ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Այգեպարցի Լիդա Յովակիմեանը ցոյց է տալիս իր տան՝ տուֆով փակուած պատուհանները:
Մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը գնդակոծել էր Տաւուշի մարզի Այգեպար աւանը: Սահմանամերձ գիւղերի բնակիչները սովոր են ապրել, աշխատել, երեխայ ունենալ, ուրախանալ ու տխրել հակառակորդի կրակոցների տակ արդէն քառորդ դար: Վերջի գնդակոծութիւնները, սակայն, տարբերուել են նախորդներից: Այգեպարցիները պատմեցին, որ 1994ի մայիսեան հրադադարից ի վեր նման հրետակոծութիւն չէր եղել:
63ամեայ Սամուէլ Ուդումեանի հայրը եղել է Այգեպարի հիմնադիրներից: 1930-40ական թուականներին, երբ հիմնադրւում էր Այգեպարը, նրա հայրը չէր կարող պատկերացնել, որ այն տունը, որ կառուցում է, տասնամեակներ անց ենթարկուելու է ռմբակոծութեան հարեւան ադրբեջանական Ալիբէյլի գիւղի դիրքերից: Այն տարիներին հայ-ադրբեջանական եղբայրութիւն էր քարոզւում: Արդէն կէս դար այդ արհեստական եղբայրութեանը փոխարինել է թշնամութիւնը:
«Գնալով կեանքը դժուարանում է: Չենք բողոքում ոչ թոշակից, ոչ աշխատավարձից: Ի հարկէ, այդ խնդիրները կան: Մեզ առաւել մտահոգում է անվտանգութեան խնդիրը: Այսպիսի ահաւոր գնդակոծութիւն հրադադարի 20 տարիներին չէր եղել: Կրակում են ամենատարբեր զինատեսակներից: Վերջին կրակոցները աւելի մեծ տրամաչափի զէնքերից էին, մենք ձայնից ու դղրդոցից արդէն տարբերում ենք: Մեր տունը ցնցւում էր: Բայց ի՞նչ անենք, ո՞ւր գնանք: Գնալու տեղ էլ չունենք: Սա մեր գիւղն է, մեր հողն է, մեր հայրենքն է: Մենք մեր ներկայութեամբ պահում ենք Հայաստանի սահմանը», ասում է Սամուէլ Ուդումեանը:
Ուդումեանի տունը հենց ադրբեջանական զինուորական դիրքերի դիմաց է՝ մի քանի հարիւր մետր հեռու: Վերջին կրակոցներից յետոյ, երբ փշրուեցին տան պատուհանների ապակիները, նա նոր ապակիներ այլեւս չի դրել: Գնել է տուֆ եւ դէպի արեւը եւ հակառակորդի դիրքերը նայող պատուհանները պատել տուֆով: Բացի այդ, քանի որ դիպուկահարները կարող են կրակել հենց Ուդումեանը տնից դուրս գայ, նա հիմնական դռան դիմաց մի քանի մետր բարձրութեամբ պատ է կառուցել: Գնացել է դրամատուն, 1000 դոլար վարկ վերցրել եւ տան առաջ պարիսպ կառուցել:
Հենց այդ պարսպի տակ մենք զրուցեցինք ու սուրճ խմեցինք: «Ես այս պատը կառուցել եմ իմ ապահովութեան համար եւ չեմ ակնկալում, որ պետութիւնը կամ որեւէ մէկը պէտք է ինձ օգնի: Այս պատը կառուցել եմ, որպէսզի գոնէ տնից դուրս-ներս անելիս կրակի տակ չընկնենք: Ի հարկէ, ֆինանսական որոշակի դժուարութիւն եմ կրել», ասում է նա:
Այգեպարը, ի տարբերութիւն Հայաստանի միւս գիւղերի, հողատարածքներ գրեթէ չունի, որպէսզի գիւղացիները մշակեն եւ բերք ու բարիք ստանան: Գիւղի չափահաս եւ միջին տարիքի տղամարդկանց մի մասը պայմանագրային զինծառայող է եւ պաշտպանում է Հայաստանի սահմանի հենց Այգեպարի հատուածը: Աշխատատեղ ապահովող հիմնարկութիւններից են գիւղի դպրոցը, մանկապարտէզը, գիւղապետարանը եւ գինու գործարանը: Ծխախոտի եւ պահածոների գործարանները աւերուել են պատերազմի տարիներին հակառակորդի ռումբերից:
Ուդումեանն ասում է, որ յաւերժական պատերազմներ չեն լինում. «Ոչ մենք ենք այստեղից գնալու, ոչ իրենք: Ճիշդ է, նման պայմաններում այստեղ ապրելը դժուար է, բայց ամէն գնով չպէտք է գնալ խաղաղութեան: Փոխադարձ զիջումներ պէտք են, բայց ամէն գնով պէտք չէ գնալ խաղաղութեան»: Նա ասում է, որ իշխանութիւնները սահմանամերձ գիւղերի բնակիչների անվտանգութեան հարցում շատ բան չեն կարող անել, քանի որ հակառակորդն է կրակում: Բայց կարելի է որոշ գործեր անել: Օրինակ, գիւղի այն հատուածներում, որտեղ հակառակորդի դիպուկահարի անմիջական նշանառութեան տակ է, կարելի է պաշտպանական պատեր, պարիսպներ կառուցել:
Ուդումեանը պատմեց, որ բանուորական աւան Այգեպարը ստեղծուել է հարեւան գիւղերից եկած բնակիչների հաշուին: Խորհրդային տարիներին այստեղ կառուցուեցին ծխախոտի, պահածոների ու գինու գործարաններ, ինչպէս նաեւ օդանաւակայան, որտեղից «Եակ-40» օդանաւերը թռչում էին Երեւան ու Բաքու:
Հենց այդ օդանաւակայանում է աշխատել 73ամեայ Գառնիկ Սահակեանը նախքան պատերազմը: Երբ սկսուեց պատերազմը, թռիչքները դադարեցին: Սահակեանը, ինչպէս գիւղի միւս տղամարդիկ, զէնք վերցրեց: Սահակեանի տունը Այգեպարի վերջին տունն է: Մի քանի հարիւր մետրի վրայ ադրբեջանցիներն են: Սահակեանենց տան պատշգամբից պարզ երեւում են ե՛ւ ադրբեջանական դիրքերը, ե՛ւ տները:
Նա հումորով ասում է, որ իր տունը ամենալաւ տեղն է պատերազմ դիտելու համար: Երբ ադրբեջանցիները կրակ են բացում Այգեպարի ուղղութեամբ, հայկական դիրքերից անմիջապէս պատասխան կրակ է բացւում Ալիբէյլիի ուղղութեամբ:
«Մենք մեր հասակն առել ենք, սրանից յետոյ մեռնենք կամ զոհուենք, ոչինչ, մեր երեխաների ու թոռների համար է պէտք խաղաղութիւնը: Պատերազմի ու այս կրակոցների պատճառով գիւղացիների մի մասը հեռացել է: Հայաստանի կառավարութիւնը անվտանգութեան առումով շատ բան չի կարող անել: Հնարաւոր չէ սահմանամերձ մի հատուածում խաղաղութիւն ապահովել: Պէտք է խաղաղ ճանապարհով լուծել այս հակամարտութիւնը», ասում է Սահակեանը:
Նրա տան պատերը, պատուհանները եւ տանիքը քրքրուել են ադրբեջանական փամփուշտներից: Անգամ տանկի արկի հետքեր կան: Ամբողջութեամբ ինքն է վերանորոգում: Բայց վերանորոգումներից կարճ ժամանակ անց կրկին նոր հետքեր են յայտնւում, քանի որ հակառակորդը չի լռում: Սահակեանը որեւէ մէկից օգնութիւն չի ակնկալում, սակայն եթէ օգնող լինէր՝ ուրախ եւ շնորհակալ կը լինէր: Նա էլ է տուֆով պատել-փակել այն պատուհանները, որոնք նայում են ադրբեջանական դիրքերին:
«Եթէ այս գիւղում աշխատատեղ լինի, մարդիկ մի քիչ լաւ ապրեն, այդ ժամանակ չեն մտածի հեռանալու մասին: Բայց առանց աշխատանքի, թշնամու կրակի տակ ինչքա՞ն կարող են ապրել: Այս գիւղում ձգող բան չկայ, բացի հայրենասիրութիւնը: Այո, հայրենիքը սիրում ենք, ուզում ենք հայրենասէր լինել, բայց ապրել էլ է պէտք», բազմանշանակ ասում է Սահակեանը:
Գիւղում փողոցային լոյսեր չեն վառում, քանի որ ադրբեջանական դիրքերից անմիջապէս կրակում են: Գիւղացիները չեն վառում նաեւ իրենց տների այն լոյսերը, որոնք տեսանելի են հակառակորդի դիրքերից: Այգեպարի մի շարք փողոցներում ցերեկը քայլելը վտանգաւոր է, այդ պատճառով՝ ժամանակն է, որպէսզի որոշ հատուածներում կառուցուեն պաշտպանական պատեր ու պարիսպներ:
Արդարացուած կը լինի նաեւ, եթէ Այգեպարի դպրոցի ու մանկապարտէզի դիմաց կառուցուի պաշտպանական պարիսպ, որպէսզի երեխաների համար վտանգ չլինի:
«Եթէ գիւղի երեխաներին տանեն բժշկի մօտ հետազօտութեան, մեծ մասի մօտ հիւանդութիւններ կը գտնեն», ասում է Սահակեանը:
Լիդա Յովակիմեանի չորս որդիները տարբեր ժամանակներում Այգեպարից Ռուսաստան են հեռացել: Իրենց հայրական տան վերջին ռմբակոծութեան մասին նրանք տեղեկացել են հեռախօսով: Այս ընտանիքը եւս ստիպուած է եղել իր միջոցներով մի քանի հարիւր հատ տուֆ գնել եւ փակել պատուհաններն ու տան բակի մի մասը:
«Իմ որդիները շատ են ուզում վերադառնալ Ռուսաստանից: Բայց այստեղ աշխատանք չկայ: Հէնց որ աշխատանք լինի, կը վերադառնան: Աշխատանք լինէր, իմ որդիները չէին հեռանայ», ասում է նա:
Նրա տնամերձ այգին, որտեղ նաեւ մեղուների փեթակներն են, հակառակորդի թիրախի տակ է: Ձեռքի ափի մէջ պահելով վերջին կրակահերթերից հաւաքած փամփուշտները, Յովակիմեանը ասում է. «Կրակի տակ ապրում, աշխատում ենք: Լաւ կը լինի, որ Հայաստանի կառավարութիւնը մեզ վրայ ուշադրութիւն դարձնի որպէս երկրի ծայրամաս»: Ապա նա մեզ առաջնորդում է իր երկյարկանի տուն, որը վերջին կրակահերթերից բաւականին տուժել է:
«Հակառակորդը չի թողնում, որ մեր տան մէջ մէկ րոպէ հանգիստ ապրենք», ասում է Լիդա Յովակիմեանը՝ չհաւատալով, որ առաջիկա տարիներին կարող է խաղաղութիւն հաստատուել: