Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Հայաստանին Արտօնում Են Պատժել Ադրբեջանին

$
0
0

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

 

0929tarpinian

 

ՄԱԿի Գլխաւոր ասամբլէայի 70րդ նստաշրջանի շրջանակներում ԼՂ հակամարտութեան խնդիրը կարծես յաւակնում է դառնալ համաշխարհային քաղաքականութեան հիմնական օրակարգային հարցերից մէկը: Պատճառը վերջին օրերին շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած եւ մարդկային լուրջ կորուստների յանգեցրած աննախադէպ ծաւալի ռազմական սադրիչ գործողութիւններն են, որոնք ուղեկցւում են նաեւ խոշոր տրամաչափի հրետանային համազարկային համակարգերի կիրառմամբ:

Նիւ Եորքում արտգործնախարարների բանակցութիւններից եւ նրանց հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումներից յետոյ վերջիններս հանդէս եկան մի ուշագրաւ յայտարարութեամբ, որտեղ նշւում է, թէ նրանք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել ընդունել ԵԱՀԿի՝ հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որին համաձայնել է միայն Հայաստանը:

Ըստ էութեան՝ այդ յայտարարութեամբ ՄԽ համանախագահները Ադրբեջանին են պատասխանատու համարում իրավիճակի գերլարման եւ հրադադարի ռեժիմի խախտման համար, քանի որ ակնյայտ է՝ եթէ Բաքուն չի ցանկանում ընդունել այդ առաջարկները, նշանակում է հէնց նա է շահագրգռուած իրադրութեան սրմամբ: Բաքուն, ի դէպ, արդէն չի էլ թաքցնում, որ ՄԽ այս նախաձեռնութիւնը վիժեցնողը հէնց ինքն է: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովն այսօր յայտարարել է, թէ միջադէպերի հետաքննութեան մեխանիզմների ստեղծումը հնարաւոր է քննարկել միայն այն դէպքում, եթէ դրանք չեն ծառայելու գործող ստատուս քուոյի պահպանմանը եւ չեն արդարացնելու «օկուպացիան» (գրաւումը-Խմբ.): Մինչ այդ, աւելի կոնկրետ՝ դեռ այս տարուայ Յունիսին նոյն Մամեդեարովը յայտարարում էր, թէ Բաքուն տուել է իր համաձայնութիւնն այդ մեխանիզմների ստեղծմանը: Համանախագահող երկրները, սակայն, կարծես չեն բաւարարւում միայն այս յայտարարութեամբ՝ թերեւս վերջապէս հասկանալով, որ այս անգամ գործ ունեն իսկապէս պայթիւնավտանգ իրադրութեան հետ:

Նիւ Եորքում անակնկալ կերպով ՄԽ համանախագահների հետ է հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը: Թէ ի՛նչ են քննարկել, պարզ չէ: Սակայն Լաւրովը յայտարարել է, թէ ՄԽն կարող է աւելին անել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացն առաջ շարժելու համար: Չի բացառւում, որ Լաւրովն ակնարկել է Մոսկուայից բանակցող կողմերին ուղղուած նոր առաջարկների առկայութեան մասին, որոնք քննարկելու համար էլ նախաձեռնուել է ՄԽ համանախագահների հետ նրա հանդիպումը:

Դրան զուգահեռ ՀՀ արտգործնախարարին է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը: Ըստ ՀՀ ԱԳՆի տարածած հաղորդագրութեան՝ հանդիպման ընթացքում քննարկուել է նաեւ շփման գծում ստեղծուած իրավիճակը:

Հետաքրքրական է, որ առայժմ տեղեկութիւն չկայ այն մասին՝ Նուլանդը նման հանդիպում ունեցե՞լ է Ադրբեջանի արտգործնախարարի հետ, թէ ոչ: Չնայած Բաքուի եւ Վաշինգտոնի յարաբերութիւններում առաջացած սառնութեանը, չի կարելի բացառել, որ նման հանդիպում կայանայ՝ հաշուի առնելով մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու՝ Վաշինգտոնի ձգ-տումները, որոնց խանգարում է Ադրբեջանը:

Այսպիսով, կարելի է ասել՝ Բաքուն հասաւ ԼՂ հարցը միջազգային օրակարգ մտցնելու՝ իր վաղեմի նպատակին: Դրանով էր նաեւ պայմանաւորուած շփման գծում իրավիճակը հէնց ՄԱԿի ԳԱ նստաշրջանի անցկացման օրերին նման ծայրաստիճան լարուածութեան հասցնելու հանգամանքը: Բայց ի՞նչ կարող է դրանից շահել Բաքուն: Նիւ Եորքում համանախագահների արած յայտարարութիւնը, հրադադարի ռեժիմի խախտման միջադէպերի հետաքննութեան մեխանիզմների ստեղծման նախաձեռնութիւնը հէնց Բաքուի կողմից վիժեցնելու՝ Մամեդեարովի խոստովանութիւնն աւելի շատ վկայում է ադրբեջանական դիւանագիտութեան անելանելի, խուճապային վիճակի մասին:

Սերգէյ Լաւրովը եւ Վիկտորիա Նուլանդը, փաստօրէն, գործնական քայլերի անցան միայն այն բանից յետոյ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը յայտարարեց, թէ Արցախը Հայաստանի անբաժանելի մաս է, իսկ ՀՀ ՊՆն պաշտօնապէս տեղեկացրեց Բաքուին անպատասխանատու վարքագծի համար պատժելու եւ բանակցային պրոցեսին աջակցելու նպատակով ադրբեջանական ռազմական օբյեկտներին, զինտեխնիկային հրետանային եւ հրթիռային հարուածներ հասցնելու որոշման մասին: Ընդ որում՝ թէեւ պատերազմի մէջ մտնելու նախերգանք յիշեցնող այդ յայտարարութիւնը միջնորդների համար յղի է իրավիճակը վերահսկողութիւնից դուրս թողնելու հեռանկարով, համանախագահող երկրները չեն շտապում դրան արձագանգել: Տպաւորութիւնն այնպիսին է, որ դրանով միջնորդ երկրները կանաչ լոյս են վառում Երեւանի այդ պլանների առջեւ: Այդպէս է, թէ ոչ, ի հարկէ, աւելի որոշակի կ՛երեւայ առաջիկայում: Սակայն չի կարելի բացառել, որ դրանով միջազգային հանրութիւնը ցուցադրում է, որ դէմ չի լինի, եթէ Հայաստանը Բաքուին ուժային եղանակով պարտադրի վերադառնալ բանակցութիւններին եւ հրաժարուել իր մաքսիմալիստական պահանջներից:

Եթէ այդպէս է, ապա տարածաշրջանում լրջագոյն դիրքային փոփոխութիւններ են տեղի ունենում՝ ստատուս քուոյի փոփոխման ուղութեամբ, որտեղ հիմնական դերակատարում է վերապահւում հայկական բանակներին: Մի կողմից սա վատ է, որովհետեւ գերտերութիւնները հնարաւորութիւն են ստանում հարաւ-կովկասեան տարածաշրջանի «կրակից» շագանակներ հանել հայ զինուորների ձեռքերով ու կեանքի գնով: Բայց, միւս կողմից, եթէ պէտք է փոխուի ստատուս քուոն, ապա անհրաժեշտ է, որ այն փոխուի յօգուտ հայկական պետութիւնների: Իսկ Ադրբեջանի ինքնամեկուսացումը, Հայաստանի սպառնալիքներին համանախագահող երկրների լոյալ (հաւատարիմ-Խմբ.) վերաբերմունքը ստեղծում են դրա հնարաւորութիւնը: Այլ հարց է՝ հայկական զինուժն իրականում ունի՞ դրա պոտենցիալը: Եթէ ոչ, ապա միակ տարբերակը բանակի եւ դիւանագիտութեան համաչափ զուգահեռ եւ փոխհամաձայնեցուած նախաձեռնողական գործողութիւններն են՝ յստակ կարճաժամկէտ նպատակների հասնելու համար: Հակառակ դէպքում ստիպուած ենք լինելու թաղուել արիւնաքամ եւ ռեսուրսատար (կորուստատար-խմբ.) մի պերմանենտ (մնայուն-Խմբ.) գործընթացի մէջ, որը, հսկայական կորուստներ արժենալով հանդերձ, ոչինչ չի տալու եւ ոչինչ չի փոխելու:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles