Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Վալերի Բուայէն Բացայայտել է Իր Կապը Հայաստանի Հետ

$
0
0

Զրուցեց՝ ԱՐՈՒՍԻԿ ԶԱԽԱՐԵԱՆԸ
Թարգմ.՝ ՍԻՒՆԷ ԲԱՐՍԵՂԵԱՆԸ

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայէն Հայոց Ցեղասպանութեան հարցին համամարդկային նշանակութիւն է վերագրում:
«Արմէնպրէս»ի հետ զրոյցում Վալերի Բուայէն ընդգծեց, որ դա միայն հայկական խնդիր չէ, այլ վերաբերում է բոլորին: «Հաշուի առնելով, որ Ֆրանսիան քրիստոնէական եկեղեցու աւագ դուստր է եւ մարդու իրաւունքների երկիր, կարծում եմ, բնական է, որ ես հետաքրքրուած եմ հայկական խնդրով: Դա միայն հայ համայնքին վերաբերող խնդիր չէ, այլ մարդու իրաւունքների յարգման», շեշտեց նա:
Շատերին է վստահաբար հետաքրքրում, թէ ինչն է կապում Բուայէին հայ ժողովրդի եւ Հայոց Ցեղասպանութեան հարցի հետ: «Արմէնպրէս»ի այս մասին հարցին ի պատասխան՝ Բուայէն նշեց, որ դա շատ անձնական դրդապատճառներ ունի, այնուամենայնիւ, որոշակի փակագծեր բացեց:
«Պատճառն այն է, որ իմ ծնողները Ֆրանսիա են եկել Հիւսիսային Աֆրիկայից, ինչպէս հայերը՝ Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով: Միւս կողմից նաեւ այն պատճառով, որ Հայաստանն առաջին քրիստոնեայ պետութիւնն է, իսկ Ֆրանսիան՝ քրիստոնէական եկեղեցու աւագ դուստրերից», ասաց նա:
Բուայէն առաջին անգամ Հայկական Սփիւռքի միջոցով է ծանօթացել հայոց պատմութեանը եւ սկսել հետաքրքրուել Հայաստանով: «Մարսէյը հայկական մեծ համայնք ունի, իսկ ես ընտրուել եմ հէնց այդ քաղաքից, ուստի ծանօթ եմ հայկական խնդրին», յիշեցրեց նա:
Վալերի Բուայէն նշեց, որ չնայած Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը կրկին մերժուել է, սակայն Եւրախորհրդարանի պատգամաւորների հետ միասին իրենք պատրաստւում են ստեղծել մէկ այլ շրջանակ եւ իրենց ջանքերը կ՛ուղղեն հարցը կրկին բարձրացնելուն: Ֆրանսիայի ԱԺ պատգամաւորը յիշեցրեց, որ բանաձեւը քուէարկութեան է դրուել Ֆրանսիական խորհրդարանում, ապա յանձնուել իրաւաբաններին՝ հաստատելու դրա սահմանադրական լինելը:
«Ես կարծում եմ, որ այն ամբողջովին սահմանադրական էր, սակայն Սահմանադրական խորհուրդը բանաձեւն այդպիսին չհամարեց: Այնուամենայնիւ, երբ կարդում ենք խորհրդի ներկայացրած պատասխանը, այն իրականում չի պատասխանում բանաձեւի սահմանադրական լինել-չլինելու հարցին: Ֆրանսիայում Սահմանադրական խորհրդի որոշումը վիճարկման կամ բողոքարկման չի ենթարկւում, քանզի այն իրաւական ամենաբարձր ատեանն է: Եթէ Սահմանադրական խորհրդի քննարկմանը չյանձնուէր բանաձեւը, այն արդէն հաստատուած եւ կիրառուելիս կը լինէր», ասաց նա՝ յաւելելով, որ այժմ խնդիրն աւելի շատ առնչւում է կամք դրսեւորելուն, քան իրաւական խնդիրներին:
«Մենք պէտք է մեծ ցանկութիւն եւ կամք ցուցաբերենք, ինչպէս ժամանակին Նիկոլա Սարկոզին արեց: Դուք եւս պէտք է շատ ուժեղ լինէք ձեր երկրի ներսում, նաեւ ուժեղ լինէք երկրի սահմաններից դուրս, որպէսզի կարողանաք պայքարել արտաքին միջամտութեան դէմ», ասաց Վալերի Բուայէն:
ԱԺ պատգամաւորը յիշեցրեց, որ 2012 թուականի Ապրիլի 24ին Ֆրանսուա Հոլանդը Նիկոլա Սարկոզիի հետ միասին խոստացել է, որ այսօր‘ 2013ի Ապրիլի 24ին, բանաձեւը կ՛ընդունուի, սակայն ցաւով արձանագրեց, որ դեռեւս չկան նորութիւններ: «Ես բաւականին անհանգստացած եմ, քանզի քաղաքական իրավիճակը Ֆրանսիայում բաւականին յեղյեղուկ է՝ ոչ կայուն: Ֆրանսիական հասարակութիւնը գնալով պառակտւում է: Սակայն ես դեռ հաւատով եւ կամքով եմ տոգորուած», ասաց նա: Նրա բնորոշմամբ՝ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող բանաձեւը համամարդկային նշանակութիւն ունի:
Ապրիլի 23ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայէի հետ, ով նաեւ Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագծի հեղինակն է: Վալերի Բուայէն առաւօտեան այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր՝ յարգելու 1915 թուականին թուրքական եաթաղանին զոհ գնացած հայորդիների յիշատակը:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles