Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Անվտանգութեան Խորհրդի Վերակազմաւորման Նպատակը Ժամանակի Պահանջներին Համապատասխանող Կառոյցի Ձեւաւորումն Է. Արմէն Գէորգեան

$
0
0

0811armenkevorkian

ԵՐԵՒԱՆ.- ՀՀ Նախագահի կարգադրութեամբ Ազգային անվտանգութեան խորհուրդի աշխատակազմի լուծարման խնդիրին շուրջ «Թերթ»ը զրուցած է ՀՀ ազգային անվտանգութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գէորգեանի հետ: Ստորեւ կը նեկայացնենք հարցազրոյցը.

 

 «ԹԵՐԹ».- Պարոն Գէորգեան, այսօր (Չորեքշաբթի, 10 Օգոստոսին-Խմբ.) յայտարարուեց Ազգային անվտանգութեան խորհրդի աշխատակազմի վերակազմաւորման մասին: Ո՞րն է այս փոփոխութեան նպատակը, եւ ի՞նչ է ենթադրում կառոյցի վերակազմաւորումը:

 ԱՐՄԷՆ ԳԷՈՐԳԵԱՆ.- Նախ նշեմ, որ լուծարուել է «Ազգային անվտանգութեան խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը եւ, ՀՀ Նախագահի աշխատակազմում առանձնացուած ստորաբաժանման կարգավիճակով, ստեղծուել է «Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարութիւն»:

Խորհրդի աշխատակազմի վերակազմաւորումը պէտք է դիտարկել Սահմանադրական փոփոխութիւններով պայմանաւորուած գործընթացների եւ կառոյցի արդիւնաւէտութեան բարձրացման համատեքստում: Վերջինը իմ՝ որպէս կառոյցի ղեկավարի առջեւ դրուել էր հանրապետութեան նախագահի կողմից Յունիսի սկզբին՝ իմ կողմից պաշտօնի ստանձնման ժամանակ:

Եթէ պարզ ու հակիրճ ձեւակերպեմ, նպատակը պետական միջոցների առաւել արդիւնաւէտ օգտագործումն է, աւելի կոմպակտ (կուռ-Խմբ.) եւ ժամանակի պահանջներին համապատասխանող կառոյցի ձեւաւորումը, ինչը պարզապէս ժամանակի հրամայական է:

Վերակազմաւորմանը վերաբերող աշխատանքները երկու ուղղութեամբ են ընթացել: Առաջինը կոնցեպտուալ ուղղութիւնն է, որը ենթադրում է գոյքագրել, հասկանալ եւ յստակեցնել այն գործառոյթները, որոնք Խորհուրդը պէտք է իրականացնի նոր Սահմանադրութեամբ, յատկապէս՝ նկատի ունեմ պաշտպանութեան ոլորտի քաղաքականութեան հիմնական ուղղութիւնները սահմանելու կարեւոր գործառոյթը: Սահմանադրութեան պահանջն է նաեւ Անվտանգութեան խորհրդի կազմաւորման եւ գործունէութեան կարգի մասին օրէնքի ընդունումը, որի մշակման աշխատանքները պէտք է աւարտուեն մինչեւ 2017 թուականի վերջը:

Երկրորդ ուղղութիւնն աւելի շատ վերաբերում է կազմակերպական եւ իրաւական լուծումներին: Ինչպէս ասացի, նպատակ ունենք ձեւաւորել առաւել կոմպակտ կառոյց, որն աւելի սերտ շփումների հնարաւորութիւն կ՛ունենայ ՀՀ նախագահի, պետական այլ մարմինների աշխատակազմերի հետ, ինչպէս նաեւ կը կարողանայ լայնօրէն ու նպատակային օգտագործել փորձագիտական հանրութեան ներուժը:

Այսպիսով, նախադրեալներ են ստեղծւում կառոյցի՝ նոր սահմանադրութեամբ իրեն վերապահուած գործառոյթների իրականացման համար:

Պէտք է նշեմ, որ կա՛ր երկընտրանք. նոյն կարգավիճակով գործունէութիւնը շարունակել մինչեւ 2018 թուականը, կամ ռացիոնալ (բանականօրէն, արդիւնաւէտ-Խմբ.) օգտագործել պետական միջոցները՝ սկսելով բարեփոխումները: Մենք կանգ առանք երկրորդ տարբերակի վրայ:

Վերակազմաւորման հետ կապուած փաստաթղթային ձեւակերպումների գործընթացները նախատեսւում է աւարտել մինչեւ Սեպտեմբերի 1ը: Դրանք, բնականաբար, չեն ազդելու կառոյցի գործունէութեան վրայ, եւ 2016 թուականի համար նախատեսուած բոլոր աշխատանքները, այդ թւում՝ ՀԱՊԿ նախագահութեան շրջանակում ծրագրուած բոլոր միջոցառումները, պատշաճ իրականացուելու են:

 

 «ԹԵՐԹ».- Ինչո՞ւ որոշուեց հիմա իրականացնել վերակազմաւորումը: Ինչո՞ւ դա չէր արուել մինչ այժմ: Արդեօք այս փոփոխութիւնը չպէտք է դիտարկել յուլիսեան դէպքերի համատեքստում:

  ԱՐՄԷՆ ԳԷՈՐԳԵԱՆ.- Ինչպէս ար-դէն ասացի, կառոյցի արդիւնաւէտ գործունէութեան ապահովման խնդիր դրուել էր նախագահի կողմից դեռեւս Յունիսի սկզբին, երբ ստանձնեցի այս պաշտօնը: Այս երկու ամիսների ընթացքում հարցը լրջօրէն ուսումնասիրուել է: Ժամկէտը թերեւս պայմանաւորուած էր բիւջետային յայտերի ներկայացման շրջանով: Վերակազմաւորումը հնարաւորութիւն կը տայ էապէս նուազեցնել պետբիւջէից Խորհրդի աշխատակազմին յատկացուող գումարները, եւ խնայուած միջոցներն ուղղել ազգային անվտանգութեանը վերաբերող այլ ոլորտների, օրինակ՝ ռազմաարդիւնաբերական համալիրի զարգացմանը:

Ինչ վերաբերում է մինչ այժմ չանելուն, կարծում եմ՝ դա պայմանաւորուած էր նրանով, որ կառոյցի առջեւ այլ նպատակներ ու խնդիրներ էին դրուած, որոնք ընթացքում կարող են փոխուել ու համապատասխանեցուել ժամանակի պահանջներին: Եթէ օբյեկտիւօրէն (առարկայականօրէն-Խմբ.) ձեւաւորուել է փոփոխութիւնների պահանջը, ապա, կարծում եմ, պէտք է իրականացուի:

 

 «ԹԵՐԹ».- Արդեօք վերակազմաւորման արդիւնքում՝ մէկ այլ պետական մարմնի ինտեգրուելու (միանալու-Խմբ.) պատճառով կառոյցի դերը չի նուազում: Կադրային կրճատումներ լինելո՞ւ են:

  ԱՐՄԷՆ ԳԷՈՐԳԵԱՆ.- Նախ եւ առաջ պէտք է արձանագրել, որ չի փոխւում Ազգային անվտանգութեան խորհրդի դերակատարումը, եւ այն շարունակում է գործել նոյն կարգավիճակով ու գործառոյթներով, որոնք սահմանուած են նախագահի 2008 թուականի հրամանագրով: Փոխւում է Խորհրդի գործունէութիւնը սպասարկող եւ ապահովող վարչական մարմնի կարգավիճակը: Այդ առումով նշեմ, որ ուսումնասիրուել է նաեւ միջազգային փորձը. ԱՄՆում, Ռուսաստանում, խոր-հրդարանական կառավարման համակարգ ունեցող մի շարք երկրներում անվտանգութեան խորհուրդների գործունէութիւնը սպասարկող կառոյցները, լինելով ինքնուրոյն, միաժամանակ ինտէգրուած են նախագահի կամ վարչապետի աշխատակազմերում: Նոյնպիսի մոդել ընտրուել է նաեւ մեր դէպքում, մինչեւ սահմանադրութեան համապատասխան փոփոխութիւնները ուժի մէջ մտնեն 2018 թուականին: Սա հնարաւորութիւն կը տայ, որպէսզի Խորհրդի նորաստեղծ քարտուղարութեան ներսում կատարուող աշխատանքների արդիւնքներն առաւել օպերատիւ եւ բազմակողմանի օգտագործուեն ինչպէս նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, այնպէս էլ այդ կառոյցի հետ անմիջական առնչութիւն ունեցող պետական այլ մարմինների կողմից:

Աւելի արագ եւ օպերատիւ կ՛իրականցուի կառոյցի ու պետական տարբեր մարմինների միջեւ գործակցութիւնը եւ տեղեկատուութեան փոխանակումը:

Ինչ վերաբերում է կրճատումներին, ցաւօք, դրանից խուսափել հնարաւոր չի լինի: Ամէն ինչ կարուի, որպէսզի պատրաստուած, բարեխիղճ աշխատակիցները, ովքեր ընդգրկուած են հետազօտական եւ վերլուծական աշխատանքներում, շարունակեն իրենց գործունէութիւնը: Այս փոփոխութիւնները միաժամանակ հնարաւորութիւն են տալու նորաստեղծ կառոյցի աշխատանքներում ներգրաւել նոր, բանիմաց մասնագէտների, այդ թւում՝ երիտասարդ կադրերի:

Օգտուելով առիթից՝ նշեմ, որ պատրաստ ենք կառոյցի աշխատանքներում ներգրաւելու ժամանակակից թէ գիտելիքների, թէ տեխնոլոգիաների ու օտար լեզուների տիրապետող երիտասարդ մասնագէտների, ովքեր գիտակցելով, որ պետական աշխատանքը թէկուզեւ չլինելով ամենաբարձր վարձատրուողը, մասնագիտական զարգացման, փորձի, հեռանկարների տեսակէտից կարող է գրաւիչ լինել: Ուստի կ՛առաջարկէի նրանց, ովքեր բարձր աշխատավարձով աշխատատեղեր են փնտռում, դիտարկել նաեւ այս նոր հնարաւորութիւնը:

Վերադառնալով կրճատումների թեմային՝ նշեմ, որ դա հիմնականում վերաբերելու է սպասարկող եւ նիւթատեխնիկական ապահովում իրականացնող անձնակազմին: Գործող օրէնսդրութիւնը, ցաւօք, չի կարգաւորում յատուկ քաղաքացիական ծառայութիւնից ռեզերվ տեղափոխուող աշխատակիցների սոցիալական երաշխիքների հարցը, այդ իսկ պատճառով հանրապետութեան նախագահի յանձնարարութեամբ, կառավարութեան հետ համատեղ, կը ձեռնարկուեն լրացուցիչ քայլեր՝ աշխատանքից ազատուող եւ ռեզերվ տեղափոխուող ծառայողների սոցիալական իրաւունքները երաշխաւորելու համար:

Ցանկանում եմ նաեւ նշել, որ Ազգային անվտանգութեան խորհրդի նախագահի յանձնարարութեամբ այսուհետ պատրաստւում ենք մեր վերլուծական-հետազօտական աշխատանքներում առաւելագոյնս ներգրաւել այն փորձագիտական ներուժն ու կարողութիւնները, որն առկայ է ոչ միայն պետական, այլեւ ոչ պետական հարթակներում: Առաւել ակտիւ ենք համագործակցելու հասարակական կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ՝ հանրային հատուածն ու Սփիւռքը ներկայացնող փորձագիտական այլ կառոյցների հետ: Դա հնարաւորութիւն է ընձեռելու աւելի լայն ու բազմակողմ կերպով դիտարկել բարձրացուող խնդիրներն ու հարցադրումները:

 

«ԹԵՐԹ».- Ինչպէ՞ս է անդրադառնալու այս որոշումը ձեր պաշտօնավարման վրայ: Դուք անձամբ շարունակելո՞ւ էք ղեկավարել կառոյցը:

  ԱՐՄԷՆ ԳԷՈՐԳԵԱՆ.- Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի ինստիտուտը սահմանուած է գործող օրէնսդրութեամբ: Կատարուած փոփոխութիւնները որեւէ կերպ չեն առնչւում այդ ինստիտուտի կարգավիճակին եւ գործառոյթներին, ուստի իմ պաշտօնավարման հետ կապուած խնդիրներ չեն առաջանում: Խորհրդի քարտուղարն անմիջականօրէն ղեկավարելու է նորաստեղծ կառոյցը:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles