Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Եթէ Հարկ Լինի…

$
0
0

ARF logo 6.ai

ՄԻԳԱՆՈՒՇ ՄԵԼՔՈՆԵԱՆ

 

125 տարի:

125 տարի շաղախուած հազարաւոր նուիրեալների արեամբ ու անմնացորդ նուիրումով:

125 տարուայ սխրանք անդադար, անտրտունջք, անշնորհակալ ու յաճախ անյոյս:

125 տարի շարունակ լողալ ալեկոծ ծովի վրայ, ընդդէմ հոսանքների, փրփրադէզ ալեաց մէջը, առանց խաղաղ ափի հեռանկարի:

Ահա սա՛ է պատմութիւնը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան: Այն կազմակերպութեանը, որ ծնունդ առաւ հայ ժողովրդի տանջանքներից ու տառապանքից. այն կուսակցութեանը, որն առաջնորդեց մայր ժողովրդին դէպի ազգային-ազատագրական պայքար, դէպի ինքնապաշտպանութիւն, դէպի զէնքը ձեռքին ապստամբութիւն ընդդէմ ամէն տեսակ բռնակալի:

1890ին ծնուեց Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մոխիրներից վեր հառնող փիւնիկի նման: Հայկեան նետից սլացքն առած, Լուսաւորչից հաւատքի ու տոկունութեան դասերը սերտած, Մաշտոցի հանճարեղ մտային թռիչքը ժառանգած ու Աւարայրների Արեան աւազաններում մկրտուած մեր փիւնիկը: Սակայն պէտք էր նաեւ պատրաստել ժողովրդի լայն զանգուածները, որպէսզի հաւատան այս նոր առաջնորդին եւ հետեւեն նրան: Ժողովուրդ, ում հոգուն դեռ տիրում էր վախը, ստրկամտութիւնը, խաւարը: Ուրեմն նախ պէտք էր հնչեցնել շեփորները, լուսաւորել մտքերը, արթնացնել խորը թմբիրից բթացած մտքերը եւ վաղուց ի վեր զէնք չտեսած հայ գիւղացուն սուր-զէնք տրամադրել: Պետք էր սեփական օրինակով ցոյց տալ, թէ բաւ է այլեւս լռել, գլուխ ծռել թշնամու առջեւ, ով իր օրհասական սուրն էր դրել մեր կրծքին: Փաստել, թէ մեր քրտինքի ու արեան վաստակը ծծող տզրուկների՝ թուրքի ու քիւրտի դէմ պայքարելու եւ յաղթելու միակ միջոցը ապստամբութիւնն է ու ինքնապաշտպանութիւնը:

Զարթօնքի տարիներին հայ գրականութեան էջերում արդէն ձեւաւորուել էր հայ ազատատենչ մարտիկի կերպարը, իսկ ահա 1890ականներին Րաֆֆու երեւակայական կերպարները կարծես վեր էին յառնել հայոց լեռներում, մարմնացել, միս ու արիւնով իրականութեան էին վերածուել: Եարի փոխան զէնքը գրկած նրանք առանց ի վիճակ, կամաւոր կերպով, թողել էին տուն ու տեղ եւ ստեղծել այն փաղանգը, ում սարսափը տարածւում է ամէն կողմ: Նրանց ամէնօրեայ սխրագործութիւններից հայոց սրտերը ժայթքում էին հպարտութեամբ, իսկ թշնամիները լցւում էին նոր յարգանքով ու երկիւղածութեամբ: Վրէժխնդիր քաջ ֆեդայու համբաւը, ով խենթաբար անտեսում էր մահը ու քրքջում նրա երեսին, նրա հերոսական փառքը, տարածւում էր ամէն կողմ ու լուսաւորում նոյնիսկ գալիք սերնդների ուղին, որպէս անմար ուժի աղբիւր, որին պիտի երթային (ու տակաւին պետք է երթան) մեր գալիք մարտիկները, գալիք հերոսները, գալիք ղեկավարներն ու շարքայինները՝ սրբագրուելու, ճիշդը սխալից զանազանելու եւ ազգին ծառայելու շիտակ ուղին գտնելու համար:

Սրի եւ հրի սեւ օրերին կեանքի իրաւունք է նուաճում նա, ով ատակ է պայքարի ու դիմում է ինքնապաշտպանութեան եւ այդ ճանապարհին պատրաստ է զոհաբերելու ամէն ինչ, անգամ սեփական կեանքը: ՀՅԴ գաղափարի ու կազմակերպութեան շուրջ բոլորուած հայ ֆեդայիները, Բանք Օթոմանի գրաւման կազմակերպիչները, Սասնոյ, Մուշի, Վանի, Ուրֆայի ու Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանական ջոկատները,1918 թուի Մայիսին Սարդարապատի, Բաշ-Աբարանի ու Ղարաքիլիսայի ճակատներում թրքական յառաջացող արիւնարբու բանակներին յաղթանակած եւ անկախութիւն կերտած մեր մարտիկները, Փետրուարեան ապստամբութեան հերոսները, Նեմեսիս վրիժառու բազուկի ահաբեկիչները, Հայկական Ցեղասպանութեան Արդարութեան մարտիկները, Հայ Յեղափոխական Բանակը, Ղարաբաղեան ազատագրական շարժման մասնակից մեր ազատամարտիկները՝ բոլորովին տարբեր պայմաններում ու ժամանակահատուածներում, այս կամ այն մայրցամաքի վրայ, Օսմանական, Ցարական, Սովետական թէ Գլասնոստի օրերին՝ նո՛յն այդ շաղախով, հայրենիքի ազատութեան համար սեփական կեանքը ազատութեան զոհասեղանին դնելու պատրաստակամութեամբ էին զինուած: Նրանք տոգորուած էին վեհ գաղափարի համար անգամ նահատակութեան գնալու վճռակամութեամբ եւ դրա դէմ անզօր գտնուեցին բոլոր ժամանակների, բոլոր թշնամիների սադրանքներն ու վայրագութիւնները:

Այո՛, դժուար եղաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 125ամեայ ճամբան, փրփրադէզ էին ալիքներն ու մինչեւ այսօր հեռու է այնքան վարդահեղեղ արշալոյսը, սակայն ՀՅԴ զինանշանի ու սուրբ դրօշի տակ քայլող  մարդիկ, ուր էլ որ լինեն նրանք, Երեւանի փողոցներում թէ հայրենիքի սահմանի խրամատներում, Լոս Անջելեսում թէ Փարիզում, Ախալցխայում թէ Մոսկուայում, հետապնդում են նո՛յն գաղափարը, նրանց իրար է կապում նո՛յն հաւատքը, մեր ժողովրդին ծառայելու շահագրգռութիւնը: Նրանցից որեւէ մէկը չի կարող ձեռնածալ մնալ եւ պատմութեանը միայն ականատես լինել: Նրանք գիտակցում են իրենց ուժի ահագնութիւնը եւ որոշել են այն ի սպաս դնել մեր ժողովրդին: Նրանց գաղափարի զինուոր են կոչում: Նրանց հողին են յանձնում «Ազատութիւն կամ Մահ» նշանաբանը կրող կարմիր դրօշի ներքոյ ու նրանք պատրաստ են ու աւելի՛ն իրենց կամաւոր երդումով յանձնառու են, երբ հարկը լինի պատրաստ լինել նահատակութեան:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան նպատակը տկարութիւն չի ճանաչում, իսկ դրա վկան մեր հին ու նոր մարտիկների ու նահատակների հսկայ փաղանգն է, որ անմար կողմնացոյցի պէս բոլոր ժամանակներում վառ կը պահի Դաշնակցութեան գոյապատճառը:

====================================================================

Դաշնակցականի Երդումը

 «Կերդնո՛ւմ պատուոյս եւ հայրենիքիս վրայ՝ միշտ հաւատարիմ մնալ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ծրագրին, կանոնագրին ու որոշումներուն եւ բոլոր ուժերովս, իսկ եթէ հարկ ըլլայ՝ նաեւ կեանքիս գնով, ծառայել Հայաստանի եւ հայութեան ազատագրութեան դատին»:

=====================================================================

 

 

 

 

 

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles