Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ռուսական Նահանջ Սանկտ Պետերբուրգում

Image may be NSFW.
Clik here to view.
0621trilateral2

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

ՌԴ նախագահ Վլադիմիրն Պուտինի միջնորդութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի երկար սպասուած յունիսեան հանդիպումը Սանկտ Պետերբուրգում աւարտուեց եռակողմ յայտարարութեան ստորագրմամբ: Արդէն հրապարակուած յայտարարութեան մէջ նշւում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատել են Վիեննայում ս.թ. Մայիսի 16ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանաւորուածութիւնները՝ ուղղուած հակամարտութեան գօտում իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Նրանք համաձայնել են հակամարտութեան գօտում միջազգային դիտորդների թուաքանակի աւելացմանը: Յայտարարութեան մէջ նաեւ նշւում է, որ բովանդակային քննարկում է կայացել ԼՂ հիմնահարցի կարգաւորման շուրջ, եւ կողմերը փաստել են «մի շարք հարցերի կապակցութեամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարաւորութիւն կ՛ընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգաւորման հարցում»: Կողմերը պայմանաւորուել են շարունակել կանոնաւոր շփումները եռակողմ ձեւաչափով՝ «ի յաւելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի…»:

Սերժ Սարգսեանը եւ Իլհամ Ալիեւը հանդիպումից յետոյ հրաժեշտ տուեցին թեթեւ ձեռքսեղմամբ: Ըստ ռուսական ՌԻԱ գործակալութեան, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը կառուցողական է գնահատել նախագահների հանդիպումը: «Ադրբեջանական կողմը յուսով է, որ այս հանդիպումը թափ կը հաղորդի Լեռնայի Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգաւորմանը»,-ասել է նա` չմանրամասնելով, թէ ինչն է նման լաւատեսութեան հիմքեր տուել:

 

Եռակողմ հանդիպումից առաջ նախագահ Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Ալիեւը շատ աւելի մարտական էր տրամադրուած՝ յայտարարելով, թէ հակամարտութիւնը ձգձգուել է, ստատուս քուոն անընդունելի է, եւ այն փոխելու համար հարկաւոր է Ադրբեջանի տարածքների ապաօկուպացում (ազատում, վերադարձ-Խմբ.): Այդ կերպ Ալիեւն արտայայտել է իր հիմնական ակնկալիքները սանկտպետերբուրգեան հանդիպումից: Իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, շրջանցելով հայ-ռուսական յարաբերութիւնների լայն օրակարգը, կենտրոնացել է բացառապէս սպասուող հանդիպման վրայ: Նա նշել էր, որ հայկական կողմի ակնկալիքը հակամարտութեան՝ բացառապէս խաղաղ ճանապարհով կարգաւորումն է եւ յոյս էր յայտնել, որ եռակողմ հանդիպման ժամանակ հնարաւոր կը լինի արդիւնք գրանցել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննութեան մեխանիզմների ստեղծման հարցում: Այդպիսով Սերժ Սարգսեանը պարզորոշ հասկացրել է, որ Երեւանի համար առաջնահերթութիւնը հրադադարի ռեժիմի պահպանումն է, նոր միայն այդ հիմքի վրայ կարգաւորման բանակցութիւնների վերսկսումը:

Յայտնի չէ, թէ փակ դռների ետեւում ինչ է քննարկուել Պուտին-Սարգսեան եւ Պուտին-Ալիեւի հանդիպումների ընթացքում: Սակայն այն արդիւնքները, որոնք յայտնի դարձան նախագահների եռակողմ հանդիպումից յետոյ, թոյլ են տալիս կատարելու որոշակի ընդհանրացումներ:

Ուշագրաւ է այն հանգամանքը, որ տեւական դադարից յետոյ առաջին անգամ Սարգսեան-Ալիեւ հանդիպումն աւարտւում է համատեղ փաստաթղթի, տուեալ դէպքում՝ յայտարարութեան ընդունմամբ: Նման ելք չէր եղել նոյնիսկ Վիեննայում Մայիսի 16ին կայացած հանդիպման ժամանակ: Ինչպէս յայտնի է՝ ադրբեջանական կողմը Վիեննայում հրաժարուել էր ստորագրել համանախագահների առաջարկած ամփոփիչ յայտարարութիւնը: Սա նշանակում է, որ Պուտինին յաջողուել է գտնել կողմերին բանակցութիւնների տրամադրելու «բանալին» եւ օրինականացնել բանակցութիւնների «մոդերատորի» (միջնորդի-Խմբ.) իր ստանձնած դերը: Այն փաստը, որ կողմերը պայմանաւորուել են կանոնաւոր հանդիպել հէնց եռակողմ ձեւաչափով, թոյլ է տալիս ասելու, որ բանակցային գործընթացի թելերը տեւական ժամանակով գտնուելու են Մոսկուայի ձեռքերում: Սա նշանակում է, որ Մոսկուան անուղղակի պատասխանատուութիւն է ստանձնում նաեւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի ներկայիս ռեժիմի շարունակման համար:

Չնայած դրան՝ Սանկտ Պետերբուրգում պարզ դարձաւ, որ բանակցային գործընթացի «կառավարումը» չի դառնում Ռուսաստանի մենաշնորհը, շարունակելու է գտնուել ԵԱՀԿ ՄԽ եռանախագահութեան ֆորմատում (ձեւաչափի մէջ-Խմբ.)՝ չնայած վերջինիս ազդեցութեան չէզոքացմանն ուղղութեամբ վերջին մէկ ամսուայ ընթացքում Մոսկուայի գործադրած ջանքերին: Դրան նպաստեց նախ ԵԱՀԿի յայտարարութիւնը, թէ սանկտպետերբուրգեան հանդիպման հետ կազմակերպութիւնը որեւէ առնչութիւն չունի՝ դրանով հասկացնելով, որ այդ հանդիպման ենթատեքստը դուրս է վիեննական պայմանաւորուածութիւնների շրջանակից: Երկրորդը, թերեւս, պաշտօնական Երեւանի դիրքորոշումն էր: Պատահական չէր, որ Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսեանը շեշտադրումը կատարեց հէնց հրադադարի ռեժիմի պահպանման առաջնահերթութեան վրայ, իսկ խաղաղ կարգաւորմանը նպաստելու համար նա Պուտինին շնորհակալութիւն յայտնեց ոչ թէ վերջինիս բացառիկ դերակատարութեան համար՝ այլ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների» հետ միասին: Երեւանը դրանով ցոյց տուեց, որ ոգեւորուած չէ գործընթացը ՄԽ ձեւաչափից հանելուն ուղղուած միտումներով: Արդիւնքում արդէն հանդիպման նախօրէին յայտնի դարձաւ, որ դրան մասնակցելու են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Սա ակնյայտ զիջում էր Մոսկուայի կողմից, եւ կարելի է ասել՝ տակտիկական (մարտավարական-Խմբ.) որոշակի յաջողութիւն Հայաստանի համար, քանի որ այդպիսով չէզոքացուեց Վիեննայի արդիւնքները զրոյացնելու միտումները: Եւ սա կարելի է սանկտպետերբուրգեան հանդիպումից հայկական կողմի համար տուեալ պահի ամենաէական ձեռքբերումը համարել:

Սակայն այն հանգամանքը, որ եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաեւ ԼՂ հիմնահարցի կարգաւորմանն առնչուող հարցեր, վկայում է, որ Երեւանին չի յաջողուել խուսափել բանակցութիւններից եւ սահմանափակուել միայն հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների ներդրման խնդրով՝ որպէս բանակցութիւնների վերսկսման նախապայման: Աւելին, չափազանց տարօրինակ է, որ եռակողմ յայտարարութեան մէջ այս առումով շեշտւում է միայն միջազգային դիտորդների թուի աւելացման շուրջ համաձայնութիւնների ձեռքբերման մասին, մինչդեռ Վիեննայում խօսքը գնում էր նաեւ միջադէպերի հետաքննութեան եւ դրանց արձագանքման մեխանիզմների ներդրման մասին: Արդեօք Ադրբեջանին յաջողուե՞լ է օրակարգից հանել այս բաղադրիչը, թէ՞ այն ուղղակի բանակցութիւնների առարկայ չի դարձել, առայժմ յայտնի չէ: Սակայն ինքնին յայտարարութեան մէջ դրա անտեսումը լաւատեսութիւն չի ներշնչում: Տպաւորութիւնն այնպիսին է, որ Ադրբեջանը դրա դիմաց ընդամէնը խոստացել է պահպանել ներկայումս շփման գծում առկայ յարաբերական անդորրը, եթէ բանակցային գործընթացը աւելի ինտենսիւ (թափով զարգացող-Խմբ.) բնոյթ ստանայ:

Ինչեւէ, թէ ինչ իրական արդիւնք կը տայ այս հանդիպումը, պարզ կը դառնայ առաջիկայում՝ առաջին հերթին շփման գծում իրադրութեան դինամիկայից (զարգացումներէն-Խմբ.): Առաջին անգամը չէ, որ կողմերը հրաժեշտ են տալիս ձեռքսեղմումով: 2015թ. Դեկտեմբերին Բեռնում կայացած նախագահների հանդիպումից յետոյ հայկական եւ ադրբեջանական պատուիրակութիւները հրաժեշտ տուեցին՝ շամպայնի բաժակներ բարձրացնելով: Բայց դա չխանգարեց Ադրբեջանին՝ որպէսզի Ապրիլին սանձազերծի լայնածաւալ յարձակում՝ Լեռնային Ղարաբաղի դէմ:

 

«ԵՐԿԻՐ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles