Ադրբեջանի ՊՆ «Azerbaycan ordusu» («Ադրբեջանական բանակ») պաշտօնաթերթի Նոյեմբերի 19ի համարում լոյս է տեսել նոյն ամսուայ 12ին հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռը խոցած զինծառայող Իլքին Մուրադովի հետ հարցազրոյցը, որում վերջինս ներկայացրել է մի շարք մանրամասներ՝ կապուած առաջնագծում գրանցուած միջադէպի հետ:
Պէտք է նշել, որ Մուրադովի խօսքերը մի շարք տեղերում չեն համապատասխանում իրադարձութիւնների այն յաջորդականութեանն ու պատկերին, որոնք հնարաւոր է տեսնել ուղղաթիռի խոցման տեսանիւթում, որն, ի դէպ, նկարահանուել է հէնց նոյն յենակէտից, որտեղից Մուրադովն արձակել է հակաօդային հրթիռը:
Այդուհանդերձ, Մուրադովի վկայութիւնը կը ներկայացնենք այնպէս, ինչպէս տպագրուել է պաշտօնաթերթում, որից յետոյ նոր կ՛անդրադառնանք անհամապատասխանութիւններին:
«Միջադէպից 3 օր առաջ մենք հեռադիտակով նկատեցինք հակառակորդի ուղղաթիռը, որը շատ մօտ էր թռչում մեր դիրքերին: Առջեւում գտնուող լերան ստորոտից թռաւ դէպի թշնամու վարժանքների շտաբ, ինչից յետոյ կրկին վերադարձաւ: Իսկ Նոյեմբերի 12ին ուղղաթիռները թռչում էին ուղիղ մեր դիրքերի ուղղութեամբ: Ես մարտական լրիւ պատրաստութեան վիճակում էի: Մենք նախ հեռուից լսեցինք մեզ մօտեցող ուղղաթիռների ձայնը, որից յետոյ հեռադիտակի միջոցով երկնքում տեսանք դրանք՝ փոքր սեւ կէտերի տեսքով: Երկու Մի-24 ուղղաթիռ թռչում էր ուղիղ մեր վրայ: Անմիջապէս հաղորդեցինք այդ մասին հրամանատարական կէտ, որտեղից ստացանք հրաման՝ ոչնչացնել ուղղաթիռները, եթէ դրանք մուտք գործեն մեր յենակէտի պատասխանատուութեան հատուած, խախտեն օդային սահմանը: Ուղղաթիռները մօտենալով մեր դիրքերին կրակ բացեցին ու սկսեցին հարուածել մարտական յենակէտերին: Առաջնագծում տեղակայուած մեր զինծառայողները եւս աւտոմատներից ու գնդացիրներից կրակ բացեցին թշնամու տեխնիկայի ուղղութեամբ, ու այդ պահին դրանք փոխեցին թռիչքի ուղղութիւնը դէպի ձախ: Ես նշանոցի մէջ վերցրի յետեւից թռչող ուղղաթիռն ու խոցեցի այն»:
Նշենք, սակայն, որ համացանցում յայտնուած եւ հայկական օդուժի ուղղաթիռի խոցումը պատկերող տեսանիւթից յստակ կարելի է պնդել հետեւեալը. ուղղաթիռների երկեակն ադրբեջանական դիրքերը չէր գրոհում, չէր թռչում «ուղիղ այն դիրքի վրայ», որտեղից կրակել է Մուրադովը՝ հակառակ իր պնդումներին, եւ վերջապէս, տեսանիւթում ուղղաթիռի խոցմանը նախորդող 30 վայրկեանների ընթացքում հրաձգային զէնքի կիրառման որեւէ ձայն չի լսւում, ինչը կրկին վկայում է, որ սերժանտը (հիսնապետը-Խմբ.) սուտ է խօսում, իսկ նրա ներկայացրած «փաստերը» միտուած են արդարացնելու ադրբեջանական կողմի գործողութիւնները:
Բացի այդ, հայկական կողմը նշել է, որ խոցուած ուղղաթիռի վրայ բացակայում էր սպառազինութիւնը, եւ տեղանքի զննումն ու բեկորների ուսումնասիրութիւնը կարող են ապացուցել դա:
Յիշեցնենք, որ Նոյեմբերի 12ին, ադրբեջանական բանակի զինծառայողը Աղդամի շրջանում խոցել էր հայկական օդուժի Մի-24 հարուածային ուղղաթիռը, ինչի հետեւանքով զոհուեցին անձնակազմի 3 անդամները: ՀՀ ՊՆն միջադէպը մեկնաբանելիս յայտնեց, որ «աննախադէպ լարման հետեւանքները ադրբեջանական կողմի համար կը լինեն շատ ցաւոտ»:
Աւելի ուշ՝ Նոյեմբերի 14ին, միջադէպը մեկնաբանել էր նաեւ ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, ով յայտարարել էր՝ հարեւան ադրբեջանցիների լկտի պահուածքին համարժէք կամ մի քիչ էլ անհամաչափ պատասխան անկասկած տրուելու է: