«ՆԻՈՒԶ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԵՒ ԳԻՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆԻ ՀԵՏ
Կրթութեան եւ գիտութեան նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչեանը վստահեցնում է, որ կրթական համակարգը վարկաբեկող արատաւոր երեւոյթներն իր ուշադրութեան տիրոյթում են, մասնաւորապէս ընտրախախտումներին դպրոցների տնօրէնների եւ ուսուցիչների ակտիւ մասնակցութիւնը: Դաշնակցական նախարարը պայքարելո՞ւ է դրա դէմ, թէ փորձելու է իշխանութեան հետ կիսել կրթական ոլորտի քուէ բերող ռեսուրսը:
«ՆԻՈՒԶ».- Պարոն Մկրտչեան, կրթական համակարգը գրեթէ ամբողջութեամբ կուսակցականացուած է, դպրոցի տնօրէնները, ռեկտորները Հանրապետական կուսակցութիւնից են եւ ներգրաւուած ընտրական գործընթացներում: Բազմիցս գրուել ու բարձրաձայնուել է, որ նրանք կրթական լծակները ծառայեցնում են իշխանութեան օգտին եւ համարւում ձայն բերող ուժ: Դաշնակցական նախարարի դէպքում քուէ բերող ռեսուրսը կիսուելո՞ւ է ՀՀԿի եւ ՀՅԴի միջեւ: Այս հարցի մասին մտածե՞լ էք:
ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Երբ 1998 թուականին առաջին անգամ նախարար դարձայ, «Կրթութեան մասին» օրէնք մենք դեռ չունէինք: Այն ժամանակ ես ասացի, որ մեր երկիրը զարգացնելու այլ շանս, բացի կրթութիւնից չկայ եւ պատկերացնում էք՝ այդ լարուած պայմաններում, երբ խորհրդարանը չէր կարողանում աշխատել, «Կրթութեան մասին» օրէնքն անցաւ առանց «դէմ»ի, երեք ձեռնպահ էր արձանագրուել: Եթէ մենք կարողանանք այնպէս անել, որ կրթական համակարգը չօգտագործուի ընտրական գործընթացներում, իմ կարծիքով, կը շահի կրթութիւնը: Ես յիշում եմ՝ 92 թուականից, ցանկացած իշխանութիւն, որ ձեւաւորւում էր, ու չկար քաղաքական մշակոյթ, հնարաւոր բոլոր լծակները օգտագործւում էին՝ այդ թւում նաեւ կրթական համակարգը՝ որպէս շատ լայն ոլորտ: Մենք պիտի կարողանանք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ կարողանանք կրթական համակարգը չվարկաբեկել: Ինձ համար բացարձակապէս անընդունելի է, որ տնօրէնը կարող է ընտրողների ցուցակներ կազմել ուսուցիչների, ծնողների միջոցով… Այս տարիների ընթացքում շատ ենք ականատես եղել դրան եւ դա 92ից միշտ եղել է: Հիմա, որքան կարողանանք այս խնդիրը կարգաւորել ու խնայել կրթական համակարգը, ես իմ պարտականութիւնները կը համարեմ կատարուած:
«ՆԻՈՒԶ».- Ինչպէ՞ս պէտք է կարգաւորէք:
ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Նախ՝ ես պիտի կոչ անեմ բոլոր քաղաքական ուժերին, պատրաստ եմ աշխատել բոլոր ֆրակցիաների (խումբերու-Խմբ.) հետ, կրթութեան բնագաւառի ցանկացած հիմնահարց, ցանկացած խնդիր քննարկենք, դիմենք, որ կրթական համակարգը լինի բոլորի հոգածութեան առարկան եւ խնայենք այն: Խնայենք մանկապարտէզները, դպրոցները եւ համալսարանները, եւ երկկողմանի խնայենք, քանի որ ե՛ւ ընդդիմութեան, ե՛ւ իշխանութեան մօտ կայ այդ գայթակղութիւնը: Նախկինում իմ տեղակալը եղել է Հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչ, ես՝ Դաշնակցութեան, եւ մենք կարողացել ենք յաջողութեամբ կրթական համակարգը զերծ պահել ձեր ասած խնդիրներից, որոնք իսկապէս անընդունելի են: Խօսքը նրա մասին չէ, որ մարդիկ չպէտք է իրենց քաղաքական համոզմունքների համաձայն քուէարկեն կամ աշխատեն, բայց այդ աշխատանքը չպէտք է լինի իրենց պաշտօնական լծակի չարաշահման ձեւով: Սա է խնդիրը: Այսինքն՝ ես կարող եմ քուէարկել, բայց իրաւունք չունեմ պարտադրել, որ քուէարկեն այնպէս, ինչպէս ես եմ ցանկանում:
«ՆԻՈՒԶ».- Սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէից յետոյ համացանցում հրապարակուեցին տնօրէնների, ուսուցիչների լուսանկարներ, որոնք այս կամ այն ընտրախախտումներին անմիջապէս մասնակից էին: Սա չի՞ վարկաբեկում դպրոցը:
ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Այո, այդ երեւոյթը նոր չէ եւ մեզ ուղեկցում է մեր անկախութեան ամբողջ շրջանում: Այսինքն, մենք ունեցել ենք մարդիկ, որոնք ուղղակի ժամանակին փողոց են շպրտուել միայն այն բանի համար, որ ունեցել են այս կամ այն կուսակցական պատկանելութիւնը:
«ՆԻՈՒԶ».- Պարոն նախարար, մենք խօսում ենք վերջին դէպքերից, դուք՝ անընդհատ յղում անում հին դէպքերին… Ձեր նշանակուելուց երեք ամիս առաջ է ընդամէնը արձանագրուել նշածս օրինակը, դրա դէմ դուք ինչպէ՞ս էք պայքարելու:
ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Որովհետեւ դա նոյն խնդիրն է, ինչպէ՞ս էք պատկերացնում՝ փայտիկով պիտի հարուածենք, եւ այդ խնդիրը լուծուի՞, ես երբեք նման խոստումներ չեմ տայ: Մենք պիտի աստիճանաբար ստեղծենք մթնոլորտ, որ խնայուեն կրթական հաստատութիւնները:
«ՆԻՈՒԶ».- Ինչո՞ւ նշուած խնդիրները մինչեւ հիմա չեն լուծուել, ի՞նչն է խոչընդոտում դրանց լուծմանը, ձեր կարծիքով…
ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Եթէ տարիներ հետ նայէք, կը տեսնէք, որ որոշակիօրէն առաջընթաց կայ, ամէն դէպքում, օրինակ քաղաքացիական հասարակութեան կայացումը, որն ազդեցութիւն ունենում է…
«ՆԻՈՒԶ».- Քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչները «Ֆէյսբուք» սոցիալական ցանցում տարածում էին ընտրախախտումներին մասնակից տնօրէնների, ուսուցիչների լուսանկարները՝ հանրային պարսաւանքի ենթարկելով նրանց, այս առումով առաջընթաց նկատւում է…
ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Այո՛, պիտի քաղաքացիական հասարակութիւնը ակտիւանայ, իրավիճակը կամաց-կամաց փոխուի…
«ՆԻՈՒԶ».- Այսինքն՝ նշուած արատաւոր երեւոյթների դէմ կրթութեան նախարա՞րը, թէ քաղաքացիական հասարակութիւնը պէտք է պայքարի:
ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Բնականաբար, նախարարը պարտաւոր է կանխել, եթէ այդպիսի երեւոյթներ ու դէպքեր լինեն, իր քաղաքական յայտարարութիւններով յստակ կ՛աջակցի նախարարը, բայց քաղաքացիական հասարակութիւնն էլ ստեղծուած է նրա համար, որ այդ հիմնախնդիրը բարձրացնի:
«ՆԻՈՒԶ».- Պարոն Մկրտչեան, վստահեցնո՞ւմ էք, որ Դաշնակցութիւնը ոչ թէ Հանրապետականի հետ կը կիսի տնօրէն-ուսուցիչ ձայն բերող ռեսուրսը, այլ կը պայքարի երեւոյթի դէմ:
ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Ամբողջ խնդիրն այն է, որ ուսուցիչներին կիսում է ոչ միայն իշխանութիւնը, այլ բոլորը: Ով չի ալարում մեր երկրում ուսուցիչների վրայ աշխատում է, ոչ թէ գաղափարախօսական մեթոդներով, այլ նրանց լծակներն օգտագործելով:
«ՆԻՈՒԶ».- Բայց փաստ է, որ իշխանութեան օգտին են առայժմ միայն օգտագործուել:
ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Իշխանութեան օգտին, եղել են դէպքեր՝ նաեւ միւսների օգտին:
«ՆԻՈՒԶ».- Հնարաւոր չէ՞ ուղղակի որոշում ընդունել եւ նրանց զերծ պահել ընտրական գործընթացներից:
ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Ինչպէ՞ս էք պատկերացնում, ինչպէ՞ս պէտք է լինի…
«ՆԻՈՒԶ».- Օրինակ, ուսուցիչներն ուղղակի չլինեն այդ յանձնաժողովներում:
ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Իսկ ո՞վ պէտք է լինի:
«ՆԻՈՒԶ».- Կուսակցութիւնների այլ ներկայացուցիչներ…
ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ.- Դուք նայում էք Երեւանի կտրուածքո՞վ, թէ մարզային: Ընտրական գործընթացները մտաւորականներն են անում, ընտրական գործընթացներում եթէ մտաւորականութիւնը ակտիւ դիրքորոշում չունեցաւ… Ընտրութիւնների ժամանակ երկկողմանի է, ե՛ւ ընդդիմութեան, ե՛ւ իշխանութեան մէջ քանի՞ տոկոս են կազմում ուսուցիչները, դէ եկէք ասենք՝ ընդդիմութեան մէջ էլ թող չլինեն:
Եթէ որեւէ ուսուցիչ, տնօրէն իր քաղաքական հայեացքների համար կ՛ենթարկուի հետապնդման, ես իբրեւ կրթութեան նախարար՝ կը կատարեմ իմ պարտականութիւնը, այն է՝ թոյլ չտալ, որպէսզի մարդը, պրոֆեսիոնալ գործունէութեան հետ չառնչուող համոզմունքների համար պատժուի պրոֆեսիոնալ դաշտում: