Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Վերափոխւում Է Առաջագիծը

$
0
0

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ

 

0827frontline3Ապրիլեան պատերազմի ժամանակ ԼՂՀ Պաշտպանութեան Բանակի (ՊԲ) հարաւային բնագծում հակառակորդը ձեռնարկել է կաշկանդող գործողութիւններ՝ նպատակ ունենալով խոչընդոտելու պաշտպանական շրջանի ուժերի ու միջոցների տեղափոխումը միւս՝ թիրախաւորուած պաշտպանական շրջան: Հրամանատար, գնդապետ Սերգէյ Շաքարեանը պատմում է. «Յարձակուել են փոքր խմբերով, կարճ գրոհներով փորձել են վնաս հասցնել, սակայն յաջողութիւն չեն ունեցել, քանի որ պատրաստ էինք: Երբ իրավիճակը սահմանին լարուել էր, առաջին հերթին տագնապով հանել ենք տանկային, մոտոհրաձգային ստորաբաժանումները, այնուհետեւ հրետանային հաշուարկները զբաղեցրել են կրակային դիրքեր: Ապրիլի 2ին ինքնուրոյն որոշում եմ կայացրել եւ բոլոր դիրքերում աւելացրել զինամթերքի չափաքանակը: Արդէն Ապրիլի 3ին կասեցրել ենք երկու գրոհ: Դիրքերի ուղղութեամբ աշխատել է հրետանի, մենք էլ մեր հերթին հարուածել ենք այն ուղղութիւններով, որտեղ նկատել ենք զրահատեխնիկայի եւ անձնակազմի կուտակումներ: Մեր հրետանաւորների կրակը դիպուկ էր. հակառակորդը խուճապի էր մատնուել: Մինչեւ ապրիլեան պատերազմն էլ մեր ուղղութեամբ հակառակորդը հինգ անգամ ներթափանցման փորձ էր ձեռնարկել՝ հաւանաբար գրոհից առաջ փորձելով բացայայտել մեր թոյլ կողմերը: Զինուորի զգօնութեան եւ գիշերային սարքերի շնորհիւ ժամանակին յայտնաբերել եւ կանխել էինք դրանք»:

Կռուի օրերին հարաւային ուղղութեամբ տեղակայուած պաշտպանական շրջանը կոպիտ բացթողումներ թոյլ չի տուել: Բայց, այդուհանդերձ, հակառակորդի գործողութիւնները վերլուծուել, գնահատուել են. «Մի շարք հետեւութիւններ ենք արել միւս զօրամասերի թոյլ տուած սխալներից. վերանայուել են թէ՛ առաջնագծի կահաւորման, թէ՛ արգելափակոցների ստեղծման, թէ՛ կրակային խնդիրները: Ծաւալուն աշխատանք է կատարուել:

 

ԱՅՍՕՐ ՎԵՐԱՓՈԽՒՈՒՄ Է ԱՌԱՋՆԱԳԻԾԸ

 

0827frontline2Զբաղուած ենք ոչ միայն պաշտպանութիւնն ամրացնելով, այլեւ պատրաստւում ենք յարձակողական, հակայարձակողական գործողութիւնների: Վերլուծուել են հակառակորդի կիրառած զինատեսակների հնարաւորութիւնները, ու համապատասխան պաշտպանողական աշխատանքներ են ծաւալուել: Յատկապէս ուշադրութեան կենտրոնում են տանկերը, քանի որ ապրիլեան պատերազմի ժամանակ հակառակորդը կիրառել էր հակատանկային միջոցներ: Այսօր կրակային խնդիր կատարող տանկերը հնարաւորինս պաշտպանուած են: Համալրուել են տեխնիկական միջոցները: Ուժեղացրել ենք գիշերային ժամերին կատարուող դիտարկումը: Այն համակարգը, որ ստեղծուած էր մինչեւ Ապրիլի մէկը, աւելի ենք կատարելագործել: Այսօր հնարաւորութիւն ունենք դիտարկելու առաջնագծի 95 տոկոսը: Տեղադրուած սարքաւորումների շնորհիւ միջդիրքային տարածութիւնները գրեթէ անանցանելի են հակառակորդի համար: Եթէ թշնամին անգամ մէկ մետր իր խրամատից առաջանայ, միանգամից կը յայտնաբերուի: Զինծառայողներին հրահանգաւորել ենք՝ հեռու տարածութիւնից կրակ չվարել. արդիւնաւէտ չէ: Արդէն չորս անգամ հակառակորդին թոյլ ենք տուել մօտենալ մօտ 150 մետր եւ նոր միայն հարուածել: Աւելացրել ենք մարտական հերթապահութիւն իրականացնող վաշտերի թիւը: Լրակահաւորել ենք դիրքեր տանող երթուղիները, մաքրել չօգտագործուող խրամուղիները, վերանորոգել-կառուցել ենք զինամթերքի պահեստներ: Հիմա առաջնագծում կարող են առանց թիկունքի աջակցութեան երկար ժամանակ անդադար մարտ վարել»:

Ըստ հրամանատարի՝ հակառակորդը նոյնպէս լարուած, ուժեղացուած ծառայութիւն է իրականացնում. «Չէի ասի, թէ ներկայ պահին պատրաստւում են յարձակման: Նրանք եւս ամրացնում են պաշտպանութիւնը: Այնուամենայնիւ, մենք սպասում ենք, մենք պատրաստ ենք: Մտահոգուելու կարիք չկայ»:

 

ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ

 

Տեխնիկական համալրումը նոր խնդիր է առաջադրում զօրքին՝ սարքերի ճիշդ շահագործում: Մարտական հերթապահութեան նախապատրաստման աւանում ենք: Դիրքեր բարձրանալուց առաջ վաշտը եւս մէկ անգամ հրահանգաւորւում է: Պարապմունքն անցկացնում է զօրամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էմին Օհանեանը: Գիտեմ՝ նա մի ամբողջ կեանք խրամատում է: Փոխգնդապետ Օհանեանն ասես մեզ չի նկատում: Շարունակում է դիրքապահներին բացատրել, թէ ինչպէս պէտք է արդիւնաւէտ օգտագործուեն դիտարկման նոր սարքաւորումները, ինչպէս պէտք է բարձրացնել տեսախցիկը, որ այն չվնասուի. «… այնուհետեւ ստուգում էք՝ աշխատո՞ւմ է, թէ ոչ: Եթէ չի աշխատում, զեկուցում էք օպերատիւ հերթապահին: Վաղ առաւօտեան, երբ դեռ լոյսը ամբողջութեամբ չի բացուել, դիտարկման սարքը իջեցնում էք, որ այն չնկատուի եւ չխոցուի հակառակորդի կողմից»:

0827frontline1 Վաշտի հրամանատար, կապիտան Սեդրակ Վարդանեանը, որը, ի դէպ, ապրիլեան պատերազմից յետոյ ներկայացուել է «Մարտական ծառայութիւն» մեդալի, նշում է, որ տուեալ սարքը 340 աստիճան դիտարկում է ապահովում, ինչը մի քանի անգամ աւելի անվտանգ է դարձնում գիշերային ծառայութիւնը. «Ցերեկային դիտարկումների համար եւս ունենք սարքաւորումներ, որոնք ապահովում են աւելի մեծ խորութիւն: Կարեւոր է, որ զինուորը պահպանի շահագործման կանոնները, նաեւ չմտածի՝ եթէ սարքը կայ, ուրեմն ինքը կարող է թուլացնել զգօնութիւնը: Ո՛չ: Սարքը՝ սարք, բայց մարդու աչքն անփոխարինելի է»:

Վաշտի հրամանատարը կարեւորում է նաեւ կրակային պարապմունքները: Զինուորը պէտք է հնարաւորինս շատ մասնակցի կրակային պարապմունքների, հնարաւորինս շատ կրակի: Մարտի դաշտում դիպուկ կրակը ապահովում է յաջողութիւնը:

Այսօր բոլոր դիրքերում շահագործւում են գիշերային նշանոցներ՝ թիրախը մթութեան մէջ նկատելու եւ չէզոքացնելու համար: Մարտական աւանում դիրքապահները սովորում են առանց վնասելու յարմարեցնել այն զէնքին:

Դիրքի աւագ, կրտսեր սերժանտ Ռուդիկ Յարութիւնեանն ուսումնական վարժանք է իրականացնում նոր նշանոցով AK-74 ինքնաձիգից. «Նշանոցը ջերմային է, այսինքն՝ այն նաեւ դիտարկման գործիք է: Անցած հերթապահութեան ժամանակ կատարեալ մթութեան մէջ անգամ մուկ նկատեցի, ինչն էլ ինձ շատ զարմացրեց-հիացրեց»:

Նորամուծութիւնները մի քանի անգամ հեշտացրել են դիրքապահների ծառայութիւնը:

 

ԱՄՐՈՑԸ

 

Ուղեւորւում ենք հարաւային սահմանի նորակառոյց դիրքերից մէկը. մինչ ապրիլեան պատերազմը այն միջդիրքային տարածք էր: Եւ ինչպէս զօրամասում ասացին՝ ամենավտանգաւոր կէտը: Մերոնք հէնց այստեղից են լայնածաւալ յարձակում սպասել: Ճանապարհի կէսն անցել էինք, երբ մեզ ընդառաջ եկաւ գումարտակի հրամանատար, մայոր Վարդան Կուջոյեանը: Նա հոգատար տանտիրոջ է նման: Հպարտանում է. «Շուտով կը տեսնէք, թէ ինչ ենք կառուցել. ամրոց է, ամրոց»: Յետոյ պարզաբանում է, որ այդ կէտից վտանգ էր սպառնում ընդհանուր ճակատին, նաեւ երկու դիրքերի միջեւ ընկած տարածութիւնն էր բաւականին շօշափելի:

– Ծառայութիւնը լարուա՞ծ է,- հետաքրքրւում եմ:

– Նոյնն է. միշտ էլ ուժեղացուած է: Բայց մենք երբեք էլ չենք լարւում, հանգիստ ենք: Եթէ գան, առանց աչք թարթելու ետ կ՛ուղարկենք,- հրամանատարը շփում է ձեռքերը:

Դիրքում ենք: Առաջինը նկատում եմ խնամքով, ճաշակով կառուցուած լուացարանը, որը լիովին տարբերւում է նախկինում իմ տեսածներից: Ներս եմ մտնում հանգստաւէտ կացարանը: Քարտէզներ, թերթեր, առաջին բժշկական օգնութեան պահարան եւ իրար վրայ դարսուած զանազան հաստափոր գրքեր: Մէկի վերնագիրն անմիջապէս տպաւորւում է՝ «Մենք Կենսունակ Տղաներ Ենք»: «Այդպէս էլ կայ»,-մտածում եմ: Կացարանի կողքին փոքրիկ, բայց յարմարաւէտ ճաշարանն է: Այստեղ էլ ուշադրութիւնս գրաւում է անձնական հիգիենայի պարագաներով դարակը, որում ամէն սրբիչ «անուանակոչուած» է: Հետեւում եմ մայոր Վ. Կուջոյեանին: Խրամուղիներն իսկական լաբիրինթոս են յիշեցնում: Երբ ասում եմ այս մասին, ժպտում է՝ «Ուրեմն լաւ ենք կառուցել»:

Խրամատն էլ բաւականին երկար է, հաւանաբար ամենաերկարը մեր խրամատներից:

0827frontline Հրամանատարը կանգ է առնում կրակակէտում: Մատն ուղղում է դէպի կանաչ, փարթամ ծառը, որն ասես անապատում բուսնած միակ ծաղիկը լինի. «Մարտի 8ին հակառակորդը հասել էր հէնց այդտեղ: Փորձել էր օգտագործել միջդիրքային տարածքն ու ներթափանցել թիկունք: 150 մետր մօտեցել էին, երբ մէկ էլ աջ ու ձախ թեւերից զինուորներս կրակ թափեցին: Թշնամու յայտնի «Եաշմա»ի անձնակազմը երկու զոհ տուեց»:

Այսօր հակառակորդին նկատելն աւելի է հեշտացել. դիրքը ապահովուած է գիշերային տեսանելիութեան սարքով, որը խնամքով քօղարկուած է, իսկ ցերեկային դիտարկումը համապատասխան միջոցներով կատարում է անձամբ գումարտակի հրամանատարը:

Ի հարկէ, ամէն ինչ լաւ է, նոյնիսկ գերազանց. ոչ մի համեմատութիւն երէկուայ հետ, սակայն դեռեւս տեղ-տեղ նկատելի են պահածոյի տուփերի չըխկչըխկան շարանները:

– Դրանց ժամանակը չի՞ անցել,- կատակի եմ տալիս:

– Չեն խանգարում, դեռ թող մնան,- ամենայն լրջութեամբ պատասխանում է գումարտակի հրամանատարը: – Շներից էլ չենք հրաժարուել. Արջուկն ու Տուզիկը շարունակում են «հերթապահել»:

Ի հարկէ, հակառակորդն էլ քնած չէ: Վարդան Կուջոյեանը ցոյց է տալիս երկնքում սաւառնող սպիտակ օդապարիկը. «Դիտարկում է անում: Հեռաւորութիւնը մօտ 5 կմ է՝ հրաձգային զէնքով չես խոցի: Իսրայէլական արտադրութեան է: Առաջնագծում միակն է. նշանակում է՝ հակառակորդը շատ է կարեւորում մեր դիրքը: Բայց արդէն մտածել ենք այն շարքից հանելու ճանապարհների մասին»:

Ինչպէս տղաներն են ասում՝ դիրքի «տեսարժան վայրը» թաքստոցն է: Նոր է կառուցուել եւ համապատասխանում է առաջադրուած պահանջներին: «Աշխատանքների ժամանակ ոչ մէկն էլ իրեն չի խնայել. պատերը շարել են պայմանագրայինները, փոսը փորել են զինուորները, գերաններն էլ վաշտի հրամանատարն է տեղադրել»:

Մայոր Կուջոյեանը իր արածի մասին չի պատմում, բայց այստեղ բոլորը գիտեն նրա ներդրման, կատարած մեծ ծաւալի աշխատանքների մասին: Անգամ երկուորեակ երեխաների ծնունդը ութ տարի սպասելուց յետոյ սպային չի կտրել դիրքերից:

Դիրք են այցելում ՊԲ շտաբի բարձրաստիճան սպաները՝ ստուգելու դիտարկման համակարգերը, կապի միջոցները, զէնքերն ու ինժեներական կահաւորուածութիւնը: Մայոր Արտեօմ Յարութիւնեանը ամփոփում է տեսածը. «Արդէն հինգ դիրք ենք մտել, մի զինուոր չգտանք, որ իր անմիջական պարտականութիւնները չիմանայ կամ թերի իմանայ: Ստուգել ենք նաեւ երկրորդ, երրորդ բնագծերը: Պահանջուող աշխատանքը կատարուած է»:

Եւ խումբը շարունակում է իր աշխատանքը: Չենք խանգարում: Հրաժեշտ ենք տալիս դիրքապահներին, մէկ էլ նկատում եմ զինուորի՝ արեւի տակ պսպղացող կարճաճիտք կօշիկները. «Նոր եմ մաքրել, մի ժամից կը հագնեմ ու կը ստանձնեմ մարտական հերթապահութիւնը,- ասում է դիրքապահ Նապոլէոնը:- Զինուորը ոտից գլուխ պատրաստ պիտի լինի, ինչպէս սիրած աղջկայ հետ հանդիպման գնալիս»:

 

«ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles