Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Մշակոյթի Ոգին՝ Ստեփանակերտում, Ատելութեան Ոգին՝ Բաքւում

$
0
0

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի

0826verdiԶառամախտն աւելի է սաստկանում: Հէնց դա է մտքովդ անցնում, երբ ծանօթանում ես Ադրբեջանի ԱԳՆ մամլոյ ծառայութեան ղեկավարի մեկնաբանութեանը՝ կապուած Սեպտեմբերի 1ին Ստեփանակերտում կայանալիք համերգի հետ, որի ժամանակ կը կատարուի Ջուզեպէ Վերդիի «Ռեքվիէմ»ը: ԼՂՀ հռչակման հերթական տարելիցին նուիրուած եւ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսեանի բարձր հովանու ներքոյ իրականացուող նախագծի հեղինակը ռուս յայտնի օպերային երգչուհի Լիւբով Կազարնովսկայան է: Սա, ի հարկէ, շարքային իրադարձութիւն չէ, բայց դրանով հանդերձ՝ զուտ մշակութային, որը, թւում է, նորմալ մարդկանց մօտ չի կարող պարսաւանք ու, առաւել եւս՝ բողոք յարուցել: Հարկ է յստակեցնել, սակայն. հէնց այն է որ «թւում է» եւ հէնց այն է որ՝ «նորմալ մարդկանց մօտ»: Բազմիցս ենք նշել, որ պաշտօնական Բաքուի կողմից տարիներ շարունակ իրականացուող հակահայկական քաղաքականութիւնը հոգեկան լուրջ խանգարման եւ անգամ մտաւոր դեգրադացիայի (քայքայման-Խմբ.) է հասցրել ոչ միայն ադրբեջանական հասարակութեան մի հատուածին, բայց, ամէնից առաջ՝ հէնց ալիեւեան ռեժիմի ներկայացուցիչներին: Պաշտօնատար անձանց յայտարարութիւններն ու գործողութիւնները, որոնք լիովին արտացոլում են հակահայկական պետական քաղաքականութեան էութիւնը, նրանց հեղինակների մասին, մեղմ ասած, անհամարժէք մարդկանց տպաւորութիւն են ստեղծում, ովքեր ի սպառ կորցրել են իրողութեան ու ողջամտութեան հետ կապը: Այնպիսի զգացում է, որ յայտնուել ես անհեթեթութեան թատրոնում:
Բայց, ինչպէս միջնադարում էին ասում, դառնանք մեր ոչխարներին: «Ադրբեջանի դէմ ագրեսիան (յարձակումը-Խմբ.) եւ «Լեռնային Ղարաբաղի անկախութեան» պատրուակով աւելի քան մէկ միլիոն ադրբեջանցիների արիւնալի էթնիկ զտումն ու համերգային ծրագրի կազմակերպումը ոչ այլ ինչ է, քան մարդկայնութեան դէմ Հայաստանի յանցանքն արդարացնելու անյաջող փորձ եւ ցեղասպանութիւն»: Մեկնումէկը կը համարձակուի՞ պնդել, որ այս արտայայտութիւնը ծնուել է առողջ գլխում: Մինչդեռ գլուխը, որի խօսքային ապարատն արտաբերել է այս, թոյլ տրուի ասել, միտքը, պատկանում է հէնց Հաջիեւ ազգանուամբ Ադրբեջանի ԱԳՆ մամլոյ ծառայութեան վերը յիշատակած ղեկավարին: Բայց գլուխն այստեղ կանգ չառաւ ու այնուհետեւ շարունակեց գրոհել մղձաւանջային մտքի բարձունքները. «Մարդիկ, ովքեր կը մասնակցեն համերգին, կը դառնան Ադրբեջանի դէմ անցկացուող էթնիկ մաքրումը հրահրող գործիքներ»: Սակայն մտքի թռիչքը Հաջիեւին նետեց այնպիսի եթերային, պարզապէս խելակորոյս բարձունքներ, որ, ըստ երեւոյթին, թթուածնային անբաւարարութեան հետեւանքով գլխապտոյտ ունեցաւ ու գլուխն այդ երկնեց այն, ինչը ժողովուրդն անուանում է ցնդաբանութիւն: Նրա խօսքով՝ Սեպտեմբերի 1ին Ստեփանակերտում æուզեպէ Վերդիի «Ռեքվիէմ»ի առաջնախաղը «կարելի է համեմատել միայն ֆաշիստական Գերմանիայի Թերեզին համակենտրոնացման ճամբարում կալանաւորների կողմից պիեսի հարկադիր (16 անգամ) կատարման հետ»: Ահա այսպէս՝ ոչ աւել, ոչ պակաս: Ապա բառային այս լարախաղացն անցաւ հանրութեանը լուսաւորելու գործին՝ նշելով, որ համերգային ծրագրում Վերդիի «Ռեքվիէմ»ն ընդգրկած կազմակերպիչները «չգիտեն, որ իրականում այս ստեղծագործութեան փիլիսոփայութիւնը ենթադրում է մարդու ողբերգութիւնը եւ նրանց վերջը, ովքեր մարդկութեան դէմ գործել են վատ արարքներ»:
Այստեղ ահա թոյլ տանք մեզ առարկել Ադրբեջանի ԱԳՆ խօսնակին: Ով-ով, բայց Լիւբով Կազարնովսկայան հրաշալի գիտի համաշխարհային օպերային դասական երաժշտութիւնը, եւ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչութեան դիլետանտները չէ, որ պիտի սովորեցնեն նրան, եւ ովքեր միայն ունակ են համաշխարհային աստղին իրենց ինկվիզիտորական «սեւ ցուցակ»ի մէջ ներառելու: Հնարաւոր է՝ «Ռեքվիէմ»ի հէնց վերը նշուած փիլիսոփայութիւնն էլ մղել է Լիւբով Եուրեւնային՝ Արցախում նախաձեռնել հէնց տուեալ ստեղծագործութեան կատարման կազմակերպումը: Այն պարզ պատճառով, որ «մարդկայնութեան դէմ վատ արարքներ» Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչութեան հանդէպ գործել են ադրբեջանական իշխանութիւնները, որոնց ձեռքին Սումգայիթի, Բաքուի, Կիրովաբադի եւ այլ ջարդերի, ինչպէս նաեւ ԼՂՀի դէմ սանձազերծած դաժան պատերազմի հազարաւոր զոհերի արիւնն է:
«Տխմարութեան առաջին նախանշանն ամօթի լիակատար բացակայութիւնն է»՝ եւս մէկ մէջբերում, բայց արդէն ոչ թէ Հաջիեւից, այլ անուանի հոգեբան Զիգմունդ Ֆրէյդից: Ծերուկ Ֆրէյդին վիրաւորելու համար չէ ասուածը, բայց թոյլ տանք մեզ փոքր ինչ սրբագրել նրա խօսքը՝ «ամօ»չ բառը փոխարինելով «բարոյականութիւն»ով: Քանի որ միայն նա, ով զուրկ է բարոյականութիւնից, կարող է ուրիշներին մեղադրել իր իսկ կողմից իրականացուած եւ իրականացուող յանցանքների մէջ: Քանզի բոլորին է յայտնի, որ Ադրբեջանն է անցկացրել էթնիկ զտումներ, ինչի արդիւնքում կէս միլիոն հայեր անասելի վայրագութեամբ վտարուել են հարազատ վայրերից, որ դեռեւս 1988 թուականին Լեռնային Ղարաբաղը ենթարկուել է խստագոյն շրջափակման, ինչից յետոյ Բաքուի ռեժիմն անցաւ հայկական բնակավայրերի պլանաչափ ոչնչացմանը եւ ժողովրդագրական իրավիճակը յօգուտ ադրբեջանցիների արմատապէս փոխելուն, որ հէնց Ադրբեջանն է, ի խախտումն միջազգային իրաւունքի, զինուած ագրեսիա իրականացրել ինքնորոշուած ԼՂՀի դէմ: Իսկ այսօր, ցինիկօրէն խախտելով հրադադարի ռեժիմը եւ շփման գծում կազմակերպելով ամէնօրեայ զինուած սադրանքներ, ինչի արդիւնքում զոհւում են մարդիկ, Ադրբեջանը փարիսեցիաբար հեծում է, որ հայկական կողմը շահագրգռուած չէ հակամարտութեան կարգաւորմամբ եւ տարածաշրջանում կայունութեան ու խաղաղութեան վերականգնմամբ: Նկատենք՝ կայունութեան ու խաղաղութեան, մարդու իրաւունքների եւ օրինականութեան մասին իրեն թոյլ է տալիս խօսել այն կողմը, որը վաղուց արդէն քամահրում է այդ հասկացութիւնները, եւ որի համար նոյնիսկ դասական երաժշտութեան համերգը նոյնն է, ինչպէս ատելութեամբ լի աչքերով ցուլի համար՝ կարմիր կտորը:
Յիշենք արեւելեան յայտնի ասացուածքը. «Շունը հաչում է, քարաւանն ընթանում է»: Կարելի է չկասկածել, որ, հակառակ Ադրբեջանի անհեթեթ արձագանգին եւ Արցախի հանդէպ նրա անասնական ատելութեանը, ամէն ինչ քաղաքականացնելու նրա մոլագարութեանը, համերգն Ստեփանակերտում կը կայանայ: Քանի որ, ինչպէս ԼՂՀ կատարած իր վերջին այցի ժամանակ Լիւբով Կազարնովսկայան է ասել՝ «մշակոյթի ոգին շատ աւելի կարեւոր է»:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles