ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻԵԱՆ
Հայկական բանակի ղեկավարութիւնը յայտարարել է, որ վերջին օրերին հայկական կողմը ոչ միայն պատասխանել է հակառակորդին, այլեւ իրականացրել է կանխարգելիչ հարուածներ այն կէտերում, որտեղ հակառակորդը ակտիւութիւն է ցուցաբերել: Բացի այդ, իրականացուել են ռազմական տեսակէտից գրագէտ օպերացիաներ, երբ հակառակորդին «սադրել» են գործողութիւնների եւ վերահսկողութեան տակ են վերցուել կարեւոր դիրքեր:Շատերն են այն կարծիքին, որ սահմանային լարուածութեան նպատակը խաղաղարարների մուտքն է: Ռուսական մամուլում, ադրբեջանական ակտիւութեանը զուգահեռ, հրապարակւում էին յօդուածներ, որոնցում բացայայտ նշւում է, որ միայն Մոսկուան կարող է կանգնեցնել լարուածութիւնը, եւ որ անհրաժեշտ է ռուսական զօրք մտցնել Ղարաբաղ:
Մինչ լարուածութեան այս ալիքը, Ռուսաստանն առաջարկել էր «խաղաղարարների» մուտքը, որին կտրուկ հակադարձել էր ՀՀ պաշտպանութեան նախարարը, յայտարարելով, որ Հայաստանի զինուած ուժերը վերահսկում են իրավիճակը եւ որեւէ խաղաղարար միջնորդութեան կարիք չկայ: Դրանից անմիջապէս յետոյ յայտարարութիւն էր տարածել տարածաշրջանում իր ազդեցութիւնը վերականգնող Իրանը, յայտարարելով, որ դէմ են ցանկացած խաղաղարար ուժերի ներկայութեանը, քանի որ դրանք սպառնալու են ողջ տարածաշրջանին: Իրանը փաստացի աջակցութիւն էր յայտնել Հայաստանի դիրքորոշմանը:
Ըստ ամենայնի, Մոսկուան եւ Բաքուն փորձել են հասկանալ, թէ որքանով Հայաստանը «չունի խաղաղարարների կարիք»: Հայկական բանակը սակայն պատուով դուրս եկաւ այս փորձութիւնից եւ ապացուցեց, որ ի վիճակի է խաղաղութիւն հարկադրել տարածաշրջանում:
Մոսկուայում սակայն չեն հրաժարուել իրենց ծրագրերից եւ Սոչի են հրաւիրել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Մինչ այդ, նման նախաձեռնութիւն էր ցուցաբերել Փարիզը, սակայն Մոսկուան «խլեց» նախաձեռնութիւնը, ցանկանալով ցոյց տալ, որ ինքն է իրադրութեան տէրը:
Ռուսաստանի՝ նման մի նախաձեռնութիւն, արդէն տապալուել է, երբ նախագահ Մեդվեդեւը ստանձնել էր կարգաւորման նոր «ձեւաչափ»՝ եռակողմ հանդիպումները նախագահների մակարդակով: Ներկայում կրկին փորձ է արւում վերականգնել այս «ձեւաչափը»՝ խաղից դուրս թողնելով Մինսկի խմբին եւ հաստատելով Ռուսաստանի «մենաշնորհը»:
Սակայն, իրավիճակն այնքան էլ միանշանակ չէ: Նախ, առայժմ յայտնի չէ, թէ նախագահների հանդիպումն ինչ ձեւաչափով է լինելու՝ արդեօք լինելո՞ւ է եռակողմ հանդիպում: ՌԴ ԱԳ նախարար Լաւրովը յայտարարել է, որ Պուտինն առանձին-առանձին հանդիպելու է նախագահների հետ եւ փորձելու է հանդիպեցնել նրանց: Լաւրովը սակայն այնքան էլ լաւատես չէ ինչ որ համաձայնութեան հասնելու հարցում:
Այս ֆոնին, հետաքրքիր էր երէկ տարածուած մի հաղորդագրութիւն, որը պաշտօնապէս վերնագրուած էր «ՀՀ պաշտպանութեան նախարարութեան եւ ՀՀում ԱՄՆ դեսպանութեան համատեղ մամուլի հաղորդագրութիւնը»: Սա փոքր ինչ տարօրինակ «ձեւաչափ» է, որն իր հերթին վկայում է, որ հայկական բանակի վերջին օրերի գործողութիւնները արտաքին քաղաքական միւս շահագրգիռ կողմերի համար եւս անարձագանգ չեն մնացել:
Միով բանիւ, հայկական բանակը պատուով դուրս եկաւ այս փորձութիւնից եւ ապացուցեց, որ մեզ խաղաղարարներ պէտք չեն: Խաղաղարար ուժերի մուտքը՝ լինեն ռուսական, թէ արեւմտեան, նշանակում է Ղարաբաղի բաժանումը, որը ծանր հարուած է լինելու հայկական շահերին:
Միւս կողմից, բանակի յստակ ռազմա-քաղաքական գործողութիւնների շնորհիւ «հայկական գործօնը» կարծես թէ վերածնւում է: Հայաստանում բոլորի համար երեւի թէ արդէն պարզ է դառնում, որ երբ որեւէ հանրութիւն յայտարարում է եւ ապացուցում, որ ընդունակ է ինքնուրոյն պաշտպանելու իր շահերը եւ ոչ միայն անվտանգութիւն սպառող է, այլեւ անվտանգութիւն կառուցող, բոլորը գալիս ու կանգնում են նրա կողքին:
Իրանն ու ԱՄՆն արդէն նման քայլ կատարել են, եւ հեռու չէ այն ժամանակը, երբ Ռուսաստանն էլ է կանգնելու այդ դիրքերում: Դրա համար պէտք է յստակ ու անզիջում կանգնել սեփական շահերի պաշտպանութեան դիրքերում եւ աշխարհի հետ խօսել միմիայն այդ դիրքերից:
Հայկական միջավայրում ներկայում ոգեւորութիւն է, հայրենասիրական վերելք, եւ դա հասկանալի է հանրային-պետական ընդհանուր ձախողումների ֆոնին: Սակայն այդ ոգեւորութիւնը պէտք է վերածուի կոնկրետ գործողութիւնների ու քայլերի, քանի որ լարուածութեան յաջորդ փուլերի որակն ու մակարդակն այլ են լինելու: Դրանց պէտք է լրջօրէն պատրաստուել:
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻԵԱՆ «Լրագիր»ի գլխաւոր խմբագիրն է