ԱՐՏԵՄ ՍԱՐԳՍԵԱՆ
Լոյս տեսաւ մեծանուն խմբավար, տաղանդաւոր մայէստրօ Հենրիկ Անասեանի «Ա՜յս Եմ Ես…» խորագրով 6րդ հատորը: Գիրքը հիմնականում ամփոփում է մաէստրոյի գործունէութեան վերջին 30 տարուայ ընթացքին նախորդ հատորներից դուրս մնացած պատմուածքները, նորավէպերը, առօրէական դէպքերն ու ժամանակակից դէմքերը:
«Ա՜յս Եմ Ես…»ի 6րդ գրքի 2րդ էջում մայէստրօն կատարում է ինքնաճշդում. «Այս հատորը», գրում է նա, «կը լինի վեցերորդը «Ա՜յս Եմ Ես…» շարքի եւ իր մէջ կը ներառնի իմ 35 տարուայ ստեծագործական-կատարողական կեանքի ոչ լրիւ պատմութիւնը»:
Ինչպէս գիտեն մեր ընթերցողները, «Ա՜յս Եմ Ես…» շարքի նախորդ՝ հինգերորդ հատորը յիշողութիւնների վրայ հիմնուած աւարտուն «պատմուածք» ժանրի սկզբունքով էր գրուած: Մի խօսքով, կարելի է ասել, որ այդ հատորը իւրատեսակ պատմուածքների հատորեակ էր:
Անմիջապէս շեշտենք, որ թէ՛ այդ հատորում, թէ՛ նախորդ գրքերում ի յայտ է գալիս գրողի անուրանալի տաղանդը, արձակագրի բացառիկ շնորհքը եւ դեռ էլի շա՜տ բաներ, գնահատելի եւ միանգամայն ողջունելի։ Հեղինակն անդրադառնում է գրեթէ ամէն հայի մտահոգող կենսական հարցերի: Դրանցից մէկը, եթէ ոչ առաջինը, արտագաղթի ճամբան բռնած հայորդիների, «նոր աշխարհներ» որոնող հայի կերպարին անդրադառնալն է:
«Որտե՛ղ էլ որ լինի հայը, ո՛ր նոր աշխարհում էլ բնակուի», ինչպէս շեշտում է Անասեանը, «այդ աշխարհը հայրենի աշխարհ, հարազատ երկիր չի դառնայ: Իմ հայրենիքը Հայաստանն է», այս է հեղինակի սեղմ եւ անսակարկելի բնութագրականը, որն ընդունելի է ամէն մի հայրենակարօտ հայի համար:
Հենրիկ Անասեանը գրքի իւրաքանչիւր դրուագում (պատմուածքում) ոչ միայն կերպաւորում, ամբողջացնում է ներկայացուող մարդու (գերազանցապէս հայ մարդու) կերպարը, այլեւ յստակեցնում է հեղինակի ըմբռնումների, դատումների, կենսակերպի էութիւնը, խորքը: Եւ ընթերցողի առջեւ խոյանում է զտարիւն եւ անխարդախ հայը, հայը՝ մեծատառով:
Հենրիկ Անասեանը խորապէս եւ էապէս տարբերւում է հայրենասիրական խոստումներ տուող եւ կուրծք ծեծող կեղծ հայրենասէրներից:
«Պտուղը ծառից հեռու չի ընկնում». նա՝ երախտաշատ Յակոբ Անասեանի տաղանդաւոր զաւակը, մեր օրերի մեծանուն մայէստրօն, իր արուեստագիտական գործունէութեանը զուգահեռ գրական անդաստանում վաղո՜ւց ապահովել է իր մնայուն տեղը:
Որպէս լեզուաբան, ինձ շատ տպաւորեց «Եկէք Վեկալենք» հեռաձայնային զրոյցը: Ինչպէ՜ս չշեշտենք, որ դիպուկ է քննադատում հեղինակը «միանշանակ» բառի տեղի-անտեղի գործածութիւնը, «էլիտար» բառի յաճախակի եւ ոչ «էլիտար» գործածութիւնը անգամ հեռատեսիլով:
Մի փոքրիկ դատում հեղինակից. «Չըլլայ այնպէս, ինչպէս ժամանակին ռուսերէն լեզուէն բառացի կը թարգմանուէին «ինքնաթիռ» եւ «ինքնաեռ» բառերը: Ինչպէ՞ս բան մը ինքն իրեն կը թռի կամ ինքն իրեն կ՛եռայ…»:
Տեղին է հեղինակի քննադատութիւնը սարսափազդու ֆիլմերի մասին, փոխանակ Մեծ Եղեռնի վերաբերեալ հզօր ու ազդու ֆիլմ նկարահանելու: Կարդում ենք գրքի «Աս Ալ Հայերէն է» յօդուածը ու իսկապէս, չգիտենք՝ խն-դա՞նք, թէ լանք…
Հեղինակը նաեւ յաջող բառակերտումներ է անում: Ահա դրանցից մէկը՝ «համերգախեղդ» նորաբանութիւնը: Հապա՝ «Բան գրեցէք, տղաք, բա՜ն…»: Տեղին է հեղինակի մէջբերումը Յակոբ Պարոնեանից. «Անանկ բան մըն է, որ բանի մը չի նմանիր»: Դէ, հիմա բան է էլի, չէ՞ որ ի սկզբանէ էր բանը: Այո, երբ առարկայի, երեւոյթի անունը չենք իմանում, ասում ենք էն բանը… Գուցէ բանն աւելի նախընտրելի է, քան «աֆերիմ»ը (էջ 67):
Անմոռանալի են գրքի հայաստանեան պատկերները: Դրանցից մի քանիսը, որքան որ զարմանալի է, «ուղեկցել» են նաեւ մեզ, խօսքն ի մասնաւորի «Կրթուած Մուրացկան»ին է վերաբերում: Որպէս ընթերցող, շատ տպաւորուած եմ հեղինակի «Նա Եւ Նէ Հեռուստացոյցի Առջեւ» («Նոր Տարուան Խոհեր») պատմուածքով, որի բնաբանը մէջբերուած է Վ. Հիւգոյից, այն չափազանց խօսուն է. «Մարդ միայն մէկ բռնակալ ունի՝ տգիտութիւնը»։
Իրական պատմութիւն է «Ես Եւ Թրքուհի Սեդան»: Պատումը վերջանում է այսպէս. «Շռնդալից յաջողութեամբ անցան իմ հեղինակային համերգները Պոլսոյ «Սայաթ Նովա» երգչախմբի եւ «Սեդայի նուագախմբի» հետ: Սեդայի ձեռքերից հեղինակը հայի հոտ է զգում: «Թէրեւս հայ է, ի՞նչ իմանաս», խորհում է մայէստրօն, «մեծ աշխարհ է»:
Հապա «Արեւի Հոտը» պատմուածքը, որ ամենածաւալուն գործն է այս հատորի: 28 էջանոց այս պատմուածքը աւարտւում է խորհրդանշանական մի ընդհանրացումով. «Հայաստանի արեւի «հոտ»ին խառնուած էր մեր անմահական ջրի հոտը»:
Կարծում ենք, Անասեանի գրքի ընթերցողները գոնէ մի պահ կանգ են առել եւ խորհել հեղինակի՝ «Ի՞նչ Արժէ Ներողութիւն Խնդրելը» իրական դէպք ներկայացնող պատմուածքի ընթերցումից յետոյ:
Ինչպէս եւ ակնկալում էինք, հատորում տեղ են գտել նաեւ անցեալ դարի 40-50ական թուականների «յիշարժան» դրուագները: Մէկը՝ «Ժողովուրդների Հայր Ստալինի Յոբելեանը», իրական պատմութիւնն է: Զաւեշտալի (եւ իրական զաւեշտին միշտ ուղեկցող թախ-ծալից զգացումներ առթող) մի գրութիւն է «Ամանորի Գիշերը Ոստիկանատանը»: Կատարուած իրական դէպքը վերաբերում է արդէն 1953-54 թուականներին: Թէեւ արդէն չկար «ժողովուրդների հայր» Ստալինը, սակայն անիմաստ խստութիւնները տակաւին շարունակւում էին:
Ընկերային բնոյթի յաջողուած գործերից է «Յարգիր Խոստումդ, Բարեկամ»: Հ. Անասեանը՝ Դեկարտից մէջբերմամբ («Ուրիշին յարգելը առիթ է տալիս յարգելու ինքն իրեն»), ընթերցողին ակամայ մղում է խորհելու… ուրիշներին յարգելու անհրաժեշտութեան մասին:
Գրքի երկրորդ մասով ներկայացւում են տարաբնոյթ մի շարք գրութիւններ: Մի քանի խօսք «Աւարայրի Ճակատամարտը Եւ Քրիստոնէութեան Յաղթանակը» յօդուածի մասին: Այն նպատակ ունի երիտասարդ սերնդի յիշողութեան մէջ վառ պահել ազգային մեր բազմադարեան կեանքում շրջադարձային արժէք ունեցող երկու խորհրդանշական դրուագ. քրիստոնէութեան ընդունումը որպէս պետական կրօն՝ 301թ., եւ Վարդանանց Ս. պատերազմն ու նահատակութիւնը՝ 451ին:
Խորհրդանշական է, որ դրան յաջորդող յօդուածը նուիրուած է Արցախին՝ «Ղարաբաղի Իրական Պատկերը» խորագրով: Արցախում ըստ էութեան շարունակւում է մեր գոյապայքարը՝ քրիստոնէական հաւատքի եւ անկախ գոյութեան համար: Հենրիկ Անասեանը ներկայացնում է երախտաշատ պատմաբան, ակադեմիկոս Բագրատ Ուլուբաբեանի մի գրութիւնը:
Որպէս «Մաշտոց» քոլեջի Հայագիտութեան բաժնի պատասխանատու՝ ես գոհունակութեամբ կ՛ուզեմ նշել «Սերմնացանը Հայրենի Հողին Վրայ Հունտ Կը Ցանէ» գրութիւնը, գրուած «Մաշտոց» քոլեջի 10ամեակին:
Հենրիկ Անասեանի ոճի բնորոշ գծերից մէկն էլ իւրաքանչիւր պատումի խորագրով ընդգծուող խորհուրդն է, որ նրբօրէն ներկայացնում է հեղինակը: Ահա դրանցից մէկը. «Տալը՝ Գերագոյն Հաճոյք»: Ի զուր չէ մեծն Թէքէեանը գրել. «Կեանքէն ինծի ի՞նչ մնաց, ինչ որ տուի ուրիշին, տարօրինակ՝ այն միայն…»:
Հենրիկ Անասեանի 6րդ հատորում առանձին բաժին է կազմում «Քննադատական Լուսարձակի Տակ»ը: Եւ վա՜յ նրան, որ կ՛ընկնի այդ քննադատական տարափի տակ: Կարեւորը՝ հեղինակը մշտապէս առաջնորդւում է ազնիւ ու անկեղծ սկզբունքներով, որ մեր օրերում ուղենիշ կարող է լինել լրագրողներին (եւ ոչ միայն նրանց…):
Դարձեալ շեշտելով իմ լեզուաբան լինելու հանգամանքը՝ ուզում եմ ի մասնաւորի գնահատել Անասեանի «Անպայման Հայացնել Մեր Մականունները» յօդուածը: Յայտնի են երկու իրարամերժ կարծիքներ այս մասին: Ըստ առաջին կարծիքի պաշտպանների՝ պէտք է «թրքաբոյր» մականունները հայացնել: Հակառակ կարծիքը պնդում է, որ պէտք է անխաթար թողնել թրքական արմատներով մականունները:
Տեղին է յիշեցնել, որ ժամանակին Հենրիկի հայրը՝ Յակոբ Սէոյլեմէզեանը, հրաշալի փոխակերպել է մականունը՝ Անասեանի: Ինքնին պարզ է, որ մեր մայէստրօն առաջին խմբի ջատագովներից է:
Իր բեղուն կեանքի ընթացքին Հենրիկ Անասեանը շփուել է բազում անուանի մարդկանց, մեր իրական մեծերի հետ: Հաճելի է ընթերցել նրանց հետ կապուած դրուագներ:
Արման Կոթիկեանին նուիրուած գրութիւնը խորագրուած է «Նա Միայն Դերասան Չէր»: Թէրեւս շատերին յայտնի չէ, որ Արման Կոթիկեանը հրաշալի թարգմանութիւններ է կատարել ֆրանսերէնից:
Յովհ. Թումանեանի ծննդեան 140ամեակին նուիրուած բազում յօդուածներ ենք ընթերցել, սակայն Հենրիկ Անասեանի «Մեծ Լոռեցու Անմեռ Հմայքը» խորագրով յօդուածը բացառիկ է: «Ցաւալի է, որ աճող սերնդի առանձին ներկայացուցիչներ», ինչպէս ցաւով նշում է հեղինակը, «Թումանեանի արձանի դիմաց կանգնած՝ չեն իմանում, թէ ո՛վ է քանդակուած»:
Անասեանը տեղին է շեշտում, որ «Անուշ»ը ժողովրդի երեւակայութեան մէջ իրար է միացրել Յովհ. Թումանեանի եւ Արմէն Տիգրանեանի անուններն ու հանճարը:
Յովհ. Թումանեանը Ամենայն Հայոց բանաստեղծն է անվիճելիօրէն. «…Մեզ մնում է միայն», գրում է Անասեանը, «բոլոր միջոցներով գալիք սերունդներին փոխանցել մեծ լոռեցու հմայիչ ու գերող գրականութեան բոյրը»:
Գրքի տարբեր բաժիններում Անասեանը վերստին ու կրկին անդրադառնում է մայրենիին, լեզուի հարցին: «Ժառանգութեան Մեծագոյն Գանձը Մեր Լեզուն է» խորագրով յօդուածը նուիրուած է հայագիտութեան նուիրեալ Յովսէփ Նալպանտեանի նոր գրքին (այդ նորը նախորդում է նորագոյնին):
Մեր խօսքի վերջում անդրադառնանք նաեւ Արամ Խաչատրեանի վերաբերեալ եղած նիւթերին: Դրանք երկու բնոյթի են. ա. Քննադատական յօդուածներ, բ. Յօդուածներ՝ համերգների վերաբերեալ: Ի թիւս այս յօդուածների, ներկայացուած են նաեւ այլ հեղինակների առանձին գրութիւններ՝ անհրաժեշտ մասնակի կրճատումներով: Երաժշտագէտները, եւ ոչ միայն նրանք, շատ ուսանելի նիւթ կը գտնեն «Երաժշտագիտական, Երաժիշտներ» բաժնում:
«Թուրքը Եղել Է, Կայ Եւ Մնում Է Թուրք» յօդուածի վերնագիրն արդէն շեշտում է իրողութիւնը, թուրքին տրուելիք անփոփոխ գնահատականը:
«Մեծ Եղեռնի Հետ Կապուած Նիւթեր» բաժնում կայ Անասեանի խորհրդանշական տողերից մէկը. «Թուրքը մեծ չէ, շատ է… իսկ շատը որակի չափանիշ չէ: Ինչպէս Սեւակը կ՛ասէր. «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում…»: Իսկ հայը», շարունակում է իր մտորումը Անասեանը, «մեծ է իր մեծերով, իր խելքով, իր գիտութեամբ, իր դարերի պատմութեամբ, իր մշակոյթով»:
Մեր անուանի ժամանակակիցը, մայէստրօ Հենրիկ Անասեանը իր այս՝ «Ա՜յս Եմ Ես…» շարքի 6րդ հատորով եւս վկայում է, որ ինքը ոչ միայն երաժշտագիտութեամբ, խմբավարական մշակոյթով առանձ-նացող անձնաւորութիւն է, այլեւ՝ իր արձակով, գրական ստեղծագործութիւններով վաստակ ունեցող կերպար:
Նրա մեկնաբանութիւնները անկեղծ են, ճշմարիտ եւ հայակերտիչ՝ ազնիւ ու անկաշառ մղումներով:
Ամբողջ հատորը, նախորդ հատորների հետ միասին, ներկայացնում է Հենրիկ Անասեանին հէնց իր վերնագրով՝ «Ա՜յս Եմ Ես…»: Այս է՝ իրապէս մայէստրօն, մեզ քաջ ծանօթ Հենրիկ Անասեանը:
Պահն է ամփոփելու մեր խօսքը: Անկեղծ շնորհաւորանքներ մեր մայէստրոյին՝ այս հատորը եւս ընթերցող լայն զանգուածներին պարգեւելու համար:
Վստահ եղէք, որ սա վերջինը չէ… Նա դեռ շա՜տ բան ունի հանրութեանը ասելու, գրելու: Սպասելով Հենրիկ Անասեանի յաջորդական հատորներին՝ հաւատում ենք, որ մեծն նախախնամութիւնը տակաւին շա՜տ ու շա՜տ երկար ժամանակ ունի հնչեցնելու իր «վերջին զանգը»:
Շա՜տ կանուխ է այդ մասին խօսք բացելու անգամ: Ասել են Սէոյլեմեզեան-Անասեան… սակայն այնքա՜ն բան կայ Հայոց աշխարհին մատուցելու. Հենրիկ Անասեանը իր յիշողութիւնների հսկայական տարածքում ունի բազում թաքուն էջեր…
Հայաստան աշխարհը, Սփիւռքը՝ իր բոլոր գաղթօջախներով, այսպիսի գրականութեան կարօտ են, նման հատորների պահանջ զգացել են, զգում են եւ միշտ պիտի զգան:
Մեզ մնում է, հեղինակին յայտնելով մեր երախտագիտութիւնը, ասել պարտն ու պատշաճը.
– Վարձքդ կատա՜ր, մայէստրօ…
Արտեմ Սարգսեան՝ ՀՀ ԳԱԱ Թղթակից անդամ, Բանասիրական գիտութիւնների դոկտոր