Խմբագրական «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»ի
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում անցկացուած հանդիպման արդիւնքները շարունակում են մնալ փորձագիտական շրջանակների ուշադրութեան կենտրոնում: Պէտք է ասել՝ վերլուծաբանները մեծ մասամբ միակարծիք են, որ Սոչիի բարձրաստիճան հանդիպումը թոյլ տուեց թուլացնել Յուլիսի վերջին եւ Օգոստոսի սկզբին ղարաբաղեան հակամարտութեան գօտում լարուածութեան սրումը:Եւ չնայած բոլորն են խոստովանում, որ Ռուսաստանի նախագահի նախաձեռնութիւնն օգնեց կայունացնել իրավիճակը, դրա հետ մէկտեղ նաեւ վերապահումներ են արւում, որ այդ կայունութիւնը երկար չի տեւի: Կարելի է չկասկածել, որ շփման գծում լարուածութեան հերթական ալիք հրահրողը նախկինի պէս դարձեալ Ադրբեջանը կը լինի, որի համար միջազգային կառոյցների՝ հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղուած կոչերը մնում են որպէս դատարկ ձայն: Չնայած պաշտօնական Բաքուն փորձում է իրավիճակը ներկայացնել չափազանց աղաւաղուած՝ լարուածութեան սրման մէջ մեղադրելով հայկական կողմին, իրենց յարգող փորձագէտներն օբյեկտիւօրէն մատնանշում են, որ մարդկային զոհերի պատճառ հանդիսացող դիւերսիոն քայլերի նախաձեռնողը ոչ այլ ոք է, քան՝ ադրբեջանական կողմը:
Ինչպէս յայտնի է, Ադրբեջանի վերջին ռազմական արկածախնդրութեան հետեւանքները նրա համար աղէտալի եղան: Նախ, ադրբեջանական զինուած ուժերի մարդկային կորուստները նշանակալիօրէն գերազանցեցին հայկականին: Սակայն, ըստ երեւոյթին, նման տխուր վիճակագրութիւնն այնքան էլ չի յուզում Ադրբեջանի իշխանութիւններին, որոնց համար սեփական զինծառայողների կեանքը ոչինչ է: Երկրորդ, դիւերսիոն գործողութիւնների շարքի ձախողումը ալիեւեան ռեժիմի համար ծանր բարոյական հետեւանքներ ունեցաւ, քանզի պսակազերծեց ադրբեջանական բանակի անյաղթ լինելու մասին իր իսկ ստեղծած առասպելը: Յատուկ վարժուած ադրբեջանական դիվերսանտների գործողութիւնների յաջող կանխումը արցախցի ժամկետային ծառայութեան զինուորների կողմից փաստօրէն հաստատեց Ալիեւի հիմնական փաստարկի անուժ եւ թիւր լինելը՝ հակամարտութեան լուծման համար ռազմական ուժի կիրառումը: Համաձայնենք, դա յոյժ ցաւալի հարուած է Ալիեւի ինքնասիրութեանը, ով առաջին տարին չէ, ինչ սնապարծօրէն յոխորտում է Ադրբեջանի ռազմական գերազանցութեամբ:
Պաշտօնական Բաքուի համար նման անբարենպաստ իրավիճակում Սոչիի եռակողմ հանդիպումը, կարելի է ասել, Ալիեւին թոյլ տուեց փրկել սեփական դէմքը: Արձագանգելով Վլադիմիր Պուտինի՝ պատերազմի վերսկսումը թոյլ չտալու կոչին, կարելի է, նախ, միջազգային հանրութեան առջեւ ներկայանալ որպէս մի քաղաքագէտ, ով ցուցադրում է իր հաւատարմութիւնը հիմնախնդրի խաղաղ լուծմանը: Երկրորդ, չխայտառակուել սեփական ժողովրդի առաջ, որին Սոչիում դրսեւորած իր համաձայնողականութիւնը կարելի է մատուցել որպէս Ադրբեջանի ղեկավարութեան մեծահոգութիւն ուժի աշխարհաքաղաքական ազդեցիկ կենտրոններից մէկի հանդէպ, ինչպիսին Ռուսաստանն է, որի խնդրանքն Ալիեւը չէր կարող չյարգել: Մի խօսքով, Ադրբեջանը հէնց Մոսկուային պէտք է շնորհակալ լինի այն բանի համար, որ փրկեց իր առաջնորդի արատաւորուած վարկանիշը: Բայց…
Շփման գծում վերջին իրադարձութիւնների վերաբերեալ ադրբեջանական փորձագէտների մեկնաբանութիւններին ծանօթանալը թոյլ է տալիս լիիրաւ խօսել Ադրբեջանի անշնորհակալ վերաբերմունքի մասին: Եթէ ի մի բերենք Բաքուի մի շարք քաղաքագէտների յայտարարութիւնները, ապա դրանց էութիւնը յանգեցնում է հետեւեալ մտքին՝ ղարաբաղեան հակամարտութեան վերջին բռնկումը… Մոսկուայի մեքենայութիւնների արդիւնքն էր: Բաքւում շրջանառւում է այն վարկածը, որ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում այսօր Արեւմուտքում համարում են ռազմատենչ քաղաքագէտ, ակտիւօրէն ցանկանում է փոխել իր անձի նման ընկալումը եւ հանդէս գալ որպէս խաղաղարար: Իբր, կողմերի միջեւ բախումը Մոսկուայի դրդմամբ նախաձեռնել է Կովկասում Ռուսաստանի դաշնակից Հայաստանը, որի նպատակն էր օգնել միջազգային բեմահարթակում Կրեմլի վարկանիշը շտկելուն: Այլ խօսքով, Ադրբեջանում համարում են, որ ղարաբաղեան հակամարտութեան գօտում իրավիճակի կտրուկ սրումն անմիջականօրէն կապուած է ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի դժուարին կացութեան հետ, եւ Պուտինն օգտագործեց Հայաստանը՝ իրավիճակն առաւելագոյնս սրելու, ապա իրադարձութիւններին միջամտելու համար, որպէսզի ամրապնդի պետական գործչի իր դիրքերը:
Ակնյայտ է, որ նման «քաղաքագիտութիւնը» մէկ նպատակ է հետապնդում՝ նախապատերազմական դրութեան ստեղծման եւ երկու կողմերի մարդկային զոհերի համար պատասխանատուութիւնը հանել Ադրբեջանի իշխանութիւններից: Միաժամանակ, ցինիկօրէն խեղաթիւրելով փաստերը, փորձել կատարուածի համար մեղքը բարդել Հայաստանի ուսերին: Եւ դրանով յընթացս ներկայացնել նրան որպէս գործիք Մոսկուայի ձեռքում, իսկ Ադրբեջանին՝ որպէս ռուսաստանեան առաջնորդի խարդաւանքի զոհը դարձած անմեղ գառ: Շատերին է պարզ, որ ո՛չ Հայաստանին, ո՛չ Լեռնային Ղարաբաղին նոր պատերազմ պէտք չէ, եւ Ադրբեջանն, անշուշտ, հասկանում է պայթիւնավտանգ իրավիճակի հրահրման մէջ երկու հայկական կողմերի հասցէին իր մեղադրանքների անհիմն լինելը: Այդ պատճառով էլ յօրինեց, նրա կարծիքով, յարմար բանաձեւ՝ կատարուածը ներկայացնել որպէս Մոսկուայի ձեռքի գործ:
Հետաքրքիր է, ո՞ւմ համար է նախանշուած նման, թող թոյլ տրուի ասել, վերլուծութիւնը: Եթէ լուրջ փորձագէտների, ապա վերջիններս նախընտրում են տեղ տալ փաստերին, այլ ոչ մտացածին ենթադրութիւններին, մինչդեռ փաստերը միանշանակ խօսում են այն մասին, որ իրավիճակի սրման նախաձեռնողը հէնց ադրբեջանական կողմն էր: Եթէ ադրբեջանական ներքին լսարանի համար՝ ապա այդ դէպքում նրան ցաւակցել է պէտք, քանի որ բանից երեւում է՝ հայրենական վայ-քաղաքագէտները նրա մասին այնքան էլ բարձր կարծիքի չեն: Բացառուած չէ նաեւ, որ կրկին իրեն զգացնել տուեց Ադրբեջանի վաղեմի հիւանդութիւնը, որը դրսեւորւում է մտային մակարդակով, այն է՝ իր սխալների, իր ապիկարութեան պատճառները փնտռել դրսում, այլ ոչ ներսում:
Կը ցանկանայինք անդրադառնալ եւս մէկ բանի: Ադրբեջանական փորձագէտների՝ վերը նշուած մեկնաբանութիւններն ընթերցելիս դժուար էր ձերբազատուել այն զգացումից, որ դրանց հեղինակները կառավարւում են գաղափարախօսական մէկ կենտրոնից եւ իրականացնում պետական պատուերը՝ փրկել նախագահի «իմիջ»ը: Թւում է, քաղաքագէտները տարբեր են, սակայն երգում են դաշնաձայն՝ կազմակերպելով ապատեղեկատուութեան համազարկային ժայթքում: Ուղղակի ասենք՝ խիստ անհամոզիչ ապատեղեկատուութեան: