Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Սպանուած Դիւերսանտները, Վիրտուալ Ադրբեջանն Ու Գեներալ Աքպերովի Հերթական Սուտը

$
0
0

ՍՈՒՐԷՆ ՍԱՐՈՒՄԵԱՆ

ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով վերջերս Ադրբեջանի սադրած միջադէպերի հետեւանքով շուրջ 30 ադրբեջանցի զինուորների մահը կարծես թէ դարձել է այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարութեան ցնցակաթուածի պատճառ: Օգոստոսի 1ի լոյս 2ի գիշերը ԼՂՀ տարածք դիւերսիոն ներթափանցման փորձ կատարելիս ՊԲ դիրքապահների կողմից ոչնչացուեցին գրեթէ մէկ տասնեակ ադրբեջանցի յատուկ ջոկատայիններ, Ադրբեջանի ղեկավարութեան ծայրայեղ շփոթմունքի մասին յուշում էր այդ երկրի ռազմաքաղաքական վերնախաւի տարօրինակ լռութիւնը: Ակներեւ էր, որ իրենց յատուկ նշանակութեան ստորաբաժանումներին նախօրէին ԼՂՀ ՊԲ թիկունք անցնելու հրաման տուած ադրբեջանական ղեկավարութեան բոլոր հաշուարկները ձախողուել էին. ԼՂՀ տարածք անցնելու եւ դիւերսիոն-հետախուզական յաջող գործողութիւնների փոխարէն ադրբեջանցի դիւերսանտները ստիպուած եղան խուճապահար նահանջել՝ մարտադաշտից մի կերպ հանելով սպանուածների մարմիններն ու թողնելով գրեթէ ողջ սպառազինութիւնն ու հանդերձանքը: Սակայն, չնայած պաշտօնական Բաքուի քար լռութեանը, իրականութիւնը կոծկելն անհնար էր. ադրբեջանական էլեկտրոնային լրատուամիջոցները մէկը միւսի հետեւից հանրութեանը գուժեցին ընտիր ասկեարների ոչնչացման լուրը:
Պաշտօնական առաջին արձագանգը եղաւ միայն յաջորդ օրը երեկոյեան, երբ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայութիւնը, գլխիվայր շրջելով փաստերը, հաղորդեց, որ ՊԲ հետախուզական ստորաբաժանումների դիւերսիոն-հետախուզական գործողութիւնը կասեցնելիս զոհուել է 5 ադրբեջանցի զինծառայող: Սուտն այնքան աչք ծակող էր, որ յարուցեց անգամ ադրբեջանական փորձագիտական հանրութեան տարակուսանքը:
«Ես չեմ հաւատում մեր պաշտպանութեան նախարարութեանը», լրատուամիջոցներին ասել էր ռազմական փորձագէտ Ուզէիր æաֆարովը, «բոլորը գիտեն, որ յարձակուող կողմը միշտ աւելի շատ զոհեր է ունենում: Կարծում եմ, որ անհրաժեշտ է լուրջ հետաքնննութիւն՝ պաշտպանութեան նախարարութեան ընդգրկմամբ»:
Որոշ ժամանակ անց Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնը, հակասելով ինքն իրեն, յայտարարեց, որ ադրբեջանցի զինուորները զոհուել են եռօրեայ յամառ մարտերի ընթացքում: Այդ պահից սկսած ադրբեջանական բանակի գործողութիւնները սկսեցին ընթանալ երկու զուգահեռ իրականութիւններում: Իրականութիւններից առաջինում կարելի է համոզուած պնդել, որ ադրբեջանական բանակը ստացել էր դեռեւս Յուլիսի 28ին դիւերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհուած զինակիցների դիմաց ամէն գնով վրէժխնդիր լինելու առաջադրանք:
Օգոստոսի 1ի լոյս 2ի գիշերը Ադրբեջանի կենտրոնական ենթակայութեան յատուկ նշանակութեան բրիգադներից մէկի դիւերսիոն-հետախուզական խումբը փորձեց Մարտակերտի հատուածում ներթափանցել ՊԲ ստորաբաժանումների թիկունք: Յայտնուելով մեր դիրքապահների ծուղակում՝ խումբը տուեց 6 զոհ եւ 7 վիրաւոր ու ստիպուած եղաւ ճողոպրել՝ մարտադաշտում թողնելով մեծաքանակ հանդերձանք եւ սպառազինութիւն:
Նոյն օրը Ասկերանի ուղղութեամբ ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած յատուկ կանխարգելիչ գործողութեան շնորհիւ շարքից դուրս են եկել հակառակորդի 16 զինծառայող՝ 9 սպանուած, 7 վիրաւոր:
Հակառակորդը նշանակալի կորուստներ է ունեցել նաեւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանների միւս ուղղութիւններում:
Միւս՝ վիրտուալ իրականութեան մէջ փաստերը պարզապէս նենգափոխուել են: Դիւերսիոն-հետախուզական գործողութիւնների ձախողուած փորձերի հետեւանքով ունեցած երեք տասնեակ ասկեարների մահերը սեփական հանրութեան աչքերում արդարացնելոււ համար հակառակորդը ձեռնարկել է տեղեկատուական-հոգեբանական յատուկ գործողութիւններ՝ փորձելով ադրբեջանական ժողովրդին համոզել, որ 1994թ. հրադադարի հաստատումից ի վեր աննախադէպ կորուստներն ադրբեջանական բանակն ունեցել է հայկական ստորաբաժանումների դէմ մղուած թէժ մարտերի ընթացքում: Այդ նպատակով պաշտօնական Բաքուի կողմից վերահսկուող լրատուամիջոցները սկսել են ռազմահայրենասիրական քարոզարշաւ: Ադրբեջանական լրատուամիջոցների վերնագրերը յիշեցնում են պատերազմական ամփոփագրեր, ընդ որում, զգացւում է, որ, ջանադրաբար կատարելով «վերեւների» հրահանգը, ադրբեջանցի հեղինակներն առանձնապէս չեն մտահոգւում անգամ իրենց քարոզչական արտադրանքի արժանահաւատութեան մասին:
«Haqqin.az» կայքն, օրինակ, գրում է զենիթահրթիռային համալիրներով Հայաստանի տարածքին հասցուող հարուածների մասին՝ անտեսելով այն փաստը, որ զենիթային համալիրները նախատեսուած են բացառապէս օդային թիրախներ խոցելու համար եւ վերգետնեայ նշանակէտերի դէմ կիրառուել չեն կարող:
«Aze.az» կայքն իր էջում տեղադրել էր Ադրբեջանի կենտրոնական շրջաններից իբրեւ թէ ղարաբաղեան սահման փոխադրուող տանկային շարասիւների լուսանկարները: Սակայն տեղեկատուական անվտանգութեան հայ մասնագէտներն արագօրէն բացայայտեցին, որ իրականում տեղադրուել են 2013թ. Ռուսաստանից ձեռք բերուած տանկերի առաքման ընթացքում նկարահանուած լուսանկարներ:
Վիրտուալ իրականութեան ստեղծման գործին յընթացս լծուել են նաեւ Ադրբեջանի ազգային հերոսները: ԱՀ Զու 3րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լէյտենանտ, Ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերովը զոհուած զինծառայող Իսա Ալմազովի հարազատներին շքանշան յանձնելու ժամանակ ասել է.
«Մարտական գործողութիւնների ընթացքում ոչնչացուել է 71 հայ զինուորական, իսկ 80ը վիրաւոր են»:
Ում-ում, բայց գեներալ-լէյտենանտի կոչումով բարձրաստիճան զինուորականին իրականութիւնը, անկասկած, յայտնի է: Բայց փաստերն իրեն անհրաժեշտ ձեւով ներկայացնելու յատկութիւնը Աքպերովն ամենայն հաւանականութեամբ ձեռք է բերել դեռեւս Արցախեան պատերազմի տարիներին, երբ նա ադրբեջանական բանակի 777րդ գումարտակում վաշտի, յետագայում՝ նոյն գումարտակի հրամանատարն էր: Աքպերովի «սխրանքներն» իսկապէս զարմանահրաշ են: Իր իսկ վկայութեամբ Շուշիի մարտը նա «բաց է թողել», որովհետեւ… քնած է եղել հրամանատարական «Ուազ»ում: Պատերազմի տարիներից է նաեւ Աքպերովի՝ վերադասին ներկայացրած այս չափազանց ուշագրաւ զեկուցագիրը:
«Հայկական ստորաբաժանումները, որոնց կազմում կային սեւամորթ վարձկաններ եւ անգլերէն ու արաբերէն խօսող օտարերկրացիներ, յարձակում են գործել մեր դիրքերի վրայ: Յամառ մարտերի ընթացքում ոչնչացրել ենք հակառակորդի կենդանի ուժի 70 տոկոսը, սակայն ստիպուած ենք եղել նահանջել»:
Գլխովին «ոչնչացուած» հակառակորդից նահանջելու սովոր Աքպերովը կարծես թէ անբացատրելի հակում ունի 70 թուի նկատմամբ: Աւելի քան քսան տարի յետոյ մարտական գործողութիւնները նկարագրելիս նա կրկին օգտագործում է թիւը, երկու դէպքում էլ բացայայտօրէն ստելով. առաջին դէպքում՝ վերադասին, միւս դէպքում՝ իր զոհուած զինուորի հարազատներին:
Միայն այս երկու փաստը թերեւս բաւական են ադրբեջանցի գեներալին բնութագրելու համար: Սակայն Աքպերովի կենսագրութեան մէջ կան հետաքրքրական այլ էջեր եւս:
Աքպերովի յաջող ռազմական կարիերան եւ ծառայողական երկարակեցութիւնը բացատրւում է ոչ թէ նրա մասնագիտական ունակութիւններով, այլ Ալիեւների ընտանիքին մատուցած արժէքաւոր ծառայութեամբ:
1995թ. Մարտին հէնց Աքպերովի հրամանատարութեամբ գործող 777րդ գումարտակն է մասնակցել ահաբեկիչ Ռովշան æաւադովի ղեկավարած ոստիկանութեան յատուկ ջոկատի՝ տխրահռչակ ՕՄՕՆի ապստամբութեան ճնշմանը: Այդ անձնական ծառայութեան համար Ռ. Աքպերովին ներուել է անգամ ծանր քրէական յանցագործութիւնը՝ սպանութիւնը: Արդէն գեներալ եւ ազգային հերոս դարձած Աքպերովը Կիեւի ռազմական ակադեմիայում ուսանելու տարիներին ռեստորանային հարբած վէճի ժամանակ դաշունահարել եւ սպանել է ադրբեջանցի բիզնեսմեն Էլչին Ալիեւին: Ուկրաինական արդարադատութեան պատժից խուսափելուն օգնել է նախագահ Հէյդար Ալիեւի միջնորդութիւնը: Աքպերովի մարդկային եւ մասնագիտական յատկանիշների նկարագրութեան տեսանկիւնից բնութագրական է նաեւ հետեւեալ փաստը. նշանակուելով ԱՀ ԶՈՒ 3րդ ԲԿ հրամանատար՝ Աքպերովը որոշակի քայլեր է ձեռնարկում կորպուսի աղէտալի ցածր կարգապահութիւնը բարելաւելու եւ ԱՀ ԶՈՒ ամէնից արիւնոտ միաւորման համբաւից ձերբազատուելու համար: Որոշ ժամանակ անց, տեսնելով իր ջանքերի անարդիւնաւէտ լինելը, գեներալ-լէյտենանտի կոչումով Ադրբեջանի ազգային հերոսը իրեն նուիրում է հարբեցողութեան եւ վատահամբաւ հաստատութիւններում օրնիբուն զուարճութիւններ որոնելուն:
Իրական Ադրբեջանում նախայարձակ ադրբեջանցի դիւերսանտները տասնեակներով ոչնչացւում են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Վիրտուալ Ադրբեջանում ԶԼՄներն ու գեներալները զեկուցում են հայկական կողմի ծանր կորուստների մասին: Սակայն Ղարաբաղի լեռներից ադրբեջանական բնակավայրեր ուղարկուող տասնեակ զինուորական դագաղները միանգամայն իրական են, շօշափելի: Իրական է նաեւ ոչնչացուած ասկեարների հարազատների վիշտն ու ցասումը՝ ուղղուած իրենց արկածախնդիր իշխանութիւններին: Հերթական անգամ սեփական հանրութեան դժգոհութիւնը ադրբեջանական իշխանութիւնը փորձում է չէզոքացնել արտաքին վտանգի շահարկմամբ՝ ամէն գնով ստեղծելով լայնածաւալ մարտական գործողութիւնների պատրանք:

***

ՆԱԽԱՐԱՐ ՀԱՍԱՆՈՎԸ
ՍՏՈՒՄ Է՝ ՎԱԽԵՆԱԼՈՎ
ԱԴՐԲԵæԱՆՑԻՆԵՐԻ ՑԱՍՈՒՄԻՑ

«Հետք»ի գլխաւոր խմբագիր Էդիկ Բաղդասարեանը, ով այս օրերին գտնւում է ԼՂՀում, յայտնում է, որ պաշտպանութեան բանակի ձեռք բերած տուեալների համաձայն՝ ադրբեջանական կողմը Յուլիսի 28ից Օգոստոսի 5ն ընկած հատուածում տուել է 34 զոհ, սակայն այդ երկրի պաշտպանութեան նախարարութիւնը արդէն մի քանի օր նշում է 13 թիւը:
Չնայած անցած երկու օրերին Ադրբեջանը տուել է եւս 3 զոհ, այդուհանդերձ, նորաթուխ նախարար Զաքիր Հասանովի ղեկավարած կառոյցը չի շտապում յայտարարել, որ մարդկային կորուստները եղել են առաջնագծում, իրենց իսկ գործողութիւնների տխուր հետեւանքով: Կարելի է մտածել, որ 13ն այն սահմանագիծն է, որից այն կողմ Հասանովի սպասուող պաշտօնանկութիւնն է: Յիշեցնենք, որ ադրբեջանական հասարակութիւնը վերջին շրջանում սեփական բանակի անփառունակ գործողութիւնների ու զոհերի ֆոնին սկսել է խիստ քննադատաբար հանդէս գալ նախկին ոստիկան Հասանովի հասցէին: Անկախ պաշտօնական Բաքուի ներկայացրած թուերից՝ 13ի սիրահար նախարարի գլխին նոր սեւ ամպեր են կուտակւում ամէն մի նոր «շեհիդ»ի հետ:

«Հետք»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles