Ստորեւ՝ Պելճիքայի ֆլամանական թերթերէն՝ «De Standaard»ին մէջ լոյս տեսած Ստէյն Քոլսիցի հոլանտերէն գրութեան՝ Պելճիքայի եւ Հոլանտայի Հայ Դատի յանձնախումբերու հայերէնի թարգմանութիւնը, ուր կ՛արծարծուին պելճիքացի նախկին պատգամաւոր եւ նախարար Մարք Վերուիլխենի Ատրպէյճանի համար տարած «գեղագիտական» աշխատանքները.
Ինչո՞ւ է մի քննադատուած իշխանութիւն Վաթերլոյում արուեստի մի գործ հովանաւորում:
Մարկ Վերուիլխենը փորձում է փրկել Ադրբեջանի հեղինակութիւնը: Արդարադատութեան նախկին նախարար եւ սպիտակ ասպետ Մարկ Վերուիլխենը բելգիական եւ եւրոպական կառոյցներում քարոզչութիւն է կատարում յօգուտ Ադրբեջանի: Երկիր, որի իշխանութիւնը լուրջ քննադատութեան է ենթարկւում:
Փետրուարի կէսերից սկսած Վաթերլոյի գրադարանի կողքին ցուցադրւում է ադրբեջանցի գրող Խորշիդբանու Նաթաւանի արձանը: Նրա աշխատանքների եւ այս Վալոնեան Բրաբանտի քաղաքի մէջ, սակայն, որեւէ կապ գոյութիւն չունի: «Այնուամենայնիւ Վաթերլօն Եւրոպայում կարեւոր խորհրդանշական վայր է: Հէնց այդ պատճառով էլ տրուել է այս նուէրը», հիմնաւորում է Մարկ Վերուիլխենը, որն այս ամսուայ սկզբից իրաւասու է իրեն անուանելու TEAS-Benelux-ի (Եւրոպայի ադրբեջանական կազմակերպութեան) տնօրէն: Մինչ այդ նա տնօրէնն էր Բելգիայի TEAS-ի: Այս անուանափոխութիւնը տեղի ունեցաւ վերջերս, երբ կազմակերպութիւնն իր գրասենեակը տեղափոխեց Եւրոպական թաղամասի կենտրոն, որը վկայում է կազմակերպութեան առաւել մեծ յաւակնութիւնների մասին:
Մեր երկրում Վերուիլխենը աւելի ճանաչուած է որպէս արդարադատութեան, ապա նաեւ տնտեսութեան եւ էներգետիկայի նախկին նախարար: Բայց այս պահին նախկին պահպանողականը կենտրոնացել է իր փաստաբանական գրասենեակի աշխատանքների վրայ, ինչպէս նաեւ զբաղուած է ադրբեջանական շահերի պաշտպանութեամբ: Սրա հետ է կապուած նաեւ Վաթերլոյի արձանի հովանաւորման եւ բացման նախաձեռնութիւնը:
«Ես չեմ խուսափում մարդու իրաւունքներին վերաբերող դժուարին հարցերից: Այդ ուղղութեամբ դեռ քայլեր պէտք է ձեռնարկուեն, իսկ դա ժամանակ է պահանջում»:
Այս երկիրը, որը գտնւում է Արեւելեան Եւրոպայի եւ Արեւմտեան Ասիայի սահմանագծին, տարիներ շարունակ զբաղուած է իր հեղինակութեան քարոզչութեամբ: Միջազգային տարբեր ցանկերում կոռուպցիայի եւ ժողովրդավարութեան վիճակի առումով Ադրբեջանը գտնւում է միջինից ցածր եւ վատ ցուցանիշ ունեցող երկրների շարքում: «Amnesty International» կազմակերպութիւնը խստօրէն քննադատել է հասարակութեան միջնախաւի նկատմամբ բռնարարքները եւ քաղաքական ընդիմախօսների հետապնդումները: Այս գնահատականներից երկիրն ուզում է ազատուել: Վերուիլխենն ասում է. «Ես չեմ խուսափում մարդու իրաւունքներին վերաբերող դժուարին հարցերից: Այդ ուղղութեամբ դեռ քայլեր պէտք է ձեռնարկուեն, իսկ դա ժամանակ է պահանջում»:
Նախկին նախարարը չի փորձում հանդէս գալ որպէս քննադատուող երկրի դէմքը ներկայացնող գործիչ. «Այդ դերը վերապահուած է դեսպանին», ասում է նա: Նա ներկայանում է որպէս արհեստավարժ մասնագէտ՝ յստակ պարտականութիւններով, որոնք են՝ կազմակերպութիւնների միջեւ կապի հաստատում, տեղական մշակոյթի ծանուցում եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ ուշադրութեան գրաւում:
Այս խնդիրներն ամբողջութեամբ համապատասխանում են նրա պրոֆիլին: 2013ին ադրբեջանցիները հէնց նրան մօտեցան, քանի որ նա նախկին քաղաքական գործիչ է եւ անհրաժեշտ կապեր ունի: Միեւնոյն ժամանակ նա գիտի տեղական եւ եւրոպական քաղաքականութեան բոլոր նրբութիւնները, մարդու իրաւունքների գիտակ է եւ լաւ գաղափար ունի էներգետիկ շուկայից. նա իրեն այսպէս է բնութագրում: Երկիրն ունի նաւթի եւ գազի մեծ պաշարներ: Իր՝ պաշտօն զբաղեցրած տարիներին նա էներգետիկ հարցերով բազմաթիւ հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի, տարբեր նախարարների եւ խորհրդարանի անդամների հետ: Այս մասին TEAS կազմակերպութեան հրապարակումների մէջ նա ասել է. «Ես ամբողջութեամբ ներգրաւուել էի Բաքուի կեանքի մէջ»:
ԽԱՒԻԱՐԱՅԻՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
Corporate Europe Observatory ոչ կառավարական կազմակերպութիւնը իր՝ անցած տարի հրապարակած զեկոյցի մէջ գրում է, որ աւտորիտար (մենատիրական-Խմբ.) համարուող այս պետութիւնը լուրջ գումարներ է ներդնում միջազգային միջոցառումներ կազմակերպելու ուղղութեամբ, որոնցից էին Ֆորմուլա 1ի Գրան Պրին եւ համաեւրոպական խաղերը, որոնք կազմակերպուեցին անցած ամառ: Ի հարկէ, այս միջոցառումների հետ մէկտեղ մեծ աշխատանք է կատարւում կուլիսների հետեւում, որը կոչւում է՝ խաւիարային քաղաքականութիւն: Այս որակումն առաջին անգամ օգտագործուել է European Stability Initiative հետազօտական կազմակերպութեան կողմից՝ բնորոշելու համար որոշ եւրոպական քաղաքական գործիչների վարքը, երբ նրանց նկատմամբ Ադրբեջան կատարած այցի ժամանակ յատուկ վերաբերմունք էր ցուցաբերուել:
Մեր երկրում TEAS-ը կազմակերպում է գործարարութեան խոշոր միջոցառումներ, հրաւիրելով երկրի ամենաազդեցիկ ձեռնարկատէրերին եւ հիմնարկութիւնների ղեկավարներին, նրանց ցուցադրելու, թէ Ադրբեջանը ի՜նչ գրաւիչ երկիր է գործարարութեան համար: Ի հարկէ միայն դա չէ: Սրա կողքին Բելգիայի հաւաքականը հովանաւորուեց Բաքուի համաեւրոպական խաղերին մասնակցելու համար, խորհրդարանում լուսանկարների ցուցահանդէս, BOZAR-ում (Brussels Centre for Fine Arts) ֆիլմի ցուցադրութիւն եւ համերգ կազմակերպուեց, արձանի տեղադրում հովանաւորրուեց եւ այլն: TEAS-ը «Գաբալա» ֆուտբոլային ակումբի սեփականատէր, 31ամեայ Թալէ Հէյդարովի գաղափարն է: «Գաբալա»ն Եւրոպայի լիգայում «Անդրլեխտի» հակառակորդն է: Իսկ Թալէի հայրը կոմպոզիտոր, գեներալ գնդապետ Քամալէդին Հէյդարովն է, որն այս պահին զբաղեցնում է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտօնը: Նա երկրի ամենահզօր անձանցից է համարւում:
Անցած ամսուայ վերջին նախագահ Ալիեւը հրաւիրեց միջազգային մամուլի ասուլիս եւ հրապարակեց հանրաքուէի արդիւնքները, ըստ որի նախագահութեան ժամկէտը հինգից վերածւում է եօթ տարուայ: Նախկինում նմանօրինակ մի հանրաքուէ նրան թոյլ էր տուել անսահմանափակ թուով նախագահութեան թեկնածու ա-ռաջադրուել:
ՄԱՐԿ ՎԵՐՈՒԻԼԽԵՆԻ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆԸ
Իրաւապաշտպան Մարկ Վերուիլխենը (ծն. 1952թ.) կարիերան սկսել է որպէս Դենդերմոնդէ քաղաքի աւագանու անդամ՝ PVV պահպանողական կուսակցութիւնից: 1991ին նա դարձաւ խորհրդարանի անդամ: «Դուտրոյի» հարցից յետոյ Վերուիլխենը սպիտակ ասպետ կոչուեց, ով խաչակրաց արշաւանք սկսեց ոստիկանութեան եւ դատական համակարգի ձախողումների դէմ: 1999ին նա ինքը դարձաւ արդարադատութեան նախարար, որից յետոյ ղեկավարեց զարգացման համագործակցութեան նախարարութիւնը: Իսկ 2004-2007 ժամանակահատուածում տնտեսութեան, արտաքին առեւտրի եւ էներգետիկայի նախարարն էր:
2005ին Վերհոֆստադի կառավարութիւնը նրան ներկայացրեց Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատարի պաշտօնին, սակայն Բելգիայի քաղաքականութեան մէջ տիրող իրավիճակի պատճառով նա այդպէս էլ չընտրուեց: Ազգային քաղաքականութեան մակարդակի վրայ նա իր կարիերան աւարտեց 2010ի՝ որպէս խորհրդարանի անդամ: Այդ ժամանակից նա իր ուշադրութիւնը կենտրոնացրեց իր՝ Կնոկէ-Հէյստի փաստաբանական գրասենեակի հարցերին: