ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
ԼՂՀ անկախութեան տօնի նախօրէին՝ Սեպտեմբերի 1ին, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարուող երկրի՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը կարճատեւ աշխատանքային այց կատարեց Ադրբեջան՝ հերթական անգամ Բաքւում յայտարարելով, որ Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը:
Միաժամանակ նոյն օրը, երբ Լաւրովը ժամանում էր Բաքու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մեկնեց Ստեփանակերտ՝ մասնակցելու ԼՂՀ անկախութեան տօնին նուիրուած հանդիսաւոր միջոցառումներին: Այս իրողութիւնները սիմվոլիկ կերպով արտացոլում են Հարաւային Կովկասում եւ ղարաբաղեան կարգաւորման բանակցային գործընթացում Մոսկուայի ունեցած դերակատարութեան տրանսֆորմացիաների (կերպարափոխութիւններու-Խմբ.) պատճառով առաջացած հակասական իրավիճակը:
Թէ ինչու էր կոնկրետ Լաւրովը մեկնել Բաքու, ըստ էութեան այդպէս էլ պարզ չդարձաւ: Փաստացի բացի նախագահ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ արուած արարողակարգային, հերթապահ յայտարարութիւններից, բուն բանակցութիւնների վերաբերեալ որեւէ յաւելեալ տեղեկատուութիւն չհրապարակուեց: Պէտք է ենթադրել, որ այցի արդիւնքներն այնքան էլ չեն բաւարարել Բաքուին եւ յատկապէս Մոսկուային: Պատահական չէր, որ Լաւրովի այցի հէնց յաջորդ օրը ռուսական պետական կենտրոնական քարոզչամիջոցներից մէկը՝ «Ռիա Նովոստի» լրատուական գործակալութիւնը, փոքրիկ յօդուած հրապարակեց Ստեփանակերտում անցկացուելիք անկախութեան տօնի միջոցառումների վերաբերեալ՝ ԼՂն ներկայացնելով որպէս անկախ եւ ինքնիշխան երկիր, իսկ Բակօ Սահակեանին՝ որպէս ԼՂՀի նախագահ: Այս հրապարակումը Բաքւում հիստերիայի ալիք է բարձրացրել: Բաքւում հասկացել են, որ սա թափանցիկ ակնարկ է՝ ԼՂՀի անկախութիւնը ճանաչելու իրատեսականութեան վերաբերեալ: Եթէ Մոսկուան նման կիսաքօղարկուած ուղերձներ է յղում Բաքուին, նշանակում է՝ ռուս-ադրբեջանական յարաբերութիւններում հիմա ամէն ինչ այնքան էլ հարթ չէ:
Առաջին հերթին դա կարող է պայմանաւորուած լինել Թուրքիայի եւ վերջինիս հետ Ռուսաստանի նկատելի լարուած յարաբերութիւնների գործօնով: Երբ յայտնի դարձաւ, որ Լաւրովը մեկնելու է Բաքու, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը անակնկալ այցելեց Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուի հետ: Թէ ինչ են նրանք քննարկել, յայտնի չէ: Սակայն դրանից անմիջապէս յետոյ Դաւութօղլուն հանդէս եկաւ ոճի եւ թիրախայնութեան տեսանկիւնից աննախադէպ մի յայտարարութեամբ. «Քանի դեռ Թուրքիան Ադրբեջանի կողքին է, նրա սահմաններին ոչինչ չի սպառնում եւ որեւէ խնդիր լինել չի կարող», ասել էր նա՝ չպարզաբանելով, թէ Ադրբեջանի սահմաններին սպառնացող այդ ի՛նչ վտանգ է ստիպել անել նման յայտարարութիւն: Սակայն Դաւութօղլուի ակնարկներն առաւել քան թափանցիկ էին. առաջին՝ Թուրքիան թոյլ չի տայ ճնշումներ գործադրել Ադրբեջանի նկատմամբ, երկրորդ՝ Ադրբեջանի ինքնիշխանութեան եւ տարածքների ամբողջականութեան երաշաւորը Թուրքիան է, այլ ոչ թէ որեւէ այլ երկիր՝ ամենայն հաւանականութեամբ նկատի առնելով Ռուսաստանին: Սա կարող է նշանակել, որ Մոսկուան Բաքուին որոշակի առաջարկութիւններ է ներկայացրած եղել, որոնք վերջինս մերժել է՝ հիմնուելով հէնց Թուրքիայի աջակցութեան կամ գուցէ դիմադրութեան վրայ:
Չի բացառւում, որ դրանք այնքան էլ կապուած չեն ԼՂ հիմնահարցի հետ: Այս հարցում Մոսկուայի եւ Բաքուի միջեւ գրեթէ կատարեալ համախոհութիւն է: Արդէն յայտարարուել է, որ գոնէ այս պահի դրութեամբ տապալուել է առաջիկայում ՄԱԿ ԳԱի շրջանակներում Նիւ Եորքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ՄԽի, իսկ իրականում՝ ԱՄՆի նախաձեռնութիւնը: Դա պարզ դարձաւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Բաքու կատարած վերջին այցից յետոյ, ինչը վերահաստատում է, որ տապալողը ադրբեջանական կողմն է: Դժուար է պատկերացնել, որ առանց Մոսկուայի աջակցութեան, Ալիեւը կարող էր այս հարցում Վաշինգտոնի նկատմամբ նման դեմարշի (քայլի-Խմբ.) գնալ: Այլ կերպ ասած՝ տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքի պահպանումը տեղի է ունենում Մոսկուա-Բաքու տանդեմի (զոյգի-Խմբ.) լուռ գործակցութեան շնորհիւ եւ դա հաւասարապէս բխում է երկու կողմերի շահերից՝ թէ՛ ԱՄՆի նախաձեռնողականութիւնը եւ թէ տարածաշրջանում Իրանի դերակատարութեան մեծացման հեռանկարը թոյլ չտալու մղումով: Հարց է առաջանում՝ այդ դէպքում ինչի հետ են կապուած խնդիրները:
Լաւրովը Բաքւում Ադրբեջանին հրաւիրեց մասնակցելու Սեպտեմբերի 9ից Սվերդլովսկում մեկնարկող ռազմատեխնիկական արտադրանքի «RAE-2015» ցուցահանդէսին, ինչը կարելի է Բաքուին ուղղուած ռուսական ռազմատեխնիկայի գործարքի նոր առաջարկ համարել: Մոսկուան ցանկանում է այդ գործարքից ստացուելիք միջոցներով փոքրիշատէ մեղմել երկրում մոլեգնող ֆինանսական ճգնաժամը: Բայց Ադրբեջանը հիմա շատ բան չունի առաջարկելու: Այդ երկրում հիմա լրջօրէն մտածում են 2016թ. պետական բիւջէն հէնց ռազմական ծախսերի մասով զգալիօրէն կրճատելու մասին, որի կարիքն առաջացել է նաւթի համաշխարհային գների՝ Ադրբեջանի տնտեսութեան համար կատաստրոֆիկ (աղէտալի-Խմբ.) մակարդակով փլուզման պատճառով:
Երկրորդ՝ դեռ Օգոստոսի կէսերին ադրբեջանական լրատուամիջոցները յղում կատարելով ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերութեանը՝ գրեցին, որ Ռուսաստանը ցանկանում է Գաբալայի ռադիօլոկացիոն (անդրադարձող ռադիօալիքներու օգնութեամբ առարկայի յայտնաբերման եւ տարածական դիրքորոշումի սկզբունքով գործող-Խմբ.) կայանի փոխարէն Ադրբեջանում նոր կայան կառուցել՝ նպատակ ունենալով դրա միջոցով ծածկել այն տարածքները, որոնք անվերահսկելի են Արմաւիրում տեղակայուած ՌԼԿի համար: Աւելի ուշ, Ադրբեջանում հրապարակուեցին անցկացուած մի սոցիոլոգիական հարցման արդիւնքներ, ըստ որոնց ադրբեջանցիների 80 տոկոսը դէմ է ԼՂ հարցում պրոադրբեջանական լուծումների դիմաց երկրի տարածքում ռուսական ռազմաբազա ստեղծելու գաղափարին: Բացի այն, որ սա Լաւրովի այցից առաջ այս հարցում Մոսկուային մերժելու ժեստ էր, այն նաեւ վկայում էր, որ ռազմաբազա ստեղծելու թեման այս ընթացքում եղել է ռուս-ադրբեջանական բանակցութիւնների օրակարգում:
Եւ վերջապէս միւս խնդիրը, որ կարող էր առաջանալ Մոսկուայի եւ Բաքուի յարաբերութիւններում, թերեւս պայմանաւորուած է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԱՊՀ տարածքում միասնական ֆինանսական շուկայ ստեղծելու եւ այդ տարածքում իբրեւ վճարամիջոց՝ դոլարից հրաժարուելուն ուղղուած Պետդումային օրինագիծ ներկայացնելու նախաձեռնութեամբ: Քանի որ խօսքը վերաբերում է ոչ թէ ԵԱՏՄ, այլ հէնց ԱՊՀ տարածքին, այս նախաձեռնութիւնն ուղղակի շօշափում է Ադրբեջանի շահերը, որը, թերեւս ԱՊՀ երկրներից ամենաքիչը պէտք է շահագրգռուած լինի պուտինեան այս հերթական նախաձեռնութեան կենսագործմամբ՝ հաշուի առնելով ոչ միայն ռուբլու ողբերգական դրութիւնը, այլեւ Արեւմուտքի հետ էներգետիկ ոլորտում Բաքուի սերտ յարաբերութիւնները եւ դոլարից նրա ուժեղ կախուածութիւնը: Անյայտ է, որ Լաւրովին Բաքւում հետաքրքրող հիմնական հարցերից մէկը կարող էր լինել Ռուսաստանին գիւղամթերքներով ապահովող հիմնական երկրներից մէկի՝ Ադրբեջանի ղեկավարութեան տրամադրուածութիւնն այս նախաձեռնութեան կապակցութեամբ շօշափելը: Ամենայն հաւանականութեամբ նրան Բաքւում հասկացրել են, որ այնքան էլ ոգեւորուած չեն պուտինեան այս նախաձեռնութեամբ: Այնպէս որ Լաւրովին կրկին Բաքւում «գրողի ծոցն ուղարկեցին» ինչպէս ադրբեջաներէնով նրա հասցէին արտայայտուել էին նախորդ տարուայ օգոստոսեան այցի ընթացքում: