ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Յունիսի վերջին ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի՝ Հայաստան կատարած այցից յետոյ, Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացի հետ կապուած, պաշտօնական Երեւանի դիրքորոշումներում հետաքրքիր փոփոխութիւններ են նկատւում:
Լաւրովի այցից ուղիղ մէկ շաբաթ անց, Երեւանում ՀՀ ՊՆի, ՀԱՊԿի, քաղաքական գիտութեան հայաստանեան եւ ռուսաստանեան ասոցիացիաների համատեղ կազմակերպած միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի ընթացքում ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը յայտարարեց, թէ ԼՂ հակամարտութիւնը միակն է աշխարհում, որտեղ առանց խաղաղարար ուժերի տեղակայման յարաբերական խաղաղութիւնը պահպանւում է կողմերի միջեւ հաւասարակշռութեան ապահովման միջոցով եւ ընդգծեց, թէ այս պահին շփման գծում խաղաղապահների տեղակայումը Հայաստանի համար ընդունելի չէ: Իսկ երէկ, այցելելով հայ-ադրբեջանական՝ նախիջեւանեան սահմանագծի հայկական մի քանի յենակէտեր, Սէյրան Օհանեանը ոչ միայն կոնկրետացրել է այս միտքը, այլեւ արել եւս երկու յաւելեալ եւ շատ ուշագրաւ դիտարկում: Նախ՝ նա նշել է, թէ հնարաւոր չէ հայկական կողմին միակողմանի զիջումներ պարտադրել: Ապա, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ æէյմս Ուորլիքի՝ օրերս արած «թուիթեր»եան գրառմանը, թէ ղարաբաղեան ստատուս քուօն գնալով վտանգաւոր է դառնում, աւելացրել է, թէ միջնորդները ճիշդ կ՛անեն՝ մտածեն ԼՂի ժողովրդի ինքնորոշման ճանաչման եւ ԼՂՀն բանակցութիւնների կողմ դարձնելու ուղղութեամբ: «Հարցի լուծման վերջնագծում կարող է այնպէս լինել, որ Հայաստանը ԼՂՀի հետ նորից սկսի զրոյից», ասել է Օհանեանը:
Դրան զուգահեռ Հարաւային Ամերիկայում տարածաշրջանային այցով գտնուող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը արգենտինական «Nacion» պարբերականին տուած հարցազրոյցում, պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ժամանակակից յարձակողական տեխնիկա վաճառելու մասին հարցին, բառացիօրէն ասել է հետեւեալը. «Դա մեզ համար շատ ցաւոտ թեմա է, եւ մեր ժողովուրդը շատ է մտահոգւում, որ մեր ռազմավարական գործընկերը զէնք է վաճառում Ադրբեջանին: Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ եւ ունակութիւն ունի, որ կարողանայ պաշտպանել իր սահմանը: Թէեւ Ռուսաստանը զէնք է վաճառում Բաքուին, ես չեմ կասկածում, որ մեզ համար դժուար իրավիճակում Ռուսաստանը կը կատարի ստանձնած պարտաւորութիւնները»:
Դատելով յայտարարութիւններից՝ կարելի է փաստել, որ պաշտօնական Երեւանը այս շրջափուլում անհրաժեշտ է համարում կատարել չորս հիմնական շեշտադրում: Առաջին՝ հայկական կողմը դէմ է ԼՂ հակամարտութեան գօտում որեւէ խաղաղապահ կոնտինգենտի (ուժի-Խմբ.) տեղակայման, այսինքն՝ ստատուս քուոյի որեւէ փոփոխութեան: Երկրորդ՝ Հայաստանը ոչ միայն արդէն ակնարկում, այլեւ, ըստ էութեան, պնդում է Լեռնային Ղարաբաղին ճանաչել որպէս հակամարտութեան կարգաւորման լիարժէք կողմ եւ ներգրաւել բանակցային գործընթացում: Երրորդ՝ Հայաստանը ԼՂ հարցում որեւէ միակողմանի զիջման չի գնալու, որ ուժային կենտրոնից էլ այդ հնարաւոր պահանջը ներկայացուի: Եւ չորրորդ՝ ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացում Ռուսաստանն աւելի շատ պարտաւորութիւններ, քան իրաւունքներ ունի, եւ Երեւանը յոյս ունի, որ իրավիճակի սրման դէպքում Մոսկուան կը գործի այդ պարտաւորութիւններին համահունչ: Շեշտադրումներն արւում են հայաստանեան իշխանութիւններին ոչ բնորոշ համարձակութեամբ եւ կոնկրետութեամբ, ինչն ինքնին, որքան զարմանալի է եւ ոգեւորող, նոյնքան էլ մտահոգիչ է:
Նախ՝ պէտք է հաշուի առնել, թէ ի՞նչ պայմաններում են դրանք արւում: Յունիսի 23ին, երբ Լաւրովը դեռ Երեւանում էր, Կրեմլի նախաձեռնութեամբ հեռախօսազրոյց է տեղի ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ: Յուլիսի 3ին նախագահ Սերժ Սարգսեանը հրաւիրում է անվտանգութեան խորհրդի նիստ, որի մասին որեւէ պաշտօնական տեղեկատուութիւն չի հրապարակւում: Պարզ է, որ նման բան կարող է տեղի ունենալ միայն ծայրայեղ անհրաժեշտութեան եւ խիստ արտառոց պայմաններում: Դրան նախորդում եւ յաջորդում են Հայաստանի ղեկավարների ինտենսիւ այցերը Լեռնային Ղարաբաղ, ապա ԼՂՀ արտգործնախարարը հրաւիրւում է Հայաստան, տեղի է ունենում հայկական երկու պետութիւնների արտգործնախարարների հանդիպումը, որի մասին միայն հերթապահ, շաբլոնային հաղորդագրութիւն է տարածւում: Եթէ այս ամէնին աւելացնենք Ռուսաստանի քաղաքագիտական եւ փորձագիտական շրջանակներից աւելի ու աւելի յաճախակի դարձող ակնարկներն ու յայտարարութիւնները հակամարտութեան գօտում ռուսական խաղաղապահներ տեղակայելու մասին, ինչպէս նաեւ Մոսկուայի ու Բաքուի միջեւ ընթացող կուլիսային ու հեռակայ երկխօսութիւնը ԵՏՄին Ադրբեջանի միանալու հնարաւորութիւնների ու դրա դիմաց ԼՂ հիմնահարցի հետ կապուած վերջինիս ներկայացրած պայմանների շուրջ, պարզ է դառնում, որ հայկական կողմի նման արտառոց պահուածքը եւ համարձակութիւնը պատահական լինել չեն կարող: Դրանք աւելի շատ մատնում են, որ Հայաստանը հարկադրուած է նման կերպ արձագանգել իրողութեանը՝ կանխելու համար իր եւ ԼՂՀի շահերին հակասող, անցանկալի պրոցեսների ծաւալումը, որոնք տեղի են ունենում ԵՏՄին Հայաստանի անդամակցութիւնը ԼՂ հիմնահարցով պայմանաւորելու՝ գրեթէ բացայայտ միտումների համատեքստում:
Առաջին անգամ է, թերեւս, որ նախագահ Սերժ Սարգսեանն իրեն թոյլ է տալիս Ռուսաստանին յիշեցնել Հայաստանի անվտանգութիւնն ապահովելու հարցում ստանձնած պարտաւորութիւնների մասին, բացայայտ կերպով դժգոհել Ռուսաստանից Ադրբեջանին զինելու կապակցութեամբ, ինչը կարելի է պատկերացնել միայն այն դէպքում, եթէ Երեւանն իր թիկունքում հիւսուող դաւադրութեան նշաններ է տեսնում, որից այլ ելք, քան դիրքորոշման կարծրացումը, ուղղակի չի տեսնում: Սա ոչ այնքան նախաձեռնողականութեան, որքան մտահոգութեան, եթէ չասենք՝ յուսահատութեան արտայայտութիւն է:
Երէկ վարչապետ Յովիկ Աբրահամեանը, անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միութիւն մտնելու որոշման շարունակ յետաձգմանը, յայտարարել է, թէ մեկնում է Սոչի՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդուեդեւի հետ հանդիպման, որից յետոյ միայն կարող է պատասխանել այդ յետաձգումների պատճառների մասին հարցերին: Բայց վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ամբողջութեամբ կատարել է անդամակցութեան համար անհրաժեշտ՝ իրենից կախուած բոլոր քայլերն ու պայմանները, ինչն ակնարկ է, որ յետաձգման պատճառները Հայաստանում չպէտք է փնտռել: Երեւանը, կարծես, փորձում է աստիճանաբար սրել այդ հարցը: Եթէ իսկապէս այս ամէնի պատճառները թաքնուած են ԼՂ հիմնահարցում, ապա չի կարելի բացառել, որ հայկական կողմի դիրքորոշման կարծրացման նպատակը իր ռազմավարական դաշնակցին հասկացնելն է, որ յանուն Մաքսային միութեանն անդամակցելու, իրենք պատրաստ չեն զիջումների գնալ ԼՂ հարցում եւ կարող են հանրային քննարկման առարկայ դարձնել Մաքսային միութեանը Հայաստանի անդամակցութեան նպատակայարմարութեան հարցը:
Բոլոր դէպքերում հայկական կողմի այս «դիւանագիտական կրակոցները» ցոյց են տալիս, որ Հայաստանը յայտնուել է արտաքին քաղաքական չափազանց լուրջ մարտահրաւէրների առաջ: