Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Մարաղան՝ Ադրբեջանի Յանցագործութիւնների Շղթայի Օղակ

$
0
0

 

 

0412maragha

 

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Ապրիլի 10ին լրացաւ Արցախի Հանրապետութեան Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղի ողբերգութեան քառորդ դարը: Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան պատմութիւնը լի է նորմալ մարդու երեւակայութիւնը ցնցող իրադարձութիւններով, որոնք կատարուել են ինչպէս խորհրդային, այնպէս էլ անկախ Ադրբեջանի յանցաւոր ղեկավարութեան կողմից:

1988ի Փետրուարի Սումգայիթը, 1990ի Յունուարի Բաքուն, Կիրովաբադը, Մինգեչաուրը, Շամխորը, իր անկախութիւնը հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ զինուած ագրեսիան՝ արգելուած զինատեսակների օգտագործմամբ… Այս ամէնը հայկական բնակչութեան դէմ ցեղասպանական գործողութիւնների միեւնոյն երկար շղթայի օղակներն են, գործողութիւններ, որոնք Ադրբեջանի կողմից պարբերաբար իրագործուել են պետական մակարդակով՝ այն քաղաքականութեան շրջանակներում, որ կոչւում է պանթիւրքիզմ՝ ադրբեջանական ձեւով: Բայց այս մռայլ ֆոնին անգամ առանձնանում է Մարաղայի ողբերգութիւնը, որն արդէն անկախ Ադրբեջանի ղեկավարութեան խղճին է, ինչն ապացուցում է պաշտօնական Բաքուի՝ տասնամեակներ շարունակ իրականացուող հայատեաց քաղաքականութեան անփոփոխ լինելը: Այս գիւղը կարելի է դասել համաշխարհային պատմութեանը յայտնի հետեւեալ գիւղերի շարքը՝ Խատինը՝ Բելառուսում, Լիդիցեն՝ Չեխիայում, Օրադուրը՝ Ֆրանսիայում, որոնք դարձան գերմանական նացիզմի յանցագործութիւնների զոհերը, Սոնգմին՝ Վիետնամում, որտեղ 1968թ. քաղաքացիական բնակչութեան զանգուածային սպանութիւն են իրականացրել ԱՄՆ բանակի զինուորները: Եւ այս համանմանութիւնն ամենեւին էլ տուրք չէ լրագրողական այլաբանութեանը:

Ականատեսների վկայութեամբ՝ 1992թ. Ապրիլի 10ի վաղ առաւօտեան Մարաղան ենթարկուեց հրետանային հուժկու արկակոծութեան, ապա ադրբեջանական զինուած կազմաւորումները զրահատեխնիկայի օգնութեամբ ներխուժեցին գիւղ: Քաղաքացիական բնակչութեան մեծ մասն ու աշխարհազօրայինները լքել էին այն, սակայն բնակիչների մի մասը՝ հիմնականում ծերեր, երեխաներ ու հաշմանդամներ, պատսպարուել էին նկուղներում ու գետնափոր ապաստարաններում: Յաջորդ օրը հայերը վերադարձան գիւղ ու ականատես եղան սահմռկեցուցիչ տեսարանի: Դաժան կոտորածի արդիւնքում, տարբեր տուեալներով, սպանուել էր 80-100 բնակիչ, այդ թւում՝ 30 կանայք, ընդ որում, ոմանց մարմինները գլխատուած էին, անդամահատուած, խանձուած, կամ դրանց վրայ կային խոշտանգումների հետքեր: 40ից աւելի մարդ վիրաւորուել էր, մօտ 70ը՝ պատանդ վերցուել, նրանց թւում՝ 9 երեխաներ: Պատանդներից շատերի ճակատագիրն այդպէս էլ անյայտ մնաց: Մարաղան ինքը թալանուել ու հրի էր մատնուել: Երկու շաբաթ անց գիւղը ենթարկուեց կրկնակի յարձակման ու գործնականում ջնջուեց երկրի երեսից: Կարեւոր է նշել, որ, փորձագէտների գնահատմամբ, Մարաղայի վրայ զինուած յարձակումը թելադրուած չէր ռազմական անհրաժեշտութեամբ, քանի որ գիւղը հեռու էր մարտական գործողութիւնների կենտրոնից: Նշանակում է՝ նրա խաղաղ բնակչութեան դէմ ցեղասպանութիւնը պէտք է դիտարկել, առաջին հերթին՝ որպէս Արցախի հայազգի բնակչութեանը ահաբեկելու քայլ, որը կանգնել էր անկախ պետականութեան ստեղծման ճանապարհին:

Անզէն քաղաքացիական բնակչութեան դէմ ադրբեջանական զինուորականութեան բարբարոսական գործողութիւնը հաստատուած է փրկուած մարաղեցիների վաւերագրական վկայութիւններով: Բացի այդ, ադրբեջանական բանակի ու ՕՄՕՆի վայրագութիւնները ֆոտօ եւ տեսաժապաւէնի վրայ արձանագրել էր Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխօսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով եղել է Մարաղայում հրէշաւոր յանցագործութեան յաջորդ օրը, յանցագործութիւն, որը տեղաւորւում է «ցեղասպանութիւն» բնորոշման մէջ: «Նրանք մարդկային ցեղից չեն»,- այսպիսին էր լեդի Քօքսի գնահատականն արիւնալի սպանդը կազմակերպած ադրբեջանցիներին: 1997թ. իրաւապաշտպան մի շարք կազմակերպութիւններ ծաւալուն նիւթ են պատրաստել Մարաղայի իրադարձութիւնների վերաբերեալ ու ներկայացրել ՄԱԿի մարդու իրաւունքների յանձնաժողով, միջազգային Helsinki Watch իրաւապաշտպան կազմակերպութիւնը պաշտօնապէս հաստատել է տասնեակ խաղաղ բնակիչների տանջալից մահը եւ տասնեակ կանանց ու երեխաների պատանդ վերցուելը: Դժբախտաբար, այդ յանցագործութիւնները մինչ օրս միջազգային հանրութեան կողմից այդպէս էլ չեն ստացել բարոյական, իրաւական ու քաղաքական համարժէք գնահատական ու դատապարտում:

Աքսիոմատիկ (ինքնայայտ, առածային-Խմբ.) ճշմարտութիւն է՝ եթէ յանցագործութիւնը դատապարտման ու պատժի չի արժանանում, այն կրկնուելու սովորութիւն ունի: Ճակատագրի չար հեգնանքով ադրբեջանական վայրագութիւնների կրկնահանցանքը տեղի ունեցաւ դարձեալ Ապրիլին՝ անցեալ տարի: Քամահրելով միջազգային հումանիտար բոլոր նորմերը՝ Ադրբեջանի զինուած կազմաւորումները նրա կողմից սանձազերծուած քառօրեայ պատերազմի ընթացքում արիւնալի յանցանքներ կատարեցին Թալիշ գիւղի խաղաղ բնակչութեան դէմ՝ սպանելով անօգնական ծերերին ու ծանակելով նրանց մարմինները, կտտանքների ենթարկեցին ու գլխատեցին գերեվարուած հայ զինծառայողներին, ինչը հաստատուած է փաստագրական նիւթերով: Բայց դարձեալ, ինչպէս եւ քառորդ դար առաջ, միջազգային իրաւասու կառոյցները չեն շտապում դատապարտել ու պատասխանատուութեան կանչել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեանը, ինչը, իհարկէ, խրախուսում է նրան՝ շարունակելու իր ռասիստական, բացայայտ ֆաշիստական քաղաքականութիւնը: Դեռ որքա՞ն «սումգայիթներ», «բաքուներ», «կիրովաբադներ», «մարաղաներ» ու «բուդապեշտներ» պէտք է տեղի ունենան, որպէսզի միջազգային հանրութիւնը, ի վերջոյ, դադարի անտարբեր լինելուց ու գիտակցի Ադրբեջանի իշխանութիւնների յանցաւոր էութիւնը, որոնց քաղաքականութիւնը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանային կայունութեանը: Այսօր աշխարհը յայտնուել է միջազգային ահաբեկչութեան սպառնալիքի առաջ, որի դէմ պայքարը պահանջում է միջազգային հանրութեան ջանքերի համախմբում: Սակայն ոչ նուազ չարիք է իրենից ներկայացնում, այսպէս ասած, տեղական պետական ահաբեկչութիւնը, որ տարիներով իրականացւում է Ադրբեջանի կողմից հայազգի բնակչութեան նկատմամբ:

Մարաղայի խաղաղ բնակիչների զանգուածային սպանութիւնը միջազգային իրաւունքի կողմից միանշանակ որակւում է որպէս մարդկայնութեան դէմ յանցագործութիւն, որը չունի վաղեմութեան ժամկէտ, ուստիեւ նրա կազմակերպիչներն ու իրագործողները պէտք է պատիժ կրեն օրէնքի ամենայն խստութեամբ: Դա անհրաժեշտ է անել գոնէ յանուն ողբերգութեան անմեղ զոհերի յիշատակի:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles