ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
«Ես առաջարկում եմ Հայաստանում վերականգնել թագաւորութիւնը». այսպիսի կարծիք յայտնեց իմ լաւ ընկեր Վարդանը, ում ճանաչում եմ վաղ մանկութիւնից: Նրա մօտեցման մէջ սարկազմը ակնյայտ էր, սակայն պատճառաբանման մէջ էլ իրատեսութիւն կար: «Միեւնոյնն է, Հայաստանում ամէն ինչ իրականանում է մի մարդու ցանկութեամբ, ի՞նչ կարիք կայ թատրոն խաղալու»՝ ասաց, երբ Հայաստանի ժողովուրդը պատրաստւում էր «ընտրելու» երրորդ նախագահին: Հիմա բացատրեմ, թէ ինչո՛ւ «ընտրել» բառը չակերտների մէջ վերցրի…
Բանն այն է, որ ներկայիս նախագահի ընտրութիւնից մօտ 3 տարի առաջ ինձ բախտ վիճակուեց զրուցելու Լոս Անջելեսում շատ յայտնի մի հայ քաղաքագէտի հետ, ով այն ժամանակ աշխատանքի բերումով յաճախ էր Հայաստան այցելում եւ բաւական շատ բարի գործեր է կատարել հայրենիքի համար: «Սերժ Սարգսեանն է յաջորդ նախագահը», ասաց: «Ինչպէ՞ս կարող ես կանխատեսել դա» հարցիս՝ պատասխանեց. «Այդպէս է որոշուած»:
Կեանքը ցոյց տուեց, որ «կանխատեսումը» իրականութիւն դարձաւ: Հապա ո՞ւմ համար էին ժողովրդավարական ընտրութիւնները: Եւ ո՞ւմ համար են դրանք ընդհանրապէս՝ միջազգային հանրութեա՞ն, օտարերկրեայ պետական այրերի՞, ֆինանսական օժանդակութեա՞ն: Երբ ընտրութիւններ են լինում, ոմանց մօտ յոյսեր կան, թէ իրենց ձայնը կարող է վերջապէս ինչ որ կերպով ազդել առկայ այս կամ այն վիճակի վրայ: Ես էլ եմ մեղաւոր նման յոյսեր փայփայելու մէջ: Բայց արի ու տես, որ դա գնալով անէական է դառնում:
Բաւական վերջերս զրուցում էի Երեւանից նոր ժամանած մի պաշտօնեայի հետ: Բնականաբար, զրոյցի ընթացքում շօշափեցինք Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքականութեան հետ կապուած խնդիրներ: «Յօժար եղի՛ր, որ երկիր ու պետութիւն ունենք», իր կարծիքը յայտնեց նա: Ու եթէ նոյնիսկ ասածի մէջ ճշմարտութիւնը առկայ էր, ապա նման կենսակերպը զուգահեռւում էր նրա ցանկացած արտայայտած մտքում: Կարծես մարդու ձեռքից արժանավայել ապրելու իրաւունքը վերցնելու ժամանակ ասես. «Դու երեխայ ես, յօժար եղիր որ ապրում ես, հանգիստ կարող ենք քեզ կեանքից զրկել, ուրեմն սսկուիր ու ամէն ինչ արա այնպէս, որ մեզ չբարկացնես»:
Մի քանի բան ճշդելու կարիք եմ զգում: Որեւէ մի անհատի կամ կազմակերպութեան թաքնուած կամ բացայայտ շահերին չեմ ծառայել ու ծառայում, ինձ փորձել են ներգրաւել «գլոբալ հայապահպանման» ինչ որ մի կազմակերպութեան մէջ մօտ 10 տարի առաջ, բայց յարգանքով ետ եմ քաշուել առաջարկից, քանի որ խնդիրը շատ ծաւալուն ու անյստակ է թուացել ինձ պէս հասարակ մահկանացուի համար: Այն ժամանակ պատճառաբանեցի, թէ իմ խնդիրն եմ համարում ներդրումս կատարել դպրոցում, նախ՝ լաւ մարդ, ապա՝ լաւ հայ դաստիարակելու դժուարին գործում: Եւ եթէ խնդիրը ինձ համար յստակ չէ կամ էլ այնքան ծանր, որ ուժերիցս վեր է դրա իրագործումը, ապա կարող եմ թերանալ նոյնիսկ իմ իմացած գործում, որն անցանկալի էր:
Իմ լրագրողական մօտ 20 տարուայ գործունէութեան ընթացքում ամէն առիթով խուսափել եմ բացայայտ հրապարակային քննադատութիւններից՝ Հայաստանի իշանութիւնների, նախագահի կամ մէկ այլ երեւելի անձի նկատմամբ: Հայրենափախի բարդոյթն է եղել թերեւս այն հիմնական պատճառը, որ բացայայտ չեմ յայտնել վրդովմունքս այս կամ այն առիթով, երբ հարցը վերաբերուել է այս կամ այն պետական այրի բացայայտ յանցագործութիւնները հրապարակային պախարակման ենթարկելու: Ներէ՛ք ինձ դրա համար:
Բայց հիմա լիիրաւ գիտակցում եմ, որ թէ՛ վարչապետը, թէ՛ նախագահը կամ մէկ այլ բարձրաստիճան անձ պարզապէս ժողովրդի սպասաւորներն են, եւ (նոյնիսկ հայրենիքից հեռու) ես էլ այդ ժողովրդի մի անբաժան մասն եմ ու իրաւունք ունեմ հրապարակային ձայն բարձրացնելու, թէկուզ եւ ընտրելու իրաւունք չունեմ ու որեւէ ուղղակի ծառայութիւն չեմ ակնկալում: Նորից եմ կրկնում, որեւէ յետին միտք ունեցող անհատի կամ կազմակերպութեան կողմից չեմ խրախուսւում որեւէ ձեւով եւ չեմ էլ պատրաստւում այսքան տարիներ մաքուր պահած անունս արատաւորել: Միեւնոյն ժամանակ, խոստանում եմ ինձ բաժին ընկնող հրապարակային քննարկումներիս մէջ կոռեկտ լինել, մնալ չափ ու սահմանի եւ բարեկրթութեան լուսանցքից ներս:
Վարդանի ասածի մասին յաճախ եմ մտածում: Միգուցէ կարիք կա՞յ վերադառնալու թագաւորական վարչաձեւին: Բայց մի պայմանով՝ կա՛մ պէտք է գտնել մեր թագաւորական շառաւիղը ներկայացնող մի անձի, ով դեռեւս հայ է մնացել ու իր կեանքի նախորդ տարիներին իր շառաւղի պատիւը չի արատաւորել, կա՛մ էլ, եթէ բարդ է այս խնդիրը կամ անհնարին, ուրեմն պետք է համաժողովրդական ընտրութիւններ անցկացնել: Մի փոքր համբերութիւն, խնդրո՛ւմ եմ: Նորընտիր արքան պէտք է ունենայ հետեւեալ նուազագոյնը.
Պէտք է միջնակարգ դպրոցն աւարտած լինի ու լաւ հայերէն գրել կարդալ իմանայ, մի խօսքով՝ գրագիտութեան խնդիր չունենայ։
Դպրոցում թաղային հեղինակութիւնների հետ որեւէ սերտ առնչութիւն ունեցած չպիտի լինի:
Բարձրագոյն կրթութիւնը պարտադիր է:
Համալսարանական տարիներին միջակ գնահատականների առկայութիւնը բացառուած պէտք է լինի:
Կաշառքով ընդունուել-աւարտելու հնարաւորութիւնը բացառուած պէտք է լինի:
Աշխատանքային փորձառութեան մէջ կաշառք տուած-վերցրած պէտք չէ լինի:
Եղբօր, քրոջ, զաւակի, զարմիկի ու խնամու համար որեւէ հարցում բարեխօսած պէտք չէ լինի:
Իր կեանքի ընթացքում հասարակական վայրում ալկոհոլի ազդեցութեան տակ երեւացած պէտք չէ լինի:
Եթէ ամուսնացած է, ապա իր կնոջից բացի որեւէ մէկի հետ ամուսնական անկողինը պէտք չէ կիսած լինի:
Հայկական մշակոյթի, այդ թւում լաւ երաժշտութեան սիրահարն ու ջատագովը պէտք է լինի…
Այս ցանկը կարելի է աւելացնել եւս մի հարիւր կամ աւելի կէտերով: Ուրեմն, թագաւորը պիտի իմանայ, որ իր թոռներն ու ծոռները ապահովուած են, ժողովուրդը կը հոգայ նրանց հանգիստ ու անհոգ ապրելակերպի հետ կապուած ծախսերը, ինչպէս որ անգլիացիներն են անում իրենց թագուհու համար: Ու հաւանաբար չի մտածի, որ իր «գնալուց» յետոյ ինչպէս ապահովի ընտանիքին կամ ինչպէս բերի մի այնպիսի մարդու, որ իր մերձաւորները ապահով լինեն ֆիզիկական կամ հոգեբանական հետապնդումներից:
Այս օրերին քննարկում են Հայաստանը խորհրդարանական համակարգի վերափոխելու հետ կապուած խնդիրը: Անուններ չեմ տալու՝ անձեր չվիրաւորելու համար, բայց խնդրում եմ մէկ-մէկ վերլուծէք խորհրդարանի անդամների կերպարները, տեսէք, թէ դրանց մէջ մեծամասնութիւնը ովքե՞ր են, ինչպիսի՞ ճանապարհ են անցել նախքան երկրի բարձրագոյն ատեանում «ընտրուել» յայտնուելը: Պատերազմի հերոս, ձեռներէց լինելը, խնամի, ախպերութիւն ու շրջապատ ունենալը գուցէ անհրաժեշտ է (Հայաստանի պայմաններում), բայց պէտք չէ բաւարար լինի երեսփոխան ընտրուելու համար:
Խորհրդարանական բազմաթիւ դրուագներ կրկէսի են նման, սակայն վերջում զուարճանալու փոխարէն մարդու լացն է գալիս։ «Լաւ, էդ մարդիկ ինչո՞ւ չեն պարզապէս փող աշխատում, իրեց քեաբաբն ու խորովածը ուտում, օրէնքներ հաստատելու փոխարէն, ինչո՞ւ են ժողովրդի ապագայի հետ խաղում», միամիտ հարցադրեց մի ծերունի, ով իր օրն էր անցկացնում այգիներից մէկում: Որովհետեւ այդպէս ապահով է, հայրի՛կ, որովհետեւ եթէ խորհրդարանում բոլորը լաւ կրթութիւն ունեցող ազնիւ մարդիկ լինեն, ապա «ախպերութեան» ու անգրագէտ յանցագործներին բանտ կը նետեն:
Ես չեմ ընդունում որեւէ յեղափոխութեան պայծառ խոստումները, քանի որ պատմութիւնը ցոյց է տալիս, որ դրանք սկսւում են բարձր ու ազնիւ գաղափարներով, աւարտւում են շահադէտ մի խմբի իշխանավարութեամբ. դրանք հասարակ ժողովրդին ու երկիրը հասցնում են դժոխքի բերան, յաճախ էլ՝ նետում են դրա անդունդը: Բայց միեւնոյն ձեւով չեմ ընդունում իշխանաւորների «մեր դէմ խաղ չկայ» մօտեցումը, որի հիմքում ընկած է ժողովրդին բռնաբարելու անասնական կիրքը: Ուրեմն, «բարի» թագաւորի տարբերակը պէտք չէ՞ բացառել: Ռուսաստանը նման օրինակ տուել է, ի դէմս Ռոմանովների վերջին ներկայացուցչի: Ափսոս, որ ցարը այնքան բարի էր, որ հանդուրժեց բոլշեւիկների յանդգնութիւնները: «Հայաստանին թագաւորը կը փրկի», այն ժամանակ ասաց Վարդանը: Յուսահատութիւնից վատ ուրիշ ի՞նչ կայ…
Այս յօդուածը կարդալիս մի քանի մեկնաբանութիւններ կարող են ծնուել. ցնդաբանութիւն, հումոր, եզովպոսեան առակի մեղմիկ յիշողութիւններ, մտածելու առիթ, թէ ո՞ւր ենք գնում: Մի բան ինձ համար պարզ է, առաջուայ պէս քննադատութիւնից չեմ խուսափելու, քանի որ գիտակցում եմ, որ դրանով նմանւում եմ «ախպերութեան խաթեր» բացասականը կուլ տուող, աչք փակող այն անձանց, ում կարելի էր յարգել իրենց ունեցած ինտելեկտի կամ կրթութեան համար, եթէ նման վարքագիծ չդրսեւորէին…