Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Բաքուն Կրակի Հետ Է Խաղում

$
0
0

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

2015 թուականն սկսուեց ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում լարուածութեան արտակարգ ահագնացումով, ըստ որում, աճել են Ադրբեջանի զինուած սադրանքների ինչպէս ուժգնութիւնը, այնպէս էլ մասշտաբները:
Այսօր գնդակոծութիւններն ու դիւերսիաները, որոնց նախաձեռնողն է լինում անփոփոխ կերպով ադրբեջանական կողմը, տեղի են ունենում գործնականում ԼՂՀի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծի ամբողջ երկեանքով:
Աւելին, դրանք արդէն ընդգրկում են նաեւ Հայաստանի պետական սահմանը, ըստ որում, նաեւ խախտումների «տրամաչափն» է մեծացել. աւտոմատների ու գնդացիրների հետ միասին այժմ գործի են դրւում նաեւ նռնականետերն ու ականանետերը: Իրադրութիւնը սպառնում է դուրս գալ վերահսկողութիւնից:
Ստեղծուած պայմաններում ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախը բազմիցս միջազգային կազմակերպութիւններին եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրութիւնն են հրաւիրել պաշտօնական Բաքուին կարգի հրաւիրելու եւ հակամարտութիւնը բացառապէս խաղաղ միջոցներով կարգաւորելու իր ստանձնած պարտաւորութիւնների անշեղ կատարման կոչելու անհրաժեշտութեան վրայ: Յանուն օբյեկտիւութեան (առարկայականութեան-Խմբ.) հարկ է նշել, որ ներկայումս ստեղծուած իրադրութեան համար մեղաւորութեան որոշակի բաժին է ընկնում նաեւ հէնց համանախագահների վրայ, քանի որ հայկական երկու կողմերն էլ բազմիցս, բայց ապարդիւնօրէն նախազգուշացրել են նրանց, որ կրակի հետ Ադրբեջանի չափազանց վտանգաւոր խաղի նկատմամբ միջնորդների անհոգ վերաբերմունքը ծանրածանր եւ նոյնիսկ աղէտալի հետեւանքներով է յղի: Աւելին, ադրբեջանական իշխանութիւնների սադրիչ գրծողութիւններին խիստ գնահատականներ տալու փոխարէն, Մինսկի խմբի համանախագահները սահմանափակուել են ընդհանուր, ասել է, թէ՝ աննպատակ յայտարարութիւններով, ինչը (այդ մասին նոյնպէս նախազգուշացրել են Երեւանն ու Ստեփանակերտը) պաշտօնական Բաքուին հրադադարի ռեժիմի նոր ու մասշտաբային խախտումների է խրախուսում միայն:
Լիովին բնական է, որ այն իրադրութեամբ, երբ միջնորդներն աններելի պասիւութիւն (կրաւորա-կանութիւն-Խմբ.) են ցուցաբերում, երբ չեն գործում Ադրբեջանին զսպելու միջազգային մեխանիզմները, որն ըստ էութեան մինի-պատերազմ է սանձազերծել շփման գծում, Հայաստանի եւ ԼՂՀի զինուած ուժերն են իրենց վրայ վերցրել ագրեսորին (նախա-յարձակ-Խմբ.) սանձահարողի եւ պատժողի դերը: Երկու հայկական հանրապետութիւնների ռազմական ղեկավարութիւններն ադրբեջանական իշխանութիւններին յաճախակի են նախազգուշացրել նրանց յանցաւոր, մարդկային կորուստների յանգեցնող եւ իրադրութիւնն ապակայունացող գործողութիւնների համար պատժի անկասելիութեան մասին:
Եւ պէտք է ասել՝ նախազգուշացումներն այդ ի զուր չեն հնչել. դրանց հետեւել են կոնկրետ գործողութիւններ, որոնք յանգեցրել են ադրբեջանական կողմի զգալի կորուստների, ինչի մասին, ճիշդ է, Ադրբեջանի զինուորական հրամանատարութիւնը գերադասում է լռել:
Բայց, դատելով ամէն ինչից, պաշտօնական Բաքուն, ում համար սեփական քաղաքացիների կեանքը ոչինչ չարժէ, մտադիր չէ հաշուի նստել իր կորուստների չափերի հետ: Ադրբեջանը շարունակել է շանտաժի ու սպառնալիքների մարտավարութիւնը՝ փորձելով իր կամքը թելադրել ինչպէս հայկական երկու կողմերին, այնպէս էլ միջազգային հանրակցութեանը: Բայց Բաքուն, ինչպէս երեւում է, ծայրայեղութեան է հասել: Հայերի համբերութեան բաժակը լցուել է, ինչը Հայաստանի նախագահին դրդեց հանդէս գալ բաւականին կոշտ յայտարարութիւններով: Յունուարի 26ին Հայկական բանակի 23ամեակին նուիրուած հանդիսաւոր նիստում Սերժ Սարգսեանը, խօսելով Ադրբեջանի սադրիչ գործողութիւնների մասին, աներկմտօրէն յայտարարեց. «Տաքգլուխները թող որ բազում անակնկալների սպասեն: Աւելին, սահմանում եւ շփման գծի երկայնքով էլ աւելի մեծ եւ սպառնալիք ներկայացնող կուտակումների դէպքում մենք մեզ իրաւունք ենք վերապահում կանխիչ հարուածներ հասցնել»:
Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնն իր համար սովորական դարձած ձեւով հիստերիկ, գոռոզամիտ, իրականութիւնից կտրուած յայտարարութիւն երկնեց: Բայց ի զուր: Հարկ էր, որ հայկական նախագահի նախազգուշացմանն աւելի լրջօրէն վերաբերուել, քանզի այն հնչել է մի մարդու շուրթերից, ով անցել է պատերազմի միջով եւ խօսքերը քամուն չի տալիս: Ի տարբերութիւն Ադրբեջանի ներկայիս նախագահի, որը պատերազմի տարիներին ժամանակը թուրքական խաղատներում էր սպաննում՝ հայրիկի փողերը տանուլ տալով, եւ ոչ միայն խօսքի, այլեւ մարդկային կեանքի արժէքը չգիտի: Ի դէպ, ադրբեջանցի անկախ քաղաքագէտները խորհուրդ են տալիս լրջօրէն վերաբերուելու Սերժ Սարգսեանի յայտարարութեանը:
Բայց մի կողմ թողնենք Ադրբեջանի կանխատեսելի արձագանգը եւ վերադառնանք ԵԱՀԿի միջնորդներին: Հայաստանի նախագահի յիշեալ յայտարարութեան յաջորդ օրը ինչպէս ԵԱՀԿ գործող նախագահ Իւիցա Դաչիչը, այնպէս էլ Մինսկի խմբի համանախագահները հանդէս եկան յայտարարութիւններով, որոնք, մեր կարծիքով, նոյնպէս Ադրբեջանին Սերժ Սարգսեանի արած կոշտ նախազգուշացման արդիւնք հանդիսացան: Այո, համանախագահները սովորականի պէս բոլոր կողմերին կոչ արեցին պահպանել հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, սակայն աչքի է զարնւում այն փաստը, որ այս անգամ միջնորդները տարբերակուած մօտեցում են դրսեւորել՝ տարբեր ձեւով երանգաւորելով Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղուած կոչերը. «Մենք Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ իր ստանձնած պարտաւորութիւնները, իսկ Հայաստանին՝ լարուածութեանի վերացման միջոցներ ձեռնարկել: Այս ձեւակերպումներից արդէն հասկանալի է դառնում, թէ իրականում ով է զինուած գործողութիւնների դիմում՝ խախտելով կարգաւորման գործընթացի հիմքում դրուած՝ ուժի եւ ուժով սպառնալիքի չկիրառման միջազգային սկզբունքը: Աւելացնենք, որ այդ փաստաթղթում նաեւ ասւում է, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը միջնորդները, նրան յիշեցնելով իրենց մանդատի մասին, «անհանգստութիւն են յայտնել բանակցութիւնների գործնթացի, համանախագահների եւ ԵԱՀԿ դիտորդների գործունէութեան առնչութեամբ հնչեցուած քննադատութեամբ»:
«Միթէ՞ կարելի է խօսել այն մասին, թէ սառոյցը շարժուել է, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, վերջապէս, հասցէագրուած յայտարարութեան են խիզախել՝ անուանելով լարուածութեան ահագնացման իսկական մեղաւորին: Իսկ միաժամանակ էլ իրենց համազգեստի պատիւը պաշտպանել՝ Ադրբեջանին մատնացոյց անելով բանակցութիւնների անարդիւնաւէտութեան համար համանախագահների հասցէին մեղադրանքների անընդունելիութիւնն ու սնանկութիւնը, այն ժամանակ, երբ կարգաւորման գործընթացի վիժեցման համար պատասխանտուութիւնն ամբողջապէս ընկած է Բաքուի իշխանութիւնների վրայ:
Չշտապենք եզրակացութիւններ անելու, քանզի մենք, ցաւօք, շատ անգամ ենք քաղաքական կոնիւնկտուրայի (ենթադրութիւններու-Խմբ.) փոփոխութեան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհետեւողականութեան վկայ դարձել: Սակայն անվիճելի է մի բան. ժամանակը միջազգային հեղինակաւոր կառոյցներից պահանջում է լուրջ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին վերջնականապէս խաղաղութեան հարկադրելու համար:

Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles