ԱՐԻՍ ՆԱԼՋԸ
Թարգմանեց՝ ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
Անցեալ տարուայ նման՝ դեռ Ապրիլը չեկած կրկին ճանապարհ ընկանք, որպէսզի վեր հանենք այն, ինչ մնացել է հայերից այս հողերի վրայ, կենդանի մնացածներին ու նրանց յուշերը: Ըստ էութեան, արդէն մէկ տարի է ճանապարհին ենք: Այս շարքում փորձելու ենք ձեզ ներկայացնել «Արթա քալան» (Այն, ինչ մնացել է) ծրագրի համար մեր հարիւրաւոր հարցազրոյցները, ո-րոնք կատարել ենք Ումութ Վեդաթի հետ միասին՝ մեր շրջած քաղաքներում, ու այն, ինչ մեզ է մնացել այդ շփումների արդիւնքում:
Այն, ինչ պատմում ենք, մի տեսակ ճանապարհորդագրութիւն եւ պատմութիւն է, սակայն պատմութիւն է այն ամէնի մասին, ինչ մնացել է:
Դե՛հ, սկսենք…
Կարինից Ի՞նչ Է Մնացել
Էրզրումում ենք ամէն տարի երկրի չորս ծագերում տօնուող «ազատագրութեան» յաջորդ օրը, որը յայտնի չէ, թէ ումից են ազատագրել: Էրզրումը, որը հանդիսանում է ամենաազգայնական քաղաքներից մէկը, հայերի հնագոյն իշխանութիւններից է:
Հայոց պատմութեան մէջ Բարձր Հայքի դաշտավայր անուամբ յայտնի այս քաղաքի բնակչութեան 60 տոկոսը դարասկզբին կազմում էին հայերը:
Ա՜յ քեզ բախտ: Էրզրում հասնելուց մի քանի օր առաջ, Էրզրումում Աշքալէի քաղաքապետարանի աշխատողներից բաղկացած խումբը ներկայացում էր բեմադրել, որտեղ ազատւում են «գինուց արբած եւ մզկիթը հրի մատնած» հայերից: Աշքալէի քաղաքապետն էլ, իր ելոյթում քրդերի վերաբերեալ ասելով, թէ «հայ հրոսակախմբերի պէս Ռուսաստանի հետ համագործակցում են: Գնում Մոսկուայում ներկայացուցչութիւն են բացում», սադրանքի էր ենթարկել, յետոյ էլ վարչապետը Բինգէօլում, «հայ հրոսակախմբերին» առաջին պլան մղելով, կրակի վրայ իւղ էր լցրել:
Մտածում էինք, թէ «այդքան էլ յարմար ժամանակ չէ շրջան գնալու եւ տեսնելու այն, ինչ մնացել է հայկական գիւղերում»: Արի ու տես, այդքան էլ այդպէս չէր:
Այո՛, «հայ» բառը ոչ տեղացի մէկից լսելով՝ էրզրումցիները, յատկապէս շրջակայ գիւղացիները սկզբում ցնցւում են, սակայն տեսնելով, թէ գիւղացիները որքան հանգիստ են խօսում հայերից մնացած վայրերի մասին, ապշում ենք: Մեր գրանցած եւ յաճախակի լսած մի քանի նախադասութիւնները հետեւեալն էին.
«Այս վայրը մնացել է հայերից»,
«Այստեղի գիւղերի գրեթէ 90 տոկոսը հայերն էին»,
«Հայկական եկեղեցիներ կային, բոլորն աւերուել են»,
«Գերեզմանոցները դարձան ոչ մուսուլմանների գերեզմանոց»,
«Հայերը բոլորին հաւաքել եւ վառել են»,
«Այս քաղաքը մշտապէս մանդատի տակ է եղել՝ հայեր, ֆրանսիացիներ, ռուսներ»,
«Այս կառոյցները մնացել են սելջուկներից»,
«Հայերը թուրքերի նկատմամբ ցեղասպանութիւն են գործել, յղի կանանց են սպաննել»:
Այս բոլոր նախադասութիւնները Էրզրումում մեծացած տեղացիների մտայնութեան մէջ մնացել են պատմութիւնից: Շատ քիչ են նրանք, ովքեր հայերին յիշում են՝ առանց «կոտորած» կամ «արհաւիրք» բառերն օգտագործելու, սակայն բոլորը հանգիստ խօսում են նրանցից: Ազգայնական ինքնավստահութիւնն այն աստիճանի բարձր է, որ շատ վաղ անցեալում են մնացել կատարուածից «ամաչելու» կամ «վշտանալու» զգացումները:
Այլեւս Խաներն Ու Սահմանադռները Չկան
Էրզրումը բազմաթիւ սահմանադռներ ունեցող քաղաք է: Քաղաքի կենտրոնում զոյգ մինարեթով մեդրեսէ է եղել, որի շրջակայքում են գտնուել Գիւրջու, Քիլիսէ, Ստամբուլ, Թաւրիզ, Արեւելեան եւ Արեւմտեան սահմանադռների նման բազմաթիւ կամարապատ շինութիւններ, որոնց կողքին տասնեակ խաներ ու վաճառատներ են եղել:
Ինչպէս թուրքական պատմական թեզի վերաբերեալ հրատարակութիւններով հանդէս եկող Հայկական հետազօտութիւնների ինստիտուտի ամսագրում նշում է Հայդար Չորուհը, քաղաքում փռերի ու խաների մեծ մասը պատկանում էր քրիստոնեաներին: Ամենայայտնիներից էր Իչմէյդանի փուռն աշխատեցրած Եորգին:
Հայերը աշխատեցնում էին կարեւոր խաների մեծ մասը, ինչպիսիք էին հայ համայնքին պատկանած Քիլիսէ սահմանադրան կողքի Քիլիսէ խանը, Թաւրիզի սահմանադրան կողքի Դիւղմէջիյեան խանը եւ Քեբաբչեան խանը: Այժմ այս բոլոր վայրերը լոկ փողոցի կամ թաղամասի անուններ են:
Ջնջել Փասթրմաջեանի Հետքերը
Միաժամանակ Էրզրումը այն վայրերից է, որը բեկումնային առեւտրական աճ է գրանցել, եւ Օսմանեան բանկն անհրաժեշտ է համարել այնտեղ մասնաճիւղ բացել: Էրզրումի յայտնի հայերից Փաստրմաջեանները քաղաքի զարգացման գործում կարեւոր ներդրում ունեն:
Արեւմտահայերի Առեւտրական Կապերը
Նախկինում հայկական եկեղեցի եղած Ֆեթիհ մզկիթի դիմաց կառուցուած քահանայի տունը տեղեկութիւններ է տալիս առ այն, որ հայերը մեծացրել են քաղաքի արտադրութիւնը, զարգացրել առեւտուրը: Խաների դռները մշտապէս լի են եղել ապրանքներով: Այս զարգացումը նաեւ փողի հոսք է ապահովել դէպի Էրզրում, որով էլ պայմանաւորուած՝ նախատեսուել է Օսմանեան բանկի մասնաճիւղ բացել Էրզրումում: Մի ժամանակ Էրզրումի պատգամաւոր Գարեգին Փաստրմաջեանը յատուկ խան է կառուցում Էրզրումում, որպէսզի այնտեղ բանկի մասնաճիւղ բացեն: Համաձայն նախնական պայմանաւորուածութեան՝ այս խանը 10 տարի շարունակ առանց վարձի աշխատելուց յետոյ եկամուտը մնալու էր եկեղեցուն: Սակայն ռուս-թուրքական պատերազմից սկսած ցեղասպանութեան ընթացքում, երբ Գարեգին Փաստրմաջեանը Արմէն Գարօ անուամբ ֆեդայի է դառնում եւ բարձրանում լեռները, Օսմանեան բանկի կեանքը կարճ է տեւում:
Քաղաքային Վերափոխում
Վերջին երկու տարում շրջածս շուրջ 40ից աւելի նախկին հայկական բնակավայրերի մեծ մասում նկատել եմ քաղաքային վերափոխում: Իսկ Էրզրումի քաղաքային վերափոխման աշխատանքները ամբողջութեամբ թալան են: Ամիսներ առաջ տեղի ունեցած փլուզումների մեծ մասի որմնաքարերը դեռ փողոցներում են: Հայկական թաղամասը, Եաքութիէի Դերէ փողոցը օրինակ են նրանց համար, ովքեր ուզում են տեսնել, թէ ինչպէս է ոչնչանում Էրզրումի քաղաքացիական ժառանգութիւնը: Հայկական տների վրայ այդ իսկ տների քարերով կառուցուած հիւղակները եւ այնուհետեւ 90ականներին սուաղուած այս շինութիւնները, որոնք տեղացիները վաճառել են քաղաքապետարանին, որն էլ քանդել է, կարծես բեւեռներում հորթերի լուսանկարներ լինեն: Եթէ հատէք հողով լցուած բլուրը, կարող էք տարբերակել ներքեւում հայերի տների քարերը, վերեւում՝ հիւղակի քարերը:
Այս փլուզումները Հասարակական բնակարանաշինութեան վարչութեան (ՀԲՎ) նոր տների համար են: Ամասիայում, Խարբերդում եւ վերջերս էլ Սուրում, æիզրէում, Սինոպում նախկին բնակավայրերը տարբեր պատճառներով աւերուելուց յետոյ յանձնւում են ՀԲՎին:
Էրզրումի հայկական թաղամասում մնացած վերջին տները եւս մօտ ապագայում այս որմնաքարերի հետ միասին քանդուելու-աւերուելու են:
Ուլու Մզկիթ
Էրզրումում կանգուն մնացած ամենակարեւոր շինութիւնները դպրոցներն են: Այժմ աւերուած փայտէ զանգակատան աշտարակով եկեղեցու, զոյգ մինարեթով մեդրեսէի հետ Էրզրումի ուրուապատկերը կազմող շինութիւններից մէկը՝ Սուրբ Աստուածածին եկեղեցու աւերակները, այլեւս Ուլու մզկիթի հիմքն են կազմում: Երբ ներս էք մտնում, դեռեւս կարողանում էք տեսնել զանգակատան աշտարակն իր վրայ կրող առաստաղի վրայի քառակուսի բովանցքը: Զանգի շղթայի փոխարէն այլեւս մզկիթի ջահի շղթան է կախուած: Անմիջապէս դիմացն էլ բաւականին պարզորոշ նշմարւում է եկեղեցու գմբէթը: Որքան էլ որ թանգարանի իրաւասուներն ասեն, որ այստեղ եկեղեցի չկայ, հէնց հրապարակում գտնուող Քարադենիզ փռում մեզ հիւրընկալողները գաղտնի խորհուրդ են տալիս մեզ զբօսաշրջային վայրերի շարքում անպայման այցելել «զոյգ մինարեթով մեդրեսէն, կողքի հին եկեղեցին, գմբէթները, ամրոցն ու ժամի աշտարակը»:
Էրզրումում զբօսնելիս շփոթուեցի: Այստեղ իւրաքանչիւր կառոյցի դռան վրայ, որը ես կարծում էի՝ հայերից է մնացել, արձանագրութիւններ են տեղադրուած, որոնք պատմում են, որ շինութիւնները 12-15րդ դարերից են մնացել: Այդ իսկ պատճառով հակասական զգացումներս շատ կարճ են տեւում: Որոշ ժամանակ զբօսնելուց յետոյ կարողանում ես հասկանալ տեխնիկան. նախկինում շինութիւնները կողք-կողքի են եղել՝ մզկիթներ, եկեղեցիներ, դամբարաններ եւ այլն: Երբ եկեղեցին փլուզւում է, շինութիւնը վերանորոգում եւ մզկիթին են միացնում, եւ դրան վրայ, երկուսի համատեղ պատմութեան փոխարէն, մզկիթի պատմութիւնն է գրւում:
Սանասարեանը՝
Որպէս Համագումարի Շէնք
Օսմանեան հայերի կրթական պատմութեան մէջ մեծ է Սանասարեան ընտանիքի դերը: Էրզրումցի հարուստ ընտանիք եղած Սանասարեանները որոշում են այստեղ բարձրագոյն դպրոց բացել: Կառուցել են տալիս դպրոցի շէնքը եւ սկսում յետագայում քաղաքի առեւտրական կեանքում մեծ դեր խաղացած սաներին կրթել, սակայն 1914թ. դպրոցը տարբեր պատճառներով փակւում է: Բռնագրաւուում է՝ անցնելով գանձարանին: Թէեւ Սանասարեանների այս դպրոցն աշխարհահռչակ չէր, սակայն մէկ տարով այն տեղափոխում են Սվազ, սակայն այնտեղ եւս երկար չի գործում, փակւում է: Սանասարեաններն այս դպրոցի համար յատկացուած բիւջէն փոխանցում են Ստամբուլի Քարաքէոյ թաղամասում այսօր դեռեւս գործող Կեդրոնական Ազգային վարժարանին: Այդ իսկ պատճառով հանրապետութեան հռչակման շրջանում այն յիշատակւում է որպէս Կեդրոնական վարժարան, Կեդրոնական-Սանասարեան դպրոց:
Իսկ Էրզրումի Սանասարեան դպրոցի շէնքը յետագայում օգտագործում են Էրզրումի համագումարների համար: Որոշ ժամանակ որպէս քաղաքապետարան օգտագործուած այս շինութիւնն այժմ կոնգրեսի թանգարանն է, իսկ մի մասն էլ պատրաստւում է որպէս նկարների եւ արձանների թանգարան: Իսկ ղեկավար խորհրդի ժողովասրահը դեկորացուել է որպէս սրահ, որտեղ յայտնել են համագումարի որոշումները:
Դպրոցի անմիջապէս կողքին՝ եկեղեցու աւերակների վրայ, այս պահին վեր է խոյանում տեխնիկական մասնագիտացուած դպրոցը:
Անարատ Յղութիւնն
Այլեւս Չկայ
Էրզրումում մեր գտնուելու ամբողջ օրուայ ընթացքում, կենտրոնում՝ Քեազիմ Կարաբեքիր թաղամասում, փնտռում ենք իր փայտէ քանդակազարդ պատշգամբով ուշադրութիւն գրաւող Անարատ Յղութիւն դպրոցի շէնքը, որը մինչ 2014թ. օգտագործել է «Ուլքու օջաքլար» ազգայնամոլական կազմակերպութիւնը, այնուհետեւ մինչ 2015թ. կիրառուել է որպէս դարբնի պահեստ: Շրջանը շատ լաւ իմացող երթուղային մեքենայի վարորդից, շինութեան նախկին սեփականատէրը եղած ազգայնամոլական կազմակերպութեան բազմաթիւ ներկայացուցիչների հետ մեր հանդիպումների շնորհիւ, ինչպէս նաեւ՝ ազգայնամոլական կազմակերպութեան անդամ հանդիսացող մեր տարեց վարորդի հետ զրոյցից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը մօտաւորապէս մէկ տարի առաջ քանդել է այդ վայրը եւ տեղում եռայարկ մի շինութիւն կառուցել:
Գնում-տեսնում ենք: Ինչպէս եւ պատմում էին, Քեազիմ Կարաբեքիր թաղամասում հէնց այնտեղ, որտեղ պատկերուած է հին լուսանկարում, այժմ քեաբաբ պատրաստողի եւ խանութի պահեստ է: Փայտէ քանդակներով զարդարուած պատշգամբով Անարատ Յղութիւնն այլեւս չկայ:
Նուաճուած Կաթոլիկ Եկեղեցի
Բջջային հեռախօսի վրայ եկեղեցի գրելիս չենք կարողանում կենտրոնից հեռանալ առանց նայելու մեր դիմաց յայտնուած Քիլիսէ (եկեղեցի) փողոցից: Մեքենայի ուղեցոյցը գիտի՝ փողոցի անունը կրկին փոխուել է: Այժմ կոչւում է Դեմիրջիլեր Արքասը:
Քիլիսէ փողոցի ծայրում վեր խոյացող հայ կաթոլիկների հին եկեղեցին 1997թ. է նուաճուել: Անունն էլ դրել են Ֆեթիհ մզկիթ: Շրջապատի մարդիկ ասում են, որ նախքան մզկիթ դարձնելը որոշ ժամանակ որպէս պահեստ են օգտագործել: Հէնց անմիջապէս դիմացին գտնուող քահանայի տունը դեռեւս կանգուն է: Այն մասնաւոր սեփականութիւն է:
«ԱԿՈՒՆՔ»
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Հրայր եւ Աստղիկ Թէճիրեան
Տէր եւ Տիկ. Կայծակ եւ Ծովիկ
Զէյթլեան եւ զաւակները՝ Շանթ եւ Հրակ
Jet Line Air Cargo
Krikor Hovsepian
Los Angeles
310-419-7404
Hrant Simonyan
Yerevan
58-06-40
ARARAT ADHC
Management, Employees and Participants
Տնօրէնութիւն, Պաշտօնէութիւն
եւ Տարեց Մասնակիցներ
VICTORY ADHC
Management, Employees and Participants
Տնօրէնութիւն, Պաշտօնէութիւն
եւ Տարեց Մասնակիցներ