Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ղարաբաղի Պետականութիւնը Բազմադարեայ Պատմութիւն Ունի՝ Արցախը Միշտ Արցախ Է

$
0
0

ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

1024leonidmardirosyanԵրեւում է՝ Ադրբեջանն իր համար հերթական քաղաքական հիստերիայի նոր առիթ է գտել, ինչը, ըստ էութեան, արդէն իւրատեսակ գաղափարախօսական կոնստանտ (անփոփոխ-Խմբ.) է դարձել: Ցանկացած առիթով՝ կապուած ԼՂՀում տեղի ունեցող հասարակական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական գործընթացների հետ, որոնք բնորոշ են գործնականում իւրաքանչիւր պետութեան, այդ երկրում քիչ է մնում տիեզերական վայնասուն բարձրանայ: Այս անգամ քարոզչական աղմուկի պատճառը հանրապետութիւնում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացն է, բարեփոխումներ, որոնք, մասնաւորապէս, ենթադրում են նոր սահմանադրութեան մէջ հանրապետութեան ներկայիս անուանումը «Արցախ» վերանուանել: Իսկ աւելի ճշգրիտ՝ նոր Հիմնական օրէնքում հէնց «Արցախի Հանրապետութիւն» անուանման ամրագրումը: Ազգային ժողովի խօսնակ  Աշոտ Ղուլեանը, ով ղեկավարում է ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտացուած յանձնաժողովը, օրերս միանգամայն պարզորոշ ասաց. «Դա նշանակում է, որ սահմանադրութեան մէջ փոխւում է սուբյեկտը (ենթական-Խմբ.): Եւ այն, ինչի մասին մենք երկար տարիներ խօսում էինք, թէ եկել է ժամանակը վերադառնալու մեր պատմական, իսկական հայկական անուանմանը, սահմանադրութեան նոր նախագծում իր արտացոլումը կը գտնի առաջին իսկ յօդուածում»:

Խոստովանենք, կարելի էր անուշադրութեան մատնել պաշտօնական Բաքուի հերթական քարոզչական «գիշերաժողովը», բայց բանն այն է, որ տուեալ «սահմանադրական» փաստը նա փորձում է օգտագործել ղարաբաղեան կարգաւորման գործընթացում սեփական ապակառուցողական դիրքորոշումն արդարացնելու եւ քօղարկելու նպատակով՝ գործընթացի անարդիւնաւէտութեան համար պատասխանատուութիւնը բարդելով հայկական երկու կողմերի վրայ:  «Ադրբեջանական օկուպացուած (գրաւուած-Խմբ.) տարածքներում ստեղծուած ռեժիմն այսպէս կոչուած «սահմանադրական փոփոխութիւններ»ի գործընթացի շրջանակներում «Արցախի Հանրապետութիւն» վերանուանելու Հայաստանի փորձը միջազգային հանրութեանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խաբելու Հայաստանի հերթական քաղաքականութիւնն է», յայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը: Նրա խօսքով, «պաշտօնական Երեւանը, նման սադրիչ քայլեր իրականացնելով, հակամարտութեան խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցութիւններին վնաս հասցնելու քաղաքականութիւն է վարում»:

Այս, ուղղակիօրէն ասենք, ակնյայտօրէն անհեթեթ արտայայտութիւնների հետեւում բաւականին ցայտուն կերպով երեւում է ԼՂՀն որպէս ինքնուրոյն սուբյեկտ «չնկատելու» Ադրբեջանի ղեկավարութեան մոլի ցանկութիւնը, սուբյեկտ, որն ինքնիշխան իրաւունք ունի սեփական քաղաքական կարգավիճակը որոշելու, ճիշդ ինչպէս իր բնիկ պատմական անուանումն իրեն վերադարձնելու համար:

Իրավիճակի զաւեշտականութիւնը նրանում է, որ, ըստ էութեան, ոչ մի նոր ու առաւել եւս արտառոց բան տեղի չի ունեցել, այն պարզ պատճառով, որ «Արցախի Հանրապետութիւն» անուանումն ամենեւին էլ վերջին օրերի գիւտը չէ եւ ամրագրուած է ԼՂՀ գործող սահմանադրութեան մէջ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն եւ Արցախի Հանրապետութիւն անուանումները նոյնական են», ասում է ԼՂՀ Հիմնական օրէնքի յօդուած 1ի 2րդ կէտը, որն ընդունուել է դեռեւս 2006թ. Դեկտեմբերին, սակայն այն ժամանակ այդ նորմը, չգիտես ինչու, Ադրբեջանի իշխանութիւնների մօտ հիստերիա չի յարուցել, ինչպէս հիմա:

Ըստ երեւոյթին, ալիեւեան ռեժիմի ներկայացուցիչներն անցած տասը տարիների ընթացքում զլացել են անգամ ծանօթանալ սահմանադրութեան տեքստին, որն այսօր նրանց քննարկման առարկան ու գազանային կատաղութեան կատալիզատորն (արագացուցուցիչ-Խմբ.) է դարձել: Այդուհանդերձ, յուսալով այդ կեղտոտ քարոզչական արշաւում ստանալ միջազգային հանրութեան եւ, ամէնից առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ա-ռաքելութեան անդամների աջակցութիւնը, Բաքուն փորձեց նրա բոլոր երեք համանախագահներից՝ Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա, իրեն հարկաւոր մեկնաբանութիւններ ու գնահատականներ կորզել: Աւաղ, նրան հիասթափութիւն էր սպասում: Երեք երկրների ներկայացուցիչները որեւէ կերպ չմեկնաբանեցին ու, առաւել եւս, չքննադատեցին հանրապետութեան անուանափոխման փաստը, եւ եթէ ընդհանրացնենք նրանց խօսքերը, նրանք բոլորը դիւանագէտին յատուկ խուսափողական պատասխաններ տուեցին ու արտայայտուեցին այն ոգով, որ կը շարունակեն գործադրել բոլոր ջանքերը հակամարտութեան քաղաքական լուծման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեան շրջանակներում: Ռուսաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աւելի կտրուկ էր. «Ներկայումս որեւէ նոր անուանումների ի յայտ գալը չի անդրադառնայ լեռնայինղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման շուրջ Ռուսաստանի դիրքորոշման վրայ»: Այլ խօսքով, կարիք չկայ դատարկ տեղը ջուր ծեծել:

Դա իրօք այդպէս է, սակայն, կարծում ենք, անկախ ԼՂՀի ստեղծման գործընթացն աւելի լաւ հասկանալու համար այնուամենայնիւ անհրաժեշտ է իմանալ, որ Ղարաբաղի պետականութիւնը սկիզբ է առել ոչ թէ զրոյից, այլ բազմադարեայ պատմութիւն ունի: 20րդ դարավերջին՝ Հարաւային Կովկասի տարածաշրջանում քաղաքաիրաւական նոր իրողութիւնների ի յայտ գալով, որոնք կապուած էին գորբաչեւեան «վերակառուցման», ապա եւ ԽՍՀՄ փլուզման հետ, որի կազմում Լեռնային Ղարաբաղը որպէս ինքնավար մարզ ունեցել է պետական կազմաւորման կարգավիճակ, նրա աւտոխտօն (բնիկ-Խմբ.) հայկական բնակչութիւնն իր քաղաքական կարգավիճակը օրինականօրէն բարձրացրել է հանրապետութեան մակարդակի: Ինչ վերաբերում է Արցախ անուանմանը, ապա այդ երկրամասը հնուց հանդիսանում էր պատմական Հայաստանի նահանգներից մէկը, ինչը հաւաստում են անտիկ մի շարք հեղինակների՝ Ստրաբոնի, Պլինիոս աւագի, Կլաւդիոս Պտղոմէոսի, Պլուտարքոսի եւ այլոց աշխատութիւնները: Կարեւոր է նշել, որ ընդհուպ մինչեւ ուշ միջնադար երկրամասի էթնիկական սահմանները, ինչպէս եւ նրա էթնիկ կազմը, փոփոխութիւն չեն կրել, այն մնացել է հայաբնակ: Միայն 18րդ դարի կէսից Ղարաբաղի հիւսիսային շրջաններ սկսել է թափանցել թուրքական տարրը՝ ի դէմս քոչուոր ցեղերի, ինչը բազմամեայ պատերազմների պատճառ դարձաւ:

«Արցախ»ն ամենեւին էլ փոխառուած անուանում չէ, ինչպէս Ադրբեջանի դէպքում, որը թուրքական եկուոր ցեղերը իւրացրել են իրանական նահանգից: Եւ հինաւուրց հայկական երկրամասին իր իսկական, հարիւրամեակների միջով անցած անուանման վերադարձը արցախցիների վերադարձն է իրենց պատմական ակունքներին:

 

Լէոնիդ Մարտիրոսեան Արցախի կառավարութեան պաշտօնաթերթ «Ազատ Արցախ»ի գլխաւոր խմբագիրն է


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles