ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
«Ինտերֆաքս» գործակալութիւնը, վկայակոչելով Ռուսաստանի իրաւական տեղեկատուի կայքը, հրապարակել է նախորդ տարի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրուած՝ ռազմատեխնիկայի մատակարարման վերաբերեալ վարկային համաձայնագրի մանրամասները: Ըստ դրա՝ մինչեւ 10 տարի ժամկէտով տրուող՝ 200 մլն. դոլարի վարկի շրջանակներում Հայաստանը մինչեւ 2018թ. ձեռք է բերում «Սմերթ» համազարկային կրակի ռէակտիւ համակարգ եւ դրա համար անհրաժեշտ զինամթերք, «Իգլա-Ս» դիւրակիր ԶՀՀ, թռչող սարքերի պասիւ տեղորոշման «Աւտոբազա-Մ» համալիր, «Սոլնցեպէոկ» ծանր հրանետային համալիր, «Տիգր» զրահամեքենաներ, «Կոնկուրս» հակատանկային կառավարուող հրթիռներ, ՌՊԳ -26 նռնականետներ, «Դրագունով» դիպուկահարային զէնք, ինժեներային եւ կապի միջոցներ:
Պարզ է, որ այդ վարկով ձեռք է բերւում ոչ թէ ռազմավարական նշանակութեան «Իսկանդեր-Մ» հրթիռային կայանք, ինչպէս տեղեկացւում էր ոչ պաշտօնական խողովակներով, այլ մարտական ակտիւ գործողութիւնների ժամանակ կիրառուող յարձակողական եւ պաշտպանողական բնոյթի ժամանակակից զինտեխնիկա: Շեշտը դրուել է ոչ թէ հակառակորդին հեռահար հարուածներ հասցնելու պոտենցիալի մեծացման վրայ, այլ ռազմաճակատային պայմաններում աւելի ինտենսիւ յարձակողական եւ պաշտպանական գործողութիւններ իրականացնելու:
2010-11թթ. սկսած՝ Ռուսաստանի հետ իրականացուած մօտ 5 մլրդ. դոլարի գործարքի միջոցով Ադրբեջանը հետեւողականօրէն մեծացնում է իր արսենալը (զինարան-Խմբ.) հէնց այս տիպի յարձակողական տեխնիկայով: Հայկական կողմի խնդիրը եղել է գոնէ մասամբ այս հարթութիւնում ուժերի բալանսը վերականգնելը: Ինչ վերաբերում է «Իսկանդեր-Մ»ի ձեռք բերման շուրջ խորհրդաւորութեանը, ապա դա, թերեւս, հետապնդում էր հակառակորդին մեր իրական պոտենցիալի վերաբերեալ անորոշ վիճակում հնարաւորինս երկար պահելու նպատակ:
Հետաքրքրականն այստեղ ոչ թէ հայկական կողմի ձեռքբերումների բացայայտումն էր, այլ դրա համընկնումը ռուս-թուրքական առճակատման նոր, աւելի վտանգաւոր մակարդակ տեղափոխուելու հետ: Օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն Կիեւում, Մոսկուային մեղադրելով Սիրիայի, Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականութիւնը խախտելու մէջ, յայտարարեց, թէ Ռուսաստանն ու Հայաստանը վտանգ են ներկայացնում Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան համար, քանի որ Մոսկուան ակնյայտ աջակցութիւն է ցուցաբերում Երեւանին: Ի հարկէ, «տարօրինակ» է, որ այդ աջակցութիւնն Անկարայում չէին նկատում մինչեւ ՌԴի հետ իրենց յարաբերութիւնների վատացումը: Սակայն Դաւութօղլուի ակնարկների թիրախը բոլորովին այլ էր՝ ցոյց տալ, որ ԼՂ հիմնահարցի սրումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողութիւնների վերսկսումը հնարաւոր է, եւ դրա պատասխանատուութիւնը կրելու է Ռուսաստանը: Այս ուղերձը Մոսկուայում շատ լաւ հասկացան: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց, թէ Ռուսաստանը եւ Ադրբեջանը փոխադարձ յարգանքի վրայ հիմնուած բարեկամական, գործընկերային յարաբերութիւններ են կառուցում, եւ Թուրքիային չի յաջողուի իրենց միջեւ սեպ խրել: Այս «փոխհրաձգութեանը» յաջորդեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուի խորհրդաւոր այցը Բաքու, ով Ադրբեջան մեկնեց նախագահ Ռեջեփ Էրդողանի փոխարէն: Վերջինս Անկարայում կատարուած ահաբեկչութեան պատճառով յետաձգել էր Ադրբեջան կատարելիք իր այցը: Թէ կոնկրետ ինչի՞ շուրջ էին ընթացել բանակցութիւնները Չաւուշօղլուի եւ Ադրբեջանի իշխանութիւնների միջեւ, յայտնի չէ, սակայն ինքնին փաստը, որ անգամ Անկարայում 26 զինուորական օդաչուի կեանք խլած ահաբեկչութիւնից յետոյ Թուրքիայի արտգործնախարարը գործուղւում է Բաքու, վկայում է Ադրբեջանի հետ ինչ որ հարցերում համաձայնութիւնների հասնելու՝ Անկարայի հետեւողականութեան ու շտապողականութեան մասին:
Եւ ահա այս իրադարձութիւնների ֆոնին ագրեսիւ տոնայնութեամբ յայտարարութիւններ են հնչում Երեւանից: ՀՀ պաշտպանութեան փոխնախարար Դաւիթ Տոնոյեանը 16-17ին Վիեննայում կայացած՝ «Ռազմական դոկտրինալ (վարդապետական-Խմբ.) մօտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարի ընթացքում յայտարարել է, թէ ՀՀ անվտանգութեան ապահովման նպատակներին հասնելու համար եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան հովանու ներքոյ իրականացուող բանակցային գործընթացի համար նպաստաւոր պայմաններ ձեւաւորելու նպատակադրմամբ Հայաստանը գործի է դնելու «Սանձահարման-Զսպման համակարգը» (Deterrence system)՝ առկայ զինուած դիմակայութիւնը նուազեցնելու համար: «Սանձահարում-զսպումը» մեր դոկտրինալ մօտեցումներում դուրս է մղում «Ստատիկ պաշտպանութեան» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկուել որպէս անբաւարար հզօրութեան վկայութիւն: Իրականում՝ 25 տարուայ պաշտպանողական կեցուածքը մեզ տուեց ոչ աւելի, քան գնալով քաջալերուող սադրիչ գործողութիւններ», ասել է Տոնոյեանը:
Ի հարկէ, հայկական զինուած ուժերը նոր չէ, որ անցել են հակառակորդին սանձահարելու կամ զսպելու մարտավարութեանը: Սակայն Ռուսաստանից նոր յարձակողական զինտեխնիկայի ձեռք բերման, Ադրբեջանին ռուս-թուրքական դիմակայութեան մէջ ներքաշելու եւ ԼՂ խաղաթուղթը խաղարկելու՝ Անկարայի ակնյայտ յաւակնութիւնների ֆոնին դրա մասին Եւրոպայում յստակ յայտարարելը ձեռք է բերում բացարձակապէս այլ երանգաւորում: Երեւանից հնչող այս «մեսիջ»ի ենթատեքստն այն է, որ ստեղծուած իրավիճակից կարող է նոյնիսկ ոչ թէ Ադրբեջանն օգտուել, որն իրականում գտնւում է ռուս-թուրքական առճակատման պատանդի կարգավիճակում, այլ հայկական կողմը՝ նոր ստատուս քուօ (վիճակ-Խմբ.) պարտադրելու համար կամ ստիպելու Բաքուին՝ աւելի կառուցողական լինել ԼՂ բանակցութիւններում: Այն փաստը, որ փոխնախարարի յայտարարութիւնը հնչում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, նախորդ տարուայ համեմատ, զգալի կայուն իրադրութեան պայմաններում, չի բացառում, որ նպատակներից մէկը նաեւ այս իրավիճակի պահպանումը Բաքուին պարտադրելն է:
Միւս կողմից՝ Հայաստանի հետ գործարքի մանրամասների հրապարակումը եւ ՀՀ ՊՆից հնչած յայտարարութիւնը պէտք է ընկալել նաեւ Ռուսաստանի կողմից Բաքուին ուղղուած նախազգուշացում՝ չտրուել Անկարայի ամբիցիաներին (տենչերուն-Խմբ.) ԼՂ գօտում եւ ձեռնպահ մնալ քիթը սիրիական հարցի մէջ խոթելուց, ի դէպ, այդ ուղղութեամբ նախանշաններ Բաքուն արդէն իսկ դրսեւորում է: