Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ինչ է Սերժ Սարգսեանը Ապացուցում Զաքարեանին Վերանշանակելով

$
0
0

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

Արդէն յայտնի է, որ նախագահ Սերժ Սարգսեանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտօնում դարձեալ առաջադրել է Իշխան Զաքարեանի թեկնածութիւնը, որի պաշտօնավարման ժամկէտը լրացել էր Նոյեմբերի 5ին: Որեւէ կասկած չկայ, որ Ազգային ժողովը հաստատելու է նրա թեկնածութիւնը: Այնպէս որ՝ այս խնդիրը կարելի է վերջնականապէս լուծուած համարել:
Զաքարեանի վերանշանակումը տեղի է ունենում վարուող կադրային քաղաքականութեան տրամաբանութեանը եւ ոգուն լիովին համապատասխան, այսինքն՝ առանց որեւէ տրամաբանութեան: Խնդիրը Իշխան Զաքարեանի անձը չէ, այլ այն հարցը, թէ ո՞րն է նրա թեկնածութիւնը կրկին առաջադրելու Սերժ Սարգսեանի մոտիվացիան (պատճառարկութիւն, -Խմբ.): Ընդամէնը ամիսներ առաջ պետական միջոցների ծախսման արդիւնաւէտութեան խնդրի շրջանակներում հրաւիրած խորհրդակցութեան ժամանակ Սերժ Սարգսեանն այնպիսի քննադատութեան ենթարկեց նոյն Իշխան Զաքարեանին, որ թւում էր, թէ վերջինս հէնց խորհրդակցութեան ժամանակ պէտք է հրաժարականի յայտարարութիւն անէր: Յիշեցնենք, որ այդ խորհրդակցութիւնը յաջորդել էր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012թ. գործունէութեան հաշուետուութեան ներկայացմանը, որի ժամանակ Իշխան Զաքարեանը յայտարարել էր, թէ պետական բիւջէից մօտ 700 մլրդ. դրամ է մսխուել քաղաքաշինութեան ոլորտում, որը ՎՊ նախագահի եւ վարչապետի միջեւ իսկական հեռակայ պատերազմի տեղիք էր տուել: Արդիւնքում՝ Սերժ Սարգսեանն անձամբ ստիպուած եղաւ միջամտել այդ վէճին, կառավարութեանը հերթական անգամ առնել իր պաշտպանութեան տակ: Իսկ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանն այդ նիւթերն ուղարկեց գլխաւոր դատախազութիւն, որին Սերժ Սարգսեանը նոյն խորհրդակցութեան ժամանակ ուղղակի հրահանգեց անհիմն որակել ԱԺում Զաքարեանի արած յայտարարութիւնները: Եւ ահա այդքանից յետոյ նախագահը կրկին նոյն պաշտօնին առաջադրում է այն մարդուն, ում, ըստ էութեան, մեղադրում էր աւելորդ քաղաքական խաղերի մէջ մտնելու, ամբիցիոզ (փառասէր-Խմբ.) վարքագիծ դրսեւորելու եւ կառավարութեան գործունէութեանն իր իրաւասութիւններից դուրս գնահատականներ տալու մէջ:
Հետաքրքրական է իմանալ՝ ինչ է այս ընթացքում փոխուել, որը նման քաղաքական որոշման պատճառ է դարձել. Իշխան Զաքարեա՞նն է ուրիշ մարդ դարձել, թէ՞ Սերժ Սարգսեանի վերաբերմունքն է նրա նկատմամբ փոխուել: Մեծ հաշուով՝ Սերժ Սարգսեանը ՎՊ նախագահին անուղղակի մեղադրում էր ստախօսութեան մէջ: Եւ եթէ այս տեսանկիւնից ենք մօտենում հարցին, ստացւում է, որ կա՛մ Սերժ Սարգսեանն է սկսել հաւատալ բիւջէի մսխման մասին Զաքարեանի պնդումներին, կա՛մ էլ Զաքարեանն է դարձել հլու «ճշմարտախօս», ով հասկացել է, թէ որ սահմանագիծը չպէտք է անցնել՝ անձամբ Սերժ Սարգսեանի շահերի դաշտում չյայտնուելու համար: Հաւանաբար՝ նախագահը համարել է, որ Իշխան Զաքարեանը սերտել է իր տուած դասը: Իսկ դասը սերտած աշակերտը միշտ աւելի նախընտրելի է, քան նորեկ ինչ որ մէկը, ում անհրաժեշտ կը լինի ամէն ինչ սովորեցնել զրոյից:
Նախագահն իր այս որոշմամբ, թերեւս, խրախուսում է Իշխան Զաքարեանին ճիշդ այն կերպ, ինչպէս դասղեկն է չարաճճի աշակերտի վարքը գնահատում գերազանց, նշանակում աւագ՝ նրան խրախուսելու եւ վերահսկելի դարձնելու համար: Նման ֆիգուրը գուցէ հիմա Սերժ Սարգսեանին աւելի ձեռնտու է ոչ միայն այն պատճառով, որ իր գործում արդէն բաւականաչափ հմտութիւններ է ձեռք բերել, այլ որովհետեւ հէնց նման ֆիգուրի միջոցով կարող է կառավարութեանը հակակշիռ ստեղծել ու մշտապէս վերջինիս պահել զգօնութեան ու զգուշաւորութեան դաշտում:
Բայց ամենակարեւոր ուղերձը, որը, թերեւս, իր այս որոշմամբ թէ՛ իշխանութեան տարբեր շերտերին ու թեւերին, թէ՛ հասարակութեանը յղում է Սերժ Սարգսեանը, այն է, որ իրավիճակի տէրն ամբողջութեամբ ինքն է, չի գտնւում որեւէ թեւի, շրջանակի ազդեցութեան տակ, անում է բացառապէս այն, ինչն ինքն է ճիշդ համարում, հետեւաբար՝ սխալ են երկրում անիշխանութեան մասին պնդումները: Սա ինչ որ իմաստով իր մենիշխանութիւնը հաստատելու կամ ապացուցելու իւրօրինակ եղանակ է, որը, սակայն, անցնում է թէ՛ սեփական կուսակցութեան, թէ՛ հասարակական շահի վրայով: Ընդամէնը 3-4 օր առաջ ՀՀԿ խօսնակ Էդուարդ Շարմազանովը յայտարարել էր, թէ կուսակցութեան գործադիր մարմնի՝ Ուրբաթ օրը կայացած նիստում ՎՊ նախագահի թեկնածութեան հարցը չի քննարկուել: Այսինքն, Սերժ Սարգսեանը հարկ չի համարել իր այդ որոշումն անգամ սեփական թիմի հետ քննարկել, էլ ուր մնաց‘ հասարակութեանը ներկայացնէր դրա պատճառաբանութիւնները: Նման վերաբերմունքով նա հերթական անգամ ապացուցում է, որ իր համար հանրային կարծիքը՝ որպէս կառավարման վրայ ազդող գործօն, ոչ մի արժէք չունի, որ կարող է կատարել քայլեր՝ առանց որեւէ մէկին դրա համար հաշուետու լինելու եւ առանց որեւէ մէկին դրա պատճառահետեւանքային կապերը մեկնաբանելու: Նրա փոխարէն, իհարկէ, դա կը փորձի անել ԱԺ քաղաքական մեծամասնութիւնը ՎՊ նախագահի թեկնածութիւնը խորհրդարանում քն-նարկելու ժամանակ: Բայց քանի որ մեծամասնութիւնն ինքն էլ չգիտի պատճառները, նուաստացուցիչ անլուրջ վիճակների մէջ է յայտնւում: Այլ հարց է, որ նման նուաստացումները մեծամասնութեանն առանձնապէս չեն ցաւեցնում՝ հաստացող կաշին չի թողնում:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles