Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Օղակը Սեղմւում Է. Մոսկուան Բացում Է Ղարաբաղեան «Խաղաքարտերը»

Image may be NSFW.
Clik here to view.
0614ring

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ 

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Յունիսի 10ին հաստատել է, որ աշխատանքներ են տարւում Սանկտ Պետերեբուրգում ԼՂ հիմնահարցի կարգաւորման բանակցային գործընթացի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ, ինչպէս նաեւ Սերժ Սարգսեան-Իլհամ Ալիեւ երկկողմ հանդիպում կազմակերպելու ուղղութեամբ: «Մենք չենք բացառում, որ այդպիսի հանդիպումներ կը կայանան: Երբ վերջնականապէս հաստատուի, մենք կը տեղեկացնենք», յաւելել է Պեսկովը:

Դրանից ընդամէնը մէկ օր առաջ ՌԴ ԱԳՆն տեղեկութիւն էր տարածել, թէ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Մոսկուայում Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերի հետ քննարկել է Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի կարգաւորման հարցով եռակողմ գագաթաժողովի նախապատրաստութեանը վերաբերող հարցեր: Կարճ ժամանակ անց եռակողմ հանդիպմանը վերաբերող եւ դրա վայրը բացայայտող տեղեկատուութիւնը հեռացուել էր:

Այն փաստը, որ դրանից ընդամէնը մէկ օր անց արդէն նախագահի մամուլի քարտուղարի մակարդակով հաստատուեց Ռուսաստանի երկրորդ քաղաքում Սարգսեան-Ալիեւ-Պուտին հանդիպման հնարաւորութիւնը, վկայում է, որ Երեւանը եւ Բաքուն առնուազն նախնական մակարդակով տուել են դրան մասնակցութեան իրենց համաձայնութիւնը: Դա նշանակում է, որ գործընթացը հիմա գտնւում է ոչ թէ համաձայնութիւնների ձեռք բերման, այլ նախապատրաստութեան փուլում՝ չնայած այն հանգամանքին, որ թէ՛ Երեւանը եւ թէ Բաքուն խուսափել են հաստատել դրան մասնակցելու իրենց համաձայնութիւնը:

Այս «գաղտնապահութիւնը», պէտք է ենթադրել, կապուած է Երեւանի հետ: Յունիսի 2ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանի հանդիպման վերաբերեալ ՀՀ ԱԳՆի տարածած պաշտօնական հաղորդագրութեան մէջ նշւում էր, որ քննարկուել են հայ-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում միջադէպերի կանխման, արձանագրման եւ հետաքննութեան մեխանիզմների ստեղծմանը վերաբերող հարցեր: Այնտեղ որեւէ խօսք չկար նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպման մասին, ինչից պարզ էր դառնում, որ Երեւանի համար առաջնայինը ոչ թէ այդ հանդիպումն է, այլ հրադադարի ամրապնդման մեխանիզմների ներդրումը, որը ի սկզբանէ հայկական կողմը փորձում էր մատուցել որպէս ԼՂ կարգաւորման բանակցութիւնների վերսկսման նախապայման: Այս իմաստով՝ եթէ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը հրաւիրւում է՝ առանց այդ պայմանների կատարման, ստացւում է, որ հայկական կողմը դրան գնում է տակտիկական կորստով:

Միւս կողմից՝ շեշտադրումը կատարելով նախեւառաջ հրադադարի հաստատման մեխանիզմների տեղակայման վրայ՝ Երեւանը նաեւ փորձում էր որոշակի ժամանակ շահել՝ ամենայն հաւանականութեամբ, 200 մլն. դոլարի վարկային պայմանագրով Ռուսաստանից գնած զինտեխնիկան ձեռք բերելու, Ադրբեջանի հետ խախտուած ռազմական հաւասարակշռութիւնը գոնէ փոքր ինչ վերականգնելու համար՝ հրաշալի հասկանալով, որ սկսուող բանակցութիւնները ցանկացած պահի կարող են դարձեալ մտնել փակուղի, եւ Ադրբեջանը դարձեալ կարող է անցնել ռազմական շանտաժի քաղաքականութեանը: Այս տեսակէտից առաջիկայ հանդիպման նախապատրաստման մասին ռուսական կողմից արուած տեղեկատուական արտահոսքը, ապա՝ դրա պաշտօնական հաստատումը պէտք է համարել Մոսկուայի կողմից Երեւանին մանեւրելու եւ այդ ժամանակը շահելուց զրկելուն ուղղուած քայլ:

Ուշագրաւ է, որ Մոսկուայից արուած այդ արտահոսքին գրեթէ զուգահեռ կամ, թերեւս, ի պատասխան, Հայաստանի ԱԺում առկախուեց ՀՀի եւ ՌԴի միջեւ Հաւաքական անվտանգութեան կովկասեան տարածաշրջանում հակաօդային պաշտպանութեան միաւորուած տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի վաւերացման քն-նարկումն ու քուէարկութիւնը: ԱԺ ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը յայտարարեց, որ վաւերացման համար ժամկէտներ չեն սահմանուել: Չի կարելի բացառել, որ այս որոշումն ուղղակիօրէն կապուած է նախագահների մակարդակով հանդիպումն արագացնելու եւ դրանով Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու ու անհրաժեշտ զինտեխնիկան Հայաստանին մատակարարելու՝ իր պայմանագրային պարտաւորութիւնները չկատարելու՝ Մոսկուայի վարքագծի հետ: Խնդիրն այն է, որ օրեր առաջ ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման պայմանագրի շուրջ ԱԺում ծաւալուած քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանը խոստովանել էր, որ վաւերացումն անհրաժեշտ է Ռուսաստանից գնուած սպառազինութիւնը ստանալու համար: Առնուազն տարօրինակ է թւում, որ, չնայած դրա հրատապութեանը, հայկական կողմը վերջին պահին որոշում է յետաձգել հայ-ռուսական միասնական ՀՕՊի ստեղծման պայմանագրի վաւերացումը, ինչը կարելի է բացատրել միայն Երեւանի եւ Ռուսաստանի միջեւ պայմանաւորուածութիւնների հերթական խախտման հանգամանքով:

Իսկ Հայաստանի՝ նման մտավախութիւններն անտեղի չեն: Խնդիրն այն է, որ Սանկտ Պետերբուրգում սկսուելու է ԼՂ հիմնահարցի կարգաւորման բանակցային գործընթացը՝ գործնականում մադրիդեան մոդիֆիկացուած (ձեւափոխուած-Խմբ.) եւ «կազանեան փաստաթուղ»չ անուանումն ստացած սկզբունքների շուրջ, ըստ որոնց՝ դիտարկւում է նախկին ԼՂԻՄին յարակից շր-ջանների յանձնում Ադրբեջանին եւ ԼՂի կարգավիճակի որոշման յստակեցում: Որ հէնց սա է դրուած սեղանին եւ դրա շուրջ առկայ է ՄԽ համանախագահող բոլոր երեք երկրների միջեւ կոնսենսուս (համաձայնութիւն-Խմբ.), երկու օր առաջ անուղղակի հաստատել է պաշտօնական Վաշինգտոնը: Սարսանգի ջրամբարի վերաբերեալ ադրբեջանցիների կազմակերպած ստորագրահաւաքին ի պատասխան յղուած յայտարարութեամբ Սպիտակ տունը, ըստ panarmenian.net-ի, ԼՂ հակամարտութեան կողմերին կոչ է արել «անյապաղ սկսել բանակցութիւնները Արցախի շուրջ տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու եւ ԼՂ  կարգավիճակի որոշման շուրջ»: Ընդ որում՝ յայտարարութեան մէջ ոչ մի խօսք չկայ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղուած՝ Վիեննայի պայմանաւորուածութիւնները կեանքի կոչելու մասին: Յիշեցնենք, որ օրեր առաջ նաեւ ԵՄն, ի դէմս Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի, եւս յստակ յայտարարել էր, որ քանի դեռ ԵԱՀԿն նախագահող Գերմանիան փորձում է ֆինանսական միջոցներ գտնել շփման գծում ԵԱՀԿ նախագահի յատուկ ներկայացուցչի մոնիթորինգային (մշտադիտարկման-Խմբ.) թիմի ընդլայնման ուղղութեամբ, առանց յետաձգելու պէտք է վերսկսուեն ԼՂ կարգաւորման շուրջ քաղաքական բանակցութիւնները:

Միջազգային հանրութիւնն, այսպիսով, Հայաստանին փորձում է կանգնեցնել բանակցութիւնների՝ հնարաւորինս շուտ վերսկսման եւ ստատուս քուօն (ներկայ վիճակը-Խմբ.) փոխելուն գնալու փաստի առջեւ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles