Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Դիրքերում Պատրաստւում Են Տօներին՝ Չմոռանալով Թշնամու Մասին

$
0
0

1206soldiers3

ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

 

Մարտական հերթափոխի երդումը տալուց յետոյ ՀՀ հիւսիսային դարպասի զինծառայողները շտապում են սահման. խօսքը գործ դարձնելու: ՀՀ պաշտպանութեան նախարարութեան կողմից կազմակերպուած երկօրեայ դասընթացի շրջանակներում հաւատարմագրուած լրագրողները եւս սահմանում են: Առաջին հարցը, որի մասին դիրք հասնողին զեկուցում են զինծառայողները՝ սահմանի հանգստութիւնն ու իրենց կողմից ապահովուող անվտանգութիւնն է:

Զօրամասի հրամանատար գնդապետ Սողոմոն Խաչատրեանը ներկայացնում է դիրքի ինժեներական եւ նիւթատեխնիկական կահաւորուածութիւնը՝ վստահեցնելով, որ իւրաքանչիւր պահի բոլոր դիրքերը պատրաստ են մարտի:

«Առաջնահերթ անհրաժեշտութեան զինատեսակները՝ հիմնականում խոշոր տրամաչափի գնդացիրները, մշտապէս գտնւում են իրենց կրակային դիրքերում, զէնքի հերթափոխ չի լինում, այն միշտ պատրաստ է կրակի: Կարեւոր է նաեւ ինժեներական պատրաստուածութիւնը. ելնելով այս կամ այն հանգամանքից՝ խրամուղիների մի մասը փայտով, մի մասն էլ քարով ենք ամրացրել», ասում է գնդապետն ու վստահեցնում, որ այստեղ ամէն մի մանրուք իր նշանակութիւնն ու կարեւորութիւնն ունի: Խաչատրեանը նշում է, որ նմանատիպ կառուցուածք ու մարտական պատրաստուածութիւն ունեն նաեւ շղթայի միւս դիրքերը:

Մայոր Գրիգոր Ներսիսեանը լրացնում է գնդապետին՝ ցանկացած դիրք ապահովուած է գիշերային տեսանելութեան սարքերով, ինչն առաւել հեշտացնում է գիշերային ժամերի հերթապահութիւնը՝ զինծառայողի կողմից վերահսկելի դարձնելով տարածքը.

«Սահմանում իրավիճակը հանդարտ ու հանգիստ է, գրեթէ 20 օր հրադադարի ռեժիմը մեր ուղղութեամբ չի խախտուել: Խախտման դէպքում ամէն պահի տղաները պատրաստ են պատուով ու անխոչընդոտ կատարելու իրենց առջեւ դրուած մարտական խնդիրը: Ընդհանրապէս, մեր դիրքերի ուղղութեամբ հակառակորդը միշտ զգուշաւորութիւն է ցուցաբերում՝ չփորձելով աւելորդ խնդիրներ ստեղծել իր համար»:

Անդրադառնալով դիրքապահ տղաներին՝ մայոր Ներսիսեանը նկատում է. «Տղաները գիտակցաբար են բարձրանում դիրքեր, սահմանապահի գործն անում են բարձր պատասխանատուութեամբ ու պահի լրջութեան գիտակցմամբ: Շատերն այս տարածաշրջանից են, այստեղ կանգնելով՝ պաշտպանում են ոչ միայն հայրենիքի սահմանը, այլեւ իրենց տունը: Ժողովուրդը թող հանգիստ լինի ու զբաղուի իր առօրեայով. սահմանը պահելն ու դրանով մտահոգուելը մեր խնդիրն է»:

ՀՀ ՊՆ 3րդ բանակային զօրամիաւորման հրամանատարի անձնակազմի հետ տարուող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսեանն ասում է, որ 2016ին, ի տարբերութիւն նախորդ երկու տարիների, այս զօրամիաւորման պահպանութեան տեղամասերում չի արձանագրուել հակառակորդի կողմից կիրառուած ականանետային կրակոց: Կրակոցների ընդհանուր թիւը եւս այս տարածքում նուազել է:

Գնդապետ Պետրոսեանը նշում է, որ հակառակորդը ծանր զէնքի կիրառմամբ հիմնականում թիրախաւորում է սահմանամերձ բնակավայրերը՝ նպատակ ունենալով խոչընդոտել գիւղացիների գարնանային կամ աշնանային գիւղատնտեսական աշխատանքները, այդ կերպ ահաբեկելով խաղաղ բնակչութեանը:

«Հայկական կողմը հակառակորդի կրակոցներին արձագանգում է բացառիկ դէպքերում, երբ դրանք ուղղուած են լինում մեր խաղաղ բնակավայրերին», ասում է նա:

Տաւուշի մարզի շուրջ 24 համայնք գտնւում է հակառակորդի անմիջական նշանառութեան տակ եւ ՀՀ կառավարութեան 2015թ. որոշմամբ ազատուած է հարկերից:

Դիրքում շրջելուց յետոյ լինում ենք գետնատնակում ու խոհանոցում, ծանօթանում զինուորի բաժին սննդի հետ: Մայոր Ներսիսեանը նշում է, որ սննդամթերքի քանակն ու բազմազանութիւնը գնալով աւելանում է, իսկ որակական խնդիրներ չեն ունենում, ինչը հաստատում են զինծառայողները:

Հրաժեշտի պահին զինուորներից մէկը նկատում է. «Մի քանի օրից գայիք, մեր տօնածառն էլ կը նկարէիք»: Յետոյ յաւելում, որ Դեկտեմբերի 20ից յետոյ սկսում են զարդարել տարածքը՝ չշեղուելով ծառայութիւնից:

«Էդպէս մեզ լրիւ տանն ենք զգում, չնայած՝ տօնական ու բարձր տրամադրութիւնը դիրքում միշտ առկայ է», ասում է նա:

Ամանորի շեմին հակառակորդի հնարաւոր ակտիւացման վերաբերեալ հարցը ստանում է կարճ ու յստակ պատասխան. «Ստիպելու ենք չակտիւանան»:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles