ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Պէտք էր լինել նոյն կարգավիճակում, հասկանալու համար ներկայացուող իրավիճակների հարազատութիւնն ու ճշդութիւնը՝ հայրենիք հայրենադարձուած եւ ետ վերադարձած հայ, ո՛չ սփիւռքահայ, ո՛չ էլ հայաստանցի:
Հայրենադարձուած պարսկահայ Անահիտն ու իր ընտանիքն էին մեր առջեւ՝ 70-80թթ. միջեւ, ովքեր ապրում էին հայրենիքի փորձութիւնները: Հայաստանում ունէինք 60ականների հայրենադարձ բարեկամներ, ովքեր յարմարուել էին. ճարպկօրէն վաճառականութիւն էին անում, գտնում էին ծանօթներ զաւակներին բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ տեղաւորելու համար, «սովորել էին» ապրելու ձեւը շատ արագ: Պիտի կարծուէր, որ մի տասնամեակ յետոյ պայմանները աւելի լաւ պիտի լինէին:
Սակայն Անահիտը չէր եկել հայրենիք յարմարուելու: Նա ուզում էր տեսնել իր երազած հայրենիքը՝ անկաշառ, մաքուր: Նա կարող էր պարել տասնեակ տղաների հետ մինչեւ կէս գիշեր, սակայն պիտի ընդլուզէր իր վարպետի՝ «մաստեր»ի սրիկայութիւնների դէմ: Նա եկել էր հայրենիք՝ դառնալու նրա լիիրաւ քաղաքացին որպէս հայ, այլ ոչ կոչուելու պարսիկ հայ: Նա պիտի ոգեկոչէր ապրիլեան մեր Եղեռնը, այլ ոչ թէ սաստուէր համապատասխան մարմինների կողմից: Նա չէր ուզում «սովորել» ապրելու ձեւը, նա ուզում էր ապրել օրինաւոր: Չստացուեց: Ուրեմն ետդարձ, այս անգամ ոչ Պարսկաստան, այլ Միացեալ Նահանգներ:
Տարիների սարդոստայնից ելնելով, ինքնահաստատուած, սակայն այդ 10ը տարիների դաջուածքը հոգում, նա՝ Անահիտ Արամունի-Քէշիշեանը խօսում եւ պատմում էր հանդիսատեսին հայրենակորոյս հայրենադարձի գողգոթան՝ հոգու եւ սրտի մի մասն այնտեղ, ճամպրուկը ձեռքին…