Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Համշէնցիների՝ Մայրենի Լեզուով Կրթութեան Պայքարը

$
0
0

0826hamshen
Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

Ուսումնասիրող Հուրիյէ Շահինն ուշադրութիւն է հրաւիրում համշէնցիների՝ մայրենի լեզուով կրթութեան խնդրի վրայ: Շահինն ասում է. «Մենք պէտք է համշէնահայերի մայրենի լեզուով կրթութեան մէջ կիրառելի գրաւոր նիւթ ստեղծենք, որպէսզի համշէնցիների օգտագործած հայերէնը պահպանուի»:
Հուրիյէ Շահինն իրեն որպէս «համշէնցի հայ» բնութագրող մի ուսումնասիրող, գրող եւ ակտիւիստ է՝ ծնուած Արդուինի Հոպայում: Շահինի հեղինակած «Ինչպէ՞ս Է Ուծացման Քաղաքականութիւնը Վերացնում Լեզուները. Ի Մասնաւորի Հայոց Պատմութիւնը Եւ Համշէնի Հայերը» վերնագրով գիրքը հրատարակուել է «Եոլդա Քիթափ» հրատարակչութեան կողմից: Հուրիյէ Շահինի հետ զրուցեցինք պատմութեան ընթացքում Համշէնի եւ համշէնահայութեան գլխին եկածների մասին:
Հուրիյէ Շահինն ամէնից առաջ խօսքն սկսում է այն տարածքի աշխարհագրական սահմանները գծելով, որի անուանումը հայկական «Համշէնն» է, եւ որն ասիմիլացիոն (ձուլման-Խմբ.) քաղաքականութեան հետեւանքով վերածուել է «Հեմշին»ի: «Ներկայիս Ռիզէն, Հեմշինը, Չամլըհեմշինը եւ Փազարն իրականում Համշէնի շրջանն են: Սակայն համշէնցիները չեն ապրել միայն այս կողմերում: Մի հայկական ցեղ եղող համշէնցիները բնակւում էին նաեւ Արդուինի Հոպա եւ Բորչկա գաւառներում: Դարեր տեւած ուծացման եւ ճնշման քաղաքականութեան պատճառով համշէնցիներ են ապրում Թուրքիայի չորս ծագերում՝ Ադափազարից մինչեւ Ստամբուլ, Անկարայից մինչեւ Իզմիր»:

ՍՓԻՒՌՔԻ
ԿԱԶՄԱՒՈՐՈՒՄ

Հուրիյէ Շահինը հետեւեալ խօսքերով ուշադրութիւն է հրաւիրում նաեւ Թուրքիայից դուրս գտնուող համշէնցիների վրայ. «Այսօրուայ Աբխազիայում բազմաթիւ համշէնցիներ են բնակւում՝ 1700ականներին համշէնցիների հանդէպ իրագործուած օսմանեան կոտորածներից մազապուրծ: Նրանց մի մասն էլ Հայաստան է անցել պատմութեան ընթացքում: Ներկայում Հայաստանում հրատարակւում է «Ձայն Համշէնական» ամսաթերթը: Վրաստանի Բաթում քաղաքում եւս առկայ են իսլամացած համշէնցիների 5 գիւղեր, որոնց բնակչութիւնը Ստալինի օրօք աքսորուել էր Ղազախստան եւ Կիրգիզիա: Յետագայում վերստին վերադարձել են Աբխազիա եւ Վրաստան: Բացի այդ, համշէնցիներ կան նաեւ ԱՄՆում եւ Եւրոպայում: Նրանք կազմակերպուելու՝ դեռեւս նախնական ջանքեր են գործադրում, սակայն առայժմ կապեր չունեն Թուրքիայում եւ Կովկասում ապրող համշէնցիների հետ: Հետեւաբար, դեռեւս անհնար է խօսել Եւրոպայում եւ Ամերիկայում համշէնցիների սփիւռքի գոյութեան մասին»: Հուրիյէ Շահինը, իր նոր գրքից բացի, նաեւ հանդէս է հրապարակում՝ «Համշենցու Գոր» անուամբ, որը տարածում է Համշէնում ու Հոպայում: Սոյն ամսագրում տեղ գտած բազմաթիւ տեղեկութիւններն էլ ձեռք է բերում Ռիզէում, Համշէնում եւ Հոպայում ապրող համշէնցիներից: «Գիւղ առ գիւղ շրջել եմ համշենցիների հետ առնչուող տարածքներում, մինչ այժմ ոչ մի բացասական արձագանգ չեմ ստացել: Գրքումս եւ հանդէսում հրապարակուած տեղեկութիւնների մեծ մասին հասու եմ դարձել համշէնցիների բնակած գիւղերում կատարած ուսումնասիրութիւններիս շնորհիւ»: Հուրիյէ Շահինը շեշտելով, որ համշէնցիները զգայուն են իրենց պատմութեան եւ ինքնութեան նկատմամբ, հէնց իր ընտանիքից է մի օրինակ բերում. «Իմ պապերը, չնայած ուծացման զոհը լինելուն, զգայուն էին սեփական ինքնութեան հանդէպ: Իմ պապից լսածներիս շնորհիւ է, որ ես էլ եմ զգայուն իմ համշէնական եւ հայկական ինքնութեան նկատմամբ: Մեր պապերն են մեզ պատմել, թէ 1915թ. ինչպէս է Արդուինում իրագործուել Հայոց Ցեղասպանութիւնը: Արդուինի Արդանուչ գաւառի մօտակայքում մի ժայռ կայ: Ամէն անգամ, երբ եայլա բարձրանալիս այդ մասով էինք անցնում, պապս իջնում էր աւտոմեքենայից եւ ասում. «Հայերին այս ժայռից ներքեւ գցելով են ոչնչացրել»:
Հուրիյէ Շահինը նշելով, որ համշէնցիները միշտ իրար մէջ քննարկել են իրենց հայ լինել-չլինելու հարցը, յայտնում է. «Համշէնցիները վերջին տարիներին աւելի հանգիստ են արտայայտւում իրենց ինքնութեան մասին: Նրանք շատ զգայուն են յատկապէս լեզուի հարցում: Անգամ Ազգայնական շարժում կուսակցութեան անդամ եղող համշէնցիները համշէնահայերէն են խօսում եւ շատ զգայուն են իրենց լեզուի հանդէպ: Նրանք ասում են՝ թուրք ենք, բայց համշէներէն են խօսում: Հէնց լեզուի նկատմամբ այդ զգայուն լինելն է համշէնական ինքնութեան չվերանալու պատճառը»:

ԿՐԹՈՒԹԻՒՆ՝
ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՈՎ

Սակայն համշէներէնը, որի հանդէպ շատ զգայուն են համշէնցիները, այսօր կանգնած է լուրջ մարտահրաւէրների առջեւ: Շահինը հետեւեալ կերպ է բացատրում այդ խնդիրը. «Առկայ է համշէնցիների մայրենի լեզուով կրթութեան խնդիրը: Դեռեւս չենք դիմել մայրենի լեզուով կրթութիւն ստանալու հարցով, որովհետեւ դրա համար մեր ձեռքին առայժմ գրաւոր նիւթ չկայ»: Շահինն ընդգծում է, որ թէ՛ «Համշէնցու Գոր» ամսագիրը եւ թէ իր հեղինակած գիրքը նախնական աշխատանքներ են տանում՝ մայրենի լեզուով կրթութեան համար անհրաժեշտ գրաւոր նիւթեր ստեղծելու ուղղութեամբ:
Շահինը շեշտելով, որ համշէնցիների հետ նոյն շրջաններում ապրող լազերը լուրջ նիւթեր են ձեռք բերել՝ իրենց մայրենի լեզուով կրթութեան հարցում, նշում է. «Մենք առօրեայ կեանքում հաղորդակցւում ենք մեր լեզուով, սակայն մեր խօսած լեզուն դասական հայերէնն է, եւ այն բաւականին տարբերւում է ներկայում Հայաստանում կամ Ռուսաստանում խօսուող հայերէնից: Հետեւաբար, մենք ինքներս պէտք է ստեղծենք մայրենի լեզուով կրթութեան համար անհրաժեշտ գրաւոր նիւթեր: Հէնց այդ նպատակով ենք հրապարակում «Համշէնցու Գոր» հանդէսը: Սակայն որոշ համշէնցի ընկերներ անհանգստութիւն են ապրում, երբ համշէնական ինքնութիւնը կապւում է հայկականի հետ: Եւ որպէս փաստարկ էլ մատնանշում են համշէնցիների մուսուլման լինելը: Այնինչ, իրականութիւնը շատ տարբեր է դրանից»:

ՈՉ ԹԷ ԿՐՕՆ,
ԱՅԼ՝ ԼԵԶՈՒ

Համշէնցիների առնչութեամբ՝ նաեւ «իսլամացուած հայեր»ի թեմային անդրադարձած Շահինը նշում է. «Աշխարհում այլ հանրութիւններ էլ են կան, որոնք միաւորուած են ոչ թէ կրօնով, այլ՝ լեզուով: Օրինակ՝ արաբները: Կրօնը չպէտք է խառնել էթնիկ ծագման հետ: Ինչպէս որ առկայ են տարբեր քրիստոնեայ ուղղութիւնների հետեւորդ հայեր, այնպէս էլ կան քրիստոնեայ չեղող հայեր: «Մուսուլման հայ չի կարող լինել» պնդումը ճիշդ եւ գիտական մօտեցում չէ: Մենք պարտաւոր ենք այս ոչ շահաւէտ դրութիւնը յաղթահարել: Պէտք է, որպէս հայեր եւ համշէնցիներ, առաջնային պլան մղենք ոչ թէ մեր կրօնը, այլ՝ լեզուն»:
Հուրիյէ Շահինը կոնկրետ առաջարկ ունի՝ ուղղուած բոլոր հայերին եւ համշէնցիներին. «Առաջիկայում, առանց ժամանակ կորցնելու, մի լաւ պատրաստուած եւ համապարփակ համշէնցիների կոնֆերանս անենք եւ բացայայտ կերպով քննարկենք մեր բոլոր խնդիրները»:

Akunq.net


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles