ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանն այսօր անակնկալ այցելել է Ազգային ժողով եւ փակ հանդիպում անցկացրել ԱԺ արտաքին յարաբերութիւնների, պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի յանձնաժողովների անդամների, ինչպէս նաեւ ԵԽԽՎում հայկական պատուիրակութեան ներկայացուցիչների հետ: Հանդիպումից յետոյ Նալբանդեանը չի մանրամասնել, թէ ինչով է պայմանաւորուած այս պահին նման փակ հանդիպում անցկացնելու անհրաժեշտութիւնը: Եւ, չնայած դրան, որոշ հանգամանքներ թոյլ են տալիս ենթադրելու, որ խօսքը վերաբերում է Ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորմանը: Աւելին՝ ԱԺում անցկացուած այս հանդիպումը ամրապնդում է կասկածները, որ ԼՂ հիմնահարցի շուրջ ինչ որ տարօրինակ եւ, չի բացառւում, վճռորոշ կուլիսային (ծածուկ-Խմբ.) գործընթացներ են տեղի ունենում, որոնք փաստացի սկսուեցին նախորդ շաբաթ ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի՝ Հայաստան կատարած այցից յետոյ: Դրա մասին է խօսում իրադարձութիւնների ժամանակագրութիւնը:
Լաւրովը դեռ չէր հասցրել Հայաստանից հեռանալու, երբ թէ՛ հայկական, թէ՛ ռուսական լրատուամիջոցները, յղում կատարելով անանուն աղբիւրների, նշեցին, թէ քննարկւում է նախկին ԼՂԻՄին յարակից, ներկայիս ԼՂՀի մաս կազմող առնուազն 5 շրջաններ Ադրբեջանին յանձնելու եւ ԼՂին միջանկեալ կարգավիճակ տալու տարբերակը: Դրանից յետոյ տեղի է ունենում ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի՝ աննախադէպ օրակարգով եւ ուղերձներով յագեցած այցը Մոսկուա, որտեղ նա յայտարարում է, առանց ԼՂՀի՝ բանակցութիւններին լիարժէք մասնակցութեան, կոնֆլիկտի (հակամարտութեան-Խմբ.) կարգաւորման անհնարինութեան մասին: Թէեւ Սահակեանը Մոսկուայում պաշտօնական հանդիպումներ չունեցաւ, սակայն նրան ասուլիս կազմակերպելու հնարաւորութիւն տրուեց Կրեմլին մերձ լրատուական գործակալութիւնում, ինչը ԼՂՀի սուվերենութիւնը իւրատեսակ ձեւով եթէ չճանաչելու, ապա գոնէ ընդգծելու դրսեւորում էր:
Այդ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ æէյմս Ուորլիքը սոցիալական ցանցերի միջոցով յայտնեց, որ համանախագահները մեկնում են Նիւ Եորք՝ ՄԱԿի կենտրոնակայան, եւ Վաշինգտոն՝ ԼՂ հարցով խորհրդակցութիւններ անցկացնելու՝ առանց բացատրելու, թէ ինչո՞վ է պայմանաւորուած դրանք յատկապէս ՄԱԿում անցկացնելու անհրաժեշտութիւնը, երբ ՄԱԿը ԼՂ հարցով զբաղուելու մանդատ չունի:
Բացի դրանից՝ Բակօ Սահակեանի մոսկովեան այցի աւարտից յետոյ ԼՂՀ արտգործնախարար Կարէն Միրզոյեանը կանգ է առնում Երեւանում եւ գրեթէ աննկատ այցելում Հայաստանի խորհրդարան, որի մասին որեւէ պաշտօնական հաղորդագրութիւն չի արւում: Իսկ մինչ այդ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը հանդիպում էր անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի եւրոպական եւ եւրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի հետ՝ օրակարգում քննարկելով ԼՂ հիմնահարցը:
Դրա նախօրէին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարութեան ներկայացուցիչը փաստացի ո՛չ հերքում եւ ոչ էլ հաստատում է այն տեղեկատուութիւնը, թէ բանակցութիւններում քննարկւում է Ադրբեջանին տարածքներ յանձնելու հնարաւորութիւնը՝ նշելով միայն, թէ ԱՄՆը պաշտպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանութիւնների ու Մինսկի խմբի միջեւ ընթացող ներկայիս գործընթացը: Թէ բանակցութիւնների բացակայութեան պայմաններում ի՛նչ գործընթաց նկատի ունէր Բրինքը, որոշ չափով բացայայտեց ՄԽ ամերիկացի համանախագահ æէյմս Ուորլիքը, ով օրերս յայտարարեց, թէ ուրախ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են քննարկելու հակամարտութեան կարգաւորման մանրամասները: Այս յայտարարութիւնն առաւել քան տարօրինակ էր, եթէ նկատի ունենանք, որ մինչ այդ համանախագահներն առաջընթաց էին որակում նոյնիսկ խաղաղութեան պահպանման համար անհրաժեշտ քայլերի շուրջ կողմերի քննարկումները:
Եւ ահա այս ամէն ֆոնին երէկ՝ Հայաստանի իշխող կուսակցութեան՝ ՀՀԿի գործադիր մարմնի հերթական նիստից յետոյ, ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը լրիւ անակնկալ յայտարարեց, թէ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը տեղի կ՛ունենայ Դեկտեմբերին՝ մինչեւ սահմանադրական հանրաքուէի անցկացումը, այսինքն՝ մինչեւ Դեկտեմբերի 6ը: Սա այն դէպքում, երբ մինչ այդ խօսւում էր այդ հանդիպումը միայն հանրաքուէից յետոյ անցկացնելու մասին:
Չափազանց տարօրինակ է նաեւ վերջին շրջանում Բաքուի պահուածքը: Նախ՝ պաշտօնական Բաքուն, սովորութեան համաձայն, հիստերիա չբարձրացրեց ԼՂՀ նախագահի՝ Մոսկուա կատարած այցի եւ նրան այնտեղ ցուցաբերուած աննախադէպ վերաբերմունքի կապակցութեամբ: Աւելին՝ ադրբեջանական իշխանութիւնները Նոյեմբերի 12ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի միջնորդութեամբ, Հայաստանին վերադարձրին սահմանը պատահաբար անցած՝ Տաւուշի մարզի Կոթի գիւղի 76ամեայ բնակչուհի Լուսինէ Աբովեանին, իսկ Նոյեմբերի 18ին՝ նաեւ ամիսներ առաջ ինքնակամ ադրբեջանական կողմն անցած՝ ԼՂՀ ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորեանին:
Բացի դրանից՝ վերջին շաբաթներին Ադրբեջանն իրեն ոչ բնորոշ խաղաղասիրութիւն է դրսեւորում նաեւ հակամարտ զօրքերի շփման գծում՝ աստիճանաբար նուազեցնելով հայկական դիրքերի գնդակոծման ինտենսիւութիւնը (ուժգնութիւնը-Խմբ.): Սա բացարձակապէս չի տեղաւորւում ԼՂ հարցով բանակցութիւնների ցանկացած ռաունդին (խաղամի-ջոցին-Խմբ.) ընդառաջ իրավիճակը լարելու՝ Բաքուի մարտավարութեան մէջ՝ թոյլ տալով եզրակացնել, որ այս տարօրինակ վարքագիծը պայմանաւորուած է սպասողականութեամբ:
Այս համատեքստում նկատելի հանդարտութիւն է ցուցաբերում նաեւ հայկական կողմը: Օրեր առաջ, երբ Արցախում հակառակորդի կրակոցներից երկու ժամկետային զինծառայողներ զոհուեցին, ո՛չ Երեւանից, ո՛չ էլ Ստեփանակերտից համարժէք պատասխան չեղաւ: Դժուար է հաւատալ, որ այս հանգամանքների՝ նման տարօրիակ դասաւորութիւնը պատահական համընկնման արդիւնք է, եւ որ այս ամէնի ֆոնին Էդվարդ Նալբանդեանը պարզապէս հերթապահ հարցեր քննարկելու համար էր շտապել ԱԺ: Չի բացառւում, որ իսկապէս բեկումնային իրադարձութիւններ են տեղի ունենում թէ՛ մերձաւորարեւելեան տարածաշրջանում առկայ քաղաքական իրավիճակի եւ թէ Ադրբեջանին ԵՏՄ քաշելու՝ Ռուսաստանի հետեւողական քաղաքականութեան համատեքստում: Սակայն թէ կոնկրետ ի՛նչ կուլիսային պրոցեսներ կարող են ընթանալ, կարելի է միայն ենթադրել: Այս հարցին, ի հարկէ, դեռ կ՛անդրադառնանք:
«ԵՐԿԻՐ»