ՕՆՆԻԿ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայիպ Էրտողանը որեւէ առիթ չի փախցնում իր խելապատակից դուրս տալու նոյն յանկերգը: Իստամբուլում լոյս տեսնող «Today՛s Zaman» թրքական օրաթերթը գրել է, թէ Էրտողանը Իստամբուլում մի դասախօսութեան ընթացքում Հայաստանից ու ամբողջ հայ Սփիւռքից պահանջել է, որ 1.5 միլիոն հայերի կոտորածի մասին վաւերագրական աւելի փաստաթղթեր ներկայացնեն, որոնք կը տրուեն պատմաբանների, քաղաքական գիտաշխատողների, նոյնիսկ հնագէտների ու իրաւաբանների՝ ուսումնասիրելու համար:
Ռ. Թ. Էրտողանը իր ստայօդ յայտարարութիւնների մէջ նոյնիսկ աւելի առաջ անցնելով՝ ամբաստանում է Հայաստանին եւ ամբողջ Սփիւռքին այն բանի մէջ, իբր թէ աւելի շատ երկրներ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու ուղղութեամբ նրանց գործի դրած բոլոր ճիգ ու ջանքը միտում է «վարկաբեկել» Թուրքիային, քան թէ երեւան հանել ճշմարտութիւնը: Ինչպէս տեսնում ենք՝ նոյն յանկերգը, որն Էրտողանը հնչեցրել է տարիներ շարունակ բազմիցս անգամներ, նոյնիսկ իր վարչապետութեան տարիներին:
Էրտողանը խօսում ու հանրային բեմերից յայտարարում է Թուրքիայի արխիւների ու փաստաթղթերի մասին՝ իբր թէ արխիւները բաց են եւ նրանք տրամադրելի են հետաքրքրուողներին եւ օտար ուսումնասիրողներին:
Անշուշտ, կարեւոր է նշել, թէ հայ պաշտօնատարները եւ գիտնականները հերքում են Էրտողանի յայտարարութիւններն այն մասին, իբր թէ օսմանեան ժամանակաշրջանի Թուրքիայի պետական արխիւները բաց են օտար ուսումնասիրողների առջեւ: Որոշ գիտնականներ նոյնիսկ ասել են, թէ Անգարան տարիներ առաջ այդ արխիւներից հանել ու ոչնչացրել է Հայոց Ցեղասպանութեան վրայ լոյս սփռող կարեւոր փաստաթղթերը:
Հարկ է շեշտել, որ թէ՛ հայկական կողմը եւ թէ մի շարք օտար պատմաբաններ, ցեղասպանագէտներ եւ պետական-քաղաքական դէմքեր ու կառոյցներ պնդում են, թէ բաւարար չափով փաստեր կան ապացուցելու համար, որ օսմանեան վարչակարգի՝ Երիտասարդ թուրքերի կառավարութեան ձեռամբ գործադրուած զանգուածային ջարդերի ու տեղահանութիւնների ոճիրը ցեղասպանութիւն է:
Բացի այդ, չափազանց կարեւոր է յիշել, թէ Միացեալ Նահանգներում Ցեղասպանագէտների միջազգային միութիւնը 2007 թուականին ԱՄՆի Կոնգրեսի անդամներին ուղղած իր նամակում գրել է. «Հայոց Ցեղասպանութեան մասին պատմական փաստաթղթերը անվիճելի են եւ վաւերագրուած են բազմաթիւ ապացոյցներով»: Սոյն միութիւնը շարունակելով՝ գրել է. «Դա փաստւում է Միացեալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծն Բրիտանիայի, Ռուսաստանի արտաքին գործոց նախարարութիւններում պահուած տուեալներով, եւ, գուցէ ամէնից կարեւորը, Առաջին Աշխարհամարտին Թուրքիայի զինակից Գերմանիայի եւ Աւստրօ-Հունգարիայի արտաքին գործոց նախարարութիւնների փաստաթղթերով, ինչպէս նաեւ՝ 1918-1920 թուականներին Օսմանեան զինուորական դատարանի արձանագրութիւններով եւ տասնամեակների լուրջ գիտաշխատութիւններով»: Ապա նամակը շարունակում է. «Ձեզ խնդրում ենք, որ ուրացման թրքական արշաւը մերժէք, երբ կրքոտ մերժողների խմբերի կամ անհատների հետ հանդիպում էք: Մենք պիտի ընդգծենք, թէ Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը վիճելի չէ, այլ՝ միայն թրքական կառավարութիւնն ու նրա ջատագովներն են ուրանում»:
Եղած հայ եւ օտար բազմահազար փաստաթղթերից բացի, լաւագոյն եւ կենդանի փաստը աներկբայօրէն ապացուցելու համար, թէ Օսմանեան կայսրութեան փլուզման եւ Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտասարդ թուրքերի կառավարութեան միջոցով անմարդկայնօրէն գործադրուած ոճիրը ցեղասպանութիւն էր, բաւական է Թուրքիայի ղեկավարութեան հարց տալ, թէ ո՞ւր է այդ հողատարածքում՝ Արեւմտեան Հայաստանում, հազարամեակներ շարունակ ապրած եւ ստեղծագործած աւելի քան երկուս ու կէս միլիոն տեղաբնիկ հայ ժողովուրդը: Յատկապէս ակնբախ է նաեւ այն աղաղակող փաստը, թէ դեռեւս ամբողջ երկիրը բռնազաւթուած է պահւում, որն ինքնին անհերքելի փաստն է կատարուած Հայոց Ցեղասպանութեան (դեռ չենք խօսում հայկական մշակութային արժէքների, կոթողների ու տնտեսութեան «ցեղասպանութեան» մասին): Ուստի, ո՛չ մի այլ ապացոյցի կարիք չկայ:
Ուրեմն, ի՜նչ արխիւային փաստաթղթերի մասին է որոճում եւ հրապարակաւ յայտարարութիւններ կատարում Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրտողանը: Սոյն յայտարարութիւնների խորքում ընկած խորամանկ խաղը շատ բացայայտ է. այն, որ նոր «ուսումնասիրութիւններ»ի դուռ բանալ, ամէն ինչ նոր տողից սկսել, որպէսզի դրածոյ «պատմաբաններ»ի յարուցած անհամաձայնութիւնների ու շինծու վէճերի արդիւնքում Հայոց Ցեղասպանութեան ճշմարտացիութիւնը կասկածի տակ առնել եւ նորանոր քաշքշուքների միջոցով միջազգային հանրութեան միտքն ու ուշադրութիւնը շեղել ու հարցի լուծումը երկարաձգել…
Ի հարկէ, այն տարտամ յոյսով, որ գուցէ մի օր «Մի լեռ փլի, մի ձոր լցուի»…