ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Ես միշտ թեթեւ քայլքով եմ գնացել մարշալ Արմենակ Խանփերեանցի անուան ռազմական աւիացիոն ինստիտուտ, գնացել եմ լուսաբանելու կուրսանտների երդման արարողութիւնները, աւարտական միջոցառումները կամ ռազմական կրթօջախի տարեդարձները, ուսուցման գործընթացը… Այս անգամ քայլերս ծանր են… Նոյեմբերի 12ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելեան հատուածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուած ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդիւնքում խոցուած ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներն էլ՝ մայոր Սերգէյ Սահակեանը, աւագ լէյտենանտ Սարգիս Նազարեանը, լէյտենանտ Ազատ Սահակեանը, այս կրթօջախի շրջանաւարտներն են…
ԽՈՑՈՒԱԾ ՍԼԱՑՔ
Սերգէյը…
Ռազմական աւիացիոն ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Սիմոնեանի աշխատասենեակում եմ: Նա մի քանի րոպէ փորձում է զսպել յուզմունքը, ապա վառում է ծխախոտը եւ պատմում. «1994 թուականն էր, Սեպտեմբերի 30ը: Այսօրուայ պէս եմ յիշում՝ ստանձնել էի ուսումնական վաշտի հրամանատարի պարտականութիւնները: Երբ ծանօթացայ կուրսանտներիս հետ, Սերգէյը միանգամից աչքի ընկաւ… Շատ անկեղծ ու լիաթոք էր ծիծաղում… Դէմքին, արտայայտիչ աչքերում անհուն բարութիւն կար… 1993 թուականին էր ընդունուել Երեւանի ռազմական աւիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարանը… Ընդամէնը 18 տարեկան էր, բայց այնքան ինքնավստահ էր, համարձակ… Եթէ այդպիսին չլինէր, դժուար թէ 90ականներին՝ պատերազմի տարիներին, ընտրէր զինուորականի մասնագիտութիւնը… Յիշում եմ՝ ինչպիսի աննկարագրելի ուրախութեամբ էր վազում դէպի ուղղաթիռը, ինչպիսի եռանդով էր կատարում յանձնարարութիւնները… Թռիչքահրապարակ գնալու օրերին աշխարհն իրենն էր… Ու ոչինչ չէր փոխուել քսան տարիների ընթացքում… Ես գործի բերումով յաճախ էի լինում այն զօրամասում, որտեղ նա ծառայում էր… Երեք երեխաների հայր էր, փորձառու օդաչու, բազմաթիւ զօրավարժութիւնների մասնակից, զբաղեցնում էր ՄՈՒԷ ուղղաթիռային օղակի հրամանատարի պաշտօնը, բայց աչքերում կուրսանտական տարիների նոյն փայլն էր նշմարւում, նոյն աշխուժութիւնը… Սերգէյը երկրորդ կարգի օդաչու է, մեր լաւագոյն օդաչուներից մէկը… Պարզապէս չեմ կարողանում տղաների մասին անցեալով խօսել… Ամէն ինչ այնքան անսպասելի է, այնքան թարմ են յիշողութիւնները… Օդաչուներս մի ընդունուած խօսք ունենք՝ օդաչուները չեն մեռնում, նրանք թռչում ու չեն վերադառնում…»:
ԽՈՑՈՒԱԾ ՍԼԱՑՔ
Սարգիսը…
Ես դուրս եմ գալիս սենեակից, եւ ինձ ծանօթ միջանցքը երկար է թւում, չափազանց երկար… Քայլում եմ դէպի Պատուոյ տախտակը: Մօտենում է աւիացիոն ֆակուլտետի թռչող սարքերի եւ շարժիչների ամբիոնի պետ, փոխգնդապետ Արթուր Բարսեղեանը: Նա ասում է, որ Պատուոյ տախտակին միշտ փակցւում են գերազանցիկների լուսանկարները, եւ որ իր կուրսանտի՝ Սարգիս Նազարեանի անունը մշտապէս լաւագոյնների ցուցակում է եղել. «Սարգիսը 2006 թուականին ընդունուեց մեր ինստիտուտ: Բարեկիրթ էր, զարգացած, օրինակելի շատ սպաների եւ կուրսանտների համար… Սովորում էր գերազանց, աւարտեց ոսկէ մեդալով… Առաջին կուրսում դասընթացը ռուսերէնով էի անցկացնում (մասնագիտական գրականութիւնը այդ լեզուով էր), նա, ինչպէս եւ միւսները, դժուարանում էր այդ լեզուով վերապատմել կարդացածը… Բայց ի տարբերութիւն համակուրսեցիների՝ կարմրում էր… Եթէ երիտասարդը կարմրում է, ուրեմն նա բազում դրական յատկանիշներ ունի… Յետագայում այնքան աշխատեց, որ զարմացրեց մեզ… Միշտ հաճոյքով էի մտնում լսարան, որովհետեւ գիտէի՝ Սարգիսի նման կուրսանտ է լսելու ինձ… Ես աւարտական տարում զրուցեցի նրա հետ, առաջարկեցի որպէս դասախօս ծառայութիւնը շարունակել մեր ամբիոնում, սակայն նա պատասխանեց, որ ուզում է տեսական գիտելիքները ամրապնդել գործնականում… Այնուամենայնիւ, մտադիր էինք նորից հրաւիրել… Իմ հազուագիւտ կուրսանտներից էր, որ «Աւիացիոն շարժիչների թէորիա», նաեւ «Կառուցուածք» առարկաներին տիրապետում էր գերգերազանցապէս… Պետական աւարտական քննութիւնների ժամանակ լսեցի նրա պատասխանը եւ հասկացայ, որ իզուր չեմ ծառայում, հպարտ էի, որ նման կուրսանտ ունեմ, որ այդ աստիճանի կրթուած, խելացի սպայ եմ ուղարկում մեր բանակ…»:
ԽՈՑՈՒԱԾ ՍԼԱՑՔ
Եւ Ազատը…
Մտնում եմ լսարան: Հայեացքը հեռուն յառած՝ նստած է կուրսանտ Յարութիւն Սարոյեանը՝ ՄԻ-24 ուղղաթիռի օդաչու-օպերատոր Ազատ Սահակեանի ամենամտերիմ ընկերը. «Երբ լսեցի այդ սարսափելի լուրը, աչքիս առաջ եկան մանկութիւնս, պատանեկութիւնս, ուսանողական տարիներս… Եւ ամէնուրեք նա էր՝ Ազատը՝ իր ընդգրկուն ժպիտով… Ես նրան յաճախ էի ասում, որ ինձ հանդիպած ամենաժպտերես մարդն է… Ազատի հետ ծանօթացել եմ, երբ ընդամէնը 7 տարեկան էի, միասին յաճախում էինք կարատէի, շատ ճկուն էր… Դպրոցական տարիներին առանց նրա չէր անցնում եւ ոչ մի ռազմահայրենասիրական միջոցառում, ռազմագիտութիւն առարկան էլ հինգ մատի պէս գիտէր, ուստի ուսուցիչը խորհուրդ տուեց ընդունուել մարշալ Արմենակ Խանփերեանցի անուան ռազմական աւիացիոն ինստիտուտ… Չնայած ծնողների միակ արու զաւակն էր՝ տանը չառարկեցին… 2009 թուականին ընդունուեց… Երջանիկ էր՝ վերջապէս օդաչու էր դառնալու… Նրան միշտ կարելի էր տեսնել ցածր կուրսեցիների հետ, խորհուրդներ էր տալիս, ինքնապատրաստման ժամերին էր օգնում… Սիրում էր կրկնել՝ ինչքան գիտելիքներդ հիմնաւոր են, այնքան օդում ապահով ես… Մեր վերջին հանդիպումը տեղի ունեցաւ Օգոստոսին. երազանքներից էինք խօսում, ասաց՝ ուզում եմ Արցախի երկնքում թռչել… Երբ իմացայ, որ մասնակցելու է «Միասնութիւն-2014» օպերատիւ-մարտավարական զօրավարժութիւններին, ուրախացայ նրա համար… Ինձ միամիտ չհամարէք, բայց քանի դեռ պաշտօնապէս Ազատի, Սերգէյի, Սարգիսի ճակատագրերն անյայտ են, ես հաւատալու եմ հրաշքի…»: