ՀԵՂԻՆԷ ԲՈՒՆԻԱԹԵԱՆ
Ըստ ամերիկեան ռազմաքաղաքական հանդէսի՝ Կրեմլը պնդում է, թէ զինելով երկու կողմերին էլ, ռազմական հաւասարակշռութիւն է պահում, իսկ իրականում՝ Հայաստանն ու Ադրբեջանը կախման մէջ դնելով ռուսական զէնքից՝ Մոսկուան պահպանում է իր ազդեցութիւնը նրանց նկատմամբ:
Սպառազինութիւնների մրցավազք, այդ թւում՝ բալիստիկ հրթիռներ, ռազմական ուղղաթիռներ, տարատեսակ հրետանային համակարգեր ու անգամ՝ միջուկային նիւթերի ապօրինի տեղաշարժ: Ամերիկեան National Interest-ն այսպէս է ներկայացնում ղարաբաղեան խնդրով պայմանաւորուած իրավիճակը՝ ընդգծելով. «Այս տարի կողմերը կանգնեցին պատերազմի շեմին, իսկ մինչ այդ, Մոսկուան շարունակում է արդիական զէնքեր տրամադրել երկու կողմերին էլ»:
Փաստելով, որ հակամարտութեան արմատները ձգւում են մինչեւ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակները, ամերիկեան ռազմաքաղաքական հանդէսը մանրամասնում է՝ Ղարաբաղը Խորհրդային Միութեան օրօք մեծ մասամբ հայերով բնակեցուած վարչական շրջան էր Ադրբեջանի կազմում, սակայն, 1988 թուականին, մինչ ԽՍՀՄի փլուզումը, շրջանի տեղական կառավարութիւնը քուէարկեց Հայաստանին միանալու օգտին: «Քաղաքական տարաձայնութիւնը վերաճեց լայնածաւալ պատերազմի՝ տանկերի, հրետանու եւ օդուժի կիրառմամբ: Ցաւօք, պատերազմի թողած սպիները տարիների ընթացքում միայն խորացան, անկանոն մարտերն աւելի քան 3000 մարդու կեանք են խլել հրադադարից ի վեր», շարունակում է հանդէսը:
«Սահմանային բախումները վերջին տասնամեակի ընթացքում շարունակ ուժգնանում էին՝ կիզակէտին հասնելով այս տարուայ Ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածաւալ յարձակում սկսեց հետեւակի, տանկերի, ռազմական ուղղաթիռների, հրետանու եւ անօդաչու սարքերի գործադրմամբ», գրում է ամերիկեան պարբերականը՝ փաստելով՝ չորս օր շարունակուած բախումների աւարտին Բաքուն շատ փոքր տարածքային յառաջխաղացում ունեցաւ՝ դրա դիմաց տալով, ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի, մօտ 350 զոհ, մի քանի ուղղաթիռ եւ առնուազն 14 հրասայլ:
«Հայաստանի ուշադրութիւնից չվիրպեց, որ «Մի-35» գրոհային ուղղաթիռները, ՏՕՍ-1 հրթիռանետները եւ «Սմեր»չ հրթիռային համակարգերը, որոնք ապրիլեան մարտերում ծանր հարուածներ հասցրին հայկական զօրքերին, տրամադրուել էին առերեւոյթ դաշնակցի՝ Ռուսաստանի կողմից, ինչը յանգեցրեց Հայաստանում հակառուսական տրամադրութիւնների ուժեղացման: Շատ փորձագէտներ կարծում են, որ կողմերը կարող են ինտենսիւ մարտերի եւս մէկ շրջափուլ ունենալ, մինչեւ տեղում իրավիճակ փոխուի», շարունակում է ամերիկացի յօդուածագիրը՝ ընգծելով, որ միջնորդական ջանքերը հիմնականում արդիւնք չեն տալիս, փոխարէնը հակամարտող կողմերը շարունակում են ամրապնդել իրենց ռազմական հզօրութիւնները:
Այս շարքում ամենաուշագրաւը, ըստ պարբերականի, Երեւանի կողմից «Իսկանդեր» հրթիռային համալիրի ձեռքբերումն է: Յօդուածագիրը փաստում է՝ այն ոչ միայն սպառնում է սահմանով մէկ ձգուող ադրբեջանական դիրքերին, այլեւ կարող է նշանառութեան տակ առնել ռազմավարական նշանակութիւն ունեցող նաւթաարդիւնաբերական յենակէտերը:
Բացի այդ, «Իսկանդեր»ի հրթիռները կարող են նաեւ ատոմային մարտագլխիկներ կրել: «Ու թէեւ առաջին հայեացքից երեք միլիոնանոց երկրի կողմից միջուկային զէնք ունենալու հեռանկարն անհեթեթ է թւում, սակայն, մտահոգուելու առիթ կայ», գրում է National Interest-ը, շարունակելով՝ Հայաստանն արդէն ունի Մեծամորի ատոմակայան՝ միջուկային ոլորտում հմտացած աշխատակազմով, միւս կողմից էլ, մտահոգիչ մեծ թիւ են կազմում այն հայերի ձերբակալութիւնները, որոնք փորձում են երկրից ապօրինի ուրան արտահանել: Եւ որ ամենակարեւորն է՝ նախկին վարչապետ Հրանդ Բագրատեանն Ապրիլին յայտարարեց, թէ Հայաստանն արդէն միջուկային զէնք ունի կամ պէտք է ստեղծի:
«Ի վերջոյ, հնարաւոր է, որ Հայաստանը, ցանկութեան դէպքում, ստեղծի ռադիօակտիւ, այսպէս կոչուած՝ կեղտոտ ռումբեր: Եւ, ունենալով արդէն «Իսկանդեր» համալիր՝ թիրախի տակ առնի ցանկացած կէտ՝ Ադրբեջանի խորքում», գրում է ամերիկեան ռազմաքաղաքական հանդէսը, յաւելելով. ««Իսկանդեր»ից բացի անցած տարիներին Ռուսաստանը նաեւ հզօր համազարկային հրթիռային համակարգեր է վաճառել երկու կողմերին, որոնք ունակ են մեծ վնաս հասցնելու խաղաղ բնակչութեանը»:
«Կրեմլը պնդում է, թէ դրանով կողմերի միջեւ ռազմական հաւասակշռութիւն է պահում, իսկ իրականում Հայաստանն ու Ադրբեջանը կախման մէջ դնելով ռուսական զէնքից՝ Մոսկուան պահպանում է իր ազդեցութիւնը նրանց նկատմամբ», գրում է հանդէսը: «Մասնակցելով հակամարտութեան կարգաւորման շուրջ միջնորդական ջանքերին՝ Մոսկուան, միաժամանակ, նպաստում է թշնամութեան խորացմանը՝ շարունակելով առաւել արդիւնաւէտ միջոցներ տրամադրել հայերին ու ադրբեջանցիներին՝ միմեանց սպաննելու համար», եզրափակում է ամերիկեան պարբերականը, ընդգծելով. «Հակառակ միտումը կը նշանակի՝ ետ քաշուել տարածաշրջանում ունեցած դիրքերից ու վերանայել իր համար կարեւոր նշանակութիւն ունեցող ռազմական պայմանագրերը: Մի բան, որ ամենեւին չի տեղաւորւում Կրեմլի ծրագրերում»: