ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Ուղիղ քառասուն տարի, Սփիւռքում մեր կեցութեան ընթացքում, ունէինք հետեւեալ դիտարկումը. երբ հայկական որեւէ միութիւն, կազմակերպութիւն, կուսակցութիւն ունենում էր իր հիւրը՝ հայրենիքից, ընդունում էր նրան որպէս սեփականութիւն, եւ հիւրընկալի առանցքի շուրջ էր դառնում հիւրի շրջագայութիւնը: Դա յատկապէս զգալի էր Հայաստանի խորհրդային տարիներին, երբ կային պատկանելիութեան խիստ սահմաններ:
Այժմ տարբե՛ր է: Հիւրն իրաւունք ունի այցելելու ամէն տեղ, եթէ հրաւիրողը տուել է նրան այդ ազատութիւնը։
Մեզ համար շատ հետաքրքրական է Լարք երաժշտական ընկերակցութեան վերաբերմունքը՝ հէնց իր հրաւէրով, իր նիւթական ներդրումով, իր կազմակերպած միջոցառման համար ժամանած հիւրերի նկատմամբ: Նրանք կարողանում են ծրագրուած նպատակն իրագործել եւ առաւել՝ անել այն ամէնը, ինչ կարելի է իրենց այստեղ գտնուելու ընթացքում. ունենալ հանդիպումներ, մեկնել համերգների այլ քաղաքներ, շփուել տեղի մասնագէտների հետ եւ այլն։
Ժամանել է հայրենի անուանի դաշնակահարուհին: Բոլորս փորձում ենք հնարաւորինս օգտուել նրա մասնագիտական հմտութիւնից, տուած վարպետութեան դասերից, անհատական ցուցմունքներից:
Ու մեծ երաժշտի պարբերական այցելութիւններին է սպասում նաեւ… այստեղ ապրող թուրք դաշնակահարուհին: Թրքուհին, որակելով մասնագէտին որպէս «հաարիքա պիր միւզիսիէն« (հիանալի մի երաժիշտ)՝ ըմբոշխնում է այդ դասերը եւ սպասում նրա յաջորդ այցելութեան. թրքուհին իսկապէ՛ս ուզում է նուագել…