Վրաստանի պետական անկախութեան հռչակման պահից անցել է արդէն 26 տարի: Քառորդ դարից աւել է, ինչ վրացական կառավարութիւնը քաղաքական՝ ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին հարցերում ինքնուրոյն որոշումներ կայացնելու լիարժէք իրաւունք ունի: Այս ժամանակաշրջանում պետութեան կեանքի տարբեր ոլորտների վերաբերեալ Վրաստանի իշխանութիւններն ընդունել են բազմաթիւ ճիշդ եւ ոչ այնքան ճիշդ, երբեմն նաեւ ճակատագրական սխալ որոշումներ: Այնուամենայնիւ, մի հարցի վերաբերեալ վրացական պետութիւնը դեռեւս դիրքորոշում չի դրսեւորել: Վրաստանը դեռ չի դատապարտել 1915-23թթ. հայ ժողովրդի Ցեղասպանութիւնը: Եւ հէնց այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ, եւ արդեօք Վրաստանը պէտք է որոշակիա՞ցնի իր դիրքորոշումը այդ իրադարձութեան վերաբերեալ:
Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է նախ կողմնորոշել արժեհամակարգը, որտեղ եւ կը դիտուի հայ ժողովրդի Ցեղասպանութեան դատապարտման կամ ոչ դատապարտման հարցը մի ժողովրդի եւ պետութեան կողմից, որը բազմադարեայ թելերով կապուած է հայկական պետութեան եւ հայ ժողովրդի հետ:
Ամենապարզ պատասխանը այն հարցին, թէ ինչո՞ւ Վրաստանը պէտք է դատապարտի հայ ժողովրդի Ցեղասպանութեան փաստը, այն է, որը բխում է բարոյական եւ քաղաքակրթական արժէքներից: Վրաստանը պէտք է դատապարտի, որովհետեւ ցեղասպանութիւնը յանցագործութիւն է մարդկութեան հանդէպ: Պետութիւնը, որն իրեն համարում է եւրոպական քաղաքակրթութեան մաս եւ նուիրուածութիւն է յայտարարում համաեւրոպական բարոյական եւ մշակութային նորմերին, որոնց համաձայն՝ մարդկային կեանքը համարւում է գերագոյն եւ անձեռնմխելի արժէք, բնականաբար, պէտք է դատապարտի որեւէ հիմքի վրայ մարդկանց մի ամբողջական խմբի զանգուածային ոչնչացման փաստը: Պէտք է դատապարտի, որովհետեւ դրան է կոչ անում Եւրամիութիւնը, եւրոպական քաղաքակրթութիւնը:
Ցեղասպանութեան դատապարտումը անհրաժեշտութիւն է, որը երաշխաւորում է նման յանցագործութիւնների կանխումը ապագայում այլ ժողովուրդների նկատմամբ:
Բարոյական տեսանկիւնից հարցն անվերջ կարելի է դիտարկել՝ քրիստոնէութիւն, բազմադարեայ հարեւանութիւն, մշակութային նմանութիւն, ձգտում դէպի Եւրոպա եւ այլն: Այս ամէնը բոլորին յայտնի սկզբունքներ են, որոնք, ինչքան էլ տարօրինակ լինի, հայ ժողովրդի Ցեղասպանութեան դատապարտման հարցում Վրաստանի կողմից անընդհատ մղւում են երկրորդական, երրորդական պլան:
Ցաւալի է, բայց փաստ: Գրեթէ Վրաստանի շեմին, նրա աչքի առաջ կատարուած յանցագործութեան դատապարտման հարցը, Վրաստանում այսօր խորը քաղաքական երանգ է ստացել: Յատկանշական է, որ տուեալ հարցի քաղաքական ենթատեքստը ճանաչւում է Վրաստանի քաղաքական իշխանութեան բոլոր մակարդակներում:
Ահա արդէն 26 տարի է, ինչ Վրաստանի վերնախաւը, փորձելով արդարացնել իր լռութիւնը, յայտարարում է, որ «Վրաստանի կողմից հայ ժողովրդի Ցեղասպանութեան դատապարտումը լրջօրէն կարող է վատթարացնել յարաբերութիւնները իր երկու հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ»: Ահա վրացական իշխանութիւնների միակ եւ գլխաւոր հիմնաւորումը, որը տարիներով պաշտպանում է թուրքական պետութեանը հերթական ապտակից՝ կատարուած Ցեղասպանութեան փաստի դատապարտման տեսքով:
Եկէ՛ք փորձենք հասկանալ, թէ ի՞նչ կշիռ ունի Վրաստանի տուեալ «հիմնաւորումը»: Փորձենք հասկանալ՝ արդեօք Վրաստանը, չդատապարտելով ցեղասպանութիւնը, հոգում է սեփական ազգային շահերի՞ մասին, հիմնականում տնտեսական, եւ արդեօք իրականում այն չի՞ վնասում վրացական պետութեան իրական շահերին: Սկսենք հերթով:
Վրաստանի աշխարհագրական դիրքը, գտնուելով երկու թուրքական պետութիւնների արանքում, Վրաստանին դարձնում է անվիճարկելի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային հաղորդակցման ապահովման հնարաւորութեան հարցում: Անվիճարկելի, որովհետեւ երկրորդ երկիրը՝ նոյնպէս տեղակայուած երկու թուրքական երկրների միջեւ, Հայաստանն է, եւ խօսել Հայաստանի եւ Արցախի տարածքով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կապի ապահովման հնարաւորութեան մասին՝ այսօրուայ իրականութիւնում, աւելի շատ գերիրականութեան ժանրից է:
Վրաստանը, լինելով միակ երկիրը, որի տարածքով ապահովւում է երկու թուրքական երկրների միջեւ կապը, ինքն էլ չգիտակցելով՝ ներքաշուել է թուրքական երկրների ամբողջական ներգրաւմանը՝ ձուլմանն ուղղուած գրեթէ բոլոր նախագծերում: Վրաստանը ներգրաւուած է Ադրբեջանն ու Թուրքիան կապող ռազմաքաղաքական դաշինքներում: Այսօր Վրաստանի տարածքով են անցնում Ադրբեջանից Թուրքիա տանող նաւթի եւ գազի խողովակաշարերը, աւարտւում է Բաքուն Անկարային կապող երկաթգծի կառուցումը, իրականացւում է առեւտուր եւ այլն:
Այս ամէնից, բնականաբար, Վրաստանն ունի որոշակի ֆինանսական շահ: Նա տարբեր բեռների եւ ապրանքների տարանցիկութեան հնարաւորութեան ապահովման համար վճարի տեսքով եկամուտ է ստանում: Սակայն այստեղ եւեթ պէտք է նշել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, լինելով Վրաստանի տարածքով անցնող բոլոր հաղորդակցական ենթակառոյցների անմիջական սպառողներն ու շահագործողները, իհարկէ՛, ստանում են աւելի շատ շահոյթ: Աւելին, «ռազմավարական նախագծեր»ի տէրերը լուծում են ոչ միայն տնտեսական այլեւ քաղաքական հարցեր:
Այսպիսով, ի՞նչ կը կատարուի, եթէ Վրաստանը դատապարտի հայ ժողովրդի Ցեղասպանութիւնը: Արդեօք Թուրքիան եւ Ադրբեջանը կը հրաժարուե՞ն Վրաստանի՝ որպէս տարանցիկ տարածքի ծառայութիւններից: Իհարկէ՛, ոչ:
Ուրեմն, ի՞նչ նկատի ունեն վրացի քաղաքական գործիչները, երբ հաւաստիացնում են, որ հայ ժողովրդի Ցեղասպանութիւնը դատապարտելով՝ Վրաստանը կը վիրաւորի Թուրքիային: Գուցէ նրանք վախենում են, որ Թուրքիան կը դադարի Վրաստանին միջազգային աջակցութիւն ցուցաբերել Վրաստանի տարածքային ամբողջականութեանը վերաբերող հարցերում:
Չխօսենք այն մասին, որ թուրքական «աջակցութիւնը» առաջին հերթին պայմանաւորուած է հէնց Թուրքիայի ազգային շահերով, Ռուսաստանի հետ իր յարաբերութիւններով, բաւական է միայն հետաքրքրուել, թէ ինչ տնտեսական նախագծեր է իրականացնում Թուրքիան նոյն Աբխազիայում: Ամէն օր թուրքական նաւերը աբխազական նաւահանգիստներ են մտնում, իրականացւում է ակտիւ առեւտուր, քաղաքական մակարդակով կապեր են հաստատւում: Այնպէս որ, եթէ ինչ-որ մէկը վստահում է Թուրքիայի հաւատարմութեանը Վրաստանի տարածքային ամբողջականութեան հարցերում, այդ «ինչ-որ» մէկը չարաչար սխալւում է:
Ցեղասպանութեան դատապարտման հարցում վրացական իշխանութիւնների «փաստարկը» չի դիմանում նոյնիսկ ամենամակերեսային քննադատութեանը: Վրաստանը Թուրքիային է անհրաժեշտ իր ազգային ծրագրերի իրականացման համար: Օդի նման պէտք է: Իսկ ահա արդեօք Վրաստանի եւ վրաց ժողովրդի համար շահաւէտ կը լինի՞ թուրքական երազանքի իրականացումը՝ ծայրայեղ կասկածելի հարց է:
Դժուար է հաւատալ, որ վրացական իշխանութիւնները չեն գիտակցում դա: Իհարկէ՛, գիտակցում են, եւ տուեալ համատեքստում հայ ժողովրդի Ցեղասպանութեան ճանաչման-չճանաչման հարցն իսկապէս երկրոդական պլան է մղւում: Ի՞նչ դատապարտման մասին կարող է խօսք գնալ, երբ պետութեան իշխանութիւնները գիտակցաբար իրենց իսկ երկիրը հասցնում են Թուրքիայի տարածքային-տնտեսական կցորդի մակարդակին:
Ցեղապանութեան դատապարտումը Վրաստանի համար կարող էր լաւ հնարաւորութիւն դառնալ Թուրքիայի խեղդող գրկախառնութիւնից ազատուելու համար: Կարող էր խթան հանդիսանալ ճշմարիտ, պետական անկախութեան հաստատման համար:
Մինչդեռ, լինենք իրատես՝ Վրաստանի բոլոր իշխանութիւնների գործողութիւնները ոչ մի կերպ չեն ակնարկում, որ կառավարութիւնը մեր երկիրն ու իր քաղաքացիներին իսկապէս անկախ դարձնելու թէկուզ փոքր-ինչ ցանկութիւն ունի: Միակ ցանկութիւնը, որը ցուցաբերում են ազգային ջոջերը, իշխանութիւնում հնարաւորինս երկար մնալն է իրենց իսկ նիւթական վիճակը բարելաւելու համար… Եւ թուրքական պետութիւնները ակտիւօրէն աջակցում է նրանց այդ հարցում:
Վրաստանի կողմից հայ ժողովրդի Ցեղասպանութեան դատապարտման հարցն անբաժանելիօրէն կապուած է հարցին՝ արդեօք Վրաստանը կը լինի՞ անկախ, թէ աւելի շատ կը լուծուի թուրքական միջավայրում: Իսկ այդ հարցը, համաձայնէ՛ք, բարոյական հարթակի հարց չէ, եւ ոչ էլ նոյնիսկ քաղաքական:
1915-23թթ. Ցեղասպանութեան փաստի դատապարտումը Վրաստանի համար ազգային անվտանգութեան հարց է, ազգային շահերի բնագաւառի հարց է: Մնացել է ընդամէնը օգնել երկրի իշխանութիւններին գիտակցել, որ նրանք ընտրուած են պաշտպանելու այս եւ ոչ թէ մէկ այլ պետութեան ազգային շահերը:
«Ա-ԻՆՖՕ»