Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Անկախութիւնից Անկախ

$
0
0

ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ

 

0928hovigcharekhjian

Պաթոսը խանգարում է անկախութիւն երեւոյթի ճիշդ ընկալմանը: Ճիշդ ընկալմանը խանգարում է նաեւ այն համոզմունքը, թէ անկախ երկիրը միայն լաւը պիտի լինի, իսկ եթէ այն դեռ անկատար է, ուրեմն անկախութիւնը նոյնպէս լիարժէք չէ: Բայց դա հին մոլորութիւն է:

Անկախութիւնը հնարաւորութիւն է, այլ ոչ թէ երաշխիք:

Անկախութիւնը հաց չէ, այլ արձակ մի դաշտ, որտեղ կարող ես քո ցորենը ցանել՝ վաղուայ հունձի ակնկալիքով: Անկախութիւնը տուն չէ, այլ քարն է, որով կարող ես տանդ պատերը կանգնեցնել: Անկախութիւնը մարմին չէ, այլ շնչառութիւն է, գիրը չէ, այլ թանաք, արիւնը չէ, այլ երակ: Եւ ամսաթիւ ու տարեդարձ էլ չէ, այլ էջ է, որի վրայ կենսագրութիւն պիտի շարադրուի: Թէ ինչ կը գրուի այնտեղ, թուղթը չի կարող իմանալ: Կ՛իմանայ գրողը:

* * *

Մեր անկախութեան նախաբանը՝ 1991 թուականի Սեպտեմբերի 21ը ես մի փոքր այլ կերպ եմ յիշում, որովհետեւ այդ օրը եղբօրս հարսանիքն էր: Գնացել էինք Խոր Վիրապ, իսկ արարողութիւնից յետոյ մեքենաների շարասիւնը շարժուեց դէպի ընտրական տեղամաս: Նորապսակներին այստեղ դիմաւորեցին ծաղիկներով ու ծափերով: Բոլորի պէս նրանք էլ բաց քուէարկեցին, քանի որ այդ օրը ոչ ոք ոչ մէկից թաքցնելու ոչինչ չունէր, ու ստացուեց այնպէս, որ ինձ համար անկախութեան առաւօտի յիշողութիւնը նախ դարձաւ եղբօրս պսակը, իսկ յետոյ նրա ընտանիքը, որտեղ հիմա երկու զաւակներ կան, որտեղ կեանքն ամէն վայրկեան փոփոխւում է՝ մնալով հոգսերի եւ ուրախութիւնների, տագնապների ու սպասումների մէջ: Ճիշդ այնպէս, ինչպիսին մեր երկրն է: Ճիշդ մեր անկախութեան պէս, որովհետեւ անկախութեան հետ ապրողներս վաղ թէ ուշ նմանւում ենք նրան: Անկախութիւնն էլ մեզ է նմանւում: Եւ այդպէս լրացնում ենք իրար: Դրա համար էլ մենք արտացոլանքն ենք մեր անկախութեան, ինչպէս որ զաւակներն են նման լինում իրենց ծնողներին:

* * *

Ես ինչպէ՞ս չափեմ անկախութեան տարիքը: Հաշուարկը սկսեմ հռչակելու պահի՞ց, թէ գնամ-թաղուեմ հեռաւոր ժամանակների մէջ, որտեղ ծնուեց, բովանդակուեց ու մարմին առաւ նրա սպասումների, ձգտումների, խոկումների ու համբերութեան արմատը:

Հնդկաստանում չեմ եղել, բայց գիտեմ, որ աւելի քան երկու դար առաջ այնտեղ վախճանուած հայրենասէր մի մարդու՝ Շահամիր Շահամիրեանի տապանաքարի վրայ գրուած են այս խօսքերը. «Ողջոյն ընդ քեզ դամբարանիս տառն ընթերցող, տուր ինձ լուրն ազատութեան ազգին իմոյ, որ եմ տենչող…»:

Վստահ եմ, որ շատ-շատերն արդէն տարել են նրան այդ մեր աւետիսը: Բայց կ՛ուզէի ինքս էլ մի օր յայտնուել հեռաւոր Մադրասում եւ նոյնը կրկնել նրա համար: Նոյնը, բայց իմ ձայնով: Որ մեր անկախութիւնը շատ ձայների մէջ լինի:

* * *

Վաղուց էր: Օդանաւը ուշ գիշերին վայրէջք կատարեց Թբիլիսիում: Երբ իջայ, ինձ նման 20-30 հայ երիտասարդներ, որոնք այստեղ էին հասել տարբեր քաղաքներից, խմբուել էին սպասասրահում ու մտածում էին, թէ ինչ կարելի է անել: Երեւան մեկնող ինքնաթիռը միայն յաջորդ օրը պիտի թռչէր: Բայց ոչ ոք այլեւս սպասել չէր ուզում: Չափազանց երկար էինք սպասել: Եւ որոշեցինք քաղաքում գտնել մի աւտոբուս ու բոլորս միասին հէնց գիշերով ճանապարհ ընկնել տուն:

Խելայեղ որոշում էր, քանի որ Վրաստանի մայրաքաղաքում, այն էլ կէսգիշերից անց, մեզ չէին սպասում անհամար վարորդներ, որ պատրաստ լինէին առաջին իսկ առաջարկի դէպքում ուղղութիւն վերցնել դէպի Երեւան: Մի քանի ժամ քայլեցինք քաղաքի դատարկ ու անծանօթ փողոցներում եւ պատկերացրէք, որ գտանք մեր որոնած աւտոբուսն իր վարորդով հանդերձ: Վրացին, ինչ խօսք, աստղաբաշխական գումար պահանջեց: Չսակարկեցինք: Դատարկեցինք մեր դրամապանակներն, ու լեփ-լեցուն մեքենան շարժուեց տեղից:

Բոլորս էլ անասելի յոգնած էինք, միանգամից քուն մտանք: Եւ ահա արթնանում ենք մեքենայի ցն-ցումից: Լոյսն արդէն բացուել է: Աւտոբուսը կանգ է առել մի աղբիւրի մօտ, որտեղ մի քանի մրգավաճառներ իրենց արկղերն են շարել եւ առեւտուր են անում: Առաջին պահին գլխի չընկանք, թէ որտեղ ենք: Յետոյ լսում ենք՝ կանայք հայերէն են խօսում: Ուրեմն սահմանն անցե՞լ ենք, ուրեմն արդէն…

Յետոյ այն, ինչ կատարուեց, մոռանալն անհնար է: 20-30 կիսարթուն երիտասարդներ իրենց դուրս նետեցին դռնից, եւ սկսուեց խօլական մի իրարանցում: Աղմկում էին, գոռում, գրկախառնւում էին զարմանքից քար կտրած անծանօթ մարդկանց հետ, համբուրում են մրգերը, ծիծաղում ու արտասւում են միայն այն բանի համար, որ դա Հայաստանն էր…

Աղբիւրի ջուրը զուլալ էր ու սառնորակ: Բոլորս հերթով մօտեցանք, խմեցինք ծորակից եւ ապա անապական այդ ջրով մեր դէմքերից լուացինք անտէրութեան փոշին…

* * *

Անբացատրելի բան է երկրի զգացողութիւնը: Անհասկանալի բան է: Անտրամաբանական բան է: Վերացարկման մէջ այն քոնն է մինչեւ վերջին բջիջը, բայց նիւթական երկիրը միթէ՞ քոնն է: Այն սարը, այն գետը, այս փողոցն ու տունը, այգին ու գործարանը, չէ՞ որ դրանք իմը չեն, բայց իմն է դրանց ամբողջութիւնը: Իմն են առաւել, որքան իմը չեն:

Արարման օրից ի վեր, երբ դեռ անուն չունէիր, մինչեւ ժամանակներն այն, երբ նորից դառնում էիր սեփական մաշկիդ ներառեալը, հաշուարկուած ձայների քանակի մէջ կամ ճանաչման վաւերագրերում պիտի չգտնէիր պատճառների պատճառը: Ու պիտի փնտռէիր դրանցից դուրս, լուսանցքներում պիտի փնտռէիր, որովհետեւ մեծը չի զետեղւում փոքրում, անսահմանի սահմանը չկայ, անպայմանը նախապայման չունի: Իսկ նա մշտական է: Անկախ ամէն բանից: Անկախ քո անկախ լինել-չլինելուց:

Որովհետեւ այն, ինչ կայ անկախութիւնից անկախ, հէնց դա էլ անկախութեան ամենակայուն ու վստահելի հիմքն է: Երկրի սէրը: Մեր սէրն առ քեզ, Երկիր: Ու այդ սէրն էլ, Երկիր, մեզ կը թելադրի անել ամէն բան, որ դու լինես անկախ, իսկ մենք՝ քո կախեալը:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles