Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

«Արաքսից Թալիշ. Նոր Առաջնագիծ»

$
0
0

0819pashinian

 

Բ.

 

ԿՈՐՍՈՒԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ

 

Յաջորդ հարցը, որին ի պատասխան ԼՂՀ կառավարութեան ներկայացուցիչները առաջարկում են առաջ նայել եւ ոչ թէ ետ, հետեւեալն է. իսկ ինչո՞ւ մենք տարածքներ կորցրինք Թալիշում: Չէ՞ որ յարձակման պահին, ի տարբերութիւն բազմաթիւ այլ տեղերի, այդ տարածքի դիրքերի մի մասը կահաւորուած էր գիշերային դիտարկման համակարգով: Ինչո՞ւ կորցրինք Վարազաթումբ (Լելէ Թեփէ) կոչուող բարձունքը, որը համարւում էր առաջնագծի լաւագոյն դիրքերից մէկը: Չնայած այս հարցերին կոնկրետ պատասխան չստացանք, այլ աղբիւրներից տեղեկացանք, որ չորսօրայ պատերազմի վերաբերեալ իրականացուել է ծառայողական քննութիւն եւ ծաւալուն ու մանրամասն զեկուցագիր է պատրաստուել, որի բովանդակութիւնը հասկանալիօրէն համարւում է ռազմական գաղտնիք:

Բայցեւայնպէս՝ կը համարձակուեմ եզրակացնել, որ տարածքների կորստի կարեւորագոյն պատճառներից մէկը մարդկային գործօնն է կամ ոչ պատշաճ կադրային քաղաքականութիւնը, երբ հրամանատարական պաշտօնների են նշանակուել մարդիկ, ովքեր դրա համար չեն ունեցել ո՛չ պատշաճ կրթութիւն, ո՛չ պատշաճ գիտելիքներ, ո՛չ պատշաճ կամային յատկանիշներ: Ներկայումս պաշտպանութեան բանակում կադրային լայնածաւալ փոփոխութիւններ են տեղի ունենում: Բանակից հեռացուել է Մատաղիսի զօրամասի ողջ հրամանատարութիւնը, որը Թալիշի ուղղութեան հիմնական պատասխանատուն էր: Հարաւային դիվիզիայի հրամանատար է նշանակուել գնդապետ æալալ Յարութիւնեանը, որը մեր բանակի լաւագոյն սպաներից մէկը լինելու համարում ունի:

Չափազանց հետաքրքիր անձնաւորութիւն է ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականեանը, որը մէկ տարի առաջ է նշանակուել այդ պաշտօնում: Մնացականեանն այն զինուորականներից է, որը հրամանատարութիւնը առաջին հերթին համարում է մտաւոր, ինտելեկտուալ աշխատանք, եւ սա հիմք է տալիս հաւատալու, որ Պաշտպանութեան բանակում, Հայոց բանակում ընդհանրապէս կարող է տեղի ունենալ մտածողութեան փոփոխութիւն: Որքան հասկացայ, Մնացականեանը Պաշտպանութեան բանակում տեղի ունեցող փոփոխութիւնների հիմնական գաղափարախօսն է, եւ վերջին մէկ տարում տեղի ունեցած փոփոխութիւնները կարծես թէ դրական բովանդակութիւն ունեն: Ասում են, որ արդէն մի քանի տասնեակ դէպքեր են արձանագրուել, երբ Մնացականեանը հրաժարուել է ընդունել բանակին մատակարարուող ապրանքների որոշ խմբաքանակներ՝ դրանց որակի պատշաճ չլինելու պատճառով:

0819pashinian4 ԼՂՀ ՊԲ հրամանատար լինելը, ի դէպ, բաւականին բարդ կարգավիճակ է, որովհետեւ երբեմն այնքան էլ պարզ չէ, թէ սուբորդինացիոն (ենթարկուելու-Խմբ.) ի՞նչ յարաբերութիւններ ունի ՀՀ իշխանութիւնների կամ ԼՂՀ նախագահի նկատմամբ: Սա իր հերթին առաջ է բերում բազմաթիւ խնդիրներ, որոնց մասին մեծ հաշուով հնարաւոր չէ ոչ միայն հրապարակային, այլեւ ոչ հրապարակային խօսել: Այնուամենայնիւ, մի քանի նորամուծութիւններ, մի քանի ինժեներական կառոյցներ, մի քանի մտայղացումներ հիմք են տալիս մտածելու, որ ԼՂՀ իշխանութիւնները ՊԲ ղեկավարման եւ պատերազմի կառավարման բոլորովին նոր մեթոդներ է մտադիր ներդնել Ղարաբաղում:

Իսկ առաջնագծում տեղի ունեցող փոփոխութիւնների կարեւորագոյն ռազմական իմաստը հետեւեալն է. հակառակորդը կորցրել է անսպասելի յարձակում գործելու հնարաւորութիւնը: Սա, ի հարկէ, յաւակնոտ պնդում է, բայց ԼՂՀ ՊԲ եւ ԱԱԾ ղեկավարութիւնը կարծես համոզուած է սրանում: Բայց այս վիճակը չի կարող ինքն իրեն պահպանուել: Հակառակորդը նոյնպէս հասկանում է իրողութիւնը, եւ մենք պիտի մէկ քայլ առաջ լինենք: Սա պահանջում է ոչ միայն մտաւոր, այլեւ ֆինանսական հսկայական ներդրում:

 

ԹԱԼԻՇԻ ԱՌԵՂԾՈՒԱԾԸ

 

Մեր այցելութեան ընթացքում, ինչպէս ասացի, հասցրինք անցնել ԼՂՀ սահմանի հարաւային ծայրակէտից՝ Արաքսի ափից մինչեւ հիւսիս-արեւելեան ծայրակէտ: Եղանք Լելէ Թեփէ կորսուած բարձունքի հատուածում: Ասում են, որ սա մեր բանակի ցուցադրական դիրքերից մէկն է եղել, որը անգամ կոչել են նախագահական, որովհետեւ բարձրաստիճան պաշտօնեաներին աշխատանքային այցերի ընթացքում, անպայման տարել են այս դիրք, ցոյց տալու համար, թէ ինչքան լաւ է ամէն ինչ: Ոչ ոք չի մտածել, թէ Լելէ Թեփէն հնարաւոր է գրաւել, եւ սա թերեւս դարձել է այն առանցքային պատճառը, որ բարձունքը կորսուել է: Կոնկրետութեան մէջ, սակայն, մենք չգիտենք, թէ ինչ է տեղի ունեցել: Բայց դիվիզիայում  (զօրամասի մէջ-Խմբ.) տեղի ունեցող լայնածաւալ կադրային փոփոխութիւնները վկայում են, որ այստեղ մեղաւորների շրջանակը բաւականին լայն է Այցելութեան ամենաճնշող հատուածն, ի հարկէ, Թալիշ գիւղն էր: Բազմաթիւ աւերուած տներ եւ գրեթէ անմարդաբնակ տարածք:

Թալիշում ներկայումս մի քանի հոգի է բնակւում, միւսները տեղափոխուել են այլ վայրեր: Սրա պատճառն այն է, որ մի քանի դիրքերի կորստից յետոյ գիւղի մի մասն այլեւս դիտարկելի է հակառակորդի համար: Բայց սա արձանագրել եւ առաջ գնալ այնքան էլ ճիշդ չէ: Տաւուշի մարզում տասնեակ գիւղեր կան, որոնք դիտարկելի են հակառակորդի համար՝ Մովսէս, Այգեպար, Ներքին Կարմիրաղբիւր, Չինարի, Բաղանիս, Ոսկեպար եւ այլն: Միթէ՞ նշանակում է, որ այս գիւղերը պէտք է դատարկուեն: Դեռ աւելին, Թալիշի դիրքերում լինելով՝ արձանագրեցինք, որ ադրբեջանական Թափ Գարագոյունլու գիւղը, որ չափերով մի քանի անգամ գերազանցում է Թալիշին, մեր զօրքերի քթի տակ է: Եւ զինուորականները հաւաստիացնում էին, որ այդ գիւղում շարունակում են մարդիկ ապրել, չնայած դրանում տեղի ունեցած աւերածութիւնները ոչ տեսականում, ոչ գործնականում չեն կարող պակաս լինել, քան Թալիշում: Գուցէ Ադրբեջանի կառավարութիւնը ծաւալուն միջոցնե՞ր է ծախսում դրա համար, կամ գուցէ խնդիրը միայն ծախսերի մէջ չէ՞: Գուցէ Թալիշում բնակչութեան անվտանգութեան ապահովման նոր բանաձեւեր եւ նոր մեխանիզմնե՞ր է հարկաւոր ներդնել եւ այսպիսով ապահովել մարդկանց վերադարձը հայրենի գիւղ…

 

ՎԵՐՋԱԲԱՆ

 

0819pashinian2 Արդեօք երաշխաւորո՞ւմ եմ, որ ԼՂՀ կառավարութեան յատուկ հաշուեհամարին կուտակուած միջոցները 100 տոկոսով ճշգրիտ են ծախսւում: Նման երաշխիք չի կարող տալ ոչ ոք, աշխարհի որեւէ կէտում որեւէ հանրային նշանակութեան ծախսի կապակցութեամբ: Եւ խնդիրը ամենեւին էլ այն չէ, թէ արդեօք որեւէ մէկը 10 լիտր բենզին աւել է ծախսում կամ պակաս: Խնդիրն այն է, որ կայ պատերազմի մէջ գտնուող հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն, եւ ի վերջոյ պէտք է մեզնից իւրաքանչիւրը իրենից կախուածն անի այդ հայրենիքի յաղթանակն ապահովելու համար:

100 տոկոսով երաշխաւորում եմ մէկ ուրիշ բան. յատուկ հաշուեհամարը ԼՂՀ իշխանութիւններին հնարաւորութիւն է տուել աւելի մեծ ներգրաւուածութիւն ունենալ առաջնագծի եւ անվտանգութեան ապահովման հարցերում, եւ սրա հսկայածաւալ պոզիտիւ (դրական-Խմբ.) ազդեցութիւնը ակնյայտ է եւ անհերքելի: Յատուկ հաշուեհամարը էականօրէն ուժեղացնելու է այս գործօնը, առաջնագծի մարտունակութիւնն ու անվտանգութեան աստիճանը: Սա հասկանում են Ստեփանակերտում եւ պատրաստ են Յատուկ հաշուեհամարի միջոցների ծախսման ամենալայն հանրային վերահսկողութեան մեխանիզմների ներդրմանը: Նրանք հասկանում են, որ սա միակ միջոցն է, որ հնարաւորութիւն կը տայ վերականգնել ցաւալիօրէն խաթարուած համահայկական վստահութիւնը: 100 տոկոսով համոզուած եմ. այս բացառիկ հնարաւորութիւնը չի կարելի կորցնել: Սա, ի հարկէ, չի կարող եւ չպիտի նշանակի ԼՂՀում առկայ հանրային-քաղաքական պրոբլեմների (խնդիրները-Խմբ.) կամ բանակցային պրոցեսի (գործընթացի-Խմբ.) հետ կապուած խնդիրների, կամ վերը թուարկուած անպատասխան հարցերի շրջանցում: Սա նշանակում է այդ հարցերի էֆեկտիւ (արդիւնաւէտ-Խմբ.) քննարկման նոր մթնոլորտ եւ նոր բանաձեւեր ստեղծել, լսելու եւ լսելի դառնալու աշխատանքային մթնոլորտ ձեւաւորել: Ղարաբաղում այսօր լուծւում են շատ հարցեր, եւ այդ հարցերը համազգային օրակարգի առաջնահերթութիւններ են:

 

(Շար. 2 եւ վերջ)


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles