Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Հայոց Ցեղասպանութիւնից Մինչեւ Օսվենցիմ (Auschwits)

$
0
0

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Մէկ ամիս առաջ, Յունուարի 27ին նշուեց Օսվենցիմի (Auschwitz) ազատագրման 70 տարին: Եթէ Ազատագրում բառը ընդունենք իր իրական, խորը իմաստով, տօնական միջոցառում է, տօնական տրամադրութիւն: Ազատագրուել են միլիոնաւոր մարդիկ գալիք տանջահար մահից: Սակայն քանի որ ազատագրումից առաջ այդ տեղում յատուկ ծրագրուած միջոցներով մօտ երկու միլիոն, տարբեր ազգերից, մարդկային կեանք է անմարդկայնօրէն ոչնչացուել, բնականաբար ինքնստինքեան միջոցառման կենտրոնացումը աւելի կատարուած ոճրագործութեան, քան ազատագրման տօնակատարութեան վրայ էր:
Կատարուած սպանդի միջոցներն ու կիրառումները իրենց տարողութեամբ այնքան ազդեցիկ են, որ տօնակատարութեան մէջ անգամ իշխող են, ուշադրութիւնն ու տրամադրութիւնը աւելի իրենց վրայ կենտրոնացնող:
Յիշատակման ամբողջ իմաստն էլ արդէն այդ է: Նշելով փրկուածներին ուշադրութեան կենտրոնում պահել, երբեք մոռացութեան չմատնել զոհուածներին եւ գործուած ոճիը:
Օսվենցիմ, տեղանունն ինքնին մահուան, խոշտանգումների խորհրդանշան է, երկու միլիոն մարդկային կեանք կուլ տուած որջ:
Հետեւաբար, ահաւոր տխուր, մարդկային պատկերացումից վեր խոշտանգումներով, վայրագութեամբ լեցուած յիշողութիւններ պարփակող մի տեղ է սա, որը դեռ պահպանւում, ուշադրութեամբ խնամւում եւ ցուցադրւում է մարդկութեանը ահազանգելու նմանը չընդօրինակելու, չկրկնելու համար:
Մի տեղանուն, որը մարդկային պատմութեան մէջ յաւէտ արձանագրուեց իբրեւ սպանդանոց, իբրեւ միլիոնաւոր մարդկային կեանք ոչնչացրած հնոց:
Անկարելի է լինել այնտեղ, ականատես լինել մարդկային սպանդն անգամ հաշուարկի, շահի ու հետազօտութեան վերացած այդ նողկալի վայրում ու չսոսկալ, չսահմռկել, չքարանալ պատահածի ահռելի տարողութեան առջեւ:
Արդէն 70 տարիներ այս տեղ գալիս են ոչ միայն վերապրողների սերունդները, այլ երկրագնդի բոլոր կողմերից, ոչ միայն ականատես լինելու, ծանօթանալու 70 տարի առաջ պատահած սարսափելի եղելութեանը, այլ խոնարհուելու զոհուածների յիշատակի առջեւ, յետ մահու նրանց յաւէրժացնելու:
Տարիներ առաջ ես էլ եմ եղել այնտեղ, ահաւոր պահեր ապրել այդ շինութեան տարբեր սենեակներում եւ դրա ճանապարհին: Ես կրկնակի եմ զգացել երկու միլիոն զոհերի՝ հրեայ, լեհ, գնչու, ռուս տանջահար, գազախեղդ եղածների ողբերգութիւնը, չէ՞ որ այն կրկնութիւնն է մեր ժողովրդի միլիոնաւորների կրած տանջանքին: Բայց արդեօք դա կրկնութի՞ւնն է: Ո՛չ, դա հետեւութիւնն է: Եթէ չլինէր մեր Ցեղասպանութիւնը, չէին լինի նաեւ Օսվենցիմները, աշխարհի տարբեր երկրների մեծ ու փոքր ջարդերը:
Ես հեռացել եմ ահռելի ցասումով լեցուած նոյն գերմանացիների հանդէպ, որոնք անվրդով ծրագրողն ու մասնակիցը եղան նաեւ մեր Ցեղասպանութեան եւ անպարտ մնալով կրկնեցին այն արդէն իրենց ձեռքով, ոչ թէ Արեւելքում, այլ՝ Եւրոպայի սրտում:
Տարիներ յետոյ ես կանգնել եմ Տէր Զօրի անապատում, իմ ժողովրդի ամենածանր աքսորակէտում, փնտռել եմ մասունքներ ժողովրդիս անասելի տանջանքները կուլ տուած այդ հողում: Իմ աչքերի առջեւ կենդանացել է անոյժ, անկարող, հազիւ քարշ եկող, կիսամերկ, ցնցոտիներով ծածկուած մեր որբերի, մեր մայրերի անօգնական նետուած միլիոնաւորների քարաւանները: Կենդանացել է աւազների մէջ մինչեւ կոկորդը թաղուած, իր մահուան սպասող պատանու դէմքը, նրա աչքերը: Լսել եմ մեծ մօրս եւ իր վեց տարեկան որդու աղիողորմ կանչը եւ համատարած այդ զարհուրելի տեսարանների ճնշումից իմ առջեւ յանկարծ տեսել եմ մեր ողբերգութիւնը կուլ տուած, արդէն մարսած գիւղաքաղաք դարձած մի վայր, որը դեռ կրում է մեզ համար յաւէտ մահաբեր այդ նոյն անունը՝ Տէր Զօր:
Կանգնել եմ նաեւ Մարկատէի հայակեր սեւահող բլուրների մէջ եւ իմ ժողովրդի ոսկորների մնացորդները հաւաքել: Ծնկաչոք նստել եմ Շետետտիէի արդէն մաշուած քարանձաւների առջեւ եւ իմ էութեան խորքից դուրս եկող բողոքի ալիքը խեղդելով փորձել եմ գտնել կանգուն մնացած մի տեղ, իմ ժողովրդի սպանդը վկայող, ապացուցող մի հետք, որ ցուցադրենք աշխարհի հայեացքին ի տես, որ մարդկութեան ողնահարը ցնցուի կատարուած առաջին Ցեղասպանութեան ահռելիութեամբ, որ երկրագնդի բոլոր կողմերից գան ու խոնարհուեն մեր անմեղ զոհերի մասունքների առջեւ, իրենց այցելութեամբ յաւէրժացնեն նրանց նուիրական յիշատակը: Չէ՞ որ իմ ժողովրդի միլիոնաւոր անմեղ զոհերն էլ արժանի են դրան:
Ես ասել եմ եւ կրկնելու եմ՝ աշխարհն անտեղեակ է, որ Շետետտիէն եւ դրա պէս տասնեակ խորշեր հայաշատ մեր ձորերի ու քարանձաւների մէջ Օսվենցիմի նախատիպերն են: Իմ ժողովրդին ոչնչացնող թշնամին՝ թուրքը, ժամանակ, խելք եւ դրամ չունէր գազավառարաններ ստեղծելու, մազեր, եղունգներ քաշելու տարբեր տեսակի ու չափի գործիքներ հնարելու: Նա իր նախնական վայրագ տարերքով էր հայութեանը ոչնչացնում՝ կացնով, բահերով, մուրճերով, շիկացած երկաթներով, սրերով, լուցկով, լաւագոյն դէպքում հրացաններով, յագուրդ տալով իր արեան ծարաւին: Տեղահանուած հայութեան՝ երեխայ, կին, ծեր, չափահաս, անչափահաս հրացանների կոթերով հրում էր քարայրների մէջ, որի բացուածքը փակում էր չոր խոտերով ու հրդեհում այն: Պատկերացրէք թէ ինչ զարհուրելի, տանջալից մահ պիտի ապրած լինէին այդ նեղ անցքում իրար վրայ թափուած մեր զոհերը: Այո՛, Շետետտիէն աւելի զարհուրելի Օսվենցիմ է եղել իմ ժողովրդի համար:
Օսվենցիմ այցելողները, այդ մահակուլ վառարանների առջեւ կեցած սարսռում են, երեւակայութեամբ անգամ քարանում ու անկարողութիւնից հազարապատկւում է այցելուների ցաւակցումը զոհերի հանդէպ: Իրենց մէջ դրոշմուած անջնջելի սոսկումով նրանք հեռանում են, ընդմիշտ վերապրելու այդ պահը, ընդմիշտ վառ պահելու զոհերի յիշատակը:
Իմ ժողովրդի է՛լ աւելի վայրագ ձեւով ոչնչացուած միլիոնաւորները զրկուած են մարդկութեան ամենապարզ ցաւակցութիւնից, նրանց կրած տանջանքների յիշատակը վառ պահելու հնարաւորութիւնից: Մեր թշնամին աւելի »խելաց«ջ էր, քան իրեն հետեւող գերմանացի հետեւորդները: Նա գիտէր, որ բնութիւնը ջնջելու, անհետացնելու էր իր ոճիրների հետքերը, հետեւաբար սպանածներին անգամ չէր թաղում:
Մենք ոչ միայն չունենք Օսվենցիմի վառարաններ, աշխարհին ի տես ցուցադրելու, այցելուներին զարհուրեցնելու մեր դէմ գործուած ոճրի ձեւերով, այլ չունենք նոյնիսկ մեր այրուած-ոչնչացուածներից, հազարաւոր մղոններ ձգուող նրանց քայլած ճանապարհներից, անցած ձորերից ու կիրճերից մեզ հասած մասունքներ, թէկուզ մազի մի փունջ, հագուստի մի կտոր, որ ցուցադրենք, որ խոնարհուենք դրանց առջեւ:
Օսվենցիմի թանգարանը լեցուն է զոհուածների ճամպրուկների, ակնոցների, պայուսակների, կօշիկների, մազերի հաւաքածուով: Դէպի վառարան առաջնորդուողները վերարկուներով ու կօշիկներով են եղել: Իսկ իմ ժողովուրդը ցնցոտիների վերածած հագուստներով ու մերկ, ծակծկուած, արիւնլուայ ոտքերով է անցել տարագրութեան ուղին: Իմ ժողովրդին ոչնչացնողները սպանդից առաջ կողոպտել են նոյնիսկ նրանց ցնցոտիները, մերկացրել, նրանց տանջահար մարմինները գազանների կեր դարձրել: Ինչ ակնոցների հաւաքածուի մասին կարող էր խօսք լինել, երբ նրանց աչքերն են փորել ու շներին կեր դարձրել: Երբ մեր որբերին ճիպոտների հարուածների տակ ստիպել են կանգնել ու անթարթ արեւին նայելով վերջնականապէս կուրացրել: Ինչ, ինչ պահպանուած յիշատակի մասին կարող ենք մտածել: Դեռ շնորհակալ ենք բնութիւնից, որ պահպանել է միայն ոսկորների եւ գանկերի մի աննշան հաւաքածու ցիր ու ցան, այն էլ մեր միջոցներով հաւաքած, տարբեր եկեղեցիների, մատուռների եւ թանգարանների ցուցափեղկերում հազիւ հանգչող: Համեմատաբար մեծ հաւաքածուն հէնց սպանդի ամենաթէժ տեղում՝ Տէր Զօրում, նոյն տեղի մեր եկեղեցուոյ մատուռում պահուած, վերջերս ոչնչացուեց նոյն ցեղասպանի ձեռքով: Ցեղասպանութեամբ ոչնչացուած մեր ժողովրդի ոսկորներն անգամ մինչեւ այսօր էլ կրկնակի ոչնչացւում են, ռումբերի տարափով փոշիանում, կորչում են, մինչդեռ Օսվենցիմի զոհերը աշխարհի ուշադրութեան եւ փայփայանքին են արժանանում:
Օսվենցիմի ազատագրման տօնակատարութիւնը զոհերի շառաւիղները դարձրել են տխրութեամբ ու անասելի ցաւով լեցուն յիշատակման օր:
Իսկ մենք մեր անհամեմատելի զարհուրելի Ցեղասպանութեան այս հսկայ տարելիցը փորձում ենք տխրութեան չվերածել, այլ դարձնել մեր վերածնութեան օրը: Ամէնուրեք այս նոյն տրամադրութիւնն է իշխում մեր շրջապատում, մերժում են նոյնիսկ Ցեղասպանութիւնը ներկայացնող գործեր հրամցնել ժողովրդին: Համատարած, հոգեհանգիստներից զատ ուզում են միայն հերոսական, ժողովրդի տրամադրութիւնը բարձրացնող գործեր լսել:
Նոյնիսկ 100րդ տարելիցի խորհրդանշանը դարձրել ենք գունեղ ծաղկի մի թերթիկ, կարծես բնութեան աղէտի տարելից ենք նշում:
Բայց չէ՞ որ մենք դեռ պահանջ ունենք մեզ ոչնչացնողից, մեր գրքերում պահուած քարտէսներ ունենք արեան կէտերով լեցուած: Ինչո՞ւ չուզեցինք արեան կէտերի այդ քարտէսը, որը ոչ միայն մեր միլիոնաւոր զոհերի արիւնն է ներկայացնում, այլ մեր խլուած հողատարածքներն ու տեղահանուած հայութեան բզկտուած քայլերի արիւնոտուած ճանապարհը, դարձնել կրծքանշան, խորհրդանշան, ծածանուող դրօշ, որ աշխարհը տեսնի, ծանօթանայ եղելութեանը: Որ աշխարհին մեր պատգամը լինի՝ այդ զարհուրելի քարտէսը երբեք չկրկնուի որեւէ ժողովրդի պատմութեան մէջ:
Եթէ մենք ուզում ենք շարունակել մեր պահանջատիրութիւնը, ուրեմն պէտք էր սերունդների աչքերում, հայ թէ օտար, դրոշմէինք այդ զարհուրանքի քարտէսը, յիշեցնելու մեր տեղահանուած ժողովրդի չարաչար սպանդով անցած ե՛ւ արեան ճամբան, ե՛ւ մեր դարաւոր երկրի՝ Արեւմտահայաստնի խլուած տարածքները: Շեշտելու մեր կեցուածքը ե՛ւ արիւնով ներկուած քարտէսների, ե՛ւ յափշտակուած տարածքների մեր պահանջատիրութեան մասին:
Ընդամէնը 70 տարի է անցել Օսվենցիմի ազատագրումից, եւ այդ տարիներին գերմանացի մարդասպանները աշխարհի օգնութեամբ, աշխարհի աչքի առջեւ դատապարտուեցին մահուան: Աշխարհը օգնեց, որ հրեայ զոհերի շառաւիղները երկիր ունենան: Իսկ Գերմանիան մինչեւ օրս փոխհատուցում է իր գործած ոճրի համար:
Այս օրերին, յարգելով Օսվենցիմի զոհերի յիշատակը, ուզում ենք աշխարհին յիշեցնել, որ ամենաառաջին եւ ամենաահարկու, դեռ չդատապարտուած Հայկական Ցեղասպանութեան 100րդ տարելիցն է մօտենում, ուր հայութիւնը ամենավայրագ սպանդով կորցրեց ոչ միայն միլիոնաւոր ժողովուրդ, այլ դարաւոր հսկայական հողատարածք, մի ամբողջ ժողովրդի ապրած կեանք ու պատմութիւն, մի ամբողջ հոգեւոր սնունդ, դիմագիծ ու հազարաւոր տարիներ ձեւաւորուած աւանդոյթ, անհաշուելի թուով ունեցուածքներ, մեր գալիք սերունդների ամբողջ անցեալն ու ապագան:
Յիշեցնել, որ ցեղասպանը՝ թուրքը, դեռ դատապարտուած չէ, դեռ ժխտում է իր գործած ոճիրը, փորձում է խուսափել պատասխանատուութիւնից, ետ չյանձնել մեզնից խլած մեր տարածքները, մեզնից իւրացրած ունեցուածքները եւ նրանց շահագործումից իրենց ստացածները:
Մեր Ցեղասպանութեան շրջանում դեռ մենք այսօրուայ պէս հասու չէինք մեր դէմ կատարուող դաւադրութեան: Հասու չէինք հզօրների խաղերին եւ որպէս անգլուխ ու անօգնական ժողովուրդ երկար տարիներ լռեցինք ու ձգձգեցինք մեր պահանջատիրութիւնը, յոյսերս դրած աշխարհի արդարամիտ պաշտպանութեան:
Այսօր ոչ միայն հասու ենք այդ ամէնին, ականատես ենք նաեւ աշխարհում կատարուող նոր վայրագ սպանութիւններին եւ աշխարհի ցուցաբերած անտարբերութեան:
Անցած 100 տարիների մեր անասելի դժուար ու փոթորկոտ ճանապարհին մենք երբեք չվարանեցինք ու չմոռացանք մեր դէմ կատարուած եւ դեռ իր լուծումին սպասող Ցեղասպանութեան հատուցմանը հասնելու համար: Կարողացանք մեր ուղին գտնել, անկախացած երկիր ստեղծել, մեր ժողովրդի իրաւունքներն ու ճակատագիրը մեր կառավարութեան յանձնել:
Ամենակարեւորը՝ Ցեղասպանութիւնից մազապուրծ փրկուածների, որբերի շառաւիղների մի հոյակապ սերունդ օտար երկնքների տակ ապաստան գտած հասակ առաւ, ովքեր ականատես ու ականջալուր եղան իրենց ծնողների ապրած ողբերգութիւններին ու երդուեցին իրագործել նրանց պատգամը՝ պահանջատէր լինել վայրագօրէն իրենցից խլուած կեանքերի, իրենց իրաւունքների, իրենցից խլուած տարածքային եւ ունեցուածքների կորուստների, եւ գալիք սերունդների իրաւունքների համար:
Այս 100րդ տարելիցը պարտաւոր ենք դարձնելու, ոչ թէ սոսկ յիշատակի, այլ միլիոնաւոր մեր զոհերի մեզ կտակած պատգամի վերանորոգման, այն հետապնդելու եւ այն իրականացնելու նոր ծրագրի սկիզբ: Չվախենանք տխրելուց ու լացից, չխորշենք կրկին ու կրկին կոտորածի պատկերներ տեսնելուց: Դրանց մշտական ներկայութիւնն է մարդկանց զգաստ պահում:
Այս խորհրդանշական օրը դարձնենք մեր պահանջատիրութեան ոչ միայն շարունակութիւն, այլ մի նոր փուլ, առանց զիջումի եւ առանց վարանումի հետապնդելու: Դաս առնենք մեր սխալներից, օգտուենք մեր Ցեղասպանութիւնը հաստատող փաստագրական թղթածրարների, լուսանկարների հսկայական հաւաքածուից, մեր թշնամու եւ տարբեր երկրների պետական, զինուորական, դիւանագիտական արխիւներում պահուած: Դրանք վկայակոչելով, ցուցադրելով նախ պատմական մի սխալ ճշդենք, որ թուրքն է առաջին անգամ ցեղասպանութիւն իրագործել եւ գերմանացին տեսնելով, որ նա չդատապարտուեց աշխարհի կողմից, ինքն էլ համարձակուեց Օսվենցիմներ, Մայդանեկեր, Դախաօներ ստեղծել: Եւ երկրորդ՝ այդ փաստարկ-ծրարներով ցեղասպանին աշխարհի դատին ներկայացնենք, հատուցում պահանջենք:
Որպէս մէկ միասնական հայ ժողովուրդ, սկիզբ դնենք մեր պահանջատիրութեան նոր փուլին:
Ցեղասպանութիւնը մենաշնորհ չէ, եւ եթէ մենք դեռ խօսում ենք այդ մասին, դեռ դատապարտում ենք ու պահանջ ունենք ցեղասպանից, այդ նշանակում է, որ դա անջնջելի ցաւ է, անանցանելի ոճիր, որի հետքերը դաջուած մնում են սերունդների բջիջների մէջ, որոնք հազար տարի յետոյ էլ արձագանգելու են աշխարհում գործուող իւրաքանչիւր սպանդին, իւրաքանչիւր անգամ ազդարարելով՝ աշխարհի մարդիկ, դատապարտէ՛ք Ցեղասպանութիւնը ու պահանջատէ՛ր եղէք Ցեղասպանից, որ երկրագունդը մարդկային կեցութեան ապահով ապաստան դառնայ:

Սան Ֆրանսիսքօ
25 Փետրուար, 2015թ.


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles