ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Սեպտեմբերի 7ի երեկոյեան Կրեմլում կայացաւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպումը Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցութիւնների արարողակարգային մասում արուած յայտարարութիւնները, սակայն, աւելի շատ խօսում էին այդ հանդիպումից կողմերի ակնկալիքների եւ առաջնահերթութիւնների տարբերութիւնների, քան ընդհանուր հետաքրքրութիւնների մասին:
Պուտինը շեշտադրումը կատարեց երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալների կտրուկ անկման իրողութեան վրայ: Դրան ի պատասխան, Սերժ Սարգսեանն ակնարկեց, որ պատճառները թաքնուած են փաստացի Եւրասիական տնտեսական միութեան շրջանակներում ապրանքների, կապիտալի եւ ծառայութիւնների ազատ տեղաշարժի սկզբունքի չգործելու փաստի մէջ: Սա ոչ միայն ակնարկ էր ՌԴ նախագահին՝ խնդիրների պատճառները փնտռել Մոսկուայի կողմից վարուող տնտեսական քաղաքականութեան մէջ, այլեւ նուրբ ակնարկ էր առհասարակ ԵԱՏՄին անդամակցութեան արդիւնքներից Հայաստանի չբաւարարուածութեան մասին:
Հանդիպման հրապարակային մասում ՌԴ նախագահի խօսքից այնպիսի տպաւորութիւն է, որ Մոսկուային հայ-ռուսական հսկայածաւալ օրակարգից հետաքրքրել է բացառապէս առեւտրատնտեսական յարաբերութիւնների խնդիրը, եւ նա Սերժ Սարգսեանի հետ հանդիպել է՝ դրա պատճառները քննարկելու: Որեւէ այլ հարցի, ընդհուպ՝ տարածաշրջանում կատարուող զարգացումների, առաւել եւս՝ Ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորման մասին, Պուտինը չի խօսել նոյնիսկ այն բանից յետոյ, երբ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսեանը տեղեկացնում է հայ-ադրբեջանական սահմանագծին լարուածութեան աճի, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի՝ արդէն ընդհուպ հրետանու կիրառմամբ խախտումների ինտենսիւացման (սաստկացումի-Խմբ.) եւ այդ հարցը ՀԱՊԿ գագաթնաժողովում բարձրացնելու մտադրութեան մասին: Սա, ի հարկէ, չի նշանակում, թէ այդ հարցը տետ ա տետ (դէմ-դիմաց-Խմբ.) չի քննարկուել: Աւելի շուտ՝ հակառակը: Բայց այս փոքրիկ, առաջին հայեացքից ոչ էական դետալը ցոյց է տալիս հրապարակայնօրէն այդ խնդրի ակտուալութիւնը (այժմէական-Խմբ.) թուլացնելու՝ Կրեմլի տրամադրուածութիւնը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ:
Սերժ Սարգսեանի՝ Մոսկուա մեկնելու հիմնական նպատակներից մէկը, ըստ էութեան, հէնց ԼՂ հակամարտութեան գօտում սահմանային լարուածութիւնը չափաւորելն էր: Թերեւս զուտ պատահական համընկնում չէր, որ Սարգսեանի աշխատանքային այցը Մոսկուա համաձայնեցուեց հէնց Ադրբեջանի զինուժի կողմից հայկական դիրքերի եւ սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման ամենաթէժ շրջանում, եւ որ հէնց դրա մասին յայտնի դառնալուց յետոյ լարուածութիւնը կտրուկ թուլացաւ:
Ամենայն հաւանականութեամբ, դեր են կատարել, մի կողմից, այդ հանդիպումից Ադրբեջանում ձեւաւորուած որոշակի սպասելիքները եւ զգուշաւորութիւնը, իսկ միւս կողմից՝ այն հանգամանքը, որ ներկայ դրութեամբ հակամարտութեան գօտում յարաբերական զսպուածութիւն ապահովելու հիմնական լծակը, լաւ է դա թէ վատ, գտնւում է Մոսկուայի, աւելի յստակ՝ հէնց անձամբ Վլադիմիր Պուտինի ձեռքերում: Այնուամենայնիւ, շփման գծի առանձին հատուածներում գրեթէ պատերազմական իրավիճակի առաջացման վերաբերեալ Պուտինի դրսեւորած նկատելի անտարբերութիւնը, նախ՝ իբրեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի, ապա՝ որպէս Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի, չի կարող իր մէջ որոշակի թաքնուած, առայժմ անհասկանալի ուղերձներ չպարունակել: Դրա հետեւանքները թերեւս պարզ կը դառնան առաջիկայում՝ Բաքուի վարքագծից, որտեղ այդ անտարբերութիւնը գուցէ կարող են ընկալել իբրեւ ռազմական աւանտիւրա (արկածախնդրութիւնը-Խմբ.) խորացնելու, իրավիճակն էլ աւելի լարելու լուռ համաձայնութիւն: Դա, սակայն կախուած է նրանից, թէ, ԼՂ հարցի կարգաւորման հետ կապուած, Մոսկուան ունեցե՞լ է, արդեօք, Երեւանին ուղղուած առաջարկներ, եւ եթէ՝ այո, ապա ինչպիսի՞ն է եղել Սարգսեանի արձագանգը դրանց:
Մէկ բան ակնյայտ է՝ սահմանային լարուածութեան աճին զուգահեռ Ռուսաստանի որդեգրած՝ ոչինչ չտեսնելու եւ չլսելու մարտավարութիւնն արդէն նեարդայնացնում է Երեւանին այն աստիճանի, որ Երեւանն այլեւս չի կարողանում թաքցնել իր հիասթափութիւնը: Նախ՝ Սեպտեմբերի 3-6ն անցկացուած «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարա-շտաբային զօրավարժութիւններում յատուկ խաղարկուել է այն սցենարը, թէ դիւանագիտական ոլորտում որոնք են լինելու Հայաստանի անելիքները, եթէ ՀԱՊԿ գործընկեր պետութիւնները հրաժարուեն անհրաժեշտութեան դէպքում կատարել Հայաստանին ռազմական օգնութիւն ցուցաբերելու իրենց պարտաւորութիւնը: Ընդ որում՝ այս սցենարը խաղարկուեց հէնց ՀԱՊԿից հրաւիրուած փորձագէտների ներկայութեամբ ու թերեւս հէնց նրանց համար: Իսկ արդէն Պուտինի հետ հանդիպման հրապարակային մասում նախագահ Սերժ Սարգսեանը թափանցիկ ակնարկեց, որ պատրաստւում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ստեղծուած իրավիճակի հարցը բարձրացնել առաջիկայում Դուշանբէում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում:
Դժուար է ասել՝ ինչ դրսեւորում է ունենալու այդ հարցի բանաձեւումը. Հայաստանը ՀԱՊԿ գործընկերներից պահանջելու է Ադրբեջանի գործողութիւնները դատապարտող եւ նախազգուշացնող յայտարարութի՞ւն ընդունել, թէ, դիմելով ծայրայեղ քայլի, կարող է առհասարակ դնել յստակ դիրքորոշում չյայտնելու պարագայում այդ կառոյցում Հայաստանի յետագայ մնալու նպատակայարմարութեան հարցը: Սա կ՛երեւայ հէնց Դուշանբէում: Բայց այն հանգամանքը, որ խնդրի առաջադրման իր մտադրութիւնը Սարգսեանը յայտնում է Պուտինին, վկայում է առաջնահերթօրէն Մոսկուայից յստակ դիրքորոշում ստանալու՝ Երեւանի նպատակը, քանի որ անդամ միւս պետութիւններից որեւէ սպասելիք չի կարող ունենալ ի սկզբանէ: Ու թերեւս հէնց Դուշանբէում կ՛երեւայ՝ ինչ էր նշանակում Պուտինի այս խորհրդաւոր լռութիւնը: