ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Նախորդ օրուայ ընթացքում ադրբեջանական լրատուամիջոցները չէին դադարում տեղեկատուութիւն հրապարակել այն մասին, որ Նախիջեւանի æուլֆայի շրջանի Լաքաթաղ գիւղին յարակից սահմանային շփման հատուածում ինտենսիւ մարտեր են ընթանում հայկական եւ ադրբեջանական զինուած ուժերի միջեւ, ինչի պատճառով գիւղի բնակիչները հարկադրուած են եղել լքել բնակավայրը: Ռուսական «Ռեգնում» գործակալութիւնը, յղում կատարելով ադրբեջանական աղբիւրներին, նոյնիսկ գրեց, թէ մարտերն սկսուել են այն պատճառով, որ հայկական ուժերը յարձակուել են Լաքաթաղ գիւղի վրայ: Խօսւում էր նաեւ ադրբեջանական կողմից մարդկային կորուստների մասին: Ըստ ադրբեջանական «haqqin.az» լրատուամիջոցի՝ յարձակողական գործողութիւնների դիմած հայկական ուժերը, իբր, կրակը դադարեցրել են միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը ռազմական ուղղաթիռներ է օդ բարձրացրել:
Թէեւ տարածուող լուրերը պաշտօնապէս հերքւում էին միաժամանակ թէ՛ Հայաստանի եւ թէ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնների կողմից, սակայն տեղեկատուութեան հոսքը չէր դադարում: Այն, որ, ի պատասխան Յունիսի 5ին Նախիջեւանի հետ շփման գծում դիպուկահարների կրակոցներից երկու հայ զինծառայողների սպանութեանը, հայկական կողմն անցնելու էր պատժիչ գործողութիւնների, որեւէ կասկած չէր յարուցում: Դա պաշտպանութեան այն նոր մարտավարութիւնն է, որ որդեգրել են Հայաստանի եւ ԼՂՀի զինուած ուժերը: Դրա մասին բաց տեքստով նախազգուշացրել էր նաեւ ԼՂՀ պաշտպանութեան բանակի հրամանատար Մովսէս Յակոբեանը: Սակայն Ադրբեջանը եւ Ռուաստանը ոչ պաշտօնական մակարդակով ակնյայտօրէն իրողութիւնները ներկայացնում էին խտացուած գոյներով, ինչը պատահական լինել չէր կարող:
Նախիջեւանեան ուղղութիւնը նախայարձակ լինելու տեսանկիւնից հայկական կողմի համար ստրատեգիապէս ամենաաննպատակայարմար ուղղութիւնն է՝ հաշուի առնելով, առաջին հերթին, այդ շրջանի առանձնայատուկ կարգավիճակը Թուրքիայի համար, ի դէմս Նախիջեւանի՝ երկրորդ ճակատը չստեղծելու անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ գործողութիւնների մօտիկութիւնը քաղաքամայր Երեւանին եւ խիտ բնակեցուած Արարատեան դաշտին: Այնտեղ հայկական կողմը կարող էր միջոցներ ձեռք առնել՝ դիրքերն աւելի ամրապնդելու, դրանով ինչ որ իմաստով նաեւ հակառակորդի վրայ հոգեբանական ճնշում գործադրելու եւ խուճապային տրամադրութիւններ հրահրելու նպատակով: Սակայն դժուար է հաւատալ, որ հայկական զինուած ուժերը կարող էին մարտական ինտենսիւ, ճակատային երկարատեւ գործողութիւններ սանձազերծել: Հետեւաբար, նախիջեւանեան հատուածում իրավիճակը սրելուն միտուած տեղեկատուական ուղղորդուած հոսքերի ապահովումը արուել է միտումնաւոր, որը կարող էր հետապնդել մէկ հիմնական քաղաքական նպատակ՝ հակամարտութեան կամ առնուազն դրա կարգաւորման պրոցեսի մէջ ներքաշել մի կողմից՝ Թուրքիային, միւս կողմից՝ Ռուսաստանին, հաշուի առնելով, որ լարուածութեան էսկալացիան (աստիճանական ընդլայնումը-Խմբ.) տեղի է ունենում հէնց ռուսական ռազմաբազայի վերահսկողութեան գօտու անմիջական հարեւանութեամբ: Որ դա միանգամայն հնարաւոր է, վկայում է օրեր առաջ ՀՀ ՊՆ գլխաւոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Եուրի Խաչատուրովի այն յայտարարութիւնը, որ եթէ Նախիջեւանում ինչ որ լուրջ բան լինի, Ռուսաստանն անպայման կ՛արձագանգի:
Ակնյայտ է, որ այն պահին, երբ Ռուսաստանը եւ Թուրքիան իրենց իրաւունք վերապահեն դիւանագիտական քայլերի դիմել, նախիջեւանեան ուղղութեամբ յետագայ սրացումները կանխելու նպատակն օգտագործելով, Ղարաբաղեան հակամարտութիւնը դադարելու է լոկալ բնոյթ ունենալուց եւ ձեռք է բերելու տարածաշրջանային ընդգրկում՝ դրանից բխող բոլոր հետանքներով: Իսկ առաջին լրջագոյն հետեւանքը, գոնէ քաղաքական եւ դիւանագիտական առումով, լինելու է ռուս-թուրքական ակտիւացման գործօնով թելադրուած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահութեան ֆորմատին (ձեւաչափը-Խմբ.) հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացից դուրս մղելը:
Թերեւս հէնց այս վտանգն զգալով էր պայմանաւորուած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Շուեցարիայի Համադաշնութեան նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիէ Բուրկհալտերի կողմից Հարաւային Կովկաս կատարած այցի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին բանակցելու համար կրկին հանդիպելու առաջարկների հնչեցումը, որոնք մերժւում են Բաքուի կողմից: Հետեւաբար, հարց է առաջանում, թէ յատկապէս ո՞ւմ է ձեռնտու իրադարձութիւնների՝ հէնց այս սցենարով զարգացումը:
Ադրբեջանը չի թաքցնում Նախիջեւանը հակամարտութեան նոր, թէժ գօտու վերածելու հարցում իր շահագրգռութիւնը եւ այդ առումով շրջանին ռազմավարական նշանակութիւն է տալիս: Դրանով էր պայմանաւորուած Նախիջեւանում առանձին համազօրային բանակ ստեղծելու՝ նախագահ Ալիեւի հրամանը, այդ բանակը ժամանակակից զինտեխնիկայով շարունակաբար համալրելը: Բաքւում եւ Անկարայում լաւ են հասկանում, որ եթէ նոր պատերազմի ուղղութիւնը տեղափոխուի Նախիջեւան, բնական է դիտարկուելու Թուրքիայի ակտիւացումը եւ միջնորդական դերակատարութեան ստանձնումը: Սա նաեւ հրաշալի հնարաւորութիւն է լինելու Ռուսաստանի համար՝ ցոյց տալու Հայաստանի նկատմամբ, անվտանգութեան երաշխաւորի իր պարտականութիւնները կատարելու «պատրաստակամութիւնը», որի հիմքը կազմելու է, սակայն, ոչ այնքան Հայաստանի, որքան ռուսական տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական շահը: Իսկ այդ շահը ներկայումս թելադրում է, որպէսզի թէ՛ Հայաստանը եւ թէ Ադրբեջանը, ռուսական ինտեգրացիոն նախագծերից բացի, ընտրութեան այլ հնարաւորութիւններ չդիտարկեն: Այս տեսանկիւնից լրիւ հասկանալի է դառնում նաեւ «Ռեգնում»ի կողմից իրողութիւններն այլ լոյսի ներքոյ մատուցելու՝ ընդգծուած մօտեցումը: Այս ամիս Ադրբեջան, ապա նաեւ Հայաստան է այցելելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը: Այս այցի սեղմագրումից եւ ամփոփումից էլ պարզ կը դառնայ, թէ դեռ որքան ու ինչպիսի ջուր է տանելու նախիջեւանեան այս խմորը:
ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ «Երկիր»ի աշխատակից է