ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Բաքւում իւրովի են մեկնաբանում կարգաւորման սկզբունքները։
Ինչպէս յայտնի է, ղարաբաղեան կարգաւորման համատեքստում ադրբեջանական ողջ քաղաքականութիւնը խարսխուած է բացառապէս կեղծիքի վրայ: Եւ, ըստ ամենայնի, գողը գոռում է՝ «Բռնեցէ՜ք գողին» յայտնի ասացուածքն Ադրբեջանի պարագայում դեռ երկա՜ր, շատ երկար կը պահպանի իր արդիականութիւնը: Նման պնդման համար հիմք է հանդիսանում նաեւ Ադրբեջանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւի՝ Trend գործակալութեանը տուած վերջին հարցազրոյցը, որտեղ այս, թոյլ տրուի ասել, գործիչն ադրբեջանական դիւանագիտութեանը բնորոշ խաբէութեամբ մեկնաբանում է Sputnik գործակալութեան հետ զրոյցում ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ Հայաստանի նախագահի կողմից հնչեցուած մտքերը: Անխոնջ ու հնարամիտ Հիքմեթի գլխում ծն-ուած հիմնական գաղափարն այն է, որ Հայաստանը… «խեղաթիւրում է բանակցային գործընթացի սկզբունքները»:
Ի հարկէ, կարելի էր անուշադրութեան մատնել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հերթական դատարկաբանութիւնը, սակայն, մտա-բերելով այն քրիստոմատիկ արտայայտութիւնը, թէ բազմիցս կրկնուած սուտը հաւաստանման է դառնում, այնուամենայնիւ, անհրաժեշտ համարեցինք արձագանգել: Եւ այսպէս, իր հարցազրոյցում Հաջիեւը, իբր, հակադարձելով Հայաստանի նախագահին, արդէն քանիցս փորձում է միջազգային հանրութեան վզին փաթաթել ազգերի ինքնորոշման իրաւունքի նկատմամբ պետութեան տարածքային ամբողջականութեան սկզբունքի գերակայութեան վերաբերեալ պաշտօնական Բաքուի կեղծ թէզիսը: Այս միտքը, կարելի է ասել, կարմիր թելի պէս անցնում է վերը նշուած նրա ողջ հարցազրոյցում, որտեղ նա ճարպկօրէն շահարկում է Հելսինկեան եզրափակիչ ակտը. «Մասնակից պետութիւնները, յարգանք ցուցաբերելով ազգերի իրաւահաւասարութեանը եւ ինքնորոշման սկզբունքին, բոլոր դէպքերում գործում են ՄԱԿի կանոնադրութեան նպատակներին ու սկզբունքներին համահունչ եւ միջազգային իրաւունքի ու պետութիւնների տարածքային ամբողջականութեան համապատասխան նորմերով», միջազգային իրաւունքի ոլորտում իր գիտելիքներով փորձեց փայլել նա:
Փայլե՞ց: Ամենեւին ոչ: Քանի որ Հիքմեթի իբրեւ թէ «ճիշդ» խօսքերում բացայայտ խորամանկութիւն է քօղարկուած: Բանն այն է, որ, նախ՝ նրա մէջբերած Հելսինկեան եզրափակիչ ակտում, որը տասը դրոյթներ է պարունակում, դրանցից ոչ մէկը ստորակարգուած չէ միւսին, ինչպէս դա ջանում է ներկայացնել Հաջիեւը: Բոլոր տասը դրոյթներն իրաւաբանական հաւասար ուժ ունեն, թէեւ հեղինակաւոր միջազգային իրաւունքի մասնագէտ իրաւաբանների կարծիքով, հարկ է ճանաչել եւ ընդունել, որ ինքնորոշման իրաւունքն իր «կարգավիճակով» պէտք է աւելի բարձր դասուի տարածքային ամբողջականութեան սկզբունքից, քանի որ այն ԻՐԱՒՈՒՆՔ է, այլ ոչ՝ ՍԿԶԲՈՒՆՔ: Երկրորդ՝ բազմիցս, այդ թւում եւ փորձագիտական մակարդակով, խօսուել է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը որեւէ առնչութիւն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հետ, քանի որ այն գտնւում էր ԽՍՀՄ, այլ ոչ թէ Ադրբեջանի կազմում, առաւել եւս՝ անկախ Ադրբեջանի: Այդուհանդերձ, Հիքմեթին ու նրա վերադասներին (չէր խանգարի եւ միջազգային միջնորդներին) ստիպուած ենք եւս մէկ անգամ յիշեցնելու, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային նորմերին ու ԽՍՀՄ 1990թ. Ապրիլի 3ի օրէնքին խստիւ համահունչ յայտարարել է հանրապետութեան հռչակման մասին, որի անկախութիւնը հաստատուել է նրա բնակչութեան ուղղակի կամարտայայտման հիման վրայ՝ 1991թ. Դեկտեմբերի 10ին կայացած համաժողովրդական հանրաքուէի ընթացքում: Մեր կարծիքով, եթէ կայ մի բան, որը պէտք է դառնայ միջազգային հանրութեան ու միջազգային համապատասխան կառոյցների, ներառեալ՝ ՄԱԿի քննարկման ու դատապարտման առարկայ, դա ժողովրդական կամարտայայտութեան այդ ակտին Ադրբեջանի յանցաւոր իշխանութիւնների արձագանգն է, որը դրսեւորուեց ինքնորոշուած Արցախի դէմ ուղղակի զինուած ագրեսիայի իրականացմամբ:
Բայց շարունակենք հետեւել Հաջիեւի մտքի թռիչքին: Նա բազմանշանակ յայտարարեց, թէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները Հելսինկեան եզրափակիչ ակտի համաձայն հակամարտութեան կարգաւորման սկզբունքները մատուցում են հետեւեալ յաջորդականութեամբ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, պետութիւնների տարածքային ամբողջականութիւն ու ազգերի ինքնորոշում: Ըստ երեւոյթին, այն հանգամանքը, որ ազգերի ինքնորոշումն այս ցուցակում երրորդ տեղում է, հիքմեթեան վիրաւոր հոգու համար բալասան է հանդիսանում: Բայց ստիպուած ենք նրան յուսախաբ անել՝ դարձեալ վկայակոչելով Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին: Այսպէս, նրանք բազմիցս ընդգծել են, որ վերը յիշատակած սկզբունքների եռեակը, որոնք այսօր ընկած են ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմքում, հարկ է դիտել որպէս համալիր՝ անխախտ միութեան մէջ, չփորձելով առանձնացնել նրանցից որեւէ մէկը՝ դրանով իսկ խախտելով նրանց ամբողջականութիւնը:
Այստեղ, սակայն, կը ցանկանայինք նաեւ հետեւեալն ասել: Եթէ հետեւենք Հաջիեւի տրամաբանութեանը, ապա ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը՝ իր յաջորդականութեան համաձայն (թուարկելիս այն առաջինն է յիշատակւում), պէտք է գերիշխի: Այդ դէպքում ինչպէ՞ս է միջազգային իրաւունքի նկատմամբ Հաջիեւի կողմից փարիսեցիաբար հռչակուող յարգանքը յարաբերակցւում Ադրբեջանի գործողութիւնների հետ, որը հակամարտութեան կարգաւորման ողջ գործընթացում չի դադարեցնում հրադադարի ռեժիմի վերաբերեալ համաձայնութեան խախտումները, իսկ ընթացիկ տարուայ Ապրիլին նոր պատերազմ է սանձազերծել: Բայց անգամ այսօր՝ Մինսկի խմբի հովանու ներքոյ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերուած համաձայնութիւններից յետոյ, որոնք միտուած են նոր պատերազմ թոյլ չտալուն, Բաքուն չի շտապում կատարել դրանք եւ շարունակում է սուր ճօճել: Ուրեմն ո՞վ է իրականում ոչ թէ պարզապէս խեղաթիւրում, այլ կոպտագոյնս խախտում բանակցային գործընթացի սկզ-բունքները: Հարցն ամենեւին էլ հռետորական չէ: Դրա պատասխանը քաջ յայտնի է միջազգային իրաւասու կառոյցներին, որոնք էլ պէտք է գործեն ըստ այդմ:
ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ Արցախի Հանրապետութեան պաշտօնաթերթ «Ազատ Արցախ»ի խմբագրապետն է