Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Բեկումնային Պահ՝ ԼՂ Հարցում. Հայաստանը՝ Հոգեբանական Նոր Յարձակման Թիրախում

$
0
0

0715pegoum

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

Ադրբեջանական ANS TV-ին տուած հարցազրոյցում Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը յայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը սպառազինութեան մատակարարման նոր պայմանագրեր կը կնքեն: Դեսպանն այս յայտարարութիւնն արել էր ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի՝ Բաքու կատարելիք այցի նախօրէին:

Ինչպէս ՌԴ ԱԳՆն էր աւելի վաղ հաստատել, Լաւրովի այցի օրակարգի հիմնական հարցերից մէկը ԼՂ հիմնահարցի կարգաւորումն է: Լաւրովն արդէն Բաքւում է եւ բանակցութիւններ է ունեցել ինչպէս նախագահ Ալիեւի, այնպէս էլ արտգործնախարար Մամեդեարովի հետ, որից յետոյ յայտարարել է, որ կողմերն աւելի են մօտեցել խնդրի կարգաւորմանը:

Առաջին հայեացքից խիստ տարօրինակ է թւում, որ պաշտօնական Մոսկուան մի կողմից ակտիւ ջանքեր է գործադրում ԼՂ հիմնահարցի կարգաւորման ուղղութեամբ, իսկ միւս կողմից՝ հէնց Լաւրովի այցին ընդառաջ, ընդգծում Ադրբեջանին զինտեխնիկայի նոր խմբաքանակներ մատակարարելու շուրջ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների մասին: Խնդիրն այն է, որ Մոսկուայում չէին կարող չհասկանալ, թէ ինչպիսի արձագանգ կը գտնի այս յայտարարութիւնը Երեւանում: Հետեւաբար՝ Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարելու մասին տեղեկատուական հոսքերի ակտիւացումը ոչ թէ ռուսական ապաշնորհ ու անհետեւողական քաղաքականութեան հետեւանք է, այլ ունի կոնկրետ քաղաքական նպատակներ:

ՆԱՏՕի գագաթաժողովին մեկնելուց եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԱՄՆ պէտքարտուղար æոն Քերիի հետ ԼՂ հարցը քննարկելուց առաջ,  Իլհամ Ալիեւը Բաքւում երկու շատ յստակ ուղերձ էր յղել: Առաջին՝ Ադրբեջանը երբեք չի համաձայնի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնից դուրս ԼՂՀին որեւէ կարգավիճակ տալուն: Երկրորդ՝ հարցը պէտք է լուծուի բացառապէս փուլային կարգաւորման եղանակով, ինչը ենթադրում է առաջնահերթօրէն հայկական զինուժի դուրս բերում «Ադրբեջանի օկուպացուած տարածքներից»: Դրան զուգահեռ՝ Բաքուն յամառօրէն խոչընդոտում է շփման գօտում միջադէպերի արձանագրման մեխանիզմների տեղակայման, ԵԱՀԿ գործող նախագահի մոնիտորինգային թիմի ընդլայման վերաբերեալ Վիեննայի, մասնակիօրէն՝ նաեւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրականացմանը:

Իր հերթին, ՆԱՏՕի գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց. «Ստատուս քուոն կը փոխուի, եթէ ճանաչուի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումը»: Ըստ էութեան՝ Սարգսեանը հասկանալի դարձրեց, որ հայկական կողմի համար առաջնայինը ԼՂի ինքնորոշման մեխանիզմի յստակեցումն է արդէն այս փուլում, այսինքն՝ Հայաստանը ցանկանում է, որ այդ մեխանիզմը յստակեցուի, նախքան տարածքների վերադարձը, այլ ոչ թէ թողնուի անորոշ ապագային, ինչպէս սահմանուած է կազանեան փաստաթղթում: Սա պնդում է, այսպէս կոչուած «փաթեթային համաձայնութիւններ, փուլային կարգաւորում» բանաձեւով առաջնորդուելու վրայ: Դրա մասին է վկայում panorama.am-ին փուլային կարգաւորման վերաբերեալ ՀՀ փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանի տուած պարզաբանումը. «Հակամարտութիւնը պէտք է կարգաւորուի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման եւ Ադրբեջանի՝ ինքնորոշուած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ իրականացուած ագրեսիայի համար պատասխանատուութեան շրջանակներում»: Այսինքն՝ ակնյայտ է դառնում, որ բանակցութիւնները գտնւում են բեկումնային՝ կարգաւորման փուլային կամ փաթեթային տարբերակների միջեւ ընտրութիւն կատարելու հարթութիւնում:

Հայաստանը փորձում է հասնել նրան, որ տրուեն ԼՂՀում կոնկրետ ժամկէտներում հանրաքուէ անցկացնելու յստակ երաշխիքներ, իսկ Ադրբեջանը պնդում է, որպէսզի ԼՂն՝ նախկին ԼՂԻՄի սահմաններով, դէ իւրէ մնայ Ադրբեջանի կազմում, ԼՂն որեւէ կարգավիճակ ստանալու հեռանկար չունենայ, իսկ յարակից տարածքները լիովին վերադարձուեն իրեն: Իր նպատակին հասնելու համար հայկական կողմը «խաղարկում» է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորուածութիւնները կատարելու անհրաժեշտութիւնը՝ մի կողմից յարաբերական կայունութիւնը սահմաններին պահպանելու, միւս կողմից՝ փուլային տարբերակից խուսափելու հակափաստարկ կիրառելու նկատառումով: Ադրբեջանը փորձում է տապալել այդ պայմանաւորուածութիւնները, որպէսզի հնարաւորութիւն ունենայ վերադարձ կատարելու, այսպէս կոչուած, լեգիտիմ պատերազմ սկսելու շանտաժային մարտավարութեանը: Իլհամ Ալիեւն այսօր յայտարարել է, թէ նոր բախումները չեն բացառւում: Նա այդ մասին յայտարարում է՝ չնայած ընդամէնը մէկ օր առաջ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ æէյմս Ուորլիքը թուիթերեան իր գրառմամբ տեղեկացնում էր, թէ Վարշաւայում պետքարտուղար Քերիի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը հաստատել է, որ պատերազմ չի ցանկանում: Աւելին՝ այդ յայտարարութիւնը հնչում է Լաւրովի՝ Բաքւում գտնուելու ընթացքում, եւ որ շատ աւելի խօսուն է՝ սպառազինութեան մատակարարման ռուս-ադրբեջանական նոր պայմանագրերի ստորագրման մասին ՌԴ դեսպանի յայտարարութիւնների ֆոնին:

Այսպիսով՝ ակնյայտ է դառնում, որ ռուսական կողմը, շտապելով հասնել ԼՂ շուտափոյթ կարգաւորմանը, նախապատուութիւնը տալիս է Ադրբեջանի համար սկզբունքային փուլային կարգաւորմանը: Այն, ինչ հասկացւում է «փուլային» ասուածի ներքոյ, գրեթէ ամբողջութեամբ համապատասխանում է ԼՂ կարգաւորման ռուսական՝ «Լաւրովի պլան» անուանումը ստացած տեսլականին: Խնդիրը հայկական կողմին համոզելը կամ պարտադրելն է՝ տալ այդ տարբերակն ընդունելու համաձայնութիւնը, այսինքն՝ հրաժարուել ԼՂում հանրաքուէ անցկացնելու պահանջից:

Վերջին օրերին Երեւանը կրկին փորձում է Վիեննայի համաձայնութիւնների կատարումը որպէս ԼՂ կարգաւորման նոր բանակցութիւնների սկսման նախապայման առաջադրել: Կիեւում Արեւելեան գործընկերութեան երկրների արտգործնախարարների ոչ պաշտօնական հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդեանը յայտարարել է. «Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, նախեւառաջ, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին յատուկ շեշտուել է եւ ինչի շուրջ պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել գագաթաժողովներում՝ հակամարտութեան բացառապէս խաղաղ կարգաւորում, զինադադարի վերաբերեալ 1994-1995թթ. եռակողմ անժամկէտ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»: Երեւանի տոնայնութեան այս կոշտացումը, պահանջագրային մարտավարութեանը վերադառնալը վկայում է, որ հայկական կողմն իսկապէս ճնշումներ է զգում՝ փուլային կարգաւորման պարտադրման իմաստով, եւ, Վիեննայի պայմանաւորուածութիւնների կատարման հարցում յամառելով, փորձում է պաշտպանուել: Հաւանաբար, հէնց այդ պաշտպանութիւնը կոտրելու համար էլ Երեւանը հոգեբանական էքսպանսիայի է ենթարկւում՝ Լաւրովի՝ Բաքու կատարած այցի ժամանակ միտումնաւոր  Ադրբեջանին նոր սպառազինութիւն տրամադրելու մասին անուղղակի սպառնալիքով:

Այս իրավիճակում կարեւոր է դառնում միւս երկու համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆի դիրքորոշումը: Մօտ օրերս ԱՄՆ պետքարտուղար æոն Քերին այցելելու է Մոսկուա: Օրակարգում նաեւ ԼՂ հիմնահարցն է: Թերեւս հէնց այդ բանակցութիւններից էլ կախուած կը լինի՝ թոյլ կը տրուի՞ հայկական կողմին փուլային լուծում պարտադրել, թէ ոչ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles