Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Շարժման Աւարտի Պարադոքսները

Image may be NSFW.
Clik here to view.
0710movement

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Էլեկտրաէներգիայի թանկացման դէմ պայքարն աւարտուեց: Բայց այդ աւարտը ողբերգութիւն չէ: Այն, ինչ սկսւում է, պարտադիր ինչ որ պահի նաեւ աւարտւում է: Կարեւորը հասկանալն է՝ որքանով շարժումը հասունացրեց հասարակութեանը, նախապատրաստեց նոր խնդիրների առաջադրմանը: Այն, ինչ տեսանելի է հիմա, ընդամէնը շարժման իներցիոն (ինքնիրեն շարունակուող-Խմբ.), տխուր հետեւանքներն են՝ պարադոքսների (յարակարծութիւն-ներու-Խմբ.) դաշտում: Դրանց յաղթահարման կարողութիւնից է կախուած՝ կը կարողանա՞յ, արդեօք, հասարակութիւնը ինքնառողջանալ:

Պարադոքս 1.- Իշխանութեան ակտիւ քարոզչական ջանքերով շարժման քաղաքականացումը դարձաւ տաբու, որի իմաստը հետեւեալն է՝ սոցիալական պահանջների վրայ հիմնուած քաղաքացիական շարժում է, լուծումներն էլ պէտք է լինեն ապաքաղաքական դաշտում: Եւ, չնայած դրան, նոյն իշխանութիւնը՝ ի դէմս նախագահ Սերժ Սարգսեանի, հարցը քաղաքականացրեց՝ առաջարկելով պայքարը տեղափոխել իշխանութեան հետ բանակցութիւնների հարթութիւն: Արդիւնքում՝ պահանջների կատարման իր քաղաքական խնդիրը շարժումը չլուծեց, իսկ իշխանութիւնը լուծեց շարժումից ձերբազատուելու իր քաղաքական խնդիրը:

Պարադոքս 2.- Շարժման քաղաքականացման նկատմամբ ձեւաւորուեց մի աննախադէպ եւ վտանգաւոր ֆոբիա (երկիւղ-Խմբ.): Ստացուեց այնպէս, որ սեփական իշխանութեանը պահանջներ ներկայացնելու, քաղաքական օրակարգով հանդէս գալու՝ սուվերեն երկրի հասարակութեան սուվերեն իրաւունքը սկսեց ընկալուել ռուսականութեան եւ հակառուսականութեան պրիսմակով: Այդ ֆոբիան ձեւաւորուեց առաւելապէս «մայդան»ի հետ չնոյնանալու ձգտումների պատճառով, որին նպաստեց ռուսական լրատուական եւ փորձագիտական շրջանակների կողմից հայաստանեան հասարակութեան նկատմամբ իրականացուած հոգեբանական դիվերսիան (շեղու-մը-Խմբ.): Նրանք, ովքեր պահանջատիրական քաղաքական գործընթացը տեղափոխում են այս ընկալման հարթութիւն, ուղղակի լեգիտիմացնում են (կ՛օրինականցնեն-Խմբ.) ոչ միայն ցանկացած գործող իշխանութեան յաւերժականութիւնը, այլեւ այդ իշխանութեան կողմից յետագայում գործուելիք բոլոր պոտենցիալ (հաւանական-Խմբ.) յանցագործութիւնները: Որովհետեւ ստացւում է, որ, որպէսզի Ռուսաստանը յանկարծ չբարկանայ, գործող իշխանութեան հեռացման հարցը չպէտք է առաջադրել այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկուան ինքը չի դրել այդ հարցը: Իսկ Մոսկուան այդ հարցը կարող է նաեւ չառաջադրել՝ ընդհանրապէս: Հարց է առաջանում՝ եթէ ամէն ինչ յանգում է Կրեմլից վախին, ապա ո՞րն է Հայաստանում քաղաքական գործունէութիւն ծաւալելու իմաստը:

Պարադոքս 3.- Ոստիկանութեան հանդուրժողականութիւնը հակադրուեց նրա կողմից ուժի կիրառման իրաւունքին: Հանդուրժողականութիւնը պայմանաւորուած էր շարժմանն արհեստականօրէն ձնագնդի էֆեկտ (ազդեցութիւն-Խմբ.) չհաղորդելու առաջնայնութեամբ: Հետեւաբար, սա ոչ թէ հանդուրժողականութիւն էր, այլ ծայրայեղ զգուշաւորութիւն կամ վախ: Ինչպէս իշխանութիւնը, այնպէս էլ ոստիկանութիւնը հասկանում էին, որ շարժման առաջին շաբաթուայ ընթացքում ոյժը Բաղրամեան փողոցում էր, եւ գնահատեցին այդ ոյժը:
Մինչդեռ վերջին՝ առնուազն 5-6 օրերին Բաղրամեան փողոցի «բլոկադան» (պաշարումը-Խմբ.) լեգիտիմ չէր, նոյնիսկ‘ Բաղրամեանը գրաւողների մեծ մասի համար: Եթէ ոստիկանութիւնը նոյն հանդուրժողականութիւնը շարունակեր նման պայմաններում, պարտաւոր էր լինելու նոյնպիսի հանդուրժողականութիւն հանդէս բերել բոլոր այն դէպքերում, երբ 30-40 հոգանոց ինչ որ մարգինալ (լուսանցքային-Խմբ.) խմբեր կ՛որոշէին փակել Բաղրամեան փողոցը կամ, ասենք, Հանրապետութեան հրապարակը: Որեւէ կասկած չկայ, որ նրանք, ովքեր այսօր պնդում են, թէ ոստիկանութիւնը ոյժ է կիրառել Բաղրամեան փողոցը բացելիս, նոյն յաջողութեամբ ոստիկանութեանը մեղադրելու էին յանցաւոր անգործութեան ցուցաբերման մէջ: Իսկապէս տարօրինակ է:

Պարադոքս 4.- «Ժառանգութիւն» կուսակցութեան ներկայացուցիչ Դաւիթ Սանասարեանը, ով Յունիսի 28ից յետոյ նստացոյցի համակարգող խորհրդի ոչ ֆորմալ (պաշտօնական-Խմբ.) ղեկավարն է, Բաղրամեան փողոցը «կորցնելուց յետոյ» անժամկէտ հացադուլ է յայտարարել: Բայց հացադուլը ոչ թէ իշխանութեան դէմ է ուղղուած, այլ… հասարակութեան՝ իրենց պայքարին չմիանալու, չակտիւանալու համար: Սանասարեանը, փաստօրէն, որոշել է իւրատեսակ շանտաժի (սպառնալիքի-Խմբ.) ենթարկել հասարակութեանը: Նա դեռ չի ըմբռնել կամ գուցէ չի ուզում ըմբռնել, որ նման եղանակով հասարակութեան հետ չեն հաղորդակցւում, որ հասարակութեանը կարելի է սովորեցնել, վարժեցնել, մանիպուլիացիայի (մեքենայութիւններու-Խմբ.) ենթարկել, բայց ոչ երբեք՝ ինչ որ բան պարտադրել: Որովհետեւ, երբ սկսում ես նրա հետ խօսել պարտադրանքի կամ շանտաժի լեզուով, ոչնչով իշխանութիւնից չես տարբերւում: Առաւել եւս, երբ չգիտես՝ ի՞նչ ես պարտադրում եւ յանուն ինչի՞: Նա դեռեւս չի հասկացել, որ նման ճանապարհ ընտրելը նշանակում է գնալ ինքնամեկուսացման եւ մարգինալացման, եւ որ դա էֆեկտի կամ արժէքի իմաստով ոչնչով չի տարբերւում Բաղրամեան փողոցն անիմաստ փակ պահելուց: Հիմա նման եղանակներով հասարակութեանը յուսահատութիւն ներշնչելու ժամանակը չէ: Հիմա շարժման ձեռքբերումներն իմաստաւորելու եւ ապագայի համար բազային (յենակետային-Խմբ.) դարձնելու պահն է, եթէ, ի հարկէ, դա ընդհանրապէս հետաքրքրում է պայքարը շարունակողներին:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles