ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Մօտենում են Ս. Ծննդեան տօները եւ Նոր Տարին, որոնք խորհրդանշւում են շնորհաւորութիւններով, փոխադարձ այցելութիւններով, հիւրասիրութեան սեղաններով եւ անշուշտ՝ նուէրներով: Այս նուէրների չափերը առաձգական են, բազմաթիւ թուաբանական հաշուարկներից յետոյ որոշում ես՝ ում ինչ տալ:
Մեր մեծ մամաները յիշում էին, դեռեւս Այնթապում, անուանակոչութեան տօներին՝ Ս. Սարգիս, Ս. Յակոբ եւ այլն, տանում էին խնձոր, նարինջ, չիր ու չամիչ: Ամուսնութեան նուէրները տարբերւում էին. աղքատին տապակելու թաւա («Էօճճէ թաւասը»-թրք.), իսկ հարուստներին հրեշտակներով վարագոյր(«Մելեքլի թիւլ փերտէ»): Նոր Տարին էլ էր ենթարկւում դասակարգման, սակայն նուէրների տեսականին, ըստ պատմուածների, աւելի շատ ուտելիքով էր բնորոշւում կարծես:
Դարձեալ եկել են Ամանորեան նուէրափոխանակման օրերը: Ոմանք պրպտում են իրենց պահարանները, թէ ինչեր կարող են դատարկել եւ բաժանել: Ուրիշներ շտապում են օգտուել յարմար զեղչերից եւ ունենալ նուէրների տեսականի: Մի որոշ մաս՝ յոգնած ընտրութիւն կատարելու տաղտուկից, որոշում է համապատասխան արժէքի նուէրաբացիկներ (gift card) տալ:
Արդեօք վերադառնա՞նք մրգերին՝ բնական, ոչ արհեստական, որոնց գինը հաւասարազօր է այդ նուէրներին, մեր որոշած սահմանի չափով:
Գոնէ կը սպառուեն…