Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Երկուշաբթին Ծանր Օր Է Կամ՝ Ինչի Է Պատրաստւում Իլհամ Ալիեւը

$
0
0

1024leonidmardirosyan

 

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Հանգամանքների պատահական զուգադիպմամբ Երկուշաբթի օրը՝ Յուլիսի 13ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջէյմս Ուորլիքն իրարից անկախ, համապատասխանաբար՝ Բաքւում եւ Մոսկուայում, արտայայտուեցին ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման շուրջ:

Առաջինը հանդէս եկաւ իր կառավարութեան նիստին՝ նուիրուած 2015թ. առաջին կիսամեակում Ադրբեջանի սոցիալ–տնտեսական զարգացմանը, երկրորդը հարցազրոյց տուեց ռուսական «Վեդոմոստի» հրատարակութեանը, որտեղ պատմեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախատեսուող հանդիպման, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի եւ ադրբեջանա–ղարաբաղեան հակամարտութեան հանգուցալուծման ուղիների մասին: Պէտք է նկատել, որ նրանցից իւրաքանչիւրի տեսակէտներին ծանօթանալն ու այդ ցաւոտ հարցի վերաբերեալ նրանց դիրքորոշումները համեմատելը որոշակի հետաքրքրութիւն է ներկայացնում, բայց՝ ոչ միայն: Նման համեմատութիւնը թոյլ է տալիս նաեւ գնահատելու բանակցային գործընթացի հեռանկարները, որի հովանաւորներ են հանդէս գալիս Ռուսաստանը, ԱՄՆը եւ Ֆրանսիան՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրներ:

Որպէս սկիզբ՝ Ալիեւն ու պարոն Ուորլիքն իրենց գնահատականները տուեցին բանակցութիւններում ստեղծուած իրավիճակին: «Լեռնային-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում առաջընթաց չկայ: Հայաստանը պարզապէս բոյկոտում է բանակցային գործընթացը եւ ձգտում հնարաւորինս ձգձգել հարցի կարգաւորումը», յայտարարել է Ալիեւը, ինչպէս միշտ՝ Երեւանին մեղադրելով… սեփական մեղքերում՝ կարգաւորման գործընթացի տորպեդահարման (թորքփիլահարման, ռմբահար-ման-Խմբ.) եւ խիստ անզիջողականութեան մէջ: Բայց այս անգամ նա աւելի հեռուն գնաց՝ Ադրբեջանի դէմ դաւադրութեան մէջ «մերկացնելով» «Հայաստանի հովանաւորներին, հայամէտ տրամադրուած իսլամատեաց քաղաքական գործիչներին, հակաադրբեջանական ոյժերին», որոնք, Ալիեւի խօսքով, «օկուպացրել են մեր հողերը»: Ադրբեջանի նախագահին մնում է միայն ցաւակցել, ով բախուել է, քիչ է մնում, համաշխարհային դաւադրութեան հետ, որը նրան զրկում է կառուցողականութիւնից: Ինչ վերաբերում է æէյմս Ուորլիքին, ապա գործերի ներկայ դրութեան վերաբերեալ նրա գնահատականը շատ աւելի լուրջ եւ անկողմնակալ է. «Զինադադարը, որի շուրջ համաձայնութիւն է ձեռք բերուել, ամբողջութեամբ չի պահպանւում:

2015թ. Յունուարն ընդհանրապէս վերջին 20 տարուայ ընթացքում կարգաւորման համար ամենավտանգաւոր ամիսներից մէկն էր՝ զոհերի մեծ թուով: Այնպէս որ կան բոլոր հիմքերն այն մտավախութեան համար, որ հակամարտութիւնը կարող է ընդլայնուել»:

Ինչպէս ընդունուած է նման դէպքերում, կարգաւորման գործընթացում տիրող իրավիճակը գնահատելուց յետոյ կողմերն ստեղծուած դրութիւնից դուրս գալու ուղիներ են առաջարկում: Այդ իմաստով բացառութիւն չդարձան նաեւ Ալիեւն ու պարոն Ուորլիքը: Աւելին, նրանք երկուսն էլ համոզմունք յայտնեցին, որ հակամարտութիւնը կը լուծուի: Այդուհանդերձ, այստեղ պէտք է վերապահում անել. թէեւ Ադրբեջանի նախագահն ու ամերիկեան միջնորդը լաւատեսօրէն են արտայայտւում, լաւատեսութիւնն այդ նրանցից իւրաքանչիւրի մօտ այլ կարգի է:

«Մենք ձեռնարկում ենք միջոցներ, եւ կը գայ այն օրը, երբ Ադրբեջանը կ՛ապահովի իր տարածքային ամբողջականութիւնը: Առայժմ մենք այդ ուղղութեամբ նախապատրաստական աշխատանքներ ենք անցկացնում», սա Ալիեւն է: «Այո, նրանք (Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները.– հեղ.) դեռեւս համաձայնութեան չեն եկել: Բայց ես հաւատում եմ, որ դա հնարաւոր է: Եւ հէնց դրա համար, որ բանակցութիւնների ճանապարհով կարգաւորման հասնելը հնարաւոր է, Վաշինգտոնն ու Մոսկուան շարունակում են մասնակցել այդ գործընթացին», սա արդէն Ջէյմս Ուորլիքն է: Համաձայնենք, այս երկու տարբերակները՝ միլիտարիստականն (ռազմականը-Խմբ.) ու պացիֆիստականը (խաղաղասիրականը-Խմբ.), անհամատեղելի են եւ անգամ փոխբացառող, ինչը կարգաւորման գործընթացը զրկում է ցանկացած հեռանկարից: Իրավիճակը վատթարացնում է այն փաստը, որ Ադրբեջանը, հակառակ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկուած կարգաւորման երեք սկզբունքների, անփոփոխ վկայակոչում է միայն տարածքային ամբողջականութեան սկզբունքը՝ կտրականապէս դէն նետելով մնացած երկու՝ ինքնորոշման եւ ոյժի կամ ոյժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները: Ահա եւ վերը յիշատակուած հարցազրոյցում էլ æէյմս Ուորլիքն, ասես հեռակայ ընդդիմախօսելով Ալիեւին, ընդգծեց. «Կարեւոր է չկենտրոնանալ կարգաւորման տարրերից մէկի կամ սկզբունքներից մէկի վրայ: Այդ պատճառով էլ մենք միշտ խօսում ենք համապարփակ կարգաւորման մասին. չէք կարող վերցնել մի ասպեկտը միայն եւ պնդել, թէ դա կարգաւորման հիմքն է: Եւ մենք որոնում ենք բոլոր տարրերի ու սկզբունքների համատեղման այնպիսի տարբերակ, որի դէպքում ապագայում հնարաւոր կը լինի համաձայնութեան հասնել»:

Հարկ է նկատել, որ համապարփակ կարգաւորման հայեցակարգը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից այսօր չէ որ առաջ է քաշւում, սակայն Ադրբեջանը, ինչպէս տեսնում ենք, մտադիր չէ հետեւելու բանականութեանը եւ յարգել միջազգային իրաւունքը: Չափազանց յանդգնաբար քամահրելով միջազգային օրէնսդրութեան նորմերը՝ Ալիեւն անգամ իր համար յարմար բանաձեւ գտաւ, որն արդէն բազմիցս է արտաբերել եւ չյապաղեց անել դա կառավարութեան յիշատակուած նիստին. «Իրաւունքն ուժեղի կողմն է: Իւրաքանչիւրը միջազգային իրաւունքի նորմերը մեկնաբանում է այնպէս, ինչպէս յարմար է գտնում, արդիւնքում տեսնում ենք, որ ուժային գործօնը բազում հարցեր է լուծում: Մենք պէտք է պատրաստ լինենք եւ մենք պատրաստ ենք դրան»: Այլ կերպ՝ նա դարձեալ կողմնորոշւում է ղարաբաղեան հիմնախնդրի ռազմական լուծման օգտին:

Վերը շարադրուածն ամենայն ակնյայտութեամբ ցոյց է տալիս, թէ ում կողմից է բխում հակամարտութեան ուժգնացման իրական սպառնալիքը, որի վտանգի մասին «Վեդոմոստի»ի հետ հարցազրոյցում խօսեց Ջէյմս Ուորլիքը: Յուլիսի վերջին սպասւում է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, որոնց չէր խանգարի Ալիեւի հետ հանդիպմանը մեղմել նրա ռազմատենչ աւիւնը, նրան յիշեցնելով, որ ցանկացած ոյժ ծնում է հակաոյժ, ինչպէս դա արդէն կատարուել է Ադրբեջանի հետ անցած դարի 90ական թուականների առաջին կէսին: Միաժամանակ մատչելի ձեւով բացատրել նրան, որ իրաւունքի ոյժն առաջնահերթ է ոյժի իրաւունքից. որպէսզի կարգաւորման գործընթացն անհեռանկար չմնայ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles