ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Image may be NSFW.
Clik here to view.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչութիւնների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրօն, երէկ Համբուրգում մեկնարկած՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի երկօրեայ նիստի շրջանակներում հանդէս են եկել ԼՂ հիմնահարցի կարգաւորման գործընթացի վերաբերեալ չափազանց ուշագրաւ յայտարարութեամբ:
Նախ՝ նրանք «վճռականօրէն» դատապարտել են ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, ինչպէս նաեւ ապրիլեան պատերազմի ընթացքում ռազմական գործողութիւնների ժամանակ կատարուած «վայրագութիւնները»: Պարզ է, որ թէեւ չի հնչում Ադրբեջանի անունը, սակայն մի կողմից, լարուածութեան ներկայիս աճով պայմանաւորուած, ուժի սպառնալիքի աղբիւրը հէնց Բաքուն է, իսկ միւս կողմից՝ ապրիլեան վայրագութիւնների խնդիրը բարձրացրել է հայկական կողմը, հետեւաբար՝ դրա դատապարտումն ուղղուած է հէնց հայկական կողմի այդ պահանջի բաւարարմանը:
Համանախագահները կոչ են արել «խստօրէն հետեւել 1994ի ու 1995ի հրադադարի մասին համաձայնագրերին», որոնք համարել են ռազմական գործողութիւնների դադարեցման հիմք: Յիշեցնենք, որ ապրիլեան պատերազմից յետոյ Ադրբեջանն էր փորձում ՄԱԿում բարձրացնել այդ պայմանագրերը չեղարկելու հարցը: Բաքուն փորձում էր զարգացնել նաեւ այն թէզը, թէ ներկայիս հրադադարի հիմքը ոչ թէ այդ համաձայնագրերն են, այլ Մոսկուայում Ապրիլի 5ին Հայաստանի եւ Ադրբեջանի գլխաւոր շտաբների պետերի միջեւ ձեռք բերուած՝ կրակի դադարեցման շուրջ բանաւոր համաձայնութիւնը: Դա եւս ուղղուած էր 1994-95թթ. համաձայնագրերի իրաւական եւ քաղաքական նշանակութեան թուլացմանը: Այս իմաստով՝ համանախագահող եր-կրների արտգործնախարարների յստակ դիրքորոշումն ամրագրում է, որ միջազգային հանրութիւնը չի հանդուրժում այս հարցում ստատուս քուօն փոխելու՝ Բաքուի փորձերը:
Նրանք նաեւ փորձել են Ադրբեջանին վերադարձնել այս տարուայ Մայիսի 16ին Վիեննայում ու Յունիսի 20ին Սանկտ Պետերբուրգում ընդունուած համատեղ յայտարարութիւններով նրա ստանձնած պարտաւորութիւններին: «Մենք կողմերին կոչ ենք անում վերացնել բոլոր մնացած խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելութեան ընդլայնման ճանապարհին ու հասնել առաջընթացի միջադէպերի հետաքննման՝ ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկութեան հարցում: Առաջարկները պէտք է իրականացուեն կարգաւորմանն ուղղուած բանակցութիւնների անյապաղ վերականգնման հետ միաժամանակ», նշւում է նրանց համատեղ յայտարարութիւնում: Այս ձեւակերպումներից պարզ է դառնում, որ Ադրբեջանը սկզբունքօրէն համաձայնութիւն տուած է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելութեան ընդլայնմանը, ինչի հիման վրայ մշակուել է որոշակի մեխանիզմ: Բայց Բաքուն շարունակում է արհեստական խոչընդոտներ յարուցել դրանց ներդրման ճանապարհին: Ինչ վերաբերում է շփման գծում միջադէպերի հետաքննման մեխանիզմի ստեղծմանը, ապա Վիեննայի գագաթաժողովից այս կողմ ոչ մի առաջընթաց չկայ: Ու թէեւ Բաքուն փաստացի փորձում է տապալել այն, սակայն ՄԽ համանախագահող երկրներն այս յայտարարութեամբ սկզբունքօրէն այն պահում են օրակարգում՝ հասկանալի դարձնելով, որ դրանից Բաքուն փախչելու տեղ չունի:
Յայտարարութեան մէջ արուող այն դիտարկումը, թէ այդ պայմանաւորուածութիւնները պէտք է իրականացուեն «կարգաւորմանն ուղղուած բանակցութիւնների անյապաղ վերականգնման հետ միաժամանակ», խօսում է այն մասին, որ Հայաստանը հրաժարւում է ԼՂ հարցի կարգաւորման բովանդակային բանակցութիւններից՝ պնդելով ապահովել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորուածութիւնների պարտադիր կատարումը: Դրա մասին է խօսում նաեւ փաստը, որ Համբուրգում չի կայացել բանակցող կողմերի եւ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների 3+2 ֆորմատով նախատեսուած հանդիպումը: Այն, որ դա տապալուել է Երեւանի պատճառով, խոստովանել է Ադրբեջանի ԱԳՆ խօսնակ Հիքմեթ Հաջիեւը:
Եւ ահա, խօսելով պայմանաւորուածութիւների կատարմանը զուգահեռ կարգաւորման բանակցութիւնների սկսման մասին, ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարները փաստացի առաջարկում են գնալ փոխզիջման. Ադրբեջանն ապահովում է պայմանաւորուածութիւնների կատարումը, Հայաստանը համաձայնում է յընթացս վերադառնալ բանակցութիւններին: Չի կարելի բացառել, որ հէնց այս շրջանակում է երէկ տեղի ունեցել Նալբանդեան-Մամեդեարով հանդիպումը, մանաւանդ՝ եթէ նկատի ունենանք, որ դա յաջորդել է Նալբանդեան-Լաւրով հանդիպմանը, եւ միանգամայն հաւանական է, որ այս հարցում լեզու գտնելու նպատակով Լաւրովը կարող էր «յորդորել» Նալբանդեանին՝ գնալ Մամեդեարովի հետ հանդիպմանը, ինչից Երեւանը մինչ այդ խուսափում էր: Յամենայն դէպս, դատելով նրանից, որ ՀՀ ԱԳՆն որեւէ այլ մանրամասն այդ հանդիպումից չի տուել, յուշում է, որ հայկական կողմը փորձել է այն դարձնել զուտ արարողակարգային:
Անկախ դրանից, սակայն, Համբուրգում ադրբեջանական դիւանագիտութիւնը մարտավարական ձախողում է ունեցել: Նախ՝ Ադրբեջանին կարծես թէ չի յաջողուել, առանց իր ստանձնած պարտաւորութիւնների կատարման, Հայաստանին «քարշ տալ» ԼՂ հարցով բովանդակային բանակցութիւնների սեղանի մօտ: Երկրորդ՝ ընդունելով նման բովանդակութեամբ յայտարարութիւն՝ համանախագահող երկրները բանակցային գործընթացի փակուղայնութեան պատասխանատուն համարեցին Բաքուին: Սա բարդ վիճակի մէջ է դնում Ադրբեջանին թէ՛ իր պատերազմական շանտաժային մարտավարութիւնը շարունակելու եւ թէ յետագայ բանակցութիւնների օրակարգին համաձայնել-չհամաձայնելու առումով:
Համբուրգեան այս հանդիպումները, ըստ այդմ, նշանակալից էին երկու բանով: Նախ՝ Հայաստանը, թէկուզ զուտ տակտիկական առումով, կարողացաւ դիմանալ արտաքին ճնշմանը եւ հանդէս գալ պայմաններ թելադրողի, նախապայմաններ առաջադրողի կարգավիճակով: Թերեւս պատահական չէր հէնց համբուրգեան այդ բանակցութիւնների պահին նախագահ Սերժ Սարգսեանի դեմոնստրացիոն այցը Արցախ: Դա ուղերձ էր Երեւանից, որ հայկական կողմը պատրաստ է ամենավատթար սցենարին եւ այս դէպքում դիրքերը չի զիջելու: Եւ երկրորդ՝ համանախագահները գնդակն այս դէպքում ամբողջապէս ուղարկեցին նոյնիսկ ոչ թէ Ադրբեջանի կիսադաշտը, այլ դարպասը: Եւ հիմա պէտք է սպասել, թէ Բաքուն ինչպէս այն դուրս բերելու ցանցից:
«ԵՐԿԻՐ»