էր բիւզանդական գահին, աւելի յստակութիւն է ձեռք բերում: Որեւէ աղբիւր բիւզանդական ժամանակաշրջանի համար Ադրիանապոլսի հայկական բնակչութեան վերաբերեալ որեւէ գնահատական չի տալիս, սակայն պատմաբան Ադոնցն իր գրքում գրում է, որ այդ ժամանակուայ պատերազմների ընթացքում «գերիների մէջ բազմաթիւ հայեր են եղել», կամ էլ՝ «ռազմավարի մէջ հայկական գորգեր, բրդէ ծածկոցներ կամ էլ տարատեսակ հագուստներ են եղել»: Նաեւ տեղեկութիւններ կան, որ բուլղարների դէմ պատերազմին մասնակցելու համար բիւզանդացիների կողմից Թրակիա ուղարկուած հայերը ռազմական գործողութեան արդիւնքում կարեւոր կոչումներ են ստացել:
Ադրիանապոլսի
Աստուածաշունչը
Ըստ Առաքէլեանի՝ Ադրիանապոլսում հայերի գոյութեան կարեւոր եւ ծանրակշիռ ապացոյցը թուագրւում է 11րդ դարի սկզբներին: Խօսքը վերաբերում է Ադրիանապոլսի Աստուածաշնչին: Մեզ յայտնի ամենահին հայերէն ձեռագրերից Ադրիանապոլսի Աստուածաշունչը գրուել է 1007թ. այստեղ: Հայերէն գրուած եւ այս քաղաքի անունով անուանակոչուած Աստուածաշունչը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնուող Մխիթարեան միաբանութեան գրադարանում պահուող երեք ամենահին ձեռագրերից մէկն է: Այս աշխատութիւնը յատկապէս մեծ կարեւորութիւն ունի, քանի որ որեւէ հայի պատմութիւնը հայի համար գրի է առնուել Հայաստանի սահմաններից դուրս: Այն իրօք Ադրիանապոլսի եւ այդ շրջանի հայկական գաղութի գոյութեան ապացոյցն է: Աստուածաշունչը պատուիրել է Յովհաննէս անունով մի զինուոր, գրի է առել Կիրակոս անունով մի վանական:
Օսմանեան Էդիրնէն
1316թ. Էդիրնէն նուաճել է Մուրադ Առաջինը՝ դարձնելով այն իր պետութեան մայրաքաղաք: Պատ-մում է Առաքէլեանը. «Ամենայն հաւանականութեամբ սուլթանների առաջացրած աշխուժութեան հետեւանքով պէտք է որ արքունիքի կամ բանակի կարիքները բաւարարելու համար մեծ խմբով այնտեղ ուղարկած լինեն հայ առեւտրականներին: Այսպիսով, հայերի դժգոհութեան վերաբերեալ որոշակի վկայութիւններ կարող ենք յիշատակել: 1605թ. Մալաթիայի հայկական ընտանիքից հայ Սուլէյման փաշա անունով մէկը իսլամացուելուց յետոյ որոշակի պաշտօններ է ստանձնում օսմանեան աստիճանակարգում՝ դառնալով կարեւոր դէմք, եւ իր ձեռքը վերցնում սուլթանի պալատի կառավարումը»: Սակայն տհաճ դէպք է տեղի ունենում, ինչպէս նշում է Լամարթինը, «Ամուսնութեան օրը, սովորութեան համաձայն դեղին հողաթափեր հագած մի երիտասարդ հայի իր հարսանիքից եւ նշանածից հեռացնում են եւ մահուան դատապարտում: Երիտասարդը մեղադրւում էր մուսուլմաններին բնորոշ հագուստ կրելու մէջ»:
Սելիմիէի Մինարէները
Ռոյ Առաքէլեանը, պատմելով Էդիրնէի մասին, որը գրեթէ նոյնացւում է Սելիմիէ մզկիթի հետ, չէր կարող չանդրադառնալ Սինան ճարտարապետին: «Վերելք Սինանի Շնորհիւ» յատուկ բաժնում Առաքէլեանը գրում է. «Ամենակարեւոր իրադարձութիւններից մէկն այն էր, որ 1569թ. Սելիմ 2րդի հրամանով Սելիմիէ մզկիթը կառուցելու համար հայկական ծագմամբ Սինան ճարտարապետը, ով մանկահաւաքի էր ենթարկուել, եկաւ Էդիրնէ: Բացի Սելիմիէ մզկիթը՝ Սինանը Էդիրնէում մօտաւորապէս 15 կոթող է կառուցել: Մզկիթի չափ կարեւորութիւն էր ներկայացնում Ալի փաշա շուկան: Այսօր շշմեցուցիչ է տեսնել Սինանի հայկական ծագման եւ նրա փառքի վերաբերեալ որոշակի քաղաքական ենթատեքստ ունեցող քննարկումները: Հաւաքածս վկայութիւններն ամբողջութեամբ այս հարցում համակարծիք են էդիրնէցի հայերի համատեղ յիշողութեան մէջ. հայերի, Սինանի եւ նրա բանուորների միջեւ կապերը զօրեղ էին»: Առաքէլեանը շատ յաճախ յղում է կատարում 1935թ. Պլովդիւում լոյս տեսած Յակոբ Աղասեանի «Ադրիանապոլսի Հայկական Փոքրամասնութիւնը» գրքին. «Այս քաղաքի՝ իմ ճանաչած հայերը հպարտութեամբ պատմում էին, որ իրենց ընտանիքի անդամները Սինանի ղեկավարութեամբ մասնակցել են մզկիթի շինարարութեանը: Կասկած չկայ, որ այն ժամանակ բազմաթիւ հայ արհեստաւորներ Սելիմիէ մզկիթի շինարարութեանը մասնակելու համար տեղափոխուել են Էդիրնէ: Բնական է, որ ինքն էլ ունենալով հայկական ծագում՝ կոթողներ կերտելու համար կանչած լինի իրենց վարպետութեամբ յայտնի հայ բանուորներին: Անցեալի վերաբերեալ տեղեկութիւններից յայտնի է, որ Սելիմիէ մզկիթի շինարարութեան ժամանակ Սինանի մօտ մօտաւորապէս 250 հայ քարտաշ, պատշար, դարբին, ատաղձագործ եւ այլ արհեստաւորներ են աշխատել: Այս աշխատակից ընկերների մի մասը յետագայում բնակութիւն է հաստատել քաղաքում՝ համալրելով քաղաքի հայկական համայնքի կազմը: Սինանի հայկական ծագման վերաբերեալ 1785թ. Փիսսոննել անուամբ մէկն իր գրքում նման զուարճապատմամբ է յիշատակում. «Սուլթան Սելիմն իր հոյակերտ տաճարների շինարարութիւնը՝ մէկը Ստամբուլում, միւսն Էդիրնէում, մի հայի է յանձնում»»:
Հայ Բնակչութիւնը 19րդ Դարում
Գրողը Սինանից յետոյ աւելի մանրամասն է անդրադառնում Էդիրնէին, քանի որ աղբիւրներն աւելի շատ են: Այս բաժինը սկսւում է հետեւեալ տեղեկութեամբ. «1700-1750թթ. մօտաւորապէս 200 հազար բնակչութեամբ Էդիրնէն Եւրոպայի ամենամեծ քաղաքներից մէկն էր: Այնտեղ էին բնակութիւն հաստատում նաեւ հայ առեւտրականները: Քաղաքում տասնեակ վկայութիւններ կան, այդ թւում եւ հայկական եկեղեցին, որը վկայում է քաղաքում հայերի ազդեցիկ գոյութեան մասին: Հաւանաբար Էդիրնէն այդքան հայ մի տեղում չէր տեսել, ինչպէս 19րդ դարում: Անկասկած միայն քաղաքում բնակւում էր հինգ հազարից աւելի հայ: 1874թ. կառուցուած երկաթգիծը շատ աւելի հայերի էր այստեղ բերելու՝ աւելի ամրապնդելով Ստամբուլի հետ կապերը: Քաղաքային պարիսպներից դուրս ընկած Աթփազար թաղամասն այս ժամանակ էր զարգանալու: Հէնց այս ժամանակ էլ հայկական եկեղեցի եւ դպրոց էր կառուցուելու: Էդիրնէի հայ համայնքի ենթակառուցուածքային կազմակերպումը եւս 19րդ դարում էր տեղի ունենալու: Կրթութեան զարգացման շնորհիւ 50 տարուայ ընթացքում քաղաքն իր պատմութեան մէջ առաջին անգամ Ստամբուլին երկու պատրիարք էր տալու՝ Պօղոս Առաջին Գրիգորեանն (1815-1823) ու Սարգիս Քիւէօվմջեանը (1860-1861)»: Քաղաքի ու կեանքի զարգացումն իր նպաստն էր ունենալու նաեւ օսմանեան քաղաքական եւ մտաւորական կեանքում: 1876թ. առաջին խորհրդարան էր մտնելու Էդիրնէի պատգամաւոր Ռուբէն Եազըջեանը: Նոյն պաշտօնը 1908թ. Սահմանադրութեան հռչակումից յետոյ երկրորդ խորհրդարանում ստանձնելու էր Յակոբ Բաբիկեանը:
Եւ 1915 Թուականը
Առաքէլեանը գրում է. «Խառնաշփոթ ժամանակաշրջանը, որն իր ազդեցութիւնն էր թողել ողջ Օսմանեան կայսրութեան վրայ, իր գագաթնակէտին է հասնում 1915թ., երբ Էդիրնէի բնակչութեանը սկսում են ալիք առ ալիք աքսորել: Համաձայն Աղասեանի՝ բազմաթիւ հայերի ձերբակալութիւնները համայնքում մտահոգութիւններ չեն առաջացրել: Քարաաղաջում աքսորները սկսելու էին Սեպտեմբերի 27ին: Համաձայն Աղասեանի՝ քաղաքի կենտրոնում աքսորներն ու ձերբակալութիւնները սկսել են 1915թ. Հոկտեմբերի 14ին, իսկ Գէորգեանի համաձայն՝ Հոկտեմբերի 27-28ի երեկոյեան: Մէկ այլ ալիք էլ տեղի էր ունենալու 1916թ. Փետրուարի 16ին: Ականատեսների համաձայն՝ աքսորի հրամաններն ի կատար են ածուել գիշերուայ կէսին, յոյժ գաղտնի: Էդիրնէցի հայերին բռնութեան ենթարկելով՝ Բաբայեսքիի, Մուրաթլըի, Թեքիրդաղի վրայով նաւով քշել են Ստամբուլ եւ Իզմիթ, այնուհետեւ երկու կարաւանով Ստամբուլ-Կոնիա-Փոզանթը ուղղութեամբ կենդանիների համար նախատեսուած վագոններով երկաթգծով տարել են Սիրիա կամ էլ Միջագետք:
Նրանք, Ովքեր Չեն Մնացել
Այնուհետեւ գալիս են թուերը. «1919թ. վերջերին Էդիրնէի վիլայեթում նախքան 1914թ. կատարուած մարդահամարի տուեալների համաձայն՝ 19 հազար հոգուց պէտք է որ 6 հազար հոգի կենդանի մնացած լինի: Նրանց մեծ մասը բուլղար իրաւասուների միջամտութեան շնորհիւ կարողացել է փրկուել: Աղասեանը յայտնում է, որ յոյներից դատարկելուց յետոյ քաղաքում 1922թ. կար 127 հայ, իսկ 1935թ.՝ 50: Էդիրնեցի պատմաբան Օրալ Օնուրը էդիրնէցի հայերի վերաբերեալ իր գրքի լոյս ընծայման կապակցութեամբ կազմակերպուած մի հանդիպման ժամանակ յայտնել է, որ 1950թ. ի վեր քաղաքում մշտական բնակուող որեւէ հայ չի մնացել: Ես անձամբ կարող եմ ասել, որ 1970ական թթ. քաղաքում մի բուռ հայ կար, սակայն որքանով որ յայտնի է, նրանց մասին որեւէ տեղեկութիւն չկայ: Նրանք այլեւս չեն բնակւում քաղաքում: Այսօր քաղաքի հազարամեայ հայկական գոյութիւնից գրեթէ որեւէ հետք չի մնացել՝ աւերակներից բացի: Երբեմնի հայ համայնքին պատկանած կառոյցը գտնելու համար պէտք է ուշադիր նայել: Այսօր էլ հնարաւոր է Գազի փաշա պողոտայում գտնուող բժիշկ Վասիլ Մինասեանի ընտանիքին պատկանած, իսկ այսօր «Միհրան հանըմ» իջեւանատուն կոչուած բուտիկ-հիւրանոցների տեսքով տիպիկ հայկական տներ յայտնաբերել: Դեռեւս այսօր հնարաւոր է գտնել այնպիսի շինութիւններ, ինչպիսիք են Սերհաթ օրիորդաց մասնագիտական դպրոցի շէնքը, որը նախկինում պատկանել է հայկական եկեղեցուն եւ դպրոցին, նախկին նահանգապետարանի շէնքը, որ յայտնի է որպէս «քահանայի տուն», քանի որ նախկինում պատկանել է հայ հոգեւորական դասին: Էքրեմ Դեմիրայ մարզական համալիրը կառուցուել է Սուրբ Թորոս եկեղեցու հողակտորի վրայ: Մէյդան թաղամասի Քայըք պողոտայի 67 հասցէում դեռեւս կարող էք տեսնել բժիշկ Արթին բէյի փայտէ տունը: Տան բակին կից մէկ ուրիշ կարմիր տուն էլ այլեւս աւերուած երեք տների հետ մէկտեղ պատկանել է հայ քահանաներին»:
Բնակչութեան Կազմը
Հեղինակը բնակչութեան վերաբերեալ բազմաթիւ աղբիւրներից տեղեկութիւններ է հաւաքել եւ դրանք որոշակի գաղափարի շրջանակում ներկայացնում է ընթերցողին: Համաձայն 1915թ. Արեւելեան տարեգրութեան՝ Էդիրնէում ընդհանուր 93 հազար մարդ էր բնակւում, որից 40,437ը թուրք, 23,342ը յոյն եւ բուլղար, 15,420ը հրեայ, 3300ը հայ, իսկ 500ը կաթոլիկ էր: Դրան նախորդած մարդահամարներն էլ է ներկայացնում հեղինակը. «Համաձայն օսմանեան մարդահամարների՝ 1870-1871թթ. 771 տնից հայերը կազմում էին 3657 հոգին, 1890-91թթ.՝ 3779ը, 1897-98թթ.՝ 4021ը: Համաձայն մի շարք իրար հետ համեմատած փաստաթղթերի եւ տեղեկութիւնների՝ Էդիրնէի հայկական բնակչութիւնը նախքան 1915թ. 3500-5000 հոգի էր կազմում: Համաձայն պատրիարքարանի գրանցումների՝ Էդիրնէի, ներկայում Քըրքլարելի կոչուող, նախկինում Քըրքքիլիսէում, Դեդաղաջում եւ Գիւմուլջինէում «հաւատացեալների թիւը 8 հազար, տեղական ինքնակառավարման թիւը 4, եկեղեցու թիւը 5 էր»:
Հայկական Եկեղեցիները
Բնականաբար, եկեղեցիների տեղն անգամ այլեւս չի նշմարւում, սակայն համաձայն գրանցումների՝ յստակ է, որ Էդիրնէում պարիսպներից ներս Սուրբ Թադէոս եկեղեցին, պարիսպներից դուրս՝ Աթփազարում, Սուրբ Կարապետ եւ Քարաաղաջի Սուրբ Գրիգոր եկեղեցին ներառեալ՝ 3 հայկական եղեցի է եղել: Սուրբ Թորոս եկեղեցուն կից երկու հայկական դպրոցների շինութիւննէում այսօր տեղակայուած են Թուրքօջաղը պողոտայում գտնուող գիշերօթիկ օրիորդաց մասնագիտական դպրոցը եւ Շեհիդ Ասըմ նախակրթարանը: Առաքէլեանը գրում է. «Դեռեւս գլխաւոր մուտքի դռան վրայ կարելի է տեսնել քրիստոնէական խորհրդանշաններ՝ փոքրիկ հրեշտակներով զարդանախշեր: Այս դպրոցներն ունէին 450 աշակերտ եւ 17 ուսուցի»չ: Կարծես որեւէ ելք չունենք՝ յուսալուց բացի, որ այս եկեղեցիները երկու տարի առաջ վերանորոգուած եւ հաւատացեալների առջեւ իր դռները բացած սինագոգի ճակատագրին կ՛արժանանան:
Ինչպէս Էին Ապրուստ
Վաստակում
Բնակչութեան թիւն ուսումնասիրելիս, բնականաբար, գրողն անդրադարձել է նաեւ Էդիրնէի հայերի մասնագիտութիւններին. «Հայերը զբաղւում էին տարատեսակ մասնագիտութիւններով ու արհեստներով, ինչպիսիք են՝ բանկային գործը, փաստաբանութիւնը, ճարտարապետութիւնը, բժշկութիւնը, դեղագործութիւնը, լուսանկարչութիւնը, ոսկերչութիւնը, ատաղձագործութիւնը կամ էլ իջեւանատներ աշխատացնելու գործը: Քարաաղաջի եւ Էդիրնէի միջեւ բնակուող հայերի մեծ մասն իր ապրուստը վաստակում էր այգեգործութեամբ, միչդեռ քաղաքում աւելի շատ արհեստով եւ առեւտրով էին զբաղւում: Աղասեանն իր գրքում ներկայացնում է 19րդ դարի վերջին 20րդ դարի սկզբին հայերի մասնագիտութիւնների եւ արհեստների ցանկը՝ մատնանշելով տարատեսակ արհեստների անուններ: Չպէտք է աչքաթող անել ղեկավար մասնագիտութիւնները: Օրինակ՝ 1891թ. Արեւելեան առեւտրական տարեգրքի համաձայն, Առեւտրային դատարանների նախագահը Արթին Սելեան էֆենդին էր, միջազգային փոստի պետը Փափազեան էֆենդին էր: 1867-1870թ. Հարբիսան անունով մէկը եղել է քաղաքապետարանի խորհրդի անդամ: Ծխախոտագործութեան ոլորտում եւ երկաթգծի շինարարութիւնում եւս բազմաթիւ հայեր էին աշխատում: Կարճ ասած՝ Էդիրնէում ապրող մօտ 800 ընտանիքից բաղկացած հայ համայնքի անդամները հարիւրաւոր առեւտրի տներ ունէին»:
Էդիրնէի Յայտնի Հայերը
Ընդունուած է քաղաքները գովաբանել իր նշանաւոր մարդկանցով: Անգամ եթէ այլեւս չի յիշւում, այն ժամանակ կարեւոր պայման էր: Գրողն էլ է այդպէս վարւում. «Մտաւորականների շարքում պատմութեան գիրկն անցած ամենահին անունը Կարապետ վարդապետ Ադրիանացին է: Այս անձը, ով հայկական մշակոյթի զարգացման անխոնջ մշակն էր, ծնուել է 1626թ. Էդիրնէում: Էդիրնէում ծնուած յայտնի հայերից են Յակոբ Պարոնեանը՝ առաջին արեւմտահայերէն արձակ երգիծաբանը, գրող Գրիգոր Բասմաջեանը, երգիծաբան Յակոբ Զաքարեանը եւ բնականաբար, գրքում բազմիցս մէջբերուած «Էդիրնէի Հայ Համայնքը» գրքի հեղինակ Յակոբ Աղասեանը»:
«ԱԿՈՒՆՔ»