Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Թալիշ Գործիչը Մտահոգ Է Ադրբեջանում Իր Ժողովրդի Ապագայի Համար

Զրուցեց՝ ՍՏԵԼԼԱ ՄԵՀՐԱԲԵԿԵԱՆ

Զահիրադդին Իբրահիմին վստահ է՝ 15-20 տարուց Ադրբեջանում ազգային փոքրամասնութիւնների լեզուների կրողներ այլեւս չեն մնայ:
Փետրուարի 25ին թալիշ ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան յանձնաժողովի նախագահ Զահիրադդին Իբրահիմին, Մոսկուայից ժամանելով Ադրբեջան՝ Լենքորան, առանց որեւէ պատճառաբանութեան նոյն աւիաչուերթով արտաքսուել է երկրից: «Սիվիլնեթ»ի հետ զրոյցում Իբրահիմին կարծիք յայտնեց, որ արտաքսումը կապուած է իր քաղաքական գործունէութեան հետ:
«Ինձ արտաքսեցին նոյն աւիաչուերթով՝ առանց պատճառաբանութեան», այսպէս մեկնաբանեց իր հետ կատարուած միջադէպը Իբրահիմին, որը Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացի է: «Ինձ ասացին՝ մեզնից ոչինչ կախուած չէ, վերեւից կարգադրութիւն կայ»:
Իբրահիմին պատմեց, որ Ադրբեջանում ապրում է 2004ից. այնտեղ ունի տուն, ընտանիք, սեփականութիւն:
Ադրբեջանից իր արտաքսումը Զահիրադդին Իբրահիմին կապում է իր քաղաքական գործունէութեան, թալիշական ազգային շարժման ակտիւացման հետ, որին աստիճանաբար «աւելի ու աւելի շատ մարդ է միանում»: Վերջերս, ինչպէս տեղեկացրեց Իբրահիմին, ռուսաստանեան մի քանի քաղաքներում կայացել են թալիշական շարժման մասնակիցների հանդիպումներ. եւս մէկը նախատեսւում է անցկացնել Եւրոպայում՝ Եւրախորհրդարանի շէնքում:
«Դա քաղաքականապէս հիմնաւորուած արտաքսում էր», ասաց թալիշ քաղաքական գործիչն ու յաւելեց, որ իրեն յանձնուած արձանագրութեան մէջ ասուած էր, որ տուեալ անձի մուտքը Ադրբեջանի Հանրապետութիւն արգելուած է»:
Իբրահիմին ասաց, որ նախկինում երբեք նման միջադէպեր չեն եղել իր հետ:
Ադրբեջանից արտաքսման եւս մէկ պատճառ, ըստ Իբրահիմիի, կարող է լինել իր կողմից հնչեցրած քննադատութիւնը Բաքուի հասցէին: Նոյեմբերին Հայաստանում գործարկուել է Թալիշական ազգային հեռուստատեսութիւնը, որի եթերում Զահիրադդին Իբրահիմին յաճախ բարձրաձայնում է թալիշների ոտնահարուած իրաւունքների մասին՝ քննադատելով Ադրբեջանի իշխանութիւնների ազգային քաղաքականութիւնը:

Բացարձակ Իրաւազուրկ

Ըստ Իբրահիմիին՝ ներկայում Ադրբեջանում հաշւուում է մօտ մէկուկէս միլիոն թալիշ, որոնք «բացարձակապէս զրկուած են իրաւունքներից»:
«Մենք նոյնիսկ չենք կարող «թալիշ» ցեղանունն օգտագործել. դա լուռ արգելքի տակ է», պատմեց Իբրահիմին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանում թալիշների մշակութային ժառանգութեանը, ապա այն, Իբրահիմիի խօսքով, ոչնչացման եզրին է: Թալիշական սրբավայրերը, որոնք խորհրդային շրջանում պետական պահպանութեան տակ էին, Ադրբեջանի անկախացումից յետոյ ենթարկւում են կազմակերպուած յարձակումների: Այսպէս օրինակ՝ յարձակմնան են ենթարկուել 13րդ դարի թալիշ յայտնի աստուածաբան Շէյխ Զահիդ Գիլանիի ու Թալիշական խանութեան հիմնադիր Սայիդ Աբբասի շիրիմները, որոնք թալիշ ժողովրդի սրբավայրերից էին:
Զահիրադդին Իբրահիմին նշեց, որ թալիշ հասարակական ու քաղաքական գործիչները պարբերաբար բարձրաձայնում են մշակութային յուշարձանների ոչնչացման հարցն իրենց հրապարակումներում ու ելոյթներում:
Զուգահեռներ անցկացնելով Լեռնային Ղարաբաղի հետ՝ Իբրահիմին ասաց. «Նրանք փրկուեցին նման աղէտից: Մինչդեռ թալիշ ժողովուրդը, որը չկարողացաւ ինքնավարութեան հասնել, աղէտալի վիճակում է»:
Զահիրադդին Իբրահիմին վստահ է՝ 15-20 տարի յետոյ Ադրբեջանում ազգային փոքրամասնութիւնների լեզուների կրողներ այլեւս չեն մնայ, այդ ժողովուրդները կը դադարեն գոյութիւն ունենալ:
«Մեր աւագ սերունդը «վերջին մոհիկանն է»», ասաց Զահիրադդին Իբրահիմին:

«ՍԻՎԻԼՆԵԹ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles